ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լուրջ քաղաքական տեղաշարժ. Հայաստանն իր հողերն է պահանջում Թուրքիայից

16 հուլիսի, 2013 | 21:15

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ. – 1991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի ղեկավարները դժկամ էին Հայոց ցեղասպանության ճանաչումից անդին այլ պահանջներ ներկայացնել Թուրքիային:

Հայ պաշտոնատարները միայն վերջին տարիներին են սկսել խոսել «ցեղասպանության հետևանքների վերացման մասին»՝ առանց նշելու «հետևանքները» և դրանց «վերացման» միջոցները:

Սակայն այս ամսվա սկզբին լուրջ տեղաշարժ հայտարարվեց Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի առնչությամբ, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իրավաբանների համահայկական միջազգային համաժողովում կոչ արեց վերադարձնել հայկական պատմական տարածքները: Սա առաջին անգամն է, որ պետական բարձրաստիճան մի պաշտոնյա հանդես է գալիս հրապարակային նման պահանջով Թուրքիայից:

Աղվան Հովսեփյանն իր ծավալուն և համապարփակ ելույթում հայտարարեց, որ տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «հուզական-բարոյական» հարց է: Գլխավոր դատախազը կոչ անելով անցում կատարել դեպի «իրավական դաշտ», նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու համար «ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիներն ու եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Գլխավոր դատախազ Հովսեփյանը պնդեց, որ եթե հայերը այս ավելի համարձակ մոտեցումը չորդեգրեն՝ ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասնի հաջորդ հարյուրամյակում, ինչպես որ չեն հասել վերջին հարյուր տարվա ընթացքում: Նա առաջարկեց վերանայել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորող բոլոր միջազգային պայմանագրերը՝ սկսած Բեռլինի 1878 թվականի Կոնգրեսից մինչև 2009 թվականի ստորագրված, բայց չվավերացված արձանագրությունները: Նա նաև Նախիջևանի շրջանը հայտարարեց «Հայաստանի անբաժանելի մաս, բայց բռնազավթված Ադրբեջանի կողմից»: Հովսեփյանը կոչ արեց աշխարհի չորս կողմից հավաքված հայ իրավաբաններին պատրաստել իրավական փաթեթ Ադրբեջանից և Թուրքիայից տարածքային պահանջների մասին և այն ներկայացնել Հայաստանի կառավարությանը՝ հետագայում Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար:

Սովորաբար, որևէ երկրի գլխավոր դատախազի հայտարարությունները մեծ կշիռ չեն ունենում միջազգային հարաբերություններում, եթե չլիներ այն հանգամանքը, որ մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, նույնպես ելույթներ ունեցան արդարության վերականգնման մասին իրավաբանների համաժողովում: Ակնհայտ էր, որ Գլխավոր դատախազը նշանակվել էր որպես Հայաստանի կառավարության խոսնակ՝ Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Թուրքիայի հանդեպ նրա ավելի կոշտ դիրքորոշումն արտահայտելու համար:

Նախագահ Սարգսյանն ավելի շրջահայաց լեզու օգտագործելով, քան թե Գլխավոր դատախազը, իրավաբանների համաժողովում ասաց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի Հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված այս մեծագույն հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից»:

Ըստ կառավարության նոր քաղաքականության ուղղվածության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստեղծվելու է հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության պահանջներին հետամուտ լինելու համար անհրաժեշտ իրավական թղթածրար պատրաստելու նպատակով:

Վերջում, համաժողովի մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, պնդելով, որ «հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը ոչ թե Ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումն է, այլ՝ հետևանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը»:

Սա ողջունելի իրադարձություն է Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև համախոհություն ստեղծելու առումով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միասնական նպատակներ իրագործելու համար:

Սակայն, զուտ հուզական ոգեշունչ հայտարարության շրջանակներից դուրս գալու համար Հայաստանի ղեկավարները պետք է ձեռնարկեն հետևյալ երկու անհապաղ քայլերը.

1.Հետ կանչել Հայաստանի կառարավարության ստորագրությունը անարդյունավետ հայ-թուրքական արձանագրություններից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին անիմաստ է առաջ շարժվել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ապարդյուն ջանքերով՝ միաժամանակ դատական հայցադիմում պատրաստելով փոխհատուցման համար:

2. Ստեղծել միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ՝ Թուրքիայի դեմ Միջազգային դատարանում և/կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատական գործի կազմակերպումը սկսելու համար:

Թեպետ թերահավատները կարող են լրջորեն չընդունել Հայաստանի իշխանությունների վերջին քաղաքական հայտարարությունները՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նման կասկածներ չունի: Նախորդ շաբաթ Անկարան դատապարտեց Հայաստանի տարածքային պահանջները՝ զայրացած հայտարարելով, որ «ոչ ոք չի համարձակվի տարածքներ պահանջել Թուրքիայից»:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

***

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
4. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
5. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
6. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
7. Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
8. Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
9. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
10. Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: