ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացել է լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը

24 նոյեմբերի, 2015 | 18:38

Varduhi_Varderesyan87 տարեկան հասակում կյանքից հեռացել է թատրոնի եւ կինոյի նվիրյալ, լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

ԽՍՀՄ եւ  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։

Մի առիթով Ազգ օրաթերթին տված հարցազրույցներից մեկում Վարդուհի Վարդերեսյանը պատմել է¸ որ «1946-ն էր¸ երբ ներգաղթի տարիներին ռումինահայերը հայրենասիրական մեծ զգացումով ոտքի ելան` հայրենիք վերադառնալու»:«Այդ առթիվ Հայաստանից պատվիրակներ էին եկել ու փոքրիկ հանդես էր կազմակերպվել: Դեռատի աղջնակ էի եւ մեծագույն փափագ ունեի` վերադառնալ հայրենիք ու դառնալ դերասանուհի: Հանդեսի ժամանակ ելույթ էին ունենում տեղի շնորհալի երիտասարդները` երգում, պարում կամ ներկայացնում թատերական փոքրիկ բեմադրություն: Ես էլ արտասանեցի Հովհաննես Շիրազի «Հայրենիք եւ սեր» բանաստեղծությունը: Չգիտեմ լավ ասմունքեցի, թե՞ պատվիրակները զգացին հուզմունքս եւ հայրենիք վերադառնալու ցանկությունը, բայց այն եղավ ճակատագրական եւ մենք վերադարձանք հայրենիք»:

Այսպես հայկական կինոյի ու թատրոնի ապագա լեգենդ Վարդուհի Վարդերեսյանը վերադարձավ հայրենիք եւ սկսվեց ստեղծագործական գործունեությունը: Որոշ ժամանակ անց Վարդուհին ընդունվեց Գյումրու թատրոնը, որտեղ եւ ստացավ դերասանական մկրտությունը:

«Շատ լավ ընդունեցին: Քսան տարեկան էի, երբ առաջին անգամ խաղացի Դեզդեմոնա: Հետագայում Դեզդեմոնա եմ խաղացել Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի եւ Գուրգեն Ջանիբեկյանի հետ»:

Վարդուհի Վարդերեսյանի կերտած կերպարներից շատերը` «Մոր սիրտը», «Պատվի համար» ֆիլմերում, վաղուց դարձել են դասական ստեղծագործություններ եւ հայկական կինոարվեստի լավագույն նմուշներից են»:«Երբեմն արվեստը զոհաբերություններ է պահանջում: Միշտ չէ, որ նյութականը կարող է մարդուն հոգեպես բավարարել: Այդպես է ապրել իմ սերունդը: Կուզենայի, որ երիտասարդներն էլ նույն ոգով ապրեին: Թատրոնից հեռանալ չեմ կարող»: Այս մասին հաղորդել է  armradio.am-ը։

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

«Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կմնան հայ թատրոնի և կինոյի պատմության, ինչպես նաև արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

ՕՐԵՐ-ը խորին ցավակցություն է հայտնում Վարդուհի Վարդերեսյանի որդուն՝ Վահրամ Աբաջյանին եւ հարազատներին։ 


Առնչվող նյութեր
1. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
2. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
3. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
4. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
5. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
6. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
7. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
8. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
9. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
10. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: