ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարեն Նազարյան. Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա

14 մարտի, 2017 | 07:43

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը “Independent Balkan News Agency” լրատվական գործակալությանը

nazaryan

Հարց. Հայաստանը և Հունաստանը կապված են դարերից եկող բարեկամությամբ և մշտապես համագործակցել են բազմաթիվ մակարդակներում: Համագործակցության ո՞ր ոլորտներն եք համարում կարևոր այս հարաբերությունների հետագա զարգացման համար, և ի՞նչ եք նախատեսում անել: Պարոն Կոձիասը խոսեց երեք անհամաչափությունների մասին, որոնց անդրադառնալու կարիք կա:

Կարեն Նազարյան. Նախ, ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել նախարար Կոձիասին և իր պատվիրակությանը: Սա նրա առաջին այցն է Երևան, և մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ բոլոր հնարավոր բնագավառներում մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը միտված բովանդակալից քննարկումներ ծավալելու համար:

Հայաստանի և Հունաստանի մերօրյա միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության և ընդհանրությունների վրա: Հանդիպման ընթացքում նախարարները նախանշեցին գոյություն ունեցող անհամաչափ այն խնդիրները և ոլորտները, որոնց վրա կողմերն առավել ուշադրություն դարձնելու կարիքն ունեն, մասնավորապես՝ նախկինում ստանձնած հանձնառությունների լիակատար կատարման համատեքստում, ներառյալ այնպիսիք, որոնք ամրագրված են մեր իրավական դաշտում: Վերջինս, նույնպես, հետագա գնահատման կարիք ունի, և մենք անհապաղ սկսելու ենք աշխատել այդ ուղղությամբ՝ շահավետ համագործակցության համար հնարավոր բնագավառներ բացահայտելու նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ՝ մեր երկու բարեկամ կառավարությունների միջև գոյություն ունի ընդգրկուն քաղաքական երկխոսությունը: Երկկողմ բարձր մակարդակի փոխայցելություններ են իրականացվում: 2014 թվականին Հայաստանում էր գտնվում Հունաստանի Նախագահը, իսկ 2016 թվականին ՀՀ Նախագահն այցելեց Հունաստան: Կանոնավոր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունենում արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջև. սա լավագույն առիթներն են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերին առնչվող առաջնահերթությունների վերաբերյալ տեսակետների փոխանակման համար:

Այսօր նախատեսված են հանդիպումներ ԱԳ նախարարների միջև, իսկ քիչ ավելի ուշ նաև՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և մենք սպասում ենք այդ հանդիպումների արդյունքներին: Վստահ եմ, որ կարող ենք բացահայտել չիրացված բնագավառներ հատկապես առևտրի և տնտեսության ոլորտներում՝ մեր քաղաքական հարաբերությունների և տնտեսական երկխոսության միջև անհամաչափությունը կամ, ինչպես ասաց նախարար Կոձիասը, ասիմետրիան նվազեցնելու համար:

Ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավոր բնագավառ է զբոսաշրջությունը, որն արդեն իրողություն է: Ինչպես գիտեք, անցած տարվա ընթացքում Հունաստան այցելած հայերի թիվն ավելացել է ավելի քան երեք անգամ: Մենք, նույնպես, սպասում ենք հույներին Հայաստանում: Ուրախ ենք ինչպես մեր երկրների միջև ուղիղ օդային կանոնավոր կապի վերականգնման, այնպես էլ՝ չարտերային թռիչքների կապակցությամբ: Միջմշակութային առնչությունները՝ կրթության և գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերի հետ միասին, կարող են ամուր հենք կազմել հետագա համագործակցության համար: Եվ իհարկե, առևտրի և ներդրումների հարցերը կլինեն մեր հատուկ ուշադրության կիզակետում: Մեզ հանձնարարված է սկսել այս տարվա վերջին անցկացվելիք գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները, և սա երկու կողմից էլ կպահանջի ուշադիր և նպատակային քայլեր:

Հարց. Ի՞նչ կասեք Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականցման մասին: Դա շուտո՞վ կլինի, թե՞ դժվար գործընթաց է:

Կարեն Նազարյան.
ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար:

Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, և, հիմնվելով նշված համաձայնագրերի կիրարկման դրական գնահատման վրա, մենք լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում, ինչպես նաև ակնկալում ենք բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս մեր գործընկերների աջակցությունն այդ հարցում:

Հարց. Հայաստանի աշխարհագրական դիրքն դարձրել է այն քաղաքակրթությունների և լարումների խաչմերուկ: Տարիների ընթացքում ձեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնալով լարվել են: Ո՞րն է ամենալավ տարբերակը հարթելու այս տարաձայնությունները: Ինչպե՞ս կարող է Հունաստանն օգնել գտնելու լուծումը:

Կարեն Նազարյան. Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:

Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ:
Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները:

Հարց. Մի քանի օր առաջ Դուք անցել եք ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության համար համաձայնագրի ձևավորման գործընթացին: Միևնույն ժամանակ անդամակցում եք Եվրասիական տնտեսական միությանը: Միթե՞ սա հակասական չէ:

Կարեն Նազարյան.
Տասն օր առաջ Հայաստանի նախագահը Բրյուսելում էր, և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում նրանք համատեղ հայտարարեցին Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին:
Գործընթացի սկզբից ևեթ Հայաստանը կողմնակից է եղել տարբեր ինտեգրացիոն ֆորմատների հետ համագործակցային հնարավորությունների ձեռք բերմանը: ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացի ամբողջ ընթացքում մենք ի հայտ ենք բերել ու առանձնացրել համագործակցության համատեղելի ոլորտներ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ հետ:

Կատարված այս աշխատանքը, այս բանակցությունները ցույց տվեցին, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ և միաժամանակ ունենալ համապարփակ և ընդլայնված գործընկերություն ԵՄ հետ: Ինչպես ասացի, մենք ավարտել ենք արդեն բանակցությունները և սպասում ենք հաջորդ քայլին՝ համաձայնագրի նախաստորագրմանը և ապա ստորագրմանը:

Հարց. Հայտնի է, որ հայկական Սփյուռքը մոտ երեք անգամ ավելի շատ է, քան բուն Հայաստանի բնակչությունը: Ինչքանո՞վ են նրանք ազդում երկրի քաղաքական և տնտեսական կյանքի վրա, և կա՞ արդյոք հավասարակշռություն այս հարաբերության մեջ:

Կարեն Նազարյան.
Դեռևս հին ժամանակներից հայերը հիմնել են համայնքներ աշխարհի տարբեր ծայրերում: Այժմյան հայկական սփյուռքը ձևավորվել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետևանքով, երբ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերը ենթարկվեցին կազմակերպված բնաջնջման Օսմանյան կառավարության կողմից: Հրաշքով փրկված հայերը հաստատվեցին հարևան երկրներում: Այսօր Հունաստանում կա մեծ, ազդեցիկ հայկական համայնք, որն արդյունավետ կերպով ինտեգրվել է երկրի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքին:

Հայ համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում հայրենիքի և իրենց հյուրընկալ երկրների միջև: Նրանք սերտ կապեր ունեն Հայաստանի հետ և ուշադրությամբ հետևում են մի շարք ուղղություններով արտաքին և ներքին քաղաքականության հարցերին: Կարևոր է պահպանել արտերկրում ապրող հայրենակիցների հետ մեր հարաբերությունների այս ամուր կապը և ավանդույթները: Սա մեկ այլ հարթակ է, որտեղ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել և միավորել մեր ջանքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհի շատ երկրներում հույներն ունեն պատկառելի ներկայություն:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
9. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
10. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: