ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼՈՆԴՈՆ. Քանդակագործ Միքայել Օհանջանյանի փայլուն մասնակցությունը ,,Ֆրիզ,, Արվեստի տոնավաճառ-փառատոնին

22 նոյեմբերի, 2016 | 12:15

 

mikayel-4-_diario___diary_2016___photo_nicola_gnesi

ԼՈՆԴՈՆ.- ՕՐԵՐ-ն այս տարեսկզբին տեղեկացրել էր Միքայել Օհանջանյանի Միլանի համալսարանի տարածքում իրականացրած քանդակային ինստալացիաների մասին։ Լինելով Վենետիկի 2015 թվականի միջազգային Բիենալեի Գլխավոր ,,Ոսկե առյուծ,, մրցանակին արժանացած Հայկական տաղավարի մասնակիցներից մեկը, նա անցած մեկ տարում  իր գործերով եւ ցուցադրություններով ապացուցեց, որ իզուր չի կիսել իր գործընկերների հետ այդ մրցանակը։

Միլանի համալսարանում խոշոր ցուցադրությունը, Փարիզի Գրանդ Պալեում իտալական տաղավարի մաս կազմող նրա աշխատանքի հաջողությունը, Տոսկանիայում Հենռո քանդակի միջազգային մրցույթի ժյուրիի անդամությունը եւ այլ ցուցահանդեսների մասնակցությունը խոսում են Միքայել Օհանջանյան արվեստագետի Եվրոպայում աճող հեղինակության  եւ պրոֆեսիոնալիզմի մասին։

Այս տարվա հոկտեմբերին Լոնդոնում անցկացվող նշանավոր ,,Ֆրիզ,, արվեստի փառատոնին մասնակցությունը եւս մի կարեւոր քայլ էր հայ քանդակագործի միջազգային ճանաչման համար։  Լոնդոնյան այդ տոնավաճառ փառատոնը, համարվում է աշխարհի խոշորագույններից եւ հեղինակավորներից մեկը՝ Փարիզի ՖԻԱԿ-ի, Մադրիդի ԱՌԿՈ-ի, Նյու-Յորքի Արմորի շոուի, Արտ Բազելի եւ Արտ Քոլոնի(Քյոլն) հետ միասին։

Քանդակագործների համար հատկապես պատվավոր է մասնակցությունը Ֆրիզ փառատոնի շրջանակներում տեւական բացօթյա ցուցադրությանը, որը կազմակերպվում է Լոնդոնի ամենահայտնի զբոսայգիներից մեկում՝ ,,Ռեգենտ փարկ,,-ում։

Ինչպես միշտ այս անգամ էլ ժամանակակից ապրող եւ ստեղծագործող արվեստագետներից զատ, այնտեղ ցուցադրվում են արվեստի արդեն դասականների գործերը՝ Լինն Չադվիկ, Կլայես Օլդենբուրգ, Բարրի Ֆլանագան, Ժան Դյուբյուֆե, Էդուարդո Պաոլոցցի։

Նշենք նաեւ որ Միքայել Օհանջանյանից զատ այդ ցուցադրությանը մասնակցում է նաեւ ծագումով հայ, գերմանաբնակ իրանցի արվեստագետ Նաիրի Բաղրամյանը։

Միքայել Օհանջանյանի աշխատանքը, որն արժանացավ  մասնագետների եւ արվեստասերների բարձր գնահատականին եւ դրվատանքին, առանձնանում է կատարողական եւ նյութի մատուցման   պրոֆեսիոնալիզմով եւ յուրօրինակ արտիստիզմով։

Լինելով համահունչ անգլիական դասական այգու ռոմանտիկ բնապատկերին, այն լիովին ներդաշնակ է այդ տարածքին։ Մետաղյա սեղան- պատվանդի խիստ եւ համաչափ երկրաչափական մակերեսից կարծես ծաղկում են տարբեր չափերի մարմարե կերտվածքներ, որոնք իրենց հերթին բաժանված լինելով մասերի, ամուր շրջափակված են պողպատե լարերով։ Եվ ամենակարեւոր ինտրիգը՝ դա քարերի ճեղքերի ներսի հարթ մակերեսներին փորագրված անուններն են այն մարդկանց, որոնց երբեւէ հանդիպել է արվեստագետը, եւ որոնք հետք են թողել նրա կյանքում։

mikayel-2-_diario___diary_2016___photo_nicola_gnesiՍտեղծագործությունը կոչվում է  Diario (Հուշագիր) եւ կարծես իրենից ներկայացնում է մի ներքին թաքնագիր, որը մի խորհրդավոր գաղտնազրույցի է բռնված լոնդոնյան երկնքի, շրջապատի ծառերի,  անցորդների ու շուրջը խաղացող երեխաների հետ։

Այս աշխատանքը  ներկայացվել է Եվրոպայում հայտնի Galerie Tomabuoni Art Paris        պատկերասրահի կողմից, որն իր մասնաճյուղերն ունի նաեւ Ֆլորենցիայում, Միլանում եւ Լոնդոնում։ Աշխատանքը ընտրված է Յորքշիրյան քանդակների ազգային այգու գլխավոր համադրող եւ տնօրեն Քլեր Լիլեյի կողմից։

Ցուցադրությունը տեւելու է մինչեւ 2017 թվականի հունվարի 8-ը։

Լուսանկարների հեղինակ՝ Նիկոլա Նիյեզի։

Սեփ. Թղթ. Լոնդոն

ՕՐԵՐ

mikayel-3


Առնչվող նյութեր
1. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
2. Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի կյանքի դիպվածները. բացառիկ ցուցադրություն Երեւանի կենտրոնում
3. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
4. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
5. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
6. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
7. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
8. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
9. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը
10. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: