ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ

11 օգոստոսի, 2018 | 20:41

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի:


Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում: «Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, ապօրինությունների հետ, լավատեսորեն է նայելու ապագային, չի լինելու խնդրարկու: ՀՀ քաղաքացին լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, այլ լինելու է աշխատող, արարող, բարիք ստեղծող: Մեր կառավարության կարևորագույն առաջանահերթություններից մեկն աղքատության հաղթահարումն է, որը մի խնդիր է, որ մեր երկիրը ծվատում է բավական երկար ժամանակ: Ի՞նչ պետք է անենք և ինչպե՞ս պետք է անենք, որպեսզի աղքատությունը հաղթահարվի: Եկա մի այսպիսի եզրակացության, մտածեցի, որ այդ երևույթը կարող ենք պայմանականորեն անվանել «Այգեհովիտի սինդրոմ»: Ի՞նչ նկատի ունեմ. երեկ Այգեհովիտում խոսակցության բռնվեցինք գյուղամիջում ներկա մարդկանց հետ և պարզվեց այսպիսի իրավիճակ. նախ մարդիկ խոսում էին աշխատատեղերի խնդրի մասին, սակայն պարզվեց, որ հացի արտադրամասի սեփականատերը փնտրում է երկու աշխատող՝ 100 հազար դրամ աշխատավարձով և չի կարողանում գտնել: Այս իրավիճակը, կարծում եմ, բացահայտում է մեր երկրի խորքային խնդիրներից մեկը: Մարդիկ ասում են՝ աշխատենք, որ սոցիալական նպաստից զրկվե՞նք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս երևույթը երկար տարիներ վարված քաղաքականության արդյունք է, երբ աղքատությունը և աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել է գերադասելի, քան աշխատանքը և աշխատանքով վաստակելը: «Որովհետև ՀՀ-ում հատատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ մարդկանց կաշառքով շահագրգռի քվեարկել իր օգտին: Հայաստանում այսօր հաստատված ժողովրդի իշխանությունը ոչ թե օգնելու է մարդկանց լինել աղքատ, այլ հակառակը՝ նպաստելու է, որ նրանք չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու է, որ նրանք աշխատեն, որովհետև հայ ժողովուրդը ձեռք պարզող ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը ձեռք մեկնող ժողովուրդ է, խնդրարկու չէ, այլ օգնության հասնող է, ծույլ չէ, այլ աշխատող»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունները մեր երկրում տեղի են ունեցել աշխատանքի արդյունքում, երբ գտնվեցին մարդիկ, որոնք աշխատեցին մեծ համաժողովրդական նպատակին հասնելու համար: «Ուզում եմ այս ուղերձը հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին. աղքատության քաջալերման քաղաքականությունը նույնպես պետք է արմատախիլ անել, պետք է քաջալերել աշխատանքը, հնարավորություն, ստեղծել, որ մարդիկ իրենց աշխատանքով հաղթահարեն աղքատությունը, հուսահատությունը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ իրականության փոփոխությունը ՀՀ կառավարության կարևոր առաքելությունն է, բայց դրա համար պետք է փոխել նախ իրականության ընկալումը:

«Ինչպե՞ս կարող է փոխվել իրականությունը՝ առանձին անհատ մարդկանց ջանքերով: Բոլորդ գիտեք, որ Իջևանի շրջանում Ենոքավան գյուղն ավանդաբար եղել է շրջանի ամենափոքր, ամենավատ զարգացած ենթակառուցվածքներով գյուղերից մեկը: Բայց մի մարդու կամ մարդկանց խմբի ջանքերով Ենոքավանն այսօր տարածաշրջանի ամենաարագ զարգացող բնակավայրերից է, որտեղ բնակչությունն աճում է, տների գներն աճում են: Նկատի ունեմ՝ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում՝ առաջին հերթին աշխատող մարդու շնորհքն է: Մեր ընկալումների մեջ պետք է փոխվի հետևյալը. մենք ոչ թե պետք է նախանձենք ուրիշի հաջողությանը, այլ ոգևորվենք, քաջալերվենք: Ուզում եմ ձեզ քաջալերել՝ աշխատանքի ուղղությամբ, մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ կարող է անել իր ընտանիքի բարեկեցությունը բարելավելու համար: Կառավարությունը պետք է օժանդակի այն մարդկանց, ովքեր մտածում են ավելի ու ավելի զարգանալու, աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Սա է տնտեսության զարգացման մասին մեր պատկերացումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ապահովի աշխատող մարդուն հնարավորինս շատ բաներով՝ ճանապարհներով, խմելու, ոռոգման ջրով, էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագնով, ջրի կորուստների նվազեցմամբ և այլն: «Այս քաղաքականությունը պետք է առաջ տանենք, որ ձևավորված հույսն ավելի ու ավելի մեծանա, մենք պետք է քաջալերենք մարդկանց ոչ թե ձգտել աղքատության նպաստի, այլ բարեկեցության և հարստության: Մեր հերոսները պետք է լինեն նրանք, ովքեր իրենց քրտինքով, առանց մոնոպոլիաների արդյունք են ստեղծում, աշխատատեղ են ստեղծում: Մեր ուղերձը մեկն է. իշխանությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որ դուք հարստանաք ու հարստացնեք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ մեր բոլոր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մեր կառավարության և անձամբ իմ պարտավորությունը հետևյալն է. մեր իշխանությունը պետք է օգտագործենք ոչ թե մեր, այլ ձեր հարստացման համար: Մենք չենք թալանելու երկիրը, չենք գողանալու, բայց ինքս միայնակ կամ կառավարության մի քանի անհատներով չենք կարող այդ հարցը լուծել, եթե դուք ձեր գյուղերում ինքներդ չեք բռնում գողացողների ձեռքը: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի»,- ընգդծել է Նիկոլ Փաշինյանը:


Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Հաղարծինի 200-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Վարչապետը շնորհավորել է հաղարծինցիներին համայնքի հոբելյանի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն նոր էջ կբացի Հաղարծինի կյանքում, ինչպես 2018 թվականն է նոր էջ բացել Հայաստանի կյանքում: «Նոր Հայաստանում միմյանց պետք է ընկալենք նորովի, հնարավորությունները պետք է ընկալենք նորովի, մեր ուժերին հավատանք նորովի, յուրաքանչյուր հաղթանակից հետո աշխատենք նոր հաղթանակների ուղղությամբ: Եկել է ժամանակը ցույց տալու, որ առանց անտառը հատելու կարելի է ավելի մեծ շահույթներ ստանալ: Կոչ եմ անում անջատել սղոցները և միացնել միտքը, ստեղծագորական գաղափարները և աշխատել նոր հնարավորություններից օգտվելու ուղղությամբ: Հաղարծինը պետք է դառնա նոր Հայաստանի առաջամարտիկներից մեկը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ Հաղարծինում իրականացվելու է 140 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային նոր ծրագիր, որով կֆինանսավորվեն այն քաղաքացիները, որոնք մարզպետարան կներկայացնեն իրատեսական և նորարարական բիզնես ծրագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության և բնապահպանության ոլորտներում: Համայնքի ղեկավարին գործադիրի ղեկավարը կոչ է արել նաև կապ հաստատել արտերկրում գտնվող և հաջողությունների հասած հաղարծինցիների հետ և նրանց հրավիրել ներդրումներ կատարելու հայրենի գյուղում, ստեղծելու նոր աշխատատեղեր և ստանալու շահույթներ:


Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին և վերջիններիս հետ քննարկել տարբեր ոլորտների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման, ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, տրանսպորտի ապահովման, Դիլիջան ազգային պարկի և բնապահպանական ոլորտի հետ կապված հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերելու այն համայնքներին, որոնք կներկայացնեն զբաղվածությունը խրախուսող ծրագրեր:

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին:
Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: Նշվել է, որ մթերումներն իրականացվում են Իջևանի հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից և սպիրտային հումքն ամբողջությամբ տեղական է: Նախորդ տարվա ընթացքում գործարանն արտադրել է 1,5 մլն շիշ կոնյակ, գինի և օղի, 140 հազար տարա պահածո: Քայլեր են իրականացվում նաև նոր ներդրումներ իրականացնելու և առկա 100 աշխատատեղերն ավելացնելու ուղղությամբ:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ենոքավանի «Լաստիվեր ռեզորթ» նորակառույց հյուրանոցային համալիր: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է այստեղ հանգստի համար ստեղծված պայմաններին: Նշվել է, որ համալիրի կառուցման շինաշխատանքները տևել են երեք տարի, իսկ ներդրումների ծավալը կազմել է 2 մլն դոլար:
Այնուհետև վարչապետը եղել է Դիլիջանի գարեջրի գործարանում: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ գործարանը սկսել է աշխատանքները մեկ տարի առաջ և կատարված ներդրումների ծավալը հասնում է 5 մլն դոլարի: Ժամանակակից հոսքագծերով համալրված գործարանում աշխատում է 120 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 90 հազար դրամ: Նշվել է, որ արտադրված գարեջրի մի մասն իրացվում է տեղական, իսկ մյուսը՝ ռուսական շուկաներում: Գործարանի ղեկավարները նախատեսում են ընդլայնել արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ 40-60 նոր աշխատատեղ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի երկրում գործարարությունը զարգանա, ընկերություններն իրականացնեն ընդլայնման ծրագրեր: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրն իր քաղաքականությամբ, այդ թվում՝ հարկային վարչարարությամբ, խրախուսելու է արտադրական ընկերություններին, նպաստելու է նրանց առաջընթացին, որպեսզի երկրում ստեղծվեն նորանոր աշխատատեղեր և պետությանը վճարեն հարկեր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսուհետ բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից և պետք է մտածեն միայն զարգանալու ուղղությամբ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի մեր երկրից արտահանման ծավալների ավելացմանը:
Վարչապետն այցելել է նաև Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն: Տեղեկացվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով և այստեղ մատուցվում են բժշկական այնպիսի որակյալ ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին բուժման նպատակով այլևս չուղևորվել Երևան: Դրան նպաստում է նաև գնային քաղաքականությունը: Նշվել է նաև, որ ԲԿ-ի ծառայություններից օգտվում են նաև Սևանի, Իջևանի, Վանաձորի և հարակից այլ համայնքների բնակիչները: Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջաններում նման բժշկական հաստատությունների առկայությունն ու ընդգծել, որ առողջապահության ոլորտը գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, վարչապետը կարևորել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը:

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում՝ ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին:

Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է 2 մլրդ դրամի արտահանում՝ Ռուսաստան և Վրաստան: Ծրագրվում է 2018-ին արտահանման ծավալներն ավելացնել 40-50 տոկոսով: Քայլեր են իրականացվում նաև արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: 2015 թվականից գործող ընկերությունում իրականացվել է շուրջ 10 մլն դոլարի ներդրում: Վերջերս մեկ մլն դոլարի ներդրման արդյունքում ընկերության հաստոցների թիվն ավելացվել է 600-ով, ինչի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա 150-200-ով: Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին ստեղծել 1000-1500 նոր աշխատատեղ:


Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Լուսաձոր համայնքում գործող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով ստեղծված անասնապահական ֆերմա: Այն ունի բարձր կաթնատվությամբ 200 գլուխ կով: Ստացված կաթից արտադրվում են ֆրանսիական պանրի տարբեր տեսակներ. արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տարեկան ֆերմայում կատարվում է 800 հազար եվրոյի ներդրում: Միաժամանակ, նրանք նշել են, որ հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից ևս կատարում են կաթի մթերումներ և ձեռք բերում անասնակեր: 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Տավուշի մարզում թեթև արդյունաբերության և ֆերմերային տնտեսությունների զարգացումը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել բիզնես ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հաշվի առնելով էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը մեր երկրում, Հայաստանը պետք է միջազգային ասպարեզում ունենա էկո երկրի իմիջ: Վարչապետը հույս է հայտնել, որ վերը նշված ընկերություններն առաջիկայում իրենց արտադրություններով կհասնեն արդյունաբերական ծավալների և կստեղծեն նոր աշխատատեղեր:


Առնչվող նյութեր
1. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
2. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
3. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
4. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
5. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
6. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
7. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
8. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար
9. Նոր խորհրդարանում կլինեն ,,Իմ քայլը,, դաշինքը, ԲՀԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,
10. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: