ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ընդերքի անխնա շահագործումը կբերի էկոլոգիական աղետի

10 փետրվարի, 2013 | 11:18

Կարինե Դանիելյան. Ընդերքի անխնա շահագործումը կբերի էկոլոգիական աղետի

ՕՐԵՐ 7-9/65/ 2012

– Տիկին Դանիելյան, Դուք ղեկավարում եք Երեւանի մանկավարժական համալսարանի նորաստեղծ ,,Էկոլոգիայի եւ կայուն զարգացման,, ամբիոնը։ Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջեւ։

-Մենք համահամալսարանական ամբիոն ենք եւ որեւէ ֆակուլտետի մեջ չենք մտնում։ Նախ մենք պետք է աշխատենք որպես էկոլոգներ պատրաստվող մասնագետների մոտ ավելի ընդլայնել մտահորիզոնը կայուն զարգացման խնդիրների շուրջ, եւ երկրորդՙ բոլոր ֆակուլտետներում ներկայացնել կայուն զարգացման հիմունքները։ Այսօր արդեն քսան տարի է, ինչ քաղաքակրթության զարգացման հիմնական ուղղությունը կայուն զարգացման գաղափարախոսության սկզբունքների շուրջ է։ Դեռեւս 1972 թվականին ՄԱԿ-ի փորձագետները ֆիքսեցին, եւ նրանց կոչով ամբողջ աշխարհը հավաքվեց եւ ընդունեց մի բանաձեւ, որով ասվում էր, թե քաղաքակրթությունը գնում է դեպի էկոլոգիական ճգնաժամ։ Ստեղծվեց մի հանձնաժողով, որն էլ մշակեց հիմնական թեզը, այն է՝ այսօրվա քաղաքակրթությունն այնպես պետք է օգտագործի բնական ռեսուրսները, որ եկող սերունդները զարգանալու հնարավորություն ունենան։ Արդեն սրա շուրջ 1992 թվականին բոլոր պետությունների ղեկավարները հավաքվեցին, ընդունեցին Հռչակագիր եւ Քսանմեկերորդ դարի օրակարգ։ Փաստաթղթում մանրամասն գրված էր, թե ինչպես պետք է զարգանանք՝ գլոբալ, ազգային, տեղական եւ այլ մակարդակներով։ Խնդիրները լուծելիս պետք է ներդաշնակեցնենք էկոլոգիական, սոցիալական, տնտեսական մոտեցումները, այդ ամենը զուգակցելով մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հետ։ Սա է հիմա համարվում լավ կառավարում։

Տասը տարին մեկ ՄԱԿը իմի է բերում այդ անցած ճանապարհը։ Այս տարի եղավ ,,Ռիո + 20ը,, , որի շրջանակներում նաեւ 260 համալսարան գործընկերության մասին համաձայնագիր կնքեցին, թե ինչպես են իրենք ներառելու կայուն զարգացման գաղափարախոսությունն իրենց դասախոսություններում եւ ծրագրերում, ինչպես են մասնագետներ պատրաստելու այդ ուղղությամբ։ Մեր համալսարանը ներառվել է այդ ծրագրում։

Այս մոտեցումը որոշ տնտեսագետները չեն ընդունում, ասելով, թե Էկոլոգներն էլ տնտեսագիտական գիտելիքներից են թույլ եւ կարող են մոտենալ ծայրահեղ էկոլոգիական տեսակետներից։ Սակայն կայուն զարգացման գաղափարախոսությունը սովորեցնում է, որ երկրի համար ցանկացած կարեւորագույն հարց քննարկելիս պետք է ներդաշնակեցնել այդ բոլոր խնդիրները։ Սա շատ կարեւոր է ծայրահեղություններից խուսափելու համար։

-Իսկ կոնկրետ պրակտիկայում դա ինչպե՞ս է արտահայտվում եւ ի՞նչ ազդեցություն է ունենում էկոլոգիական գիտելիքների վրա։

-Ինչպես արդեն նշեցինք, Էկոլոգներին սովորաբար մեղադրում են միակողմ մոտեցման մեջ, որը ի վերջո կարող է վնասել երկրին: Կայուն զարգացման գաղափարախոսությունը պահաջում է համալիր մոտեցում, ուստի էկոլոգները պետք է սովորեն գնահատել յուրաքնչյուր խնդիր նաեւ սոցիալ-տնտեսական տեսակետից եւ ձգտեն համատեղ ջանքերով գտնել հավասարակշռված լուծում:

-Դուք եղել եք ե՛ւ բնապահպանության նախարար, ե՛ւ ակտիվ էկոլոգիական շարժումների մասնակից։ Ձեր կարծիքով, անկախության 20 տարիների ընթացքում էկոլոգիական հիմնահարցերն աճե՞լ են, թե՞ նվազել։

– Որոշ խնդիրներ նվազել են, որոշ խնդիրներ ավելացել են, սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ավելացել են« որովհետեւ այս անցումային շրջանում միջազգային ֆինանսական ինստիտուտները մեր երկիրը հետ-ինդուստրիալ փուլից իջեցրին մինչեւ ինդուստրիալ փուլի։ Հայաստանը սովետական վերջին տարիներին արդեն հասել էր հետինդուստրիալ փուլ։ Այսինքն՝ արդյունաբերությունն արդեն գիտելիքահենք զարգացում ուներ, նոր տեխնոլոգիաներ էին կիրառվում եւ այլն։ Բայց խնդիրներ կային, քանի որ նույն արդյունաբերությունն անտեսում էր էկոլոգիական հարցերը, եւ դա գալիս էր ողջ Սովետական Միության քաղաքականությունից՝ ամեն գնով զարգացնել տնտեսությունը։ Էկոլոգիական խնդիրներին սկսեցին ուշադրություն դարձնել միայն 80-ականների վերջին։ Իսկ հետո մենք միանգամից կորցրեցինք մեր արդյունաբերությունը եւ իջանք նախաինդուստրիալ փուլի, քանի որ միայն գյուղատնտեսությունն է զարգանում, տուրիզմն ենք զարգացնում, եւ ամբողջ էկոնոմիկայի հիմքը դարձել է ընդերքի շահագործումը։ Ընդերքի օգտագործումը երբեք այսպիսի ծավալներ չի ունեցել Հայաստանում, եթե առաջներում ինչ-որ գոտիներ քաղաքների մոտ խնայվել են, անտառածածկ տարածքները խնայվել են, ապա հիմա գնում է հանքերի համատարած ընդլայնում, անկախ նրանից անտառածածկ տարածք է, կուրորտային գոտի է, Սեւանի ավազանն է։ Սա մեր հիմնական դժբախտությունն է։ Դարձյալ, կարծում եմ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ, ստեղծվեց այնպիսի օրենսդրություն, որը խրախուսում էր ընդերքի օգտագործումը եւ քաղաքաշինությունը։ Այս երկու ոլորտում արագ կարելի էր հարստանալ, քանի որ հարկերը ցածր էին, կամ հաճախ նույնիսկ բացակայում էին։ Այս երկու ոլորտները սկսեցին զարգանալ, եւ մենք հիմա կանգնած ենք այն վտանգի առջեւ, որ Հանքավանում Մարմարիկի ողջ ձորն է վտանգված՝ Հանքավանի, Ծաղկաձորի շրջանը, Ամուլսարի հանքերը կարող են վնասել Ջերմուկը, Թեղուտում երիտասարդներն այդքան պայքարում են բնության պահպանության համար։ Բաց հանք անտառածածկ տարածքում երբեք չենք ունեցել, հիմա ունենք։ Այժմ նույնիսկ որոշ բնակավայրերի տեղափոխման մասին են խոսում, քանի որ տակը հանք են հայտնաբերել։ Այդպիսի մոտեցում Հայաստանում երբեք չի եղել։ Ճիշտ է, հիմա կառավարությունում ծրագիր է մշակվել, ու շեշտը դրվում է գիտելիքահենք տնտեսության զարգացման վրա, բայց հանքարդյունաբերությունն այսօր շարունակում է իշխել։ Հայաստանը ուղղակի ծածկվում է պոչամբարներով, որոնք թունավորում են շրջակա միջավայրն ու փլուզում են հիմքերը ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ տուրիզմի, որովհետեւ զուգակցել դրանք այս փոքր տարածքում ուղղակի հնարավոր չէ։ Մենք հիմա փորձում ենք այդ գործընթացը վերափոխել։ Կան այսօր տեխնոլոգիաներ, որ հնարավոր են դարձնում այդ պոչամբարների օգտագործումը։ Մենք այսօր Հայաստանում մետաղ պարունակող մոտ 19 պոչամբար ունենք, որից 15ը խոշոր են։ Պետք է աշխատել դրանց հետ ու այդպիսով ե՛ւ տնտեսական խնդիրները լուծել, ե՛ւ էկոլոգիականՙ հենց կայուն զարգացման մեխանիզմով։ Այդ գործընթացը կա, եւ եթե կարողանանք նաեւ ընդերքի նման շահագործումը դադարեցնել, ապա կարող ենք ասել, որ ինչ-որ բանի հասել ենք։

Ինչ վերաբերում է քաղաքաշինությանը, ապա միայն Երեւանին նայելով կարելի է ասել, որ հակաէկոլոգիական, հակամշակութային ու հակասոցիալական քաղաքաշինություն իրականացվեց, որովհետեւ մենք հին Երեւանը կորցնում ենք։ Նախ բարձրահարկ շենքերն իրար գլխի շարելով, եւ հետո՝ մեքենաների քանակն է շատանում կենտրոնում, կանաչ տարածքներն են վերանում, սեյսմիկ վտանգն է աճում, քանի որ նման ձեւով խտացնել կենտրոնը՝ պարզապես չէր կարելի։ Այնպես որ ասել, որ մենք ղեկավարվում ենք կայուն զարգացման սկզբունքներով, շատ շուտ կլինի։

-Ընդհանրապես կայուն զարգացման մակարդակով Հայաստանը որտե՞ղ է հասել։

– Լավ սանդղակի մեջ չենք լինի, թեեւ այժմ դրա չափելիության հարցը լուծված չէ։ Հայաստանն առաջին անգամ Ռիո Դե ժանեյրոյում ,,Ռիո + 20,, ՄԱԿի խորհրդաժողովում հանդես եկավ նախաձեռնությամբ, որն ըստ էության իր շարունակականությունը կունենա։ Խնդիրն այն է, որ ՄԱԿի այսօրվա նախանշած ցուցանիշներով անհնար է ճշգրիտ չափել, թե որ երկիրն առաջ անցավ, որը հետ մնաց։ Այդ չափելիության խնդիրը դեռ լուծված չէ։ Անցյալ տարի Ժնեւում, ՄԱԿ-ի տարածաշրջանային գիտաժողովում, ես առաջարկեցի, որ ՄԱԿ-ը մի քննարկում կազմակերպի այն փորձագետներից, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են այդ չափելիության խնդրով։ ՄԱԿը հետեւաբար առաջարկեց, որ նման ձեռնարկ հենց Հայաստանը կազմակերպի եւ Ռիոյում դա էլ ներկայացրինք։

Դեռեւս 1994-95 թթ. մենք առաջարկել էինք Մարդկային զարգացման համաթվի մեջ ներառել էկոլոգիական համաթիվը եւ ստանալ Մարդկային կայուն զարգացման համաթիվ, մշակել էինք նաեւ դրա մեթոդաբանությունը: Այն ժամանակ մեր աշխատանքը դրական գնահատվեց, բայց առանձնապես հետաքրքրություն չառաջացրեց: Սակայն 17 տարի անց պարզվեց առաջարկի ակնհայտ արդիականությունը, մենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետների աջակցությամբ լրամշակեցինք այն նորագույն պահանջներից ելնելով եւ ներկայացրեցինք „Ռիո+20″ Գագաթաժողովին: Հրավիրել էինք նաեւ ԱՄՆ-ի Յելսի համալսարանի պրոֆեսորին իրենց մեթոդաբանությունը ներկայացնելու համար: Մեր աշխատանքը շատ բարձր գնահատվեց, հիմա փորձում ենք շարունակել այն ՄԱԿ-ի կառույցների հետ համատեղ:

-Տիկին Դանիելյան, իրո՞ք մեր մոլորակի իրավիճակն այնքան մտահոգիչ է հիմա։ Չէ՞ որ մոլորակն էլ իր զարգացման բնական փուլերն ունի, գուցե մարդկությունն ուղղակի չի պատկերացնում, որ սա մոլորակի համար իրականում բնական փուլերից մեկն է։

-ՄԱԿի բնապահպանական գրասենյակի կողմից ,,Ռիո+ 20ի,, համար հատուկ զեկույց պատրաստվեց, որին ես մասնակցեցի Եվրոպայի մասով։ Մեր առջեւ խնդիր էր դրված, որ բավական է մոլորակի բնակչությանը վախեցնեք, այս անգամ դրական փորձը ցույց տվեք։ Մենք բոլոր ջանքերը լարեցինք, որ դրական փորձը ցույց տանք, բայց միեւնույն էՙ գերակշռողը հիմնախնդիրներն էին։ „Ռիո+20″ ի եզրափակիչ փաստաթղթի մեջ գրված է, որ ճիշտ է, մենք հսկայական գործ ենք արել, բայց չենք հասել մեր նպատակներին, որ նախանշել էինք 1992 թվականին։ 193 երկիր ընդունեց սա։ Եզրակացություններից մեկն էլ այն է, որ մոլորակի փոփոխություններն առաջ են ընկնում, եւ մենք չենք հասցնում դրանց հետեւից։ Կանխարգելել չենք հասցնում, քանի որ մոլորակի պատասխանն ավելի արագ է։

-Ի վերջո, ի՞նչ որոշեց Ռիո Դե Ժանիեյրոյում գումարված ներկայացուցչական մեծ խորհրդաժողովը։

-Պետությունների մոտեցումն այն էր, որ չեն հասցնում, ուստիեւ պետք է ընդլայնեն իրենց գործունեությունը։ Ընդունվեց փաստաթուղթ ,,Ապագան, որը մենք ցանկանում ենք,, անունով։ Բավական բարդ է նման խորհրդաժողովներում փաստաթղթի ընդունումը։ Ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների տեսակետն այն էր, որ ընդունված որոշումները պարտադրանքի ուժ չունեն, եւ պետությունները դրանք կարող են կիրառել կամ ոչ։ Մի համաշխարհային հասարակական կազմակերպության կողմից առաջարկ եղավ ՄԱԿի խորհրդարան ստեղծել, որն ավելի անկախ կլինի, քանՙ կառավարությունները։ Շատ բարդ խնդիր է, որպեսզի 193 երկիր գա ընդհանուր հայտարարի, եթե չասեմ՝ անհնարին։

Օրինակ, զարգացած երկրներն ուզում էին, որ ավելի ռադիկալ որոշումներ լինեն, բայց զարգացնողներըՙ 77 + Չինաստան, այն կարծիքին էին, որ կայուն զարգացման քողի տակ կարող է նեոգաղութացում տեղի ունենալ։ Նրանք մտահոգություն հայտնեցին, թե՝ կանաչ տնտեսություն ասելով կգաք, կասեք ձեր ամբողջ արտադրանքը մի կողմ, քանի որ դա էկոլոգիապես մաքուր չէ՝ եւ միայն պետք է գնեք մեզանից։ Նրանք պահանջում էին, որ գրվի ինչպես նախկինում, որ պատասխանատվությունը բոլորինն է, բայց՝ տարբերակված։ Զարգացած երկրների պատասխանատվությունն ավելի բարձր է եւ ուրեմն նրանք պարտավոր են օգնել մյուս երկրներին։ Բրազիլիայի գրած փոխզիջումային տարբերակը մի կերպ անցավ։

– Եվ վերջում մի այսպիսի հարց՝ Ձեր ուսանողները պատկերացնո՞ւմ են էկոլոգիական խնդիրները։

-Կան շատ շահագրգռված ուսանողներ, եւ կան անտարբերներ։ Քանի որ ես մագիստրատուրայում եմ դասավանդում, տեսնում եմ, որ շատ խելացի երիտասարդներ կան։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

 

ORER  7-9/65 2012


Առնչվող նյութեր
1. Հանքերի թթվային դրենաժն ու դրա էկոլոգիական վտանգները․ ՀԲՃ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: