ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ծանոթացեք. Լուսիան Փափազյան

28 դեկտեմբերի, 2009 | 01:46

Պրահայի քաղաքապետարանի մշակութային բաժնի աշխատակից Լուսիան Փափազյանի հետ ծանոթությունը սկսվել է համացանցային կապից։ Նա զբաղվում է տուրիզմի եւ մշակույթի հարցերով, հուշարձանների պահպանությամբ։ Նրա մոտ հետաքրքրություն էր առաջացրել Պրահայում հրատարակվող ,,Օրեր,, ամսագիրը, ինչի մասին մեզ նամակ էր գրել։ Այնուհետեւ նա գրեթե ամեն շաբաթ խմբագրություն էր ուղարկում հայության հետ կապված լրատվություն,  ակտիվորեն մասնակցում էր Պրահայում կազմակերպվող հայկական միջոցառումներին։ Լուսիանը  ակտիվորեն համագործակցում է նաեւ Պրահայում գործող Ռումինիայի եւ Բուլղարիայի մշակութային կենտրոնների հետ։ Վերջերս  Պրահայի Ռումինական մշակույթի կենտրոնում բացվեց նրա լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, իսկ մոտ ապագայում կբացվի նաեւ Բուլղարիային նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն հայկական եկեղեցիների պատկերներ։ Մեզ հետաքրքրեց նրա ընտանիքի պատմությունը։ Դա հայի ճակատագրին բնորոշ մի պատմություն է, որը  շաղկապվում է սառը պատերազմի տարիների հետ, երբ շատ դժվար էր մի երկրից մյուսը տեղափոխվելը։

Լուսիան, ինչպե՞ս  են քո ծնողները հայտնվել  Չեխիայում։ Որքան գիտեմ հայկական ծագում ունես։

 

-Դա հետաքրքիր պատմություն է։ Հորս նախնիներն ապրել են Թուրքիայում` Օսմանյան կայսրության օրոք։ Նրա հայրը եւ մայրը ծնվել են Անկարայից ոչ հեռու մի բնակավայրում։ Այնուհետեւ նրանք կենտրոնական Թուրքիայից տեղափոխվել են ծայրամասեր` Բալկաններ, որ ավելի հեշտ ապրեն։ Իսկ հայրս ծնվել է 1934 թվին Ռումինիայի թագավորությունում, երբ դեռ հանրապետություն չկար։ Իսկ Ռումինիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրո-հունգարական կայսրության մի մասն էր։ Պապս` Քրիստափորն,  այն ժամանակ աշխատում էր Ռումինիայի թագավորությունում իբրեւ պետական չինովնիկ։ Հետագայում արդեն հայրս սոցիալիստական Ռումինիայից է տեղափոխվել Չեխոսլովակիա։ Նա ռումինական Կոնստանցիա քաղաքում աշխատում էր ռազմական նավատորմում։ Այնտեղ էլ սովորում էր բարձրագույն դպրոցում, շատ լավ գիտեր ռուսերեն, քանի որ իր հայրն էլ է իմացել։ Կոնստանցիայում աշխատելու տարիներին, չեխ զբոսաշրջիկների մի խմբի այցի ժամանակ ծանոթացել է մորս հետ, ով ազգությամբ չեխ է։ Քանի որ Ռումինիայում դիկտատուրա էր, այնտեղ չեն թողել, որ հայրս ամուսնանա չեխուհու հետ։ Հայրս` Վալենտինը չի համակերպվում, մանավանդ, որ ինքն ազգությամբ ռումին չէր, հայ էր եւ ուստի որոշում է թողնել Ռումինիան եւ տեղափոխվել Չեխիա։ Հարսանիքից հետո նրանք տեղափոխվում են Պրահա եւ հայրս քաղաքական ապաստան է խնդրում, քանի որ իրեն չէին թողնում գալ Չեխոսլովակիա։ Թեեւ այդ ընթացքում, քաղաքական այլ հաշվարկներից ելնելով, Ռումինիայի նախագահ Չաուշեսկուն թույլատրեց, որ հայրս բնակվի Չեխիայում։ Եվ հայրս 1968 թվին ստացավ Չեխիայի  քաղաքացիություն, սովորեց չեխերեն եւ Չեսկի Ռայ քաղաքում երկար տարիներ դասավանդեց ռուսերեն։ Հորս ուղարկել էին ծայրամասում աշխատելու, քանի որ ինստիտուտը ավարտելուց հետո այդպիսի օրենք էր գործում։ Մայրս այդ ժամանակ Լիբերցում էր, ուր 1966 թվին ծնվեցի ես։ Ունեմ նաեւ քույր` Քրիստինան եւ եղբայր` Վալենտինը։ Հայկական անուններ չեն, քանի որ հայրս  մտածում էր, թե Ռումինիա կվերադառնանք, հետեւաբար ավելի ռումինական անուններ էր տվել մեզ։

Դպրոցն ավարտելուց հետո ես սովորեցի տնտեսական բարձրագույն դպրոցում, որից մի քանի ամիս անց տեղի ունեցավ հեղափոխությունը։

 

Դու ինչպե՞ս ընդունեցիր հեղափոխությունը։

 

-Երբ երիտասարդ ես, ամեն ինչ գեղեցիկ է թվում, երբ մեծանում ես ամեն ինչ չէ, որ գեղեցիկ է։ Նկատի ունեմ, երբ հիշում եմ սոցիալիզմը, անպայման հիշում  եմ մանկությունս եւ ծնողներիս հետ անցկացրած օրերը։ Երբ վերջացրի ինստիտուտը, պետք է մեկ տարի բանակում ծառայեի, որից հետո իրավունք չէի ունենա կապիտալիստական երկիր գնալ։ Ուստի մինչեւ գնալս ուզում էի Հայաստան գնալ, քանի որ արդեն լավ պատկերացնում էի, որ հայ եմ եւ պետք է նախնիներիս հայրենիքում լինեմ։

 

Իսկ ո՞ր տարիքում հասկացար, որ հայ ես։ 

 

-Այն որ ես տիպիկ չէի շրջապատում, դեռ դպրոցի առաջին դասարանում հասկացա, քանի որ Փափազյան ազգանվան նման ուրիշ որեւէ մեկը չուներ։ Բայց ինձ թվում  էր, թե դա ռումինական անուն է։ Երբ Ռումինիայում տատիկիս մոտ եղա, հասկացա, որ այնտեղ էլ բնորոշ ազգանուն չէ Փափազյանը։ Եվ վերջապես, 10-12 տարեկանում հարցրեցի հայրիկիս եւ ստացա պատասխան։ Հետո միջնակարգ դպրոցում ավելին իմացա Հայաստանի մասին։

 

Իսկ հայերեն չէի՞ք խոսում։

 

-Ոչ, դա հորս մորից էր գալիս։ Հորս հայրը՝ Քրիստափորը,  լավ հայերեն է իմացել, սակայն կինը հրեա էր, եւ տանը հայերեն չէր խոսում եւ, բնականաբար, իր տղային էլ չի սովորեցրել։ Նրանք երաժշտությամբ էին զբաղվում։ Պապս լավ էր վաստակում, իսկ տատս չէր աշխատում։

Այդպես էլ Հայաստանում չեղար։

-Չէ, այն ժամանակ ընտրեցի կապիտալիստական երկրներ՝ Ավստրիա, Հարավսլավիա, Շվեյցարիա, իսկ բանակից հետո ես վերադարձա այլ երկիր։ Ոչ ոք չէր սպասում, որ հեղափոխություն կլինի։ Այդ ժամանակ արդեն վիզա էր պետք Հայաստան մեկնելու համար։ ,,Սպուտնիկ,, ընկերությունն այլեւս չէր կազմակերպում եւ խմբեր չէին տանում։ Այնուհետեւ, երբ սկսվեցին այդ այցերը, ես ծանոթ չունեի, որ մեկնեմ։ ,,Սովետի,, օրոք շատ էժան էին, իսկ 1995 թվին ինձ համար արդեն շատ թանկ էր։ Հիմա էլ այլ խնդիրներ ունենք, բայց Հայաստան մեկնելը օրակարգից հանված չէ։ Այժմ էլ, երբ ճամփորդում եմ Եվրոպայում, ամեն տեղ գտնում եմ հայկական եկեղեցիներն ու լուսանկարում։ Լավ ծանոթ եմ Ստամբուլի, Վիեննայի, Լվովի, Բուխարեստի հայկական ժառանգությանը։ Օրինակ, նույնիսկ Չեխիայում գնում եմ հայկական մթերք՝ լինի դա ,,Մառլենկա,, թխվածք, թե  հայկական ,,Արարատ,, կոնյակ։ Վերջերս էլ ,,Մակրո,, խանութում հայտնաբերեցի հայկական հյութեր։ Ես իմ շրջապատում լոբբինգ եմ անում հայկական ամեն ինչը։ Առանց կատակի, ես ներկայացնում եմ հայկական շահերը Միջին Եվրոպայում։ Դա շատ կարեւոր է, քանի որ ես չեխական մենթալիտետը  լավ գիտեմ։

 

Ի՞նչն է քեզ առավել հետաքրքրում Հայաստանից։

 

-Ինձ շատ հետաքրքիր է հանդիպել հայերին։ Ես ,,ՕՐԵՐ,,-ի 10-ամյակին նվիրված միջոցառմանն առաջին անգամ այդքան հայ տեսա մի տեղում,  եւ ինձ համար շատ հաճելի էր։ Իսկ Հայաստանում ես ուզում եմ տեսնել պատմաճարտարպետական հուշարձանները, լեռները, բնությունը, գիտեմ, որ շատ գեղեցիկ է, ուզում եմ հայկական խոհանոցը համտեսել, ճիշտ է շատ բան այստեղ կարելի է փորձել, բայց Հայաստանում ավելի համեղ կլինի։

 

Պատրաստեց Հ.Ա.

ՕՐԵՐ ամսագիր 5/50/2009

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: