ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»

25 հունվարի, 2017 | 17:05

karen karapetyan 5Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը:

Վարչապետեր Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման  արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ստորև ներկայացվում է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը մասնավորապես նշել է .
՚՚Մեր հայ ընկերների հետ հանդիպումները, ինչպես միշտ, կառուցողական էին, հագեցած և բարեկամական: Հենց այդ տրամադրվածությունն է մեզ օգնում լուծել ամենատարբեր խնդիրներ, առավել ևս, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, իսկ մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմությունը չափվում է դարերով:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյունկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում:

Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Բանն այն է, որ չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է:

Եվս մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում: Խոսելով գյուղատնտեսության մասին, պետք է ասեմ, որ այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ:

karapetyan medvedevՄենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում մենք այժմ խաղի միասնական կանոններ ունենք: Դրանք հասկանալի են և´ ռուսաստանյան, և´ հայաստանյան բիզնեսին: Մենք կարծում ենք, որ մաքսային և այլ բյուրոկրատական ընթացակարգերն ավելի քիչ կլինեն, այդ պատճառով պետք է առաջ շարժվել մեր շուկաները ավելի բաց դարձնելու համար: Ակնհայտ է, որ կան մի շարք այլ ուղղություններ ևս: Այսօր ստորագրվեց Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը առաջիկա 5 տարվա համար, համագործակցության հուշագիր ՌԴ արդյունաբերության նախարարության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև: Դրանք նաև այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա կարելի է կառուցել տնտեսական համագործակցությունը մոտակա տարիների համար: Իհարկե, շատ կարևոր է նաև հումանիտար ասպեկտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը:

Այստեղ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց, այնուամենայնիվ, մենք պայմանավորվել ենք, և դա ևս ընթացիկ այցի արդյունք է, որ մեր երկրի բնակիչները կարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով, ինչի մասին նույնպես փաստաթուղթ ստորագրվեց: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին հումանիտար, մարդկային հարթության վրա համագործակցությունն է:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ասել է. 

՚՚Մենք բոլորովին չենք թաքցնում, որ Մոսկվա այցը՝ դա այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով: Մենք Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել ենք կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ, սակայն միաժամանակ կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն՝ այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Քննարկել ենք մի շարք ուղղություններ, թե ինչպես պետք է ընթանան ռուս-հայկական հարաբերությունները և կարծում եմ, որ մենք ուղենշեցինք զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները:
Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի ստորագրմանը, ես կարծում եմ որ դա ուժեղ թափ կհաղորդի մշակութային, հումանիտար հարաբերություններին: Հայաստանը, որպես տուրիստական գոտի, Ռուսաստանի քաղաքացիների համար թերագնահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային նոր փոփոխություններ տուրիզմի ոլորտում՝ դրական առումով՚՚։

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:
Իր խոսքում վարչապետ Կարեն Կարապետյանը նախ ամփոփել է ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպման արդյունքները, մանրամասներ ներկայացրել ծավալված քննարկումների վերաբերյալ, ապա գոհունակություն հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ:
Վարչապետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել կառավարության 100-օրյա գործունեության ամփոփ հաշվետվությունը: «Կցանկանայի ձեզ հաշվետու լինել, իրազեկել, թե ինչ է արել կառավարությունն անցնող 4 ամսվա ընթացքում: Ձեզ է ներկայացված կարճ սեղմագիրը, որտեղ 100 էջի մեջ ամփոփված է կատարված աշխատանքը: Կարծում եմ՝ բավական լուրջ փաստաթուղթ ենք ներկայացրել: Այն բաղկացած է չորս մասից. առաջին մասը խնդիրների ախտորոշում է ըստ ոլորտների, երկրորդ մասում մենք ներկայացրել ենք տեղեկատվություն, թե ինչ խնդիրներ կան և դրանց ինչպիսի լուծումներ են առաջադրվում այդ ոլորտում և ինչ միջոցառումներ է պետք իրականացնել: Երրորդ մասում ամփոփված է, թե ինչ ենք մենք արել այդ 100 օրվա ընթացքում, չորրորդ մասը հատկացված է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցով պետություն-մասնավոր համագործակցությանը»,– նշել է Կարեն Կարապետյանը:
Ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը՝ կառավարության ղեկավարը նշել է մի առիթով ասված չորս հիմնական բաղադրիչը՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ։ «Մենք այլ տարբերակ չունենք. մենք խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։ Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Ես մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ:
Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, և այդ հարաբերությունների կարևորության մասին կարելի է երկար խոսել:

«Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեկ ամբողջի երկու մասերն են: Ես անձամբ տեսնում եմ հայկական սփյուռքի ներգրավվածության հսկայական պոտենցիալը մեր երկրի կառուցման գործում: Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին  այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման և շփման մշակույթ»,- ասել է վարչապետը: Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտը որակապես մեծ փոփոխություններ է կրել, հատկապես ռեստորանային բիզնեսում:

«Ես կարծում եմ, որ պետք է ազդակներ ուղարկել ձևակերպված խաղի կանոնների մասին, բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների մասին,այդ դեպքում յուրաքանչյուր հայ իր տեղն ու գործը կգտնի: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է վարչապետը:
Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցադրմանը, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ՝ վարչապետը նկատել է, որ տարածքային զարգացման ծրագրերից բացի, ներկայում լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով: «Շիրակի մարզ կատարած այցի արդյունքներով ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ը մեր կողմից ընդունվել են»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ լուրջ քննարկումներ են ընթանում Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությամբ։

«ՀՀ կառավարությունը պարտավորվածություններ ունի՞ Գյումրու նկատմամբ, իհարկե՝ այո: «Կումայրի» ծրագիրը նախատեսում է երկու հին փողոցների վերակառուցում, որը ոչ միայն կդառնա զբոսաշրջային տարածք, այլ նաև մթնոլորտ և տրամադրություն կփոխի քաղաքի համար»,– ասել է Կ. Կարապետյանը:

karen karapetyan moscow
Իր եզրափակիչ խոսքում վարչապետը նշել է, որ նմանատիպ հանդիպումները լավ հարթակ են կարծիքներ փոխանակելու, նոր գաղափարներ փոխանցելու համար. «Ես ոչ վաղ անցյալում եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով, հետ նայելով և անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության և արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,– ասել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ավարտին Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանը, ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած այցի, ինչպես նաև դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ հայ համայնքը կիսում է նոր կառավարության մոտեցումները և կանգնած է վարչապետի թիկունքին:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: