ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խաչատրյանի երաժշտությունը շարունակում է գրավել աշխարհը

20 ապրիլի, 2014 | 21:22

Orer Scan - 8-12_69_2013 internetԽմբագրական ՕՐԵՐ 8-12 \69\ 2013

Խաչատրյանի երաժշտությունը շարունակում է գրավել աշխարհը

ՙԲուդապեշտի օդակայանում հոծ բազմություն էր հավաքվել։ Շենքի ամբողջ երկայնքով պլակատ է փակցված.ՙՈղջույն մեծն Արամ Խաչատրյանին՚։ Երեք լեզուներով՝ հունգարերեն, ռուսերեն, հայերեն։ Ինքնաթիռը կանգ առավ։ Ամբոխը երերաց, շրջապատեց ինքնաթիռը, եւ թվում էր, թե ուր որ է մարդկային ձեռքերի ալիքը նորից օդ է թռցնելու հսկա մեքենան։

Իսկ օդում, մարդկանց ձեռքերի վրա հայտնվեց Արամ Խաչատրյանը։ Նա ձեռքով էր անում, ողջունում ամենքին, նրա աչքերում երջանկության եւ շնորհակալության արցունքներ էին։ Երեխա էր ամբոջ հոգով, տխրելիս ամբողջ էությամբ էր հանձնվում զգացմունքներին, անմիջական մանկական հոգեբանությամբ, ուրախանում էր թաքնված մանկական խորամանկությամբ, հետո պոռթկում էր իր երաժշտության նման, ու դեմքին այնքան գեղեցիկ ժպիտ էր ծաղկում։ Նկատեց պլակատը, նայեց շուրջը։ Հայաստանից եկած հյուրեր կային։ ՙՈւզում եմ այստեղ՝ Բուդապեշտում հայկական տառերով գրված այս պաստառի մոտ նկարվել՚, հուզված բացականչեց նա։ ՙՍա սքանչելի է՚,-ձեռքը օդում թափահարելով կրկնում էր Խաչատրյանը։ ՙՍովետական արվեստ՚ ամսագրի գլխավոր խմբագիր Գուրգեն Առաքելյանի հուշերից այս մի մասունքը լիովին ցույց է տալիս, թե ինչպիսի անսահման սեր ու հարգանք է վայելել համաշխարհային երաժշտության ամենհայտնի հայը՝ Արամ Խաչատրյանը, դեռ իր կենդանության օրոք։

Այսօր էլ աշխարհի որեւէ անկյունում հայի անունը լսելիս մշտապես հիշեցնում են Խաչատրյանի անունը, որ կարծես այցետոմսի պես օտարների առաջ ճանապարհ է բացել եւ բացում դեպի հայ մշակույթն ու երաժշտությունը։

Ճապոնիայից մինչեւ Մեքսիկա նրա անունը ոչ միայն գրվել է համերգային ծրագրերի առաջին տողերում, այլեւ դարձել համաշխարահային դասական՝ ազգային եւ միաժամանակ համամարդկային երաժշտության իր ներկայանալի պահոցով։

Իզուր չէ հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը Խաչատրյանի երաժշտությունը համարել ժողովրդային ու համաշխարհային. ՙԼինելով վերին աստիճանի զարգացած երաժիշտ, Խաչատրյանը թափանցեց, հասկացավ եւ իր անհատականությանը համապատասխան շատ բան մշակեց այն ամենից, ինչ տվել է համաշխարհային երաժշտական մշակույթը։ Ինձ թվում է, Խաչատրյանի ողջ երաժշտության եւ մասնավորապես ՙՍպարտակ՚ բալետի հիանալի հատկություններից մեկը ժողովրդայնությունն է։

ՙԳայանե՚ բալետում, Լերմոնտովի ՙԴիմակահանդես՚ դրամայի համար գրված երաժշտության մեջ, ՙՎալենսյան այրին՚ սյուիտում, ՙՍպարտակ՚ բալետում՝ ամենուրեք Արամ Խաչատրյանը վառ կերպով արտահայտված ազգային նկարագիր ունի։ Բայց սա ազգայինի եւ ժողովրդականի նեղ ըմբռնումը չէ՝ սահմանափակված սովորական լադային ինտոնացիաներով, հարմոնիաներով կամ ռիթմերով։ Սա ճշմարիտ ժողովրդայնություն է՝ հարստացած համաշխարհային մշակույթի գագաթներով եւ ինքն էլ համաշխարհային մշակույթում ներդնելով իր նոր, արժեքավոր ավանդը՚։

Այս տարի թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում տարբեր գեղարվեստական ձեռնարկներով նշվեց Խաչատրյանի 110 ամյակը։ Նրա երաժշտությունը կրկին դարձավ հայ ժողովրդի մշակույթը ներկայացնելու լավագույն միջոցը։ Երաժշտասեր Պրահան նույնպես ճաշակեց նրա անմահ երաժշտությունը։ Դրա լավագույն արտահայտությունը ՙԽաչատրյան տրիոյի՚ ելույթն էր կոնսերվատորիայի մեծ դահլիճում, որ դարձավ Չեխիայի մայրաքաղաքի երաժշտական իրադարձություններից մեկը։ Լեփ-լեցուն դահլիճը գամված լսում էր եռյակի կատարումները եւ իր հարգանքի տուրքը մատուցում հայ մեծ կոմպոզիտորին, ում Պրահան ծափահարել է մի քանի անգամ, երբ նա տարբեր առիթներով եղել է Չեխիայում։ Դրա վկայությունն էր նաեւ մեծ կոմպոզիտորի ձեռամբ հայերենով գրված նամակը, որ կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանի հորն էր ուղղված, եւ համերգի ավարտին Հայաստանի դեսպանը հանձնեց Երեւանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Տրիոյի անդամ Արմինե Գրիգորյանին։

Ամիսներ անց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նրան հանձնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագիրը, որի համաձայն Արամ Խաչատրյանի ձեռագրերն ընդգրկվել են 1992 թվականից գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՙԱշխարհի հիշողություն՚ ցանկում։ Հայաստանի ներկայացրած ՙԱրամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը՚ հայտը ՅՈւՆԵՍԿՕ-ի ՙԱշխարհի հիշողություն՚ ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել էր դեռ 2013-ի հունիսին: Հայտը ներառում է 15 ձեռագիր նոտաներ, եւ մի քանի փաստաթուղթ, որոնք ներկայացրել է նրա որդին՝ Կարեն Խաչատրյանը։

Ամեն տարի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին Երեւանում անց է կացվում նրա անվան երաժշտական մրցույթ: 2013 թվականի մայիսին մրցույթը դարձավ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ:

ՕՐԵՐ-ի այս համարը նվիրելով Արամ Խաչատրյանին, նաեւ փորձ ենք անում նրա արվեստին անդրադառնալ մեր նոր սերնդի երաժիշտների հետ հարցազրույցներով, ովքեր բնականաբար առանց Խաչատրյանի չեն պատկերացնում իրենց նվագացանկն ու համերգային գործունեությունը։ Եվ դրանց շարքում անխոս մեծ դեր ունի Խաչատրյանի անվան տրիոն, որն ամբողջ աշխարհում հնչեցնում է հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ 10 տարի առաջ ՕՐԵՐ-ի հատուկ թողարկումը նվիրված էր Խաչատրյանի 100-ամյակին։ Մեկ տասնամյակ անց կրկին շարունակում ենք բացահայտել հայ հանճարին։

Հակոբ Ասատրյան


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Մեկնարկեց Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը
4. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
5. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
6. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին
7. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
8. Արամ Խաչատրյանի կահույքը նվիրաբերվեց կոմպոզիտորի տուն-թանգարանին
9. Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ
10. Թուրքերը հակազդում են, Զեմանը մնում է իր կարծիքին, չեխական մամուլը տարակուսում է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: