ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարեւորը ֆիլմերն են, յուրահատուկ կինոմթնոլորտը եւ «Ոսկե ծիրան»ը

16 հուլիսի, 2018 | 07:57

Հուլիսի 15-ին «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնն ավարտեց իր աշխատանքները եւ ամփոփեց արդյունքները։ Կինոփառատոնի համահիմնադիր եւ տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ կարեւորը բոլոր հյուրերը փառատոնից հեռանում են հիացմունքով, գնահատում են թե ֆիլմերի որակը, եւ թե կից կինոծրագրերի իրականացումը։ Փառատոնը, որն ունի ռեժիսորական ուղղվածություն, արդեն իսկ 15  տարիների ընթացքում ստեղծել է ռեժիսորների այնպիսի շրջանակ, ովքեր դարձել են ,,Ոսկե ծիրանի» դեսպաններն այլ երկրներում։ Դա նաեւ փառատոնի ձեռքբերումն է։

Նա նաեւ նշեց, որ փառատոնը բացման եւ փակման արարողություններին, որոնք հաճախ են արժանանում քննադատության, այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում, քանի որ շոուներն այնքան էլ հետաքրքիր չեն փառատոնի համար եւ դեռ այն ռեսուրսները չունեն, որպեսզի մասշտաբային միջոցառումներ կազմակերպեն, կարեւորը ֆիլմերի եւ հյուրերի որակն է։  Եթե լինեն անհրաժեշտ ռեսուրսներ, միգուցե նաեւ կփորձեն ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեւական կողմին։ Իսկ այս տարի փառատոնը հրամցրեց աշխարհի լավագույն կինոբեմադրիչներին ու նրանց աշխատանքները, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության դահլիճում վարպետության դասընթացներ անցկացրեցին օսկարակիր իրանցի հայտնի կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադին,  ֆրանսահայ բեմադրիչ Վալերի Մասադյանը, ավստրիացի կինոբեմադրիչ եւ սցենարիստ Ուլրիխ Զայդլը, իտալացի կինոբեմադրիչ Ջանֆրանկո Ռոզին, ամերիկացի կինոբեմարիչ Դարրեն Արոնոֆսկին, ամերիկացի անկախ բեմադրիչ Շոն Բեյքերը, իսկ ԹՈՒՄՈ կենտրոնում հանդիպումներ տեղի ունեցան Լարի Սմիթի եւ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի հետ։ ԳԱԻՖՊՐՈ նոր ծրագրի շրջանակներում անցկացվեցին մի քանի նախագծեր, այդ թվում հայ-թուրքական պլատֆորմը, С2С կինոնախագծերի աջակցության ծրագիրը եւ հայկական նախագծերի հարթակը, որում վարչապետի մրցանակին արաժանացան երկու կինոնախագիծ։ Սուսաննա Հարությունյանը նաեւ հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում կստեղծվի նաեւ փառատոնային կենտրոն, ուր ողջ տարին կցուցադրվեն ֆիլմեր, բայց դրա համար անհրաժեշտ է առանձին բյուջե։

Խաղարկային ժյուրիի նախագահ, իրանցի կինոբեմադրիչ Ասղար Ֆարհադին էլ նշեց, որ վաղուց Երեւանում չէր եղել եւ մեծ էր իր հետաքրքրությունը։ ,,Այստեղ հանդիպեցի շատ լավ երիտասարդ կինոռեժիսորների, հոյակապ մթնոլորտ էր փառատոնում։ Կարեւորն այն էր, որ պաշտոնական հավաքներ չկային, կարող էիր դուրս գալ փողոց եւ զբոսնել։ Իմ ֆիլմն արդեն նախկինում ,,Ոսկե ծիրանում» մրցանակ էր ստացել, բայց ես այնժամ չկարողացա գալ։ Այս անգամ գալով, զգացի, որ փառատոնը շատ բազմազան է, ընտրված են թե՛ խաղարկային, եւ թե՛ վավերագրական լավագույն ֆիլմերը, եւ կարեւոր էր նաեւ տարածքի փոքրությունը, որ շատ հարմար էր։ Իմ առաջարկն է պահպանել փառատոնը այնպիսին, ինչպիսին կա, եւ չնմանվել աշխարհի մյուս փառատոններին,,- ասաց Ֆարհադին։ Ինչ վերաբերում խաղարկային ժյուրիի աշխատանքին, ապա ըստ իրանցի բեմադրիչի շատ դժվար էր ընտրություն կատարել, վերջում երեք ֆիլմի շուրջ էին բանավիճում, մեկը դուրս մնաց, քանի որ որոշեցին ընտրել այն ֆիլմերը, որոնք յուրահատուկ լեզու ունեն, կախարդական ռեալիզմի հատկություն եւ տարբերվում են վերջին տարիների հանած ֆիլմերից։ Ինչպես փակման արարողության ժամանակ  հայտարարեց Ֆարհադին, ,,Ոսկե ծիրան»ին արժանացավ Ուկրաինա-Գերմանիա համատեղ արտադրության «Հրաբուխ» ֆիլմը։ Իրոք շատ հետաքրքիր ֆիլմ էր, որի ռեժիսոր Ռոման Բոնդարչուկը ներկա չէր եւ նրա փոխարեն մրցանակը ստացավ Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, բեմ հրավիրելով նաեւ Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչին/վերջինս ներկա չէր/։ ,,Արծաթե Ոսկե ծիրան»-ին արժանացավ  շվեյցարական «Ֆորտունա» ֆիլմը, որի ռեժիսոր Ժերմինալ Ռոոն նույնպես ներկա չէր, եւ նրա փոխարեն մրցանակն ստացավ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը։

Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրիի անդամ, ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Ալեքսեյ Վախրուշեւը, ում ֆիլմը 6 տարի առաջ ,,Ոսկե ծիրան»ում տրվել  էր մրցանակ,  նշեց, որ ժյուրիի կազմը հոյակապ էր, տարբեր ճանաչում եւ փորձառություն ունեցող կինոգործիչներ էին հավաքված եւ  շատ լուրջ խոսակցություններ են ունեցել կինոարվեստի շուրջ։ Այս ժյուրին երկուսի փոխարեն 3 ֆիլմի է տվել մրցանակը, քանի որ մինչեւ վերջ չեն կարողացել կողմնորոշվել։ ,,Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ «Հեռավոր Համաստեղություն», Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ) ֆիլմը, որը ժամանակին ստացել է նաեւ ,,Ոսկե ծիրանի» հայ-թուրքական կինոպլատֆորմի աջակցությունը։ Ռեժիսորը ներկա չէր, եւ մրցանակը ժյուրիի չինացի նախագահ Ճաո Լյանից ստացավ փառատոնի տնօրեն Սուսանան Հարությունյանը՝ վերջինիս փոխանցելու նպատակով։ ,,Արծաթե Ծիրան» մրցանակը ստացավ իսպանական «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» ֆիլմի  ռեժիսոր Այնարա Վերան, ով շնորհակալություն հայտնեց փառատոնից՝ իսպանական կինոն Հայաստանում ներկայացնելու հնարավորության համար։ Ժյուրին Հատուկ հիշատակում մրցանակ տվեց նաեւ վրացի ռեժիսոր Վախթանգ Կունցև- Գաբաշվիլու «Հստակ աշխարհ» ֆիլմին։ Մրցանակն ստացան եւ ռեժիսորը եւ ֆիլմի հերոսները։ Ժյուրիի մեկ այլ անդամ,ռեժիսոր Թամարա Ստեփանյանն էլ նշեց, որ այս ֆիլմերը դժվարությամբ են ընտրել, քանի որ փնտրում էին նորություն , նոր մոտեցում եւ կինոլեզվի նոր որակ։ Իրականում 6 ֆիլմի վրա էին կանգ առել, բայց ստիպված երեքին մրցանակ տվեցին։ Երեք ֆիլմն էլ աչքի են ընկնում մեծ սիրով, որ հեղինակաները տածել են դեպի տարեց մարդիկ, նրանց ոչ թե խղճալով, այլ բարձրացնելով ու ուգեշնչելով։ Իսկ անձամբ իրեն շատ էր հուզել ռուս կինոռեժիսոր Լիդիա Շեյնինի ,, Ներդաշնակություն,, ֆիլմը։

Հայկական համայնապատկեր ծրագրիրն այս տարի առանձնանում էր այն հանգամանքով, որ մրցանակները տրվում էին տարբեր կազմակերպությունների կողմից։ Հայաստանի Ազգային կինոակադեմիայի մրցանակը՝ «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմին հանձնեցին  ակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը եւ կինոգետ Գարեգին Զաքոյանը։ Այն տրվեց «Եվա» Հայաստան-Իրան համատեղ արտադրության ֆիլմի ռեժիսոր, իրանահայ կինոգործիչ Անահիտ Աբադին։ Ի դեպ, այս ֆիլմն անցյալ տարի ներկայացվել էր Ամերիկյան Օսկարին։  Ֆիլմն աչքի էր ընկնում թեմայի եւ դերասանական լավագույն կազմի ընտրությամբ։ Աբադը շնորհակալություն հայտնեց ոչ միայն ,,Ոսկե ծիրանին,, , այլեւ Արցախի ժողովրդին եւ իր ֆիլմի բոլոր աջակիցներին ու դերասաններին։ /Անահիտ Աբադի տեի բացառիկ հարցազրույցը՝ ՕՐԵՐ եվրոպական ամսագրում/։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մրցանակը միության նախագահ Հարություն Խաչատրյանը հանձնեց «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն դեբյուտային ֆիլմին՝ «Քամու հետ» ֆիլմի ռեիսոր Արթուր Սահակյանին։

Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանն էլ Հրանտ Մաթեւոսյանի մրցանակը  լավագույն սցենարի համար հանձնեց Աբուֆազլ Սաֆարիի (Իրան/Գերմանիա) «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմին, որն ստացավ ֆիլմի  պրոդյուսեր Նորիկ Քեշիշյանը։

Սոս Սարգսյանի մրցանակը լավագույն դերակատարման համար տրվեց «Եվա» ֆիլմի դերասան  Շանթ Հովհաննիսյանին։ Այն հանձնեցին հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը եւ կինոգետ Անետա Երզնկյանը։

Հայաստանի կինոքննադատների ասոցիացիայի՝ AAFCCJ մրցանակը տրվեց «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն սփյուռքահայ կինոգործիչ անվանակարգում՝  ֆրանսահայ Առնո Խայաջանյանին ֆրանսիա-Հայաստան «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համար։ Մրցանակային 300 հազար դրամը տրվեց սփյուռքի նախարարության կողմից, որը հանձնեց նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշեց, որ այսուհետ սփյուռքի նախարարությունը նույնպես կլինի փառատոնի կողքին, քանի որ ինչպես Արսինե Խանջյանն է ասում. ,, Ոսկե ծիրանը,, հայ մշակույթի գանձն է։ Իսկ Առնո Խայաջանյանը ստանալով մրցանակը, այն նվիրեց իր ֆիլմի բոլոր հերոսներին։

Միջազգային կինոքննադատների կազմակերպության՝  FIPRESCI ժյուրիի մրցանակն էլ տրվեց Վրաստան-Քաթար համատեղ արտադրության  «Դեդե» ֆիլմին, որի ռեժիսորն էր  Մարիամ Խաչվանին։

Եվ ինչպես արդեն նշել էինք, Վիգեն Չալդրանյանը ,,Պատվավոր Ոսկե Ծիրան»ը հանձնեց համաշխարհային օպերային բեմի հայտնի սոպրանո  Հասմիկ Պապյանին։ Ի՞նչ նշանակություն ունի ,,Ոսկե ծիրանի,, մրցանակն իր համար ՕՐԵՐ-ի հարցին, պարգեւատրումից անմիջապես հետո Հասմիկ Պապյանը պատասխանեց. ,,Շատ մեծ նշանակություն։ Ընդհանրապես ,,Ոսկե ծիրանը,, լուսավոր կետ է մեր երկրի համար։ Միշտ եղել է՝  դժվար ժամանակներում կարողացել է ճանապարհ գտնել ապրելու, գոյատեւելու  եւ զարգանալու համար։ Այսօր դարձել է 15 տարեկան եւ այն էլ Նոր Հայաստանում։ Իսկապես շատ ուրախալի երեւույթ է  նոր փոփոխությունների շրջանում եւ բոլորս պետք է աջակցենք ,,Ոսկե ծիրանին,, ինչով կարող ենք,,։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը «ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ  մրցանակներ հանձնեց իտալացի կինոբեմադրիչ Ջանֆրանկո Ռոզիին եւ օսկարակիր ռեժիսոր իրանցի Ասղար Ֆարհադիին։

Ստանալով մրցանակը Ռոզին ասաց. ,, Սա իմ առաջին մրցանակն է, որը կոնկրետ ֆիլմի համար չի տրվում։ Փաստորեն՝ պառավել եմ ու սա իմ անցած աշխատանքի գնահատանքն է։ Իմ ֆիլմերը հանդիպումների, իրավիճակների ու կերպարների մասին են, որոնց ես գտնում եմ որոշակի տեղում՝ որոշակի ժամին։ Ուզում եմ կիսել այս պարգեւը բոլոր նրանց հետ, ովքեր այդ ամենը հնարավոր են դարձրել»։

Իսկ Ասղար Ֆարհադին ստանալով մրցանակը, շնորհակալությամբ ասաց. ,, Սա շատ կարեւոր մրցանակ է, որովհետեւ Փարաջանովը մեծ նշանակություն ունի ինձ համար։ Ինչպես այս տարածաշրջանի ցանկացած այլ կինոգործիչ, ես նրա ֆիլմերը նայել եմ երիտասարդ տարիքում։ Այդ ժամանակ ոչինչ չէի հասկացել, բայց դրանց մեջ առեղծված կար, ու դա ինձ շատ էր դուր եկել»։

Իսկ արդեն մամուլի ասուլիսի ընթացքում, Ֆարհադին նշեց, որ հայերի ներդրումը իրանական կինոյում շատ մեծ է եղել՝ թե՛ տեխնիկական, եւ թե՛ մասնագիտական առումներով։ Նրանք աչքի են ընկել կինոարվեստի բոլոր ճյուղերում, բավական է նշել միայն Լեւոն Խաչիկյանի անունը։

Փառատոնի ընթացքում եղան բազմաթիվ համաշխարհային պրեմիերաներ, հայկական եւ ԱՊՀ երկրների ֆիլմերի ցուցադրություններ, որոնցից ԱՊՀ ֆիլմերի նախագիծը ցուցադրվեց նաեւ Գյումրիում։

Ուրախալի է եւ գնահատելի, որ տարեցտարի, չնայած հարվածներին, տարբեր տեսակի խոչընդոտներին ու ֆինանսական դժվարություններին, փառատոնն ավելի է կայացել  եւ ստացել իրապես միջազգային ճանաչում՝ իրեն հավատարիմ կինոգործիչներով ու արդեն ոսկեծիրանական հանդիսատեսով։ Ու չնայած ամառվա տապին, այս տարի էլ երեկոյան ժամերին կինոդահլիճները լիքն էին՝ համաշխարհային կինոն գրավել էր Երեւանը։

,,Ոսկե ծիրանն, իրապես դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտը թե ներսում, եւ թե դրսում։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: