ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ. Բավարացիներն ու մորավացիները սերում են հայերից

29 դեկտեմբերի, 2012 | 00:14

,,Հայ եկեղեցին այսօր գտնվում է մի մարտադաշտում, ուր հակառակորդներն անտեսանելի են,,

Կոմիտաս վարդապետի հետ հանդիպումը նախ Արցախում էր՝ Գանձասարում, ուր եկեղեցում մեր խումբն ականջալուր եղավ նրա աղոթքներին, այնուհետեւ հաճույքն ունեցանք վայելելու նրա չծրագրված ելույթը Ստեփանակերտի հյուրատանը, եւ ապա  վերջապես հանդիպեցինք Երեւան-Պրահա ինքնաթիռում, որտեղ էլ ծայր առավ մեր զրույցը։

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ծնվել է Երեւանում։ Ծնողները 1915 թվականի  ջարդերի վերապրողներ էին, ովքեր ներգաղթել են Հայաստան 1947 թվականին Լիբանանից։ Ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, որից հետո Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարության բաժինը, իսկ երկու տարի անց կոչվել է հոգեւոր ծառայության՝ նախ կարճ ժամանակով Ռումինիա, ապա՝ Գերմանիա եւ հետո՝ Ֆրանսիա։ Շուրջ 26 տարի Եվրոպայում պաշտոնավարելուց հետո, 2008-ի սեպտեմբերից Մայց Աթոռ Սուրբ Էջմիածնում է։  Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն։

Մատաղ սերնդի դաստիարակությունը Խորհրդային Միության փլուզումից եւ Հայաստանի անկախացումից հետո տեւական ժամանակ գտնվում էր տարաբնույթ ալեկոծությունների մեջ։ Հայորդաց տների ստեղծումը կարծես հնարավորություն տվեց, որպեսզի երեխաների գոնե մի մասը զբաղվի իր նախասիրություններով, հմտանա արվեստի տարբեր ճյուղերի մեջ, կրթվի ազգային եկեղեցական ոգով։ Ի՞նչ վիճակում են այսօր հայորդաց տները։

– Խորհրդային Միության փլուզումից հետո, նախկին պիոներ պալատներից մի քանիսն անցնելով Արարատյան Հայրապետական թեմի ենթակայության տակ, երբ այն ժամանակ թեմակալ առաջնորդն էր Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանը, վերանվանվեցին ,,Հայորդաց տուն,,եր։ Նորահիմն այս կառույցներում սաներին արվեստի, արհեստի եւ սպորտի հետ միատեղ տրվում է ազգային եւ եկեղեցական ոգով եւ շնչով դաստիարակություն։ Եվ ուրախությամբ կամենում եմ կրկնել, որ այս կառույցի ստեղծման համար մենք պարտական ենք ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որի տեսլականն ու երազանքն է, որ իրականություն դարձած շարունակվում է արդեն 16 տարի։ Երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ազգային շատ արժեքներ, ինչպես նաեւ պիոներ պալատները, չնչին գումարներով դառնում էին այս կամ այն անհատի սեփականությունը՝ վերածվելով խաղատների, խանութների, շուկաների կամ՝ լողատների (սաունա), Վահափառ Հայրապետը մանուկների նկատմամբ սիրուց մղված՝ փրկեց Հայորդաց տների կառույցները եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հետ միասին իր տրամադրության տակ վերցրեց եւ հիմնեց Երեւանի չորս՝ Արաբկիրի, Մալաթիայի, Նորքի եւ Քանաքեռի հայորդաց տները եւ մանրանկարչության կենտրոնը։ Այսօր դրանց թիվը հասել է 8-ի, քանզի հայորդաց տներ են բացվել նաեւ  Աշտարակում, Էջմիածնում, Վանաձորում, եւ մոտ ժամանակներս կբացվի նաեւ Գյումրիում։ Մեր սաները սովորում են գորգագործություն, խեցեգործություն, քանդակագործություն, փայտի փորագրություն, գեղանկարչություն, մանրանկարչություն, ազգային երգ ու պար, դասական եւ ժամանակակից պարեր եւ նման այլ  առարկաներ, որոնք երեխայի մոտ ձեւավորում են արարելու ոգին։ Մասնագիտություններից որեւէ մեկին տիրապետել՝ նշանակում է արարման գիտակցությունն արմատավորել նոր ձեւավորվող երեխայի մեջ։ Ամենշաբաթյա նրանց մասնակցությունը կրոնական դասընթացներին, հաճախ կազմակերպվող հանդեսները, բանախոսությունները  ծառայում են, որպեսզի այսօր հիմքը դրվի վաղվա գիտակից եւ ստեղծագործող ոգին ունեցող հայ քրիստոնյա մարդու։

Հայորդաց տներում նաեւ հոգեւոր կրթություն են ստանում։ Ինչքանո՞վ են Ձեր սաները տարբերվում այլ երեխաներից։

-Մեր սաները հանրակրթական դպրոցներում զգալիորեն տարբերվում են մյուս աշակերտներից։ Նրանք իրենց պահվածքով, կեցվածքով ու մոտեցումով տարբեր են, զգացվում է նրանց մեջ Հայորդաց տան դաստիարակությունը։ Դպրոցների տնօրեններից, մանկավարժներից  շատերը խոստովանում են, որ մեր սաները տարբերվում են մյուս աշակերտներից, իսկ այսօր հայորդաց տների սաների թիվը կազմում է մոտ 3500 երեխա։

Մեր եկեղեցու առաջ ծառացած մարտահրավերներից ո՞րը կկարեւորեիք, ինչի՞ պահանջ ունի մեր եկեղեցին։

-Այսօր մեր եկեղեցին գիտակից հավատացյալի կարիքն ունի,  Հայաստանի մեջ ի մասնավորի՝ գիտակից հայ մարդու կարիքն ունի, որի համար կարեւորը ոչ թե նյութականը լինի, այլ դրանից առավել՝ հոգեւորն, ազգայինն ու ավանդականը։ Դժբախտաբար ինչ-ինչ ազդեցություններից տարված, նկատելի  է ազգային  ոգու, ազգային դեմքի եւ դիմագծի բացակայությունը, իսկ այդ բոլորի ճշգրտողը ազգային-հոգեւոր արժեքների վերարթնացումն է։ Որովհետեւ հոգեւոր արժեքներն են ձեւավորում ազգայինի ընկալումը, առանց որի այսօր խոսել հայաստանյան  հավատացյալի մասին՝ իրապես շատ դժվար կլինի։

Մեր եկեղեցու մասին երբեմն հնչում են քննադատական խոսքեր, տպագրվում են հոդվածներ։ Շեշտը դրվում է նաեւ հավատի վրա, որ մեր եկեղեցական դասն իր ամբողջության մեջ չի կարողանում ժողովրդին բերել դեպի մեր եկեղեցի, ինչպես դա անում են կրոնական եւ եկեղեցական  այլ շարժումները։

-Անշուշտ, այսօր Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին գտնվում է մի նոր իրականության առաջ։ Եթե 1700 տարի շարունակ հայ ժողովուրդն իր ամբողջ հոգով եւ սրտով կապված էր իր Մայր եկեղեցուն եւ կարիք չուներ հրավեր ստանալու եկեղեցի գնալու համար, այսօր ամբողջովին այլ է պատկերը։ Նախ 70  տարիների ընթացքում շարունակ փորձ է արվել եկեղեցին եթե ոչ արմատախիլ անել, ապա գոնե նվաստացնել հայ մարդու հոգում։ Եթե հիշում եք 30-ական թվականներին աքսորվեցին ոչ միայն ողջ հոգեւոր դասը, այլեւ Էջմիածնի վեհարանում խեղդամահ  արվեց Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը։ Սուրբ Էջմիածինը մնացել էր առանց հոգեւոր դասի։ Հետագայում,  երբ պատերազմի տարիներին Հայ եկեղեցու վերջին մոհիկան՝ Գեւորգ Չորեքչյան արքեպիսկոպոսին հաջողվեց  սփյուռքին կոչ անելով ստեղծել ,,Սասունցի Դավիթ,, տանկային շարասյունը, այնժամ Սովետական Միությունը իբրեւ երախտագիտության նշան, թույլատրեց Մայր Աթոռի վանքը վերաբացել, (նկատի էր առնվել սփյուռքի կարեւոր ուժը), իհարկե մի շարք սահմանափակումներով։ Ցավոք, 70 տարվա ընթացքում եկեղեցին չկարողացավ վերականգնել այն, ինչ որ արմատախիլ էր եղել մի քանի տարիների ընթացքում։ Հետեւաբար, երբ 1990 թվին ազատություն տրվեց մեզ, որպես երկիր եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցի, մեր կաթողիկոսների առջեւ դրված խնդիրն էր՝ նախ վերականգնել քարուքանդ եղած, ախոռի եւ պահեստի վերածված կիսավեր եկեղեցիները, վերականգնել արմատախիլ եղած հոգեւոր դասը։ Սովետական տարիներին սարսափելի սահմանափակումներ էին դրված եկեղեցու առջեւ։  Եկեղեցին իրավունք չուներ հոգեւոր ճեմարանում 22 աշակերտից  ավելի սան ընդունելու։ Երբ խոսում ենք եկեղեցու այսօրվա վիճակի մասին, անպայման պետք է անդրադառնանք անցյալին։ Առանց դրա դժվար է եկեղեցու այսօրվա վիճակը վերլուծել։ Այսօր մի քանի խնդիրներ են դրված Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջ. նախ եկեղեցական կառույցները  վերականգնելու, որոնք ավերվել էին սովետական տարիներին, հոգեւորականների թիվը համալրել այնքանով, որ նրանք կարողանան ապահովել ամեն մի գյուղում, ավանում կամ նոր հիմնված քաղաքներում գոյացած համայնքային կյանքը, իսկ ամենակարեւորը՝ պատրաստել այնպիսի հոգեւոր դաս, որը պատրաստ լինի այսօրվա մեզ պարտադրված մարտահրավերները դիմակայելու։

Հայաստանյայց Առաքելական Մայր եկեղեցու ուսերին դրված չէ միայն  քրիստոնեություն քարոզելը, մեր ուսերին դրված է հայապահպանման, ազգային արժեքների պահպանման, աստվածաբանական եւ ծիսական բազմաթիվ հարցեր, ի տարբերություն աղանդավորական շարժումների՝ մենք միայն քրիստոնեություն չենք քարոզում, այլ 1700  տարի քրիստոնեություն քարոզելուն զուգահեռ պահում ենք նաեւ մեր ազգային արժեքները։ Ցավոք, հարկ է նշել, որ այսօր նորելուկ ,,քրիստոնեական,, անորոշ ծագում ունեցող շարժումները, որոնք մեր ժողովրդի հետ խոսում են Աստծո անունով, իսկ մեր միամիտ, բարի, ազնիվ ժողովուրդը, որը 70 տարի զրկված է եղել քրիստոնեական խոսքից, ամեն մի քարոզ ընդունում է որպես ճշմարտության խոսք, առանց անդրադառնալու, որ նրանցից շատերի նպատակը ոչ թե հայությանը քրիստոնյա դարձնելն է, այլ հայության տարանջատումը, պառակտումը, եւ միասնականության քայքայումը։ Այսինքն, այս բոլորի մեջ ավելի քաղաքական ծրագիրն է գործում, քան՝ կրոնականը։

Հետաքրքիր է, որ այդ տարածումն ավելի մեծ տեղ է գտնում հանրակրթական դպրոցների ուսուցիչների շրջանում։

-Ես չէի ընդհանրացնի։ Նմանատիպ երեւույթներ կան դպրոցներում, հատկապես եթե մակավարժներից ոմանք այս կամ այն աղանդի հետեւորդներ են, սակայն չեմ կարծում, որ մեծ է նրանց թիվը, այդուամենայնիվ նրանց ներկայությունն  ինքնին նշանակում է այդ գաղափարների տարածում եւ սերմանում մատաղ սերնդի մեջ։ Մատաղ սերնդին թունավորելով այդ գաղափարներով, նրանք մի նոր խավ են ձեւավորում մեր իրականությունից ներս, որը պետք է դառնա վաղվա Հայաստանի քաղաքացին։ Նման հավաքականությունը չի կարող միասնական եւ ամբողջական լինել։ Հետեւաբար կարծում եմ,  ովքեր շահագրգիռ են այս հարցում, հետեւում են մի նպատակի, ,,պառակտված հավաքականություն,, ստեղծելով հավաքականության միասնականությունը պառակտել եւ այդ կերպ հավաքական կյանքը քայքայել։ Դժբախտաբար մոռանում ենք, թե ամեն քարոզիչ չէ, որ ճշմարիտ քրիստոնեություն է քարոզում։ Հիշենք Քրիստոսի խոսքերը. ,,Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք գալիս են գառան դիմակով, բայց իրականում հափշտակող գայլեր են նրանք,, (Մատթեոս 7.15) եւ ,,Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. որովհետեւ շատերը կը գան իմ անունով եւ շատերին կը մոլորեցնեն: 11. Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն,, (Մատթեոս 24.4-11)։


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: