ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

05 սեպտեմբերի, 2017 | 09:39

Հանրահայտ վիրաբույժ եւ առողջապահության քաղաքականության մասնագետը միանում է հեղինակավոր հումանիտար առաջնորդների խմբին:

Սեպտեմբերի 5, 2017թ., Երեւան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հաստատում է Լորդ Արա Դարզիի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դառնալը: Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական, մարդու իրավունքների ոլորտը ներկայացնող  անհատներ, ինչպես նաեւ պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար  գործիչ Ջորջ Քլունին:

Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է: Նա նաեւ ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը եւ Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա նաեւ NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի եւ Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության եւ վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, իսկ 2007թ. դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը ողջունել է Լորդ Դարզիին. «Շատ ուրախ ենք, որ Լորդ Դարզին միանում է Ընտրող հանձնաժողովին: Նա ազնիվ եւ առանձնահատուկ մարդ է եւ մեծ ձեռքբերումների է հասել իր ողջ կյանքի ընթացքում բարին գործելով: Ընտրական գործընթացը եւ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժումը մեծապես կշահեն Լորդ Դարզիի փորձառությունից եւ գիտելիքներից: Նա լավ է հասկանում հանրային քաղաքականության արժեքը եւ իր ջանքերը ներդրել է հանուն համընդհանուր բարօրության»

 

«Շատ ոգեւորված եմ եւ խորապես զգացված: Ես անհամբերությամբ սպասում եմ այդ մեծ պատասխանատվությանն ու հնարավորությանը, որը կստանձնեմ որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ողջունելու ու գնահատելու խիզախ ու անձնվեր մարդասերների աշխատանքը: Անհամբերությամբ սպասում եմ 2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների՝ փոփոխություններ բերող հերոսների ոգեշնչող պատմություններին »,- ասել է Լորդ Դարզին:

 

Լորդ Դարզիի ընտանիքն անհաղորդ չէ անձնվեր հերոսներին: Նրա ընտանիքը Թուրքիայի հյուսիսարեւելյան Էրզրում քաղաքից է: Նրա նախնիները Հայոց ցեղասպանության նահատակներ են. միայն նրա նախատատն ու տատն են կարողացել փրկվել:  «Նրանք մի քանի շաբաթ բոբիկ քայլել են Էրզրումից հյուսիսային Իրաք եւ ի վերջո հասել Իրաքի Մոսուլ քաղաք՝ իմ հոր պապի ընկերոջ օգնությամբ,- պատմել է Լորդ Դարզին «Ավրորայի» 100 LIVES նախագծին, -հետեւաբար, «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի կարեւորությունն անձամբ եմ զգում: Սա հիանալի հնարավորություն է բարձրաձայնելու մարդկային բարության եւ մեծահոգության կարեւորության մասին»:

 

Լորդ Դարզին միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան եւ ռեժիսոր, հումանիտար ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին:

 

2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները շարունակվում են: Յուրաքանչյուրը կարող է առաջադրել թեկնածուի, որն իր կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը եւ բարեկեցությունը ռիսկի տակ է դրել՝ մարդկային կյանք պահպանելու եւ հումանիտար խնդիրներ առաջ մղելու հարցում բացառիկ ներդրում ունենալու համար: Ընտրական չափանիշների եւ գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: 2018թ. «Ավրորա» մրցանակի  առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին:

 

Հավակնորդների անունները կհրապարակվեն 2018թ. ապրիլի 24-ին Հայաստանում, երբ աշխարհը հիշատակում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը: «Ավրորա» մրցանակն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

 

1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը 2018թ. հունիսի 10-ին երրորդ անգամ կշնորհվի Հայաստանում: Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը կարող է տրամադրել այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում: Մրցանակի հանձնման արարողությունը կամփոփի հատուկ միջոցառումներով լի շաբաթը, որոնք տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

 


Առնչվող նյութեր
1. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
2. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
3. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
4. Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին
5. Քիմ Քարդաշյանը և Շերը գլխավորում են ամենաճանաչված հայ հայտնիների ցանկը. «Ավրորա»ի հետազոտության արդյունքները
6. Մեգին հանուն երեխաների. «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցությունը
7. Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
8. Բաց նամակ` Բան Կի-Մունին
9. 2017թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ից մայիսի 28-ը
10. «Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: