ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան

14 սեպտեմբերի, 2018 | 07:11

Նախարար Մնացականյանը բացման խոսքով հանդես եկավ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը

Սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի կազմակերպումը ամրագրված էր 2018թ. մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունված Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևով:

Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վոյիսլավ Շուչի նախագահությամբ կայացած քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Ելույթով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական, Ռուանդայի միջազգային քրեական դատարանի քարտուղար Ադամա Դիենգը, Միջազգային քրեական դատարանի և Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի դատավոր Կիմբերլի Պրոստը, ՄԹ Միդլսեքսի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, Լեյդենի համալսարանում միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների պրոֆեսոր Վիլյամ Շաբասը և ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և խախտումների անթույլատրելիության երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոնին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց, որ Հայաստանը հանձնառու և վճռական մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ 1948թ. ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան՝ միջազգային հանրությունը պարտավորվեց այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: «Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ռադիկալիզմի, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումը, այն ժամանակ, երբ մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք»:

Ընդգծելով, որ ՄԱԿ-ի անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումը Կոնվենցիային՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը, որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միացյալ Ազգերի Կազմակերպության շրջանակներում, միանում է Կոնվենցիայի համընդհանրացմանը վերաբերող Հատուկ խորհրդականի կոչին:

Կարևորելով կրթության դերը մարդու իրավունքների հարգանքի մշակույթի առաջմղման հարցում՝ նախարարն ընդգծեց, որ, դեռևս 2015թ. Կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի միջոցով Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար:

Եզրափակելով իր խոսքը, նախարար Մնացականյանը վերահաստատեց այն խորին համոզմունքը, որ «այլևս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի:

ՕՐԵՐ

Բացման խոսքն ամբողջությամբ .

Շնորհակալություն:
Պարո՛ն  նախագահ,
Տիկի՛ն Գերագույն հանձնակատար,
Պարո՛ն Հատուկ խորհրդական,
Քննարկման հարգարժա՛ն մասնակիցներ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Իրապես ոգևորիչ է վերադառնալ Ժնև՝ Մարդու իրավունքների խորհուրդ` ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի դեսպանի առաքելությունն ավարտելուց ուղիղ տասը տարի անց: Ուղիղ տասը տարի է անցել նաև այն պահից, երբ 2008թ. մարտի 28-ին Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Հայաստանի հովանավորած առաջին՝ 7/25 բանաձևը: Այդ ժամանակից ի վեր մենք կանոնավոր և հետևողական զարգացրել ենք կանխարգելման նորմատիվ շրջանակը: Ինձ համար հատկապես խորհրդանշական է այս քննարկմանը մասնակցել հարգարժան բանախոսների հետ միասին, ովքեր մեծ փորձ ունեն և խորապես նվիրված են կանխարգելման օրակարգն առաջ մղելուն՝ թե՛ միջազգային և թե՛, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում: Այս միջոցառումը տեղի է ունենում այս Խորհրդի միաձայն որոշման արդյունքում, ինչպես արտացոլված է 37/26 բանաձևի համապատասխան պարբերությունում:

1998թ․ ի վեր 20 տարի շարունակ Հայաստանը հետևողականորեն աշխատել է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողության ձևավորման ուղղությամբ։ Հետևապես, սա հնարավորություն է իմ այս նոր պաշտոնում և հենց այս ամբիոնից վերահաստատել Հայաստանի հստակ հանձնառությունը և վճռականությունը մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։

Այս քննարկմանը պատիվ ունեմ շրջապատված լինել կանխարգելման հարցում բացառիկ համբավ և փորձառություն ունեցող անձանցով: Ցանկանում եմ շնորհավորել Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին նշանակման կապակցությամբ և հայտնել Հայաստանի անսասան աջակցությունը: Ես առանձնապես ուրախ եմ այս քննարկմանը մասնակցել Հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ: Նյու Յորքում մենք բավականին հետևողական աշխատել ենք այս օրակարգի շուրջ, սկսած 2015 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 69/323 բանաձևով միաձայն հռչակեց դեկտեմբերի 9-ը որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Միասին մենք հաստատակամ էինք միջազգային օրը որպես ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգի առաջմղման համար կարևոր հարթակ օգտագործելու հարցում: Այսօր բոլոր հարգարժան մասնակիցների հետ միասին մենք դա անում ենք Ժնևում:

Նախքան առաջ անցնելը և հաշվի առնելով, որ գալիք դեկտեմբերի 9-ը խորհրդանշում է Կոնվենցիայի 70-ամյակը, ես կցանկանայի հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Ռաֆայել Լեմկինին, ականավոր իրավաբանին, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր ինքնիշխանության ստվար քողի ներքո սպանելու իրավունքի դեմ պայքարին, ցեղասպանության իրավական եզրույթի մշակմանը և ինքնիշխան պետություններին իրենց բնակչությունը ցեղասպանության հանցագործությունից պաշտպանելու հարցում պատասխանատու դարձնելուն: Իհարկե կցանկանայի հարգանքի տուրք մատուցել նաև այդ դաժանությունների, զանգվածային հանցագործությունների և ցեղասպանությունների դեմ կանգնելու և դրանք կանխարգելելու դժվարագույն մարտահրավերն ընդունած յուրաքանչյուր ազգային և միջազգային գործչին, իրավապաշտպանին, փորձագետին և մասնագետին: Մասնավորապես ցանկանում եմ հիշատակել Բենջամին Ուիթաքերին, ով դեռևս 1985թ. «Ուիթաքերի զեկույց» ուղենշային փաստաթղթի մեջ առաջին անգամ նախաձեռնեց ցեղասպանությունների կանխարգելմանն առնչվող անաչառ միջազգային կառույցի ստեղծման գաղափարը: Ցավոք, երկար ժամանակ և նոր ցեղասպանություններ պահանջվեցին մինչև միջազգային հանրությունն ուշադրություն դարձրեց նրան, ինչ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը որակել էր որպես «հանցակցություն չարիքի հետ», և 2004թ. հաստատեց նրա առաջարկը ցեղասպանության կանխարգելման համար շոշափելի, բայց դեռևս համեստ մեխանիզմների վերաբերյալ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հատուկ խորհրդական Դիենգին և բոլոր նրա նախորդներին այս կազմակերպության գործելաոճն արձագանքումից կանխարգելմանը վերափոխվելու ուղղությամբ հետևողական քայլերի համար: Ցանկանում եմ շնարհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ցեղասպանության Կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով Հատուկ խորհրդականների համատեղ գրասենյակը պահպանելու հանձնառության, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման հարցում վաղ նախազգուշացման և կանխարգելման ուղղությամբ վաղ գործողությունների վճռական գործառույթներին ցուցաբերած մշտական աջակցության համար:

Սա 21-րդ դարն է: Այս տարի մենք նշում են 70 տարին, ինչ ընդունել ենք Կոնվենցիան և պարտավորվել այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեք»-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումն այն ժամանակ, երբ այս առումով մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք:

Ցեղասպանությունները գուցե հաճախ չեն իրագործվում, սակայն, որքան էլ հազվադեպ լինեն, դրանք ծանրագույն հանցագործություններ են: Նման հանցագործությունների վերաբերյալ իրավական նորմերի անհրաժեշտության հարցում թերահավատներին ուղղված Լեմկինի փաստարկը ցեղասպանությունների թիրախային խմբի անվերադարձ կորստն էր, մինչդեռ ցեղասպանություն վերապրածներն ընդմիշտ զրկվում են իրենց ինքնության կարևորագույն մասից: Սա մենք գիտենք սեփական փորձից:

Դեկտեմբերի 9-ից չորս ամիս առաջ հիշեցնում եմ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վավերացման և դրան միանալու վերբերյալ հիասթափեցնող վիճակագրության մասին: Միավորված ազգերի կազմակերպության անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումն այս կարևորագույն միջազգային գործիքին: Կոնվենցիայի 70-ամյակի նախօրեին և որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում, Հայաստանը միանում է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին:

Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների ընդհուպ միչև զանգվածային հանցագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ: Կանխարգելումը նախևառաջ ենթադրում է իրավական և ինստիտուցիոնալ կարողություններ՝ հաստատակամորեն հիմնված պետությունների իրավասության ներքո գտնվող բոլորի հիմնարար մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և խթանման քաղաքական և բարոյական պատասխանատվության վրա: Բոլորի համար մարդու իրավունքներն ապահովելու անբավարար կարողությունները ստեղծում են  ինքնությամբ պայմանավորված իրավունքների խախտման վտանգներ, որոնց ծայրահեղ դրսևորումը, ինչպես բոլորս շատ լավ գիտենք, ցեղասպանությունն է, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Մարդու հիմնարար իրավունքների հետևողական և վճռորոշ պաշտպանությունը սահմանում է կանխարգելելու պատասխանատվության հասկացությունը: Անշուշտ, կանխարգելումը պետք է դիտարկել որպես առաջին հերթին պատասխանատվություն ազգային մակարդակով: Ամուր ազգային կառույցները, ակտիվ, բազմազան և առողջ քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը և գիտական շրջանակները նպաստում են թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

Միջազգային մակարդակում կանխարգելումը պահանջում է շարունակական և միասնական մոտեցում և գործողություններ բոլոր ուղղություններով՝ փոխկապակցված անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների երեք հիմնասյուներով: Մարդու իրավունքները և ՄԱԿ համակարգի ներքո կանխարգելիչ մեխանիզմները տարիներ շարունակ ձևավորել են ռիսկային իրավիճակների կանխատեսման, վաղ նախազգուշացման նշանների հավաքագրման ու ուսումնասիրման և անդամ երկրներին տեղեկացման զգալի կարողություններ: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մեխանիզմների դերը և գործառույթները, Գերագույն հանձնակատարի գրասենյակը, հատուկ ընթացակարգերը, պայմանագրային մարմինները և Համընդհանուր պարբերական զեկույցի գործընթացն արժանի են մշտական ուշադրության և կիրառման, քանի որ դրանք իրապես լիովին համապատասխանում են վաղ կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների ապահովելուն: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, մասնավորապես, Հատուկ խորհրդականի գործնական առաջարկների վրա, որոնք վերաբերում են ՄԱԿ շրջանակներում պարբերաբար և համակարգված մոտեցմանը՝ ուղղված տեղեկատվության հավաքագրմանը, վերլուծությանը և վաղ նախազգուշացման նշանների տարածմանը, ինչպես նաև վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգերի զարգացման ուղղությամբ տարածաշրջանային կառույցներին և անդամ պետություններին աջակցելուն: Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի համակարգը պետք է վճռական լինեն՝ արձագանքելու խտրականության բոլոր դրսևորումներին և խոցելի խմբերի թիրախավորմանը, ատելության քարոզին, ծայրահեղականությանը և ատելություն սերմանելուն: Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնարար խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը:

Եվ վերջում, պարոն նախագահ, մարդու իրավունքների հարգանքի մշակույթի խրախուսման հարցում կրթության դերը կանխարգելման անփոխարինելի գործառույթներից է: Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: 2018թ. դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք երրորդ գլոբալ ֆորումը կհամախմբի մի շարք գիտնականների և ցեղասպանության կանխարգելման մասնագետների և մասնավորապես կենտրոնացած կլինի կրթության դերի վրա: Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում: Խոսքս կավարտեմ վերահաստատելով այն խորին համոզմունքը, որ «այլևս երբեքը» պետք է մեկընդմիշտ ամրագրվի:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ:

 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
3. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
4. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Զոհրաբ Մնացականյան-Անտոնիու Գուտերեշ հանդիպում Նյու Յորքում
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Մնացականյան-Մամադյարով հանդիպում Բրյուսելում
10. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: