ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լիտվայի հայերը. Անցյալը, ներկան, ապագան

09 նոյեմբերի, 2015 | 18:49

Եվրոպահայեր . Մաս 2       Լիտվահայեր

Պայքար ինքնության համար

Հայերի հաստատումը Լիտվայում. Կառույցներ եւ կազմակերպություններ

Բալթիկայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյան

Բալթիկայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյան

Բալթյան հանրապետությունների հայկական համայնքների հետ ծանոթությունը սկսում ենք Լիտվայից։ Երբեմնի Ռեչ Պոսպոլիտայի կազմում գտնվող Լիտվան, որն իր անկախությունը հայտարարեց 1990-ի մարտի 11-ին՝ առաջինը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում,այսօր համարվում է Մերձբալթիկայի ամենազդեցիկ պետությունը՝ 2004-ից անդամակցելով նաեւ Եվրամիությանը։

Լիտվայում  հայերի պատմությունը սկսվում է 14-րդ դարից։ Այդ ժամանակ Լիտվայի Մեծ Դքսության սահմանները Ոսկե հորդայի հաշվին ընդլայվել էին դեպի հարավ, ընդգրկելով ժամանակակից Ուկրաինայի մեծ մասը, որտեղ արդեն հայեր կային հաստատված: Ըստ պատմական աղբյուրների հայերն իրենց ազգային ջոկատներով  սկսել են  ծառայել Լիտվայի մեծ Իշխանի բանակում, մասնակցել բոլոր հիմնական ճակատամարտերին, այդ թվում Գրյունվալդի հայտնի ճակատամարտին (լիտ. Ժալգիրիսին): Ի դեպ, այսօր էլ  այդ ճակատամարտին նվիրված տոնախմբություն է կազմակերպվում Լեհաստանում, որին մասնակցում է նաեւ լեհահայերից կազմված զորագունդը։ Հայերը լավ իմանալով արեւելյան լեզուները՝ դիվանագիտական ծառայություններ էին մատուցում Մեծ իշխանին, իսկ հետագայում Լեհալիտվական միացյալ պետությանը՝ ՙՌեչ Պոսպոլիտային՚: Նրա առեւտուրն արևելյան երկրների հետ, ինչպես նաև միացյալ լեհալիտվական պետության սահմաններում, երկար ժամանակ հիմնականում հայերն էին իրագործում: Մեզ հետ զրույցում Լիտվայի Ազգային համայնքների խորհրդի նախագահի տեղակալ Ռուսլան Հարությունյանը նշեց, որ ըստ լիտվական արխիվների, 17-րդ դարի սկզբին Վիլնյուսում գործել է նաեւ կաշեգործների արտադրամաս, որտեղ հայերը հիմնադիր անդամներ էին: Տեղեկություններ են հասել նաեւ Վիլնյուսի հայ  ոսկերիչների, դերձակների, կոշկակարների մասին: 19-րդ դարում և դեռ 20-ի սկզբում Վիլնյուսում բնակվել են նաեւ հայ կաթոլիկներ: Լեհալիտվական միացյալ պետությունում կամ Ռեչ Պոսպոլիտայում հայերն, ինչպես նաև հրեաները, թաթարները, կարաիմներն ու գնչուները համարվում էին ՙսեփական այլազգիներ՚:

 

Լիտվայի նոր հայերը

 

Ռուսլան Հարությունյան

Ռուսլան Հարությունյան

Նոր ժամանակներում հայկական համայնքը կազմավորվել է 20-րդ դարի 1950-ական թվականներից։  Որոշ հայ զինվորականներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացել են Լիտվայում։ Այստեղ են  հաստատվել նաեւ հայ  մասնագետներ ԽՍՀՄ  տարբեր քաղաքներից, որոնք ժամանել էին հատուկ աշխատանքային հրավերներով: Եթե 1959 թ-ին Լիտվայում եղել է ընդամենը 471 հայ, ապա 2003-ին այդ թիվը հասել է 2500-ի։ 2015-ին, ըստ մոտավոր տվյալների Լիտվայում բնակվում է 1300-1500 հայ, իսկ երկրի բնակչությունը հասնում է 3 միլիոնի, ինչպես Հայաստանում։  Ըստ Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի՝ հայերի թիվը հասնում է 2000-ի։ Ռուսլան Հարությունյանի կարծիքով, այդ թվերը միշտ տարբեր են եւ դժվար է ստույգ թիվ ասել։  ՙՄինչեւ 1988-ը կազմակերպված համայնք չկար, ապրիլի 24-ին հավաքվում էինք որեւէ ռեստորանում, որտեղ երաժշտություն չկար, եւ  հայերն իրար հետ այդպես էին ծանոթանում։  Հիմնականում աշխատում էին գործարարության ոլորտում։ 1989-ից  շփումը շատ մեծացավ՚,-հիշում է մեզ հետ զրույցում Ռ. Հարությունյանը։

Ըստ նրա 1988 թվականից գրանցվել է ՙԳարուն՚ հայ մշակութային միությունը՝ Օլեգ Իսաևի ղեկավարությամբ։ Օլեգ Իսաեւը եղել է նաեւ խորհրդային բոլոր հայկական ընկերությունների ասոցիացիայի նախագահը։ 1992 թվականին ստեղծվել է Լիտվա-Հայաստան ընկերությունը Ռուսլան Հարությունյանի կնոջ՝ բանաստեղծուհի, հայագետ Մարիետե Կոնտրեմայտեի ղեկավարությամբ։ 1994թ ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ՙՍուրբ Վարդան՚  համայնքը: 2014-ին նշվել է Լիտվայի հայ համայնքի 25 ամյակը՝ իբրեւ սկիզբ համարելով ՙԳարուն՚ի ստեղծումը:

1993-ի վերջից Ռուսլան Հարությունյանն ընտրվել է հայ մշակութային ՙԳարուն՚ միության  նախագահ: 1994 թ. գարնանը (Գարունը) վերափոխվել է Լիտվայի հայ համայնքի, որի նախագահ է եղել մինչև 2000թ-ի մայիսը: Նա նաեւ երկու ընտրաշրջան՝ 2000-2006թթ-ին նախագահել է Լիտվայի Ազգային համայնքների խորհրդում: 2012թ-ից  նա ԱՀԽ նախագահի տեղակալն է: Հարությունյանի ասելով՝ 25 անդամով Ազգային Համայնքների խորհուրդը՝ ՙԱՀԽ՚-ն ներկայացուցչական, խորհրդատվական մարմին է, որը կազմավորել է մշակույթի նախարարությունը։ Լատվիայի եւ Էստոնիայի նման այստեղ ՙԱզգային փոքրամասնությունների ասոցիացիա՚ չկա: ՙՆման կառույցներ կան քաղաքներում, բայց ոչ Լիտվայի մասշտաբով: Իմ կարծիքով, ճիշտ է, որ երկու կառույցն էլ լինեն՚- նշում է նա:  Լիտվայի Հայ համայնքների աշխատանքը միջին մակարդակում է գտնվում՝ ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։ Լատվիան եւ Էստոնիան չեն զիջում,-ասում է Ռ.Հարությունյանը։

 

Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյան

Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյան

Թեման շարունակում է Լիտվահայ համայնքի ներկա ղեկավար, Լիտվայի հայերի միության նախագահ գործարար Արայիկ Թունյանը, ով 1986 թվականի ապրիլի 1-ից է հաստատվել Վիլնյուսում։  Մեզ հետ զրույցում  նա այսպես է հիշում այդ տարիները. ՙՑանկություն ունեի գալ Լիտվա, քանի որ դեռ բանակում ծառայելիս տեսել էի, որ Լիտվան հետաքրքիր երկիր է։ Եկա, տեսա ու մնացի՚։ Թունյանն ավարտել է Հայաստանի պոլիտեխնիկական  ինստիտուտը եւ հեռակա ուսուցմամբ՝ ուկրաինական Խարկովի ավտոճանապարահային ինստիտուտը։ 22 տարեկանից աշխատել է՝  արտադրամասի վարպետից մինչեւ արտադրամասի վարիչ, այնուհետ անցել բիզնեսի ոլորտ։ ՙՀայրենիքի կարոտով էինք ապրում եւ ուզում էինք օգտակար լինել մեր հայրենակիցներին։ Մեզ միացնողը ցավոք երկրաշարժն էր։ Այն համախմբեց հայերին, մեծ կազմակերպվածություն ցուցաբերեցինք։ Հայկական հարցերով սկսեցի զբաղվել 1988-ի երկրաշարժից հետո, երբ Լիտվան օգնության ձեռք մեկնեց եւ ընդունեց Սպիտակի ու Կիրովականի, Գյումրիի դպրոցների երեխաներին։ Ես Լիտվայի հանգստյան տներից մեկում ավագ էի նշանակված եւ օգնում էի այդ աշխատանքներում։ 1988 թվականի դեկտեմբերի 15-ին ստեղծեցինք կոմիտե, հետո ավելի ուշ՝ 1989 թվին գրանցվեց  ՙԳարուն՚ մշակույթի կենտրոնը, որը որպես Լիտվայի հայկական համայնք գործում է մինչ այսօր։ Այն նաեւ հիմնադիրը դարձավ Լիտվայի հայերի միության, որի մեջ տարբեր քաղաքների ներկայացուցիչներ կան։ Ես վարչության մեջ էի։ 1993-ից համայնքի ղեկավարի տեղակալն էի, 2001-2002 թ-ին ընտրվեցի հայ համայնքի նախագահ, իսկ 2003-ին՝ Լիտվայի հայերի միության նախագահ։

Վիլնյուսի Սուրբ Վարդան եկեղեցին

Վիլնյուսի Սուրբ Վարդան եկեղեցին

2006-ին Վիլնյուսի միակ մատուռանման կառույցը վերանորոգել ու 2008-ին դարձրել ենք եկեղեցի՝/ հասցեն՝ Յոզապավիչուս 11/։  Այժմ էլ Բալթիկայում հայ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանի  նշանակումից հետո՝ ընդլայնելու, մեծացնելու նպատակներ ունենք՚։ Պատարագները լինում են երկու ամիսը մեկ անգամ, երբ Ռիգայից հոգեւոր հայրը գալիս է Վիլնյուս։ Նա Բալթյան երեք երկրների հոգեւոր հովիվն է եւ ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Տեր Խոսրովը նշում է .ՙՈւզում ենք մեծացնել մատուռը եւ կից 2015-ին կսկսենք կառուցել մի փոքրիկ գեղեցիկ եկեղեցի։ Լիտվայում մեծ համագումար պետք է գումարենք եւ նոր խորհուրդ պետք է ընտրենք։ Ծխական խորհրդի ատենապետը Արայիկ Թունյանն է։ Շատ նվիրյալ անձնավորություն է՚։

Անցած տարիներին համայնքում իրականացվել են մի շարք մշակութային ծրագրեր։ Արայիկ Թունյանի ասելով, ՙԱյս  փոքր համայնքի մեջ բոլորն էլ մասնակցում են եւ ամեն մեկի լուման էլ

Եկեղեցու ցուցանակը

Եկեղեցու ցուցանակը

զգացվում է։ Հայը իրեն հայ է զգում՚։

Անցած տարիներին նշվել է Արամ Խաչատրյանի 100-ամյակը, կազմակերպվել է Նարեկացու ՙՄատյան ողբերգության՚ լիտվերեն թարգմանության շնորհանդեսը, Հայ գրքի տպագրության 500 ամյակը,  2014-ին  լիտվերենով հրատարակվել է ՙՄուսա լեռան 40 օրը՚ գիրքը եւ կազմակերպվել է շնորհանդեսը։

Պահպանել են ավանդույթները՝ հայերը նշում են Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը։

 

Եթե դու ինքդ չես ուզում հայ մնալ, ապա ոչ մի կազմակերպություն քեզ հայ չի դարձնի

 

Արայիկ Թունյանը որդու հետ եկեղեցում

Արայիկ Թունյանը որդու հետ եկեղեցում

Ինչպիսի՞ն է այսօր Լիտվայի հայերի վիճակը հարցին Արայիկ Թունյանը պատասխանում է՝

ՙՏարբեր քաղաքներում գործող համայնքները կազմում են հայերի միությունը։ Մենք ունենք շատ ջերմ եւ գործնական հարաբերություններ, համագործակցում ենք հայապահպանության հարցերում։ Երկար տարիներ մեր ընկերները չեն փոխվել եւ մեկս մյուսին ճանաչում ենք։ Կազմակերպությունը բարի հարաբերությունների արդյունքում է ստեղծվել։ Համատեղ միջոցառումներ լինում են, բայց հազվադեպ։ Միության վարչության նիստեր անում ենք։ Քաղաքներում  կազմակերպում  ենք նաեւ հանդիպումներ։ Համայնքային կառույցները աշխատանք են  տանում, որ այն մարդիկ, որոնք ընդգրկված չեն համայնքներում, շփվեն հայության հետ։ Փորձեր լինում են, բայց արդյունքներն այնքան էլ մեծ չեն։ Մարդիկ ավելի շփվում են էլեկտրոնային դաշտում եւ այդպես մեծ կապեր ունեն։ Եթե դու ինքդ չես ուզում հայ լինել կամ մնալ, ապա ոչ մի կազմակերպություն քեզ հայ չի դարձնի՚։

2011 թվականից Բալթյան երեք երկրներում՝ Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, ում նստավայրը Վիլնյուսն է,  տալիս է համայնքի հետեւյալ գնահատականը. ՙԵրեք երկրներում էլ կան փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքներ։ Ոմանք արդեն 20 տարի գործունեություն են ծավալում, որպես գրանցված համայնքներ։ Օրինակ, վերջերս Կաունասի համայնքի 20-ամյակը նշեցինք։ Գերակշռող մեծամասնությամբ համայնքները կազմված են Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներից, նրանց մի մասը դեռ խորհրդային տարիներին է այստեղ եկել սովորելու եւ մնացել ու գործունեություն է ծավալել։ Նոր ալիքը  եկել է 1990- ականների վերջերին։

Մերձբալթյան հանրապետություններում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը

Մերձբալթյան հանրապետություններում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը

Յուրաքանչյուրը փորձում է իր առանձնահատկությունը պահպանել, իր խոսքը ունենալ համայնքային կյանքում։ Կա Լիտվահայերի միությունը, կան Վիլնյուսի, Կաունասի, Շյաուլյայի եւ Վիսագինասի միությունները։ Երեք տարիները փոխճանաչման, փոխգործունեության եւ ծրագրերի հստակեցման տարիներ էին։ Ուրախ եմ, որ կան նաեւ անհատներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Հայաստանը, որոնց շնորհիվ այդ երկրներում հայերի դրական կերպարներ են ստեղծվել՚։ ՙՇատ դժվար է ավանդական ու նոր համայնքները համեմատել,-շարունակում է Հայաստանի դեսպանը։ -Յուրաքանչյուր համայնք ունի իր զարգացման առանձնահատկությունները։  Տարբերությունը շատ է, բայց սխալ է կարծել, որ միայն ավանդական համայնքներից պետք է փորձ առնել։ Նույնիսկ այս փոքրաթիվ համայնքներում որոշակի փորձ ենք ունեցել, որը կարող է ուսանելի լինել փորձառություն ունեցող համայնքների համար։ Հայերը որտեղ էլ լինեն, պետք է կարողանան ցանց ստեղծել։ Համայնքներում ոչ միայն կառույցներով են ապրում, այլեւ այդ կառույցներից դուրս։ Հաջողակ մարդը հիմնականում ընդգրկված չէ համայնքային կյանքում։ Չէ՞ որ դա նաեւ զոհաբերություն է պահանջում՚։

 

Հայ-լիտվական հարաբերություններ. ինչո՞ւ նախկին ԽՍՀՄ-ից Լիտվան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը

 

դեսպան Արա Այվազյան

դեսպան Արա Այվազյան

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը  2011 թվականին է Վիլնյուսում բացել  Հայաստանի դեսպանությունը։ Մինչ այդ Բալթյան երկրների հետ երկկողմ հարաբերություններով զբաղվում էր Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը։

ՙԵրկար ճանապարհ ունենք անցնելու։ Բավականին ուշացել ենք, քանի որ այս երկրները ԵՄ շրջանակներում ունեն կարեւոր միջազգային դերակատարություն  ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարաբերություններում։ Շատ ճիշտ էր, որ դեսպանությունը բացվել է աշխարհագրորեն ոչ թե Լատվիայում, այլ Լիտվայում, որը բալթյան երկրներից ամենաակտիվն է ու ազդեցիկը,- ասում է ՀՀ դեսպանը։

Նրա պատմելով, հայերին ճանաչում են երկար ժամանակ։ ՙՄենք ունենք գործընկերներ ԵՄ-ից,  բայց Բալթյան երկրները յուրահատուկ են մեզ համար, քանի որ սովետական տարիներին ապրելով մեկ երկրի շրջանակներում, քաջածանոթ են մեր մտածելակերպին, մեր կենսակերպին, մեր մարտահրավերներին, մեր իրականությանը, այդ իմաստով մենք միմյանց

Լիտվայում Հայաստանի դեսպանատունը

Լիտվայում Հայաստանի դեսպանատունը

լավ ենք ճանաչում։  Երեք երկրներում էլ հայերը շատ ակտիվ մասնակցում են ազգային փոքրամասնությունների խորհուրդներում, նույնիսկ Լատվիայում մեր համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Խարաջանյանը ղեկավարում է ազգային փոքրամասնությունների խորհուրդը, նա ոչ միայն հայտնի երաժիշտ է եւ այլեւ միակ հայն է, որ պարգեւատրվել է Լատվիայի բարձրագույն շքանշանով,-ասում է դեսպանը։

Ինչ վերաբերում է պետության նկատմամբ վերաբերմունքին, դա կարծրացած չի մնում, աշխարհն է փոխվում, շահերն են փոխվում, մարտահրավերներն են փոխվում։ ՙԽորհրդային ժամանակաշրջանում ազգային ազատագրական եւ անկախության համար պայքարը միաժամանակ սկսվեց Բալթյան երկրներում, Հայաստանում եւ Ղարաբաղում,-շարունակում է դեսպանը։ – Բալթյան երեք երկրների ազգային ճակատների անունից 1989-ին գրված նամակ կա՝ ուղղված Գորբաչովին եւ ԽՍՀՄ գլխավոր դատախազին, որ ազատեն Ղարաբաղ կոմիտեի անդամներին։ Նամակի չորրորդ կետով կոչ էին անում կյանքի կոչել ԼՂ ինքնորոշման սահմանադրական իրավունքը։ Այսօր այստեղ որոշ քաղաքական ուժեր մոռանում են այդ մասին։ Այն ժամանակ Հայոց Համազգային Շարժումը եւ մերձբալթյան ժողովրդական շարժման ներկայացուցիչները սերտ կապերի մեջ էին, Լիտվան գլխավորում էր այդ շարժումը եւ փոխադարձ աջակցություն կար։  1990 թվականին Լիտվայի հեռուստաաշտարակի մոտ ողբերգություն եղավ եւ զոհվեցին մարդիկ։ Այն ժամանակ Հայաստանի խորհրդարանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվիրակություն ժամանի Վիլնյուս եւ կանխի արյունահեղությունը։ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պատվիրակության ինքնաթիռը Մինսկում պահեցին, ուշացումով հասան, բայց ամեն ինչ արեցին, որ բախումներ չլիենեն միտինգավորների եւ խորհրդային զորքերի միջեւ։ Լիտվայի ղեկավար Վիտաուստաս Լանդսբերգիսը ասել էր, որ լիտվացի ժողովուրդը դա երբեք չի մոռանա։ Արդյունքում 1991 թ օգոստոսի 14-ին Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը՚։

Առաջին միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Լիտվայի հետ։ Դա պատահականություն չէր։ Դա խորհրդանշական էր։ Ցավոք, 23 տարվա ընթացքում իրավիճակը փոխվեց։ Բալթյան երկրների անկախության եւ պետականության գաղափարը հիմնված է Սովետական Միության օկուպացիայից ազատվելու, արտաքսման,  ցեղասպանության կոնցեպտների վրա։ Պատահական չէ, որ ծայրահեղ ձեւով սրվել են Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները, եւ Բալթյան երկրները, հատկապես Լիտվան, որդեգրել է ամենակոշտ դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ։ Այստեղ Հարավային Կովկասի նկատմամբ մեծ ուշադրություն կա, հատկապես Վրաստանի նկատմամբ, Ղարաբաղին նախկինում հիվանդագին վերաբերմունք կար, իսկ հիմա ավելի հավասարակշռված է։

Երիտասարդ տնտեսագետ Ռենա Սարիբեկյանի կարծիքով.ՙԼիտվայում մտածում են, որ Հայաստանը փոքր երկիր է, անկախություն չունի եւ գեոպոլիտիկ ծանր վիճակում ենք գտնվում՚։

Արմեն Հայրապետյան

Արմեն Հայրապետյան

Հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն է նպատակաուղղված նաեւ Վիլնյուսում 2012-ի սեպտեմբերից  գործող Լիտվա-Հայաստան ֆորումը,որը ղեկավարում է իրավաբան, ծնունդով արցախցի Արմեն Հայրապետյանը։ 1988 թվականին նա տեղափոխվել է Լիտվա, ավարտել է իրավաբանական ֆակուլտետը։ Այժմ Լիտվայի հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի խորհրդականն է։ Վերջինիս ասելով իրենք կայքէջ  են ստեղծել՝ www.lt-am.lt, որտեղ տալիս են հայ-լիտվական հարաբերություններին նվիրված լրատվություն։ Հանդես են եկել դեկլարացիայով, որը ստորագրել են հայ եւ լիտովցի նշանավոր մարդիկ։ Ֆորումի կազմում ընդգրկվել է Լիտվայի ողջ էլիտան։ Ակտիվորեն համագործակցում են նաեւ Հայաստանի դեսպանության եւ Լիտվական Սեյմի Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ։  Դեսպանության հետ համատեղ կազմակերպել են ՙԵս սիրում եմ Հայաստանը՚ նկարչական մրցույթը, որին

Կրանտայ ամսագրի հատուկ համարը՝ նվիրված Հայաստանին

Կրանտայ ամսագրի հատուկ համարը՝ նվիրված Հայաստանին

մասնակցել են բազմաթիվ դպրոցականներ, նկարելով Հայաստանին նվիրված նկարներ։  5-14

տարեկան  2000 դպրոցականներ մեկ ամիս ուսումնասիրել են հայկական մշակույթը, 1600 նկար են նկարել եւ պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է լավագույնները։ Նույնիսկ հայերեն տառերով գրություններ են գրել։ Մրցույթի ավարտին դեսպանության հետ համատեղ հրատարակել են ալբոմ, ուր տեղ են գտել լավագույն աշխատանքները։ Այնուհետեւ մրցանակակիրներին հավաքել են մի նավի վրա եւ նրանց համար կարդացել դասախոսություններ Հայաստանի մասին։ Դեսպանության աջակցությամբ ՙԿրանտայ՚ մշակութային ամսագրի 2013 թվականի 4-րդ համարն  ամբողջությամբ նվիրվել է հայ մշակույթին ու պատմությանը։

2014-ին ստեղծվեց մի նոր կազմակերպություն, որը կոչվում է Բալթյան երկրների հայկական դաշինք եւ որի նպատակը լոբբիստական աշխատանքն է։ Այս դաշինքի կազմում ընդգրկված են երիտասարդ, պրոֆեսիոնալ, բանիմաց երիտասարդներ, որոնք նաեւ մեծ աջակցություն են ցուցաբերում դեսպանությանը։ Համակարգողներից են փաստաբան Արմեն Հայրապետյանը եւ կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը։

Բալթիկ երկրների ալյանսը նպատակ ունի զարգացնելու մեր պատմական ու մշակութային ժառանգությունը Լիտվայում եւ Բալթիկ մյուս երկրներում։ Սեմինարների միջոցով ցույց ենք  տալիս մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր լեզուն, մեր հին մայրաքաղաքի պատմությունը։ Սա է  ՙԲալթիկ Արմենիան ալայնս՚-ի պլատֆորմը, որին այժմ անդամակցում են 6 հոգի Լիտվայից եւ Էստոնիայից։

կինոռեժիսոր Մարատ Սարգսյան

կինոռեժիսոր Մարատ Սարգսյան

Բալթյան երկրների հայկական դաշինքի ղեկավարներից Մարատ Սարգսյանը ներկայացնում է Դաշինքի ստեղծման պատմությունը. ՙԴեսպանության բացումից հետո մի խումբ հայերով՝ Արմեն Հայրապետյանի, Ռենա Սարիբեկյանի  եւ  Տալլինից Գայանե Քալաշյանի հետ  դեսպանատան շուրջը հավաքվեցինք եւ 2014 թ հունիսին գրանցեցինք կազմակերպությունը՝ հայկական արվեստը պահելու եւ ներկայացնելու նպատակով։

Հայաստանի դեսպանի ասելով, 2013-ին Լիտվան նախագահում էր Եվրամիությունում եւ մի շարք մշակութային միջոցառումներ են անցկացրել. Փարաջանովի տուն-թանգարանի ցուցադրություն, 2013-ին նաեւ հայկական կինոշաբաթը՝ Լիտվայի կինոմատոգրաֆիստների ընկերության հետ, իսկ 2015-ին ՙՈսկե ծիրանն՚ էր Վիլնյուսում՝ ցեղասպանությանը նվիրված ֆիլմերով։ Ղարաբաղին նվիրված Վարդան Հովհաննիսյանի ֆիլմը ցուցադրվել է լիտվական հեռուստատեսությամբ։

 

Հայերը եւ լիտվացիները- Լիտվացիներն ինչպե՞ս են վերաբերում հայերին

Գործարար Արայիկ Թունյան. ՙՕտարներին ոչ այնքան լավ։ Ազգայնամոլացված հասարակություն է այստեղ։ Հայերի 70-80 տոկոսը ինտեգրված են, գործարար, բարի եւ հարեւանասեր մարդիկ են, եւ լիտվացիների հետ համատեղ ապրում են։ Ընդհարումներ չեն եղել, իհարկե, նկատի չունենք  կենցաղային վեճերը՚։

Կաունասից Ալեքսանդր Բոյաջյանն այն կարծիքին է, որ լիտվացիների հետ շփումը շատ հեշտ է։ Լիտվերեն խոսում են բոլոր հայերը։ Խառը ընտանիքներում քիչ են խոսում, բայց ձգտումը կա հայերեն խոսելու։

Նանսենյան խաղերի կազմակերպիչ՝ Պետրոսյան եղբայրները համբուրգաբնակ մարզիչ Սոս Հայրապետյանի հետ

Նանսենյան խաղերի կազմակերպիչ՝ Պետրոսյան եղբայրները համբուրգաբնակ մարզիչ Սոս Հայրապետյանի հետ

Հայ-լիտվական բարեկամության ձեռնարկ կարելի է համարել Նանսենյան ակումբի գործունեությունը։ Մականախաղի վաստակավոր մարզիչներ, երկվորյակ եղբայրներ Հրաչ ու Հրանտ Պետրոսյանները լիտվական Դաուգայ քաղաքում հիմնել են ՙՆանսենի ակումբ՚, որի հիմնական նպատակն է ՙՆանսենյան խաղեր՚ի կազմակերպումը։ Արդեն նման խաղեր են անցկացվել 2013-2014 թվականներին։ Խաղերի հիմնական նպատակն է տարբեր ազգերի մարզական մշակութային ծրագրերի միջոցով կապեր հաստատել հարեւան երկրների՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի, Լատվիայի եւ Էստոնիայի երիտասարդների միջեւ։ Նաեւ մի հողատարածք է գնվել, որը կոչվելու է Նանսենյան հանրապետություն, ուր կարող են այցի գալ երբեւէ Նանսենյան անձնագրեր ստացած մարդկանց ժառանգները եւ հուշաքարի մոտ ծաղիկներ դնել ։

Գյումրեցի Հրաչ Պետրոսյանը 2012 թվականից է բնակվում Լիտվայում։ Նա պատմում է. ՙՄենք միշտ երազել ենք վերադառնալ սպորտ, քանի որ Հայսատանում վիճակը ծանր էր, ստիպված էինք անցել բիզնեսի ոլորտ, որպեսզի ինքներս գումար աշխատենք եւ

՚Նանսենյան խաղերի՚՚ համերգի ավարտին

՚Նանսենյան խաղերի՚՚ համերգի ավարտին

ֆինանսավորենք։ Ուստի եղբորս հետ միասին նախաձեռնեցինք ՙՆանսենյան խաղերը՚ , որոնք սպորտի եւ մշակույթի միասնությունն են։ Ինչո՞ւ Նանսենյան, քանի որ Նանսենի տված անձնագրերը ցեղասպանությունից հետո փրկել են նաեւ շատ հայերի կյանքը։ Նանսենը ոչ թե գումար տվեց, այլ օգնեց, որ մարդիկ իրենց արդար քրտինքով կարողանան ապրել՚։

 

Հրանտ Պետրոսյանը, ով Նովոսիբիրսկում երկար տարիներ ապրելուց հետո, այժմ վերադարձել է Հայաստան, ասում է. ՙԳյումրիում մանկատան երեխաներից թիմ եմ հավաքել եւ սկսել ենք պարապմունքները։ Քանի որ նացիոնալիստներն ու պոպուլիստներն իրենց ազգերին ոտքի են հանել, մենք որոշեցինք Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի աղջիկների թիմերի միջեւ մրցույթ անցկացնել եւ երեք օր տոնի վերածեցինք այս խաղերը։  Թեեւ հայկական թիմ չմասնակցեց, սակայն Կաունասի հայերի խումբը երգեց եւ պարեց։ Հանդես եկան լիտվացի երաժիշտներ։ Նպատակ ունենք, որ հետագայում տարբեր ազգերի թիմեր միասին ելույթներ ունենան՚։ 2015-ի հուլիսին կկազմակերպվեն երրորդ Նանսենյան միջազգային խաղերը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ  զոհերի հիշատակին:

 

Լիտվան ճանաչել է Հայոց  ցեղասպանությունը

Լիտվայի Սեյմ-ը 2005թ դեկտեմբերի 15-ին ընդունեց բանաձև Հայկական Ցեղասպանության մասին։ Բանաձեւում գրված է՝

ՙԼիտվական Հանրապետության Սեյմը,

Նշելով Հայ ժողովրդի ցեղասպանության  90ամյակը, Դատապարտելով  Օսմանյան Թուրքիայում 1915թ Հայ ժողովրդի ցեղասպանությունը,

Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել այդ պատմական փաստը՚:

Ռուսլան Հարությունյան

Ռուսլան Հարությունյան

Թե Ռուսլան Հարությունյանը եւ թե Արայիկ Թունյանը հավաստեցին, որ Ճանաչումը կատարվել է համայնքի եւ խորհրդարանի համատեղ նպատակասլաց լոբբինգի արդյունքում, որն ուներ իր քարոզչական եւ գործնական մասերը։ Այժմ Ռուսլան Հարությունյանը՝ աղջկա Վեգայի հետ ուսումնասիրում է 1894-ից լիտվական թերթերում հայերի կոտորածների մասին հոդվածները:

ՙԵս դեռ բոլորը չեմ կարդացել, բայց ընդհանուր բնորոշիչն այն է, որ  հայերի վիճակը համեմատվում է լիտվացիների վիճակի հետ, և կա ձգտում հայ գործիչների օրինակով դաստիարակել լիտվական գործիչներին, երիտասարդությանը: Այս թեման էլ լուրջ է և ուսումնասիրությունը չի ավարտվել՚,- ասում է Հարությունյանը:

 

Դեսպան Արա Այվազյան

Դեսպան Արա Այվազյան

Ադրբեջանաթուրքական լոբբին եւ հայերը

Դեսպան Արա Այվազյանի կարծիքով,  ադրբեջանաթուրքական լոբբին Լիտվայում շատ գրագետ էր աշխատում։ ՙԱնկախության շրջան մենք շատ լավ ժառանգությամբ էինք մտել եւ մի տեսակ հանգստացած էինք։ Պահ եղավ, երբ  ադրբեջանցիները հասկացան, որ այս երկրներն իրենց համար պատվար են դեպի Եվրոպա, եւ նրանց միջոցով իրենք կարող են տրամադրություններ ձեւավորել Եվրամիության շրջանակներում։ Բալթյան երկրները համադրում են ՆԱՏՕ-ի եւ Արեւելյան երկրների կապերը, ՙԱրեւելյան գործընկերությունը՚ առաջնահերթությունների շարքում է։ Ադրբեջանը լավ օգտագործեց այս պահը՝ շրջանառության մեջ դրեցին այն միտքը, որ ինչպես լիտվացիներն են ժամանակին օկուպացվել,  այնպես էլ ՙիրենց հողը՚՝ Ղարաբաղն է օկուպացիայի ենթարկվել Ռուսաստանի արբանյակ պետության կողմից։ Իրենք էլ  են ՙենթարկվել ցեղասպանության՚ եւ այսպես կոչված Խոջալուի դեպքերն էին մեջբերում։  Մեր դեսպանության բացելու ժամանակ  խորհրդարանի 141 անդամից 73-ը պատրաստ էին կողմ քվեարկել այդ բանաձեւին։ Լիտվան կարող էր դառնալ առաջին պետությունը, որ նման բանաձեւ կընդուներ, բայց մենք կարողացանք կանխել։  Այս տարիները շատ հետաքրքիր շրջան էր եւ լավ դպրոց էր մեզ համար։ Մեզ հաջողվեց իրավիճակը կտրուկ փոխել եւ ավելի ընկալելի դարձնել մեր քաղաքականությունը։

Մեր ուժերը խիստ սակավ են, բացի դեսպանից եւս երկու  դիվանագետ են աշխատում դեսպանությունում՝ երեք երկրների համար։ Յուրաքանչյուր երկրում պետք է մեր մասին անպայման հիշեցնենք, որովհետեւ շատ արագ է մոռացվում նախկինում կատարված աշխատանքը։ Այսօր միջպետական հարաբերությունները պայմանավորում են տնտեսական հարաբերություններով։ Ադրբեջանցիները տնտեսական շահերը փոխում են քաղաքականի՚։

 

Լիտվահայերի միության նախագահ Արայիկ Թունյանի կարծիքով, մի քանի տարի առաջ

Արայիկ Թունյան

Արայիկ Թունյան

քաղաքական ասպարեզում ամեն ինչ ավելի հանդարտ էր։ Երկու երկրների դեսպանությունների բացումից հետո այդ շարժումն ավելի ակտիվացավ, ինչը սպասելի էր։ Ադրբեջանցիների ֆինանսական վիճակը հայերից բարձր է, լավ ֆինանսավորում են։ ՙՄենք կարողանում ենք ինչ-որ ձեւով հակադրվել, մեր հին կապերն ենք օգտագործում։ Բայց թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն Լիտվայի բուհերում ուսանող ագրեսիվ երիտասարդություն՚,- ասում է նա։

Վիլնյուսաբնակ արձակագիր Վահագն Գրիգորյանի կարծիքով մինչեւ վերջերս լիտվացիները շատ լավ գիտեին մեր խնդիրները, հասկանում էին մեզ, 2005-ին էլ, ինչպես հայտնի է, Լիտվայի սեյմը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց երբ ադրբեջանական փողերը մտան Լիտվա, երևան եկան  հակահայ տրամադրություններ, Հայաստան-Ռուսաստան կապն սկսեց օգտագործվել հակահայ քարոզչությունը սրելու համար։ ՙԱռանձին

Արձակագիր Վահագն Գրիգորյան

Արձակագիր Վահագն Գրիգորյան

հոդվածներում նույնիսկ ցեղասպանության ճանաչման բանաձևը հետ կանչելու հարց է բարձրացվել, -ասում է նա։ -Մի քանի լիտվական կայքէջեր ուղղակի ծախված են, դարձել են ադրբեջանա-թուրքական շահերի խոսափող։ Մեծ դժվարությամբ, խմբագրին մի քանի անգամ նամակ գրելուց հետո ինձ հաջողվեց հասնել նրան, որ իմ պատասխան հոդվածն ի վերջո տպագրվի: Բայց ահա վերջին երկու տարում չորս հոդվածներիցս ոչ մեկը չարժանացավ լույս աշխարհ գալու բախտին։ Իսկ ինչպիսի հարձակումների թիրախ դարձավ Սեյմում ստեղծված Լեռնային Ղարաբաղ-Լիտվա բարեկամական խումբը եւ նրա ղեկավար Դալյա Կոդիտեն՚:

 

Կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը շարունակում է թեման. ՙԼիտվայի խորհրդարանի Արցախյան խումբը կազմավորելիս սեյմում  ցուցադրեցինք Բաքու, Մարաղա, Սումգայիթ ֆիլմերը, մեծ սկանդալ բարձրացավ։ Մենք արդեն շատ լուրջ հակառակորդ ունենք։ Ժամանակի մեծ մասը ծախսում ենք հակաադրբեջանական լոբբիզմի վրա։ Դեսպանության բացվելուց հետո արդեն հարձակվողների դերում ենք։ Ադրբեջանցիները մարդկանցով ուժեղ

Մարատ Սարգսյան

Մարատ Սարգսյան

չեն, նրանք ուժեղ են փողով եւ ցանկացած թեմա իրենց համար ճիշտ ձեւի մեջ են ներկայացնում։ Ասենք հայերը ռուսների հետ են, ուրեմն լիտվացիների դեմ են։ Լիտվացիների հետ հակահայկական ֆիլմ էին նկարահանել, որի վրա 1 միլիոն դոլար են ծախսել, բայց գեղարվեստական որեւէ արժեք չունի։ Մոնտաժողներից մեկը նույնիսկ հրաժարվել էր աշխատել։ Այդպես  իրենց նավթային գումարներով կաշառում են բոլորին՚։

 

Կաունասի հայ համայնք

Ալեքսանդր Բոյաջյան

Ալեքսանդր Բոյաջյան

Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը 33 տարի առաջ է եկել Լիտվա, ամուսնացել է լիտվուհու հետ։  Ծնվել է Հայաստանում, ապրել է Թիֆլիսում, այնտեղ էլ ավարտել է դպրոցն ու համալսարանը։ Նա տեխնիկական գիտությունների դոկտոր է։ Նոր տեխնոլոգիաներով է զբաղվում, մետաղների մշակմամբ եւ այլն։

2014-ին մեծ հանդիսավորությամբ նշել են համայնքի 20-ամյակը,որը կրել է համալիտվական բնույթ եւ որին մասնակցել են բոլոր քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչները։  ՙՄեր ուժերով հրատարակել ենք  ՙՀայ-լիտվերեն զրուցարան՚, օրացույց։ 2006-ին ստեղծել ենք ՙՀայրենիք՚ երգի-պարի խումբը, որը 90-100 համերգ է տվել Լիտվայում, Լատվիայում։ Խմբի անդամներից շատերն առաջին անգամ եղան Հայաստանում եւ մասնակցեցին ՙԻմ Հայաստան՚ փառատոնին, -պատմում է Ալեքսանդր Բոյաջյանը։ – Մենք շատ ակտիվ ենք, եթե հրավիրում են մեզ, ուրեմն այդ պահանջը կա,պարի խմբի միջոցով լիտովցիներին ծանոթացնում ենք մեր մշակույթին, երգ ու պարին։ Շատ են մասնակցում Լիտվայի տարբեր մասերում անցկացվող ֆոլկլորային փառատոնների։ Խմբի կազմում են նաեւ լիտվուհիներ, որոնք  հայերեն երգում են եւ պարում։ Տեղացիներն էլ տեսնում են, թե մենք ինչպես ենք ինտեգրվել, ինչպիսի մշակույթ ունենք, որ նույնիսկ իրենց ազգակիցները մեր անսամբլում են։ Շատ հարգում եւ սիրում են մեզ՚։

Կաունասի ՙՀայրենիք՚ խումբը

Կաունասի ՙՀայրենիք՚ խումբը

Իսկ Գյումրիի երկրաշարժից հետո Կաունասում հաստատված, երաժիշտ, ապա  ծրագրավորող,  ՙՀայրենիք՚ խմբի երաժշտական ղեկավար Արմեն Սարգսյանը նշում է. ՙՀայկական ժողովրդական երգ ու պար, նաեւ ժամանակակից համարներ ունենք, որպեսզի նաեւ ընդունելի լինի ոչ հայ ունկնդրի համար։ Թե երեխաները, թե երիտասարդները  շատ մեծ ոգեւորությամբ են պարում։ Մեր ելույթներից հետո մեծանում է աջակցությունը՚։

Կաունասում արդեն 16 տարի գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։ ՙԱմեն կիրակի տարբեր տարիքային խմբերի 20 երեխա է հաճախում դպրոց։ Նույնիսկ մեծահասակներ են գալիս, որ չմոռանան լեզուն եւ իրենց երեխաներին սովորցնեն՚-պատմում է Բոյաջյանը։

Կաունասում ապրում է 150  հայ։  Կան թե լիովին հայկական, թե խառը ընտանիքներ։ Կաունասի հայերի մեծ մասը հայերեն խոսում է։ ՙՄեր քաղաքում 95 տոկոսը լիտվացիներ են։ Մեզ ՙոսկու՚ պես պահում են։ Տարբեր մասնագիտությունների տեր հայեր կան, ոմանք ունեն խանութներ, հյուրանոց կամ սրճարան։

ՙՄեր առաջին նախագահը՝ Վալերի Ջիլավյանը նկարիչ էր։  Իսկ Սվետլանա Պողոսյանը դրվագում  է, պատրաստում  է դրվագադրոշմ՝ չեկանկա, եւ հաճախ նրա ցուցահանդեսներն ենք կազմակերպում։ Այդ ավանդույթը լիտվացիների մոտ չկար եւ դա նորություն էր այստեղ։

ՙԲոլորը ակտիվ չեն, բայց 60-ից ավելի ակտիվիստ ունենք։ 2015-ին նշեցինք  ցեղասպանության 100-ամյակը։ Քանի որ հայկական եկեղեցի չունենք, ապրիլի 24-ին կաթոլիկ եկեղեցիներում պատարագ ենք պատվիրում, որի ընթացքում հիշում են Եղեռնի տարելիցը՚,- ասում է Բոյաջյանը։

 

Կլայպեդայի հայ համայնքը-ՎԱՆ

Կլայպեդայի ՎԱՆ համայնքի ղեկավար Մանվել Գալստյանը 1987 թ-ին, ավարտելով

Կլայպեդայի հայ համայնքի ղեկավար Մանվել Գալստյանը

Կլայպեդայի հայ համայնքի ղեկավար Մանվել Գալստյանը

Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, էստոնական Տալլինում աշխատելու ուղեգիր է ստացել։ Շուտով նրան նշանակում են իրենց ընկերության  Կլայպեդայի/Լիտվա/ մասնաճյուղի ղեկավար ու այդպես հաստատվում է Լիտվայում։ Դեռ Տալլինում  ամուսնացել է  լիտվուհու հետ։

Ահա թե ինչ է պատմում նա տեղի հայ համայնքի մասին. ՙԿլայպեդայի հայ համայնքը գրանցվել է  2003-ին, մոտ 200 անդամ ունի։ 50 ընտանիք է ապրում, երիտասարդների թիվը 50 է։  Շատերն են մեկնել արտասահման  աշխատելու կամ սովորելու, հիմնականում՝ Անգլիա, Գերմանիա, Դանիա։ Երիտասարդները կապը պահում են եւ չեն հրաժարվում հայ լինելուց։ Ակտիվությունը տարբեր է։ Շատ են խառը ամուսնությունները։ Մի քանի ընտանիքներում նույնիսկ լիտովցիները խոսում են հայերեն։ Հայերը Կլայպեդայում հարմարվել են։  Այստեղ մթնոլորտը  տարբեր է, տարբեր ազգեր կան, եւ լիտվերենի խիստ հսկողություն չկա։ Ռուսերեն եթե հարցնես՝ պատասխան կստանաս։ Նաեւ մեծահասակ հայեր կան, որ լիտվերեն լավ չգիտեն։

Մեր քաղաքի հայտնի հայերից են դաշնակահար Նարա Ստեփանյանը, ով հաճախ է հանդես գալիս ոչ միայն մեզ մոտ, այլեւ Հայաստանում։ Նրա ընտանիքը 4 տարի է, ինչ Երեւանից տեղափոխվել է։ Նաեւ  ֆուտբոլիստներ ունենք, որ Կլայպեդայի ֆուտբոլի թիմում են խաղում։ Երաժիշտներ, որ նվագում են Լիտվայի տարբեր նվագախմբերում։ Բժիշկներ ունենք, օրինակ Ալբերտ Ալբերտյանն իր սեփական կլինիկան բացեց, համասեփականատեր է։ Հայերի մեծ մասն ունեն ռեստորանային բիզնես, շինարարներ էլ  կան։ Ինքս դիզայնով եմ զբաղված, աշխատում ենք նաեւ եվրոպական այլ երկրների հետ։ Երեխաներս տանը լիտվերեն են խոսում, իսկ ինձ հետ՝ հայերեն։ Այժմ նրանք Հոլանդիայում են սովորում։ Նրանք ովքեր մնում են այստեղ,  մասնակցում են մեր միջոցառումներին։

Կիրակնօրյա հայկական դպրոցում սովորում են 7-9 տարեկան 12 երեխա։ Պարի ու  թատերական խմբեր ունենք, իսկ ներկայացումների սցենարները երիտասարդներն են գրում։

Կլայպեդայի հայերը նաեւ մասնակցում են Ազգային փոքրամասնությունների միջոցառումներին, հայկական տոներին, նշում ենք Վարդավառը։ Ցուցահանդեսներ ենք կազմակերպում, հայ կոմպոզիտորների ստեղծագործական երեկոներ՝ հրավիրելով օտարներին։ 2015- ապրիլի 18-ին Կլայպեդայի կենտրոնում խաչքար ենք դրել՝ նվիրված Եղեռնի 100-րդ տարելիցին։

Ծանր հիվանդությունից հետո, 2016ի մայիս 23-ին Մանվել Գալստյանը վախճանվեց։

Վիսագինասի հայ համայնք

Վիսագինասի հայ համայնքի ղեկավար Բարդուխ Ամիրյանը

Վիսագինասի հայ համայնքի ղեկավար Բարդուխ Ամիրյանը

Վիսագինասի հայ համայնքի ղեկավար Բարդուխ Ամիրյանը 1972 թվականին Երեւանից տեղափոխվել է Լիտվա։ 1995-ից հաստատվել է Վիսագինասում

/նախկինում՝ Սլեչկուս /։  ՙՍրճարան ունեի, իսկ անկախությունից հետո՝ խանութ ու բար։ Երբ Լիտվայում տնտեսական վիճակը վատացավ, իմ արտադրությունն էլ փակվեց։ Նախկինում  կյանքը շատ լավ էր այստեղ։ Հիմա, երբ ատոմակայանը, փակվեց մարդկանց կյանքը դժվարացավ։ 5000 մարդ էր աշխատում  ատոմակայանում։ Այժմ՝ 28 հազարից 16 հազար մարդ է մնացել, երիտասարդությունը գնում է Եվրոպա կամ մայրաքաղաք, քանի որ աշխատանքի խնդիր կա։ Վերջին տարիներին եւս երկու հայկական ընտանիք մեկնեց, մնացինք 28 հոգի։  Նախկինում հայ համայնքի նախագահն էր Արտյոմ Ամամջյանը, ակտիվ աշխատանք էր տանում  Գայանեն Առաքելյանի հետ միասին։ Նրանց երիտասարդները քանի դեռ այստեղ էին,  համերգներ էին կազմակերպում, շատ լավ էր անցնում։

Հայերը տարբեր մասնագիտություններ ունեն՝ կահույքի ֆաբրիկայում գլխավոր էներգետիկ ունենք, գործարարներ կան, տաքսիստներ, մի մասն էլ թոշակի են անցել։ Լիտվայի հայերի միության նախագահ պարոն Թունյանի շնորհիվ մեզ լավ ենք զգում։ Նրա միջոցով մասնակցում ենք համալիտվական միջոցառումներին՚,-ասում է Բարդուխ Ամիրյանը։

Նա իր ապագան տեսնում է Հայաստանում։ ՙՈրքան տարիքս առաջ է գնում, ուզում եմ մնացյալ կյանքս Հայաստանում անցկացնել՚,- ասում է նա։ -2014-ին աղջիկներիս տարել էի Հայաստան, հիացած վերադարձանք։ Նրանցից մեկը  լիտովցի ամուսնու հետ  Իտալիայում են ապրում։ Շատ հավանեցին Երեւանը, շատ փոփոխություններ տեսանք, ջերմություն, եւ սիրտս կանչեց, որ վերադառնամ Հայաստան։  Երկարատեւ դադարից հետո էր, զարմացանք փոփոխություններից։  Ես միայն Հայաստան կգնամ, ուրիշ ոչ մի տեղ։ Ոչ մի տեղ Հայաստանի համն ու հոտը չկա՚-ասում է Ամիրյանը։

 

Շյաուլյայի հայ համայնք

 

Շյաուլյայի հայկական համայնյքի ղեկավար Ռաֆիկ Ղազարյան

Շյաուլյայի հայկական համայնյքի ղեկավար Ռաֆիկ Ղազարյան

Շյաուլյայի մարզի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Ղազարյանը նշում է, որ իրենց քաղաքում մոտ 30 հայ  ընտանիք է ապրում։ 2001 թվականից կազմավորվել է համայնք, որն ակտիվորեն աշխատում է նաեւ հայկական հարցի շուրջ։ Քաղաքային ղեկավարությունը հայերին համարում է ամենակազմակերպված ազգային փոքրամասնությունը եւ տարբեր հարցերում համագործակցում է նրանց հետ։ Քաղաքային գրադարանում 2012 թվականին  բացել են հայկական գրքերի ընթերցարան, որն ապահովել են հայ գրականությամբ։ 2001 թվականին Խաչերի բարձունքում Բալթյան երկրների հայկական համայնքների կողմից կանգնեցվել է Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված խաչքար, դեպի ուր ամեն տարի  մայիսի 26-ին ուխտագնացություն  է կատարվում։ Իսկ 2015 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով  փայտե մեծ խաչ դրվեց՝ ի հիշատակ

նահատակված հայերի։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Լիտվայի կաթոլիկ եկեղեցու կարդինալը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական պատվիրակը։

Շյաուլյայի հայկական խաչքարը

Շյաուլյայի հայկական խաչքարը

 

Երիտասարդները եւ նրանց ապագան. Ռենա Սարիբեկյանի ՙհեղաշրջումը՚

Ինչպիսի՞ն է լիտվահայ նոր սերունդը, ինչպիսի՞ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունի։ Մեր զրույցների արդյունքում հասկացանք, որ ունենք կրթված, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդություն։ Միայն թե հիմնական խնդիրը նրանց մեկ կառույցի մեջ հավաքելն է։

Դեսպան Արա Այվազյան. ՙԱյստեղ առաջին սերունդն է մեծանում։ Պետք է շնորհակալություն հայտնել, որ կազմակերպվեցին։ Պրոֆեսիոնալ երիտասարդներ ունենք տարբեր ոլորտներում՝ սկսած միջազգային հարաբերություններից, իրավաբանությունից, տնտեսագիտությունից մինչեւ արվեստներ։ Դեսպանության հիմնական կազմը նաեւ երիտասարդների հետ է աշխատում եւ իրենց հետ միասին լուծում ենք խնդիրներ, որոնք այլ կերպ չենք կարող լուծել։

Ռենա Սարիբեկյան

Ռենա Սարիբեկյան

Օրինակ, երիտասարդ Ռենա Սարիբեկյանը,  ով փայլուն ավարտել է տնտեսագիտական համալսարանը եւ աշխատում է հեղինակավոր ընկերությունում, ցանկություն հայտնեց, որ Հայաստանի տնտեսական շահերը առաջ տանենք եւ 2014-ի հունիսից նշանակվեց Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչը Լիտվայում,  կազմակերպեց բիզնես ֆորում, մեր գործարարները մասնակցեցին, մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին։

Ռենա Սարիբեկյանը աշխատում է Միջազգային տնտեսական համալսարանում, ավարտել է բիզնեսի ֆակուլտետը՝ միջազգային մարկետինգի գծով, Բեռլինում պաշտպանել է միջազգային հարաբերությունների գծով ատենախոսություն։ Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչն է Լիտվայում 2014-ից եւ Հայտեխ  ԲՕԴ գրուպ միջազգային ընկերության աշխատակից։ Նաեւ  գլոբալ էկոնոմիկայի գծով դասախոսում է նույն համալսարանում։ Նրա ասելով, հայեր կան նաեւ այլ գլոբալ ընկերություններում, որոնք գալիս են Հայաստանից, աշխատում են մի քանի տարի ու ետ վերադառնում։

Ռենայի ընտանիքը Վիլնյուս է տեղափոխվել 1991-ին, հայրը սեփական բիզնես բացեց եւ սկսեց արտադրական նշանակության ներկերի արտադրությունը։ Ունի եղբայր, որ նույնպես սովորում է Վիլնյուսի տնտեսական համալսարանում եւ հորն է աջակցում։

Ռենան պատմում է.ՙՀայաստանի հետ աշխատող որեւէ կազմակերպություն չկար Լիտվայում։  Նախքան այդ ընկերությունում աշխատելը, ես աշխատում էի Լիտվայի արդյունաբերողների ընկերությունում, որը մեծ լոբբիստական կազմակերպություն է, որին անդամակցում է 2200 ընկերություն։ Մենք աշխատեցինք լիտվական արտահանման  տարբեր նախագծերի վրա, այդ թվում Մալայզիայի համար նախատեսված նախագծի վրա։ Ես հասկացա որ նման նախագծեր կարող եմ իրականացնել նաեւ իմ երկրի՝ Հայաստանի համար։ Նման որոշման պատճառը հայրենասիրությունը չէր միայն, այլեւ տրամաբանությունը։ Դեսպան Արա Այվազյանի հետ հանդիպումը դրական արդյունք ունեցավ։ Մեկ շաբաթով գնացի Հայաստան եւ հանդիպումներ ունեցա տարբեր բնագավառների տնտեսական   ղեկավարների հետ, որից հետո Վիլնյուսում իրականացրեցինք հայ-լիտվական բիզնես ֆորում։ Լիտվական տնտեսության 100 տոկոսը կապված է արտահանման հետ, եւ այն երկրների, որոնք կապված են այս նոր գեոպոլիտիկ փոփոխությունների հետ։ Քիմիական տեքստիլի եւ մթերքների բնագավառներում հնարավոր է համագործակցել։ Այսօր մեր նպատակն է զարգացնել հայ-լիտվական բիզնես խորհուրդը՝ արդյունաբերողների կոնֆեդերացիայի հովանու ներքո։ Դա կօգնի մեր երկրին։ Լիտվան դարպաս է Հայաստանի համար դեպի Եվրոպա։

Ռենա Սարիբեկյան

Ռենա Սարիբեկյան

ՙ20 տարի ապրում եք այստեղ, այդ ընթացքում որքանո՞վ է հաջողվել պահպանել հայկական ավանդույթները եւ ինքնությունը, եւ ինչքանո՞վ եք ինտեգրված լիտվական հասարակության մեջ՚ հարցիս Ռենան պատասխանում է.

ՙԻհարկե, անհնար է չուծացվել այստեղ, քանի որ լիտվական իրականությունը տարբերվում է արեւմտաեվրոպականից, դեռեւս իշխում է հետսովետական մենթալիտետը՝ մտածելակերպը։ Ես շնորհակալություն պետք է հայտնեմ իմ ծնողներին, որ կարողացել եմ պահպանել ընտանիքի, ընկերության մասին պատկերացումները։ Այստեղ տարբեր երկրներից ընկերներս հասկանում են, որ մենք տարբերվում ենք իրենցից, քանի որ ավելի ազատ ենք շփման մեջ, ավելի ընկերական ենք, ավելի ջերմ։ Մեր ընկերություն անելու եւ ընտանեկան հարաբերությունները լրիվ տարբերվում են իրենցից։ Եվ դա գալիս է մեր պատմական ժառանգությունից եւ կարեւոր է դա պահպանել նաեւ այսօր։ Մարդիկ դուրս են եկել Հայաստանից եւ դրսում փնտրում են բոլոր հնարավորություններն ինքնակայացման համար։ Մենք կրկին մնում ենք գլոբալ ազգ, քանի որ ամենուր ենք, ու թեեւ 10 միլիոն ենք Հայաստանում եւ սփյուռքում միասին, սակայն բոլորս միանման ենք մտածում ընտանիքի եւ ընկերության ավանդույթներում, մեր մշակույթի պահպանության հարցերում։

Չեմ կարծում, որ հայ մարդը պարտադիր ինչ- որ համայնքի մեջ պետք է լինի, որ կարողանա պահպանել իր ինքնությունը։ Դա նախ կապված է իր մենթալիտետի հետ։ Եթե այդպես լիներ, հայերը իբրեւ գլոբալ ազգ չէին մնա։ Ամեն մարդ պետք է նախ ինքը պահպանի իր ինքնությունը, հասկանա, ով է ինքը եւ ինչ է ուզում։ Բիզնեսի մեջ է, թե տնտեսության, նա պետք է հասկանա, որ իր փոխարեն ոչ ոք չի պահի իր ինքնությունը, որեւէ  համայնք։

Հայկական համայնքը շատ կարեւոր է, բայց նրա համար չի, որ մարդիկ գան ու հասկական, թե ինչպես պետք է իրենք իրենց հայությունը պահպանեն,այլ ամեն մի հայ արդեն պետք է ունենա իր պատկերացումը հայապահպանության մասին եւ այդժամ պետք է հավաքվեն եւ քննարկեն, թե ինչպես այդ ինքնությունը համատեղ պահպանեն։ Մարդիկ ոչ թե պետք է հավաքվեն եւ նոր ներկայացնեն, այլ պետք է իրենց հասունացած մտքի մեջ հասկանան, թե հայությունն ինչ է։ Շատերը չեն հասկանում, թե Հայաստանն ու հայությունն ինչ են։

Պետք է հասկանան, որ հայությունը միայն խորովածի մեջ չի, գինիների մեջ չի, դա էլ իհարկե պետք է, բայց հայությունը նախեւառաջ մեր մտածողության մեջ է։ Հայերը լավ ճանաչված են բիզնես աշխարհում։ Մենք ունենք աշխարհահռչակ բիզնեսմեններ, իսկ հայության 80 տոկոսը այդ հայերի մասին չգիտի։ Մենք պետք է պատմենք մեր հաջողված պատմությունների մասին, մեր սփյուռքի մասին, թե ովքեր են մեր գրողները, մեր արվեստագետները, մեր գործարարները։ Մենք այսօր նայում ենք Հայաստանին իբրեւ զբոսավայր, հարուստ խանութներ ու ռեստորաններ ունեցող երկիր, բայց դա չէ Հայաստանը։ Հայաստանը մեր պատմական ժառանգությունն է, որ  պետք է պահպանենք ու ներկայացնենք այսօր։

ՙԱշխատում ենք մեր երիտասարդներին ինտեգրել  լիտվական, լատվիական եւ էստոնական մշակույթների մեջ։ Այժմ շատ զբաղված ենք նոր նախագծերով, հուսանք, որ ապագայում ավելի ակտիվ կլինենք՚,- ասում է Ռենան։

Լիտվահայերի միության նախագահ Արայիկ Թունյանի կարծիքով. ՙՆոր սերունդը բնատուր զարգացած, կրթված, գեղեցիկ բարձունքի վրա է։ Իրենք պետք է հասունանան եւ կազմակերպվեն։ Եթե դրական արդյունք տեսնեն, կգա ժամանակ, երբ իրենք բոլորը կընդգրկվեն համայնքային կառույցներում։ Հիմա  ներքուստ զգում են եւ գալիս են եկեղեցի։ Հարկադրանքը միշտ հակառակ ազդեցությունն է ունենում՚։

Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը դստեր՝ Էմմայի հետ

Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը դստեր՝ Էմմայի հետ

Կաունասի հայ համայնքի ղեկավար  Ալեքսանդր Բոյաջյանի կարծիքով. ՙԵրիտասարդները շատ ընդունակ են, շատերը համալսարաններ են ավարտել՝ ամենատարբեր մասնագիտությունների գծով։ Իմ աղջիկը երաժշտական ակադեմիան է ավարտել, մյուս երկու աղջիկներս՝ համալսարանի օտար լեզուների բաժինը։ Երիտասարդների մեծ մասը բարձրագույն կրթություն ունեն։ Նրանք նաեւ հայերեն են խոսում, ռուսերեն՚։

Կաունասցի երիտասարդ Էմմա Բոյաջյանը ծնվել է եւ մեծացել Լիտվայում, երաժշտական ակադեմիան է ավարտել։ ՙԼիտվացիները շատ լավ են մեզ վերաբերում, մեծ հետաքրքրությամբ, հարգանքով, հատկապես  երիտասարդ սերունդը, ոչ մի խտրականություն չկա մեր նկատմամբ։

Հայկական համայնքում կան բոլոր պայմանները, որպեսզի քո ինքնությունը պահես, իսկ լեզուն չի դառնում հիմնական շփման միջոց, քանի որ ամեն մեկի հայերենը տարբեր մակարդակի է։ Լիտվերեն ենք միայն խոսում եւ նաեւ ռուսերեն՚։

Մեր այն հարցին, թե ինչպես են պատկերացնում իրենց ապագան, մտահոգ ասում է . ՙԴա շատ դժվար հարց է, մենք էլ արդեն ընտանիքներ ենք ստեղծում։ Նաեւ կդժվարանա մեր պարախմբի գործը, քանի որ եթե երեխաներ ծնվեն, շատերը կթողնեն անսամբլը։ Մենք կուզենք, որ մեր երեխաներն էլ մեր գործը շարունակեն՚։

Իսկ իրավաբան Արմեն Հայրապետյանի կարծիքով՝ՙԵրիտասարդներին դժվար է հավաքել։ Նրանք հիմնականում շփվում են սոցիալական ցանցերում՚։

ՙԱմեն դեպքում ո՞րն է լիտվահայ համայնքի պոտենցիալը, արդյո՞ք երիտասարդությունը կարող է հայկական արժեքների եւ ինքնության պահպանման կրողը լինել՚ հարցիս կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը պատասխանում է. ՙԱյս հարցը բարդ է, ուզում եմ լավատես լինել, բայց չեմ կարողանում։ Մի քանի անգամ փորձել ենք երիտասարդական կազմակերպություն ստեղծել, բայց չի ստացվել։ Իմ կարծիքով ելքերից մեկն այն է,  որ ստեղծողը պետք է միայն դրանով զբաղվի կամ էլ  պետք է այնքան հայրենասեր լինի, որ իր ողջ ժամանակը տրամադրի այդ գործին։ Պետք է մի մարդուց կախված չլինի։ Այդ երկու պատճառներով ես չէի կարողանում իմ ամբողջ ժամանակը տրամադրել եւ միայն դրանով զբաղվել։ Մենք Դաշինքը ստեղծեցինք, որ փոխարինի այդ հին մտքերին։ Մի քանի անձեր կան, իսկ  ընդհանուր ֆոնը դատարկ է։  Ուրիշ ոչ մի ազգ այսքան հայտնի մարդ չունի, որքան մենք։ Ուղղակի մերոնք  խմբակային գործ չեն ուզում անել։ Ամենակազմակերպվածը Կլայպեդայի համայնքն է, որի անդամները համախմբված են։՚։

 

Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյան

Արձակագիր Վահագն Գրիգորյանը պատասխանելով մեր հարցին, թե  ի՞նչ պետք է անենք, որ երիտասարդությանը շաղկապենք հայկական խնդիրների, Հայաստանի հետ, քանզի միայն Ապրիլի 24-ին ցույց անելով եւ որեւէ միջոցառում կազմակերպելով, հնարավոր չէ նրանց պահանջները բավարարել, ասում է. ՙՍերնդափոխության խնդիրը բարդ է:  Մանուկ հասակում երեխաները ծնողների հետ գալիս են կիրակնօրյա դպրոց, երգում, խաղում, այբուբենը սովորում, մի քիչ էլ կարդալ ու գրել, բայց գալիս է պատանեկությունը, և սկսվում է հակառակ ընթացք՝ օտարացման, երիտասարդ տարիքում՝ ավելի խորանալով: Պատճառն ավելի քան պարզ է: Հայաստանից դուրս ծնված կամ մեծացած երեխան, դուրս գալով ընտանիքից, կյանք մտնելով, հայտնվում է մի իրականության մեջ, որտեղ ուրիշ լեզու է, այլ են սովորությունները, հարաբերությունները, որտեղ որևէ բանի հասնելու համար հայկականությունն ամենևին էլ պարտադիր չէ, պետք չէ: Եվ ամեն ինչ մնում է ներքին պահանջին: Իսկ այդ պահանջը թույլ է, քանզի նրա անցյալում, ի տարբերություն ծնողների, տատ ու պապի անցյալի, չկա հոգևոր ու  իրեղեն Հայաստան, չկա  կարոտ: Անսալով ծնողների պահանջին կամ խնդրանքին, նա կարող է ներկա գտնվել ասենք Սուրբ Զատիկի առիթով հավաքին, բայց մնալ անտարբեր կամ ներողամիտ ժպիտով նայել ծնողների, նրանց ծանոթ-բարեկամների իրեն խորթ խանդավառությունը: Սա ես ասում եմ դրսում ծնված ու մեծացած առաջին սերնդի մասին, երկրորդի ու երրորդի մասին ավելի լավ է լռեմ: Բացառություններ, իհարկե, լինում են, երբ մարդ անկախ համայնքի գործունեությունից, ընտանեկան դաստիարակությունից, նույնիսկ ի հեճուկս ամեն ինչի ոչ միայն հայ է մնում, այլև դառնում հայկական ինքնության երդվյալ ջատագով: Բայց դա արդեն անհատական կերտվածքի, չծրագրվող հանգամանքների բերումով:

 

Լեզու եւ դպրոց

Վիլնյուսի հայկական դպրոցը

Վիլնյուսի հայկական դպրոցը

Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը պատմում է, որ Վիլնյուսի հայկական շաբաթօրյա դպրոցը բացվել է 2001-ին։ ՙԱշխատում ենք, որ մեր երեխաները կարողանան հայերեն սովորել։ Հայերեն խոսում են ընտանքիներում, բայց երեխաները օգտագործում են տեղի լեզուն կամ ռուսերենը։ Հայերեն հասկանում են, բայց զգացվում է, որ հայաստանյան լեզուն չեն օգտագործում։ Ցավոք, խառը ընտանիքներում այդ լեզվի խնդիրը ավելի է զգացվում։ Տղաս՝  Հայկը հայերեն է սովորում կիրակնօրյա դպրոցում։ Երեխային ուղարկում ենք Հայաստան, որ հայերեն խոսի, այնտեղ հետը ռուսերեն են խոսում։

Մի սերունդ արդեն անցել է, հաջորդ սերունդն է եկել։ Խնդիրներ կան, ուսուցիչների պակաս,

Դասի ժամին

Դասի ժամին

գալիս է ֆինանսական կարողություններից։ Մեր մեղքն էլ կա դրա մեջ, քանի որ  մենք միշտ փորձում ենք հայկական միջոցառումների ժամանակ օտար լեզվով խոսել։ Մենք պետք է ձեռնարկները հայերեն անցկացնեք եւ զուգահեռ թարգմանիչ ապահովենք։ Դա լեզուն պաշտպանելու ձեւերից մեկն է։ Ես դեմ եմ մեկ երկու հյուրի համար ամբողջ միջոցառումը լիտվերեն անցկացնելուն։ Լեզվի հարցն իրոք խնդիր է։ Նույնիսկ հայկական ընտանիքում կարող է լիտվերեն խոսեն։ Բայց ինչ կարող ենք պահանջել լիտվահայերից,  եթե հայկական հեռուստատեսության հաղորդավարներն են կիսատ-պռատ հայերեն խոսում՚։

Վիլնյուսաբնակ գեղանկարիչ Արմեն Բաբայանը պատմում է, որ իր երեխաներին  սովորեցրել են հայերեն խոսել տանը։ Այժմ նրանք ցանկություն ունեն ուսումը շարունակելու Անգլիայում։ ՙԼիտվայում շատ քիչ հայ կա, որ գրագետ է հայերեն խոսում՚,- ասում է նա։

Վիլնյուսի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Դարիկո Խաչատրյանը 1989 թվականին է

Դարիկո Խաչատրյան

Դարիկո Խաչատրյան

տեղափոխվել Լիտվա, օդաչու  ամուսնու հետ։ Երեք երեխաներն էլ արդեն Լիտվայից դուրս են ապրում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում։ Բոլորն այստեղ են սովորել, բայց բոլորն էլ իրենց երեխաների հետ հայերեն են խոսում։ Լավ հասկանում են,  ձգտում ունեն։ Նրա ասելով Լիտվայում շատ են խառը ամուսնությունները։

Վիլնյուսի լեհական թեքումով  դպրոցի շենքում մի դասարան են տրամադրել։ Երբ մտում ենք դասարան, ամենուր աչք են շոյում հայկական քարտեզները, հայ գրողների դիմանակարներն ու հայկական պատկերները, եռագույն դրոշը։

ՙ2001-ին շատ աշակերտներ էին հաճախում դպրոց՝  տարիքային տարբեր խմբերում 32 երեխա կար, հիմա նրանք շատ չեն։ Բացի հայերենից, նաեւ պատմություն ենք դասավանդում, երգ- երաժշտություն,  նկարչություն եւ կերամիկա։ Կան  նաեւ մեծահասակներ, որ ուզում են հայերեն սովորել։ Տարեց Կլավդիան, որին ժամանակին հայ ընտանիք է որդեգրել եւ պահել, փորձում  է հայերեն սովորել։ Զրուցում եմ փոքրիկների հետ։

Անին անկեղծանում է մեզ հետ՝ ՙԽոսում եմ հայերեն, քանի որ հայ ե՚։ Լեւոնը տառերը սովորում է, որ  խոսել ու գրել  իմանա։ Սահակը համարում է, որ իբրեւ հայ պետք է լավ իմանա իր լեզուն։  ՙՏառերը փորձում ենք խաղերի միջոցով սովորեցնել, որպեսզի չձանձրանան, նաեւ վարվեցողության կանոններն ու շփման ձեւերն ենք սովորեցնում՚,- ասում է  ուսուցչուհին։

Իրավաբան Արմեն Հայրապետյանը նշում է.ՙՄենք փորձում ենք տանը երեխաների հետ

Դասարանի պատը ձեւավորված է այսպես

Դասարանի պատը ձեւավորված է այսպես

հայերեն խոսել,բայց իրենք հաճախում են լիտվական դպրոց, եւ իրար հետ լիտվերեն են խոսում։ Հայկական շաբաթօրյա դպրոց նույնպես հաճախում են, բայց այնտեղ էլ մակարդակները տարբեր են, մեկը լավ է խոսում, մյուսը՝ նոր է սովորում՚։

Կլայպեդայի հայ համանքի ղեկավար Մանվել Գալստյանը հետաքրքիր նկատառում հայտնեց. ՙԱկտիվությունը գալիս է ընտանիքի դաստիարակությունից։ Կան եւ ակտիվ երիտասարդներ եւ նրանք, ովքեր դեպքից դեպք են գալիս համայնք։ Կան ընտանիքներ, որ հայ ծնողներն իրար հետ հայերեն են խոսում, բայց չգիտես ինչու երեխաների հետ ռուսերեն են խոսում։  Անհասկանալի բան է, այն էլ Կլայպեդայում՚։

Գործարար Երվանդ Ժամհարյանի որդին ծնվել է Վիլնյուսում, նախ հաճախել է ռուսական մանկապարտեզ, դպրոց, անգլերեն դասընթացների, իսկ հիմա սովորում է Լիտվայի Մենեջմենթի միջազգային դպրոցում՝ լիտվերեն։  ՙՏանը հայերեն ենք  խոսում։ Կարդում է, իսկ գրելը դժվարությամբ է տրվում՚,-ասում է հայրը։

Բժիշկ Կարապետ Բաբայանն ասում է, որ իր երեխաները չորս լեզվով են խոսում՝ հայերեն, լիտվերեն, անգլերեն, ռուսերեն։

Արձակագիր Վահագն Գրիգորյանը սեփական փորձառությամբ է կիսվում՝ ՙԻմ ընտանիքում Հայաստանում երեխայի հետ լիտվերեն էինք պարապում, իսկ այստեղից Հայաստան գնալիս՝ հայերեն էր պարապում։ Իսկ այսօր շատ հաճախ ծնողներն են ծուլանում, որ երեխաներին դպրոց բերեն՚։

Դիզայներ Սերժ Գյանջումյանն անկեղծանում է. ՙԻմ երկու երեխաները այստեղ են ծնվել, իսկ առաջին ամուսնությունից տղաս 25 տարեկան է, Երեւանում է ապրում։ Հայկական ինքնությունը շատ դժվար է պահել, հրեական դպրոց են գնում, քանի որ կինս հրեա է։ Մայրս էլ հրեա է։ Եբրայերեն խոսում են, հայերեն ավելի դժվարությամբ։ Երեխաները գիտեն լիտվերեն, ռուսերեն, հայերեն եւ անգլերեն՚։

Մեր հանդիպումները փաստում են, որ ծնողները պետք է խթանեն հայերենի պահպանմանը, այլապես երեխաները լեզուն ընդմիշտ կմոռանան։

 

Լիտվահայ գործիչներ

 

Լիտվայում գտնվելու օրերին հանդիպեցինք հայ համայնքի բազմաթիվ գործիչների։  Այստեղ ունենք ե՛ւ հայտնի օպերային երգչուհի, ե՛ւ գրող ու կինոռեժիսոր, ե՛ւ դիզայներ ու նկարիչներ։

Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանը ներկայացնում է  Վիսագինասում գործող ժամանակակից կերպարվեստի իր ցուցասրահը, որտեղ կազմակերպում են հայ եւ օտար նկարիչների ցուցադրություններ։

 

Վիսագինասի հայկական ցուցասրահը

Վիսագինասի հայկական ցուցասրահը

Թեեւ Թունյանի հիմնական աշխատանքը կապված է տնտեսական գործունեության հետ Վիլնյուսում եւ Վիսագինասում, ուր գործում են նաեւ նրա հյուրանոցն ու ռեստորանը, բայց նաեւ փորձում է աջակցել նկարիչներին։ ՙԵս  ձգտում եմ արվեստին մոտ լինել։ Իմ շրջապատում միշտ եղել են նկարիչներ, գրողներ։ Գեղանկարիչ Տիգրան Յուխանյանի հետ 17 տարի է ընկերություն ենք անում։ ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն առաջարկեց հայկական գույները տեղափոխել Լիտվա, եւ մենք անմիջապես համաձայնեցինք։ 54 նկարիչի 84 աշխատանք տեղափոխվեց Լիտվա եւ ցուցադրվեց մեր օգնությամբ եւ ՙՓյունիկ՚ հիմնադրամի աջակցությամբ։ Լիտվան ներկայացրեցինք օտար նկարիչների աչքերով։ 33 նկարիչ էին եկել Վիսագինաս։ Արվեստի բոլոր դպրոցները մասնակցեցին։ Մեծ կազմակերպչական աշխատանք տարան Տիգրան Յուխանյանը, Սերգո Երիցյանը։ Այդ ցուցասրահում պատրաստ ենք ներկայացնել տարբեր երկրների հայ նկարիչների 300 կտավ։ Կան նաեւ ռուս, լիտվացի, լատվիացի, բելառուս, վրացի նկարիչներ։ Գալերիային կից բացվելու է նաեւ Վիլնյուսի գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ։ Հույս ունենք, որ երկու տարին մեկ անգամ կանցկացվեն նման հավաքներ,,։ Իսկ 2015-ի ապրիլի 24-ին Տիգրան Յուխանյանն ու հայաստանցի նկարիչ Գագիկ Ավետիսյանը Վիլնյուսի կենտրոնական հրապարակում մի նախագիծ իրականացրին՝ նկարելով այնետղ տեղադրված պաստառների վրա։

Տիգրան Յուխանյան եւ Ա՚րայիկ Թունյան

Տիգրան Յուխանյան եւ Ա՚րայիկ Թունյան

Տիգրան Յուխանյան. Մտածողության եւ արժեքների փոփոխություն

 

Գեղանկարիչ եւ քանդակագործ Տիգրան Յուխանյանը 1994 թվականից ապրում է Լիտվայում։ Կյանքի պայմանները ստիպեցին, որ տեղափոխվի Լիտվա։ Վերջին հինգ տարում ապրել է նաեւ Հայաստանում։ Ցուցադրվել է Մոսկվայում եւ Վիլնյուսում, Նկարիչների միության ցուցասրահում, անհատական գալերիաներում։ Վերջերս Հայաստանում քանդակել է եզդիների եւ հայերի բարեկամության հուշարձանը։

ՙԵրբ եկա Լիտվա, նկարում էի հայկական մտածողությամբ։ Դա իրենց համար նորություն էր։ Եվրոպական ամեն պետություն ու ազգ ունի իր մտածողությունը, ու նրանց այլ հարցում չես կարող համոզել։ Պրոֆեսիոնալ արվեստագետը պետք է ձեւափոխվի ըստ այդ տարածքում ապրող մարդկանց որակի։ Դու կարող ես չազդվել նրանց կերպարվեստից, բայց այդ շրջապատի մտածողությունը պետք է ընդունես եւ քո շրջապատի նկարիչներից ավելի տաղանդավոր  լինես, եւ նրանցից ավելի ցածր գնով վաճառես քո գործերը, որ կարողանաս գոյատեւել, մրցակցությանը դիմանալ՚,- ասում է մեզ հետ զրույցում Տիգրան Յուխանյանը։

ՙՆկարչի ստեղծագործությունն այն որակի պետք է լինի, որ տանը միշտ կախված լինի, դա ոչ

Գեղանկարիչ եւ քանդակագործ Տիգրան Յուխանյան

Գեղանկարիչ եւ քանդակագործ Տիգրան Յուխանյան

մեքենա է, ոչ կահույք, որ փոխեն։ Մարդիկ նկարի հետ ապրում են ու ժառանգում են։ Կերպարվեստը միակ բանն է, որ ստեղծված ժամանակից չի հնանում ու չի փչանում։ Լիտվացիները դա իմանալով, ընտրում են լավագույններին։ Այստեղ արդեն ազգ գոյություն չունի։ Քո անհատական ձեռքի հզորությամբ հաղթում ես։ Գալերիայի տնօրենը հիմնականում վերցնում է այն, ինչը ինքը հավանում է եւ կարող է վաճառել։ Ուստի, դու ձգտում ես ավելի ու ավելի որակյալ աշխատանք տալ։Կարելի է ասել, որ 2010 թվականից որպես արվեստագետ ես չեմ գործում։ Այս տարիներին 7-8 աշխատանք եմ նկարել։ Սովորաբար տարեկան մոտ 12-ն եմ նկարում,- ասում է նա։

Տիգրան Յուխանյանը ապրելով Լիտվայում, ի՞նչ փոփոխություն է կրել, հարցիս պատասխանում է՝ ՙԻհարկե, ես փոխվել եմ, այնպես եմ փոխվել, որ այլեւս չեմ կարող ապրել Հայաստանում։ Իմ մտածողության, էության եւ արժեքների, ամեն ինչի փոփոխություն եմ ապրել։ Միեւնույն ժամանակ այստեղ իմ ձուլումը դժվար կլինի՚։ Նրա ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ նաեւ www. yukhanyan.com կայքէջում։

 

Արմեն Բաբայան. Փակ նամակներ մորս

Գեղանկարիչ Արմեն Բաբայան

Գեղանկարիչ Արմեն Բաբայան

Գեղանկարիչ Արմեն Բաբայանը, ում աշխատանքները ցուցադրված են Վիլնյուսի կենտրոնական մասում գտնվող ցուցասրահներից մեկում, Լիտվայում հաստատվել է 1994-1995 թվականի ամանորի գիշերը՝ գնացքով Մոսկվայից գալով Վիլնյուս։   Այդ օրվանից ընտանիքով Լիտվայում են։ ՙՕտարության մեջ շատ ծանր օրեր եմ անցկացրել եւ միայն նկարչության միջոցով եմ կարողացել պահել ընտանիքս՚,- հիշում է Արմեն Բաբայանը եւ պատմում. ՙԴեռ 1989 թվականին, երբ պարետային ժամ էր Երեւանում, ինստիտուտից մեզ ուղարկեցին   Լիտվա, ուր կերամիկայի արվեստը, դեկորատիվ գրաֆիկան ինձ շատ էր գրավում։ Ես կերամիկայի բաժնում էի սովորում, միաժամանակ նաեւ կերպարվեստն էր ինձ գրավում, քանի որ Երեւանի Թերլեմեզյանի ուսումնարանի կերպարվեստի բաժնում էի սովորել։ Մեկ տարի աշխատեցինք, հետո վերադարձանք եւ դիպլոմային պաշտպանեցինք։ Ես ուզում էի նաեւ Վիլնյուսում սովորել, բայց ընդունելության քննություններն արդեն ավարտվել էին։ Առաջին անհատական ցուցահանդեսը 1994-ին Հենրիկ Իգիթյանի կենտրոնում բացեցի։ Ամերիկահայերը շատ աջակցեցին ինձ, հատկապես՝  Մաթեւոս Մանվելյանը՚։

ՙՁեզ համար հեշտ էր մտնել լիտվական արվեստի աշխարհ՚ հարցիս պատասխանում է. ՙԻնձ լավ ընդունեցին։ Ժամանակին ծանոթ էի լիտվացի նկարիչների, ովքեր ճանաչված նկարիչների ընտանիքներից էին։ Հաճախ էինք հանդիպում։ Այժմ ոչ մի լիտվացի նկարչի չեմ ճանաչում, եւ ոչ էլ ուզում եմ ճանաչել, նույն վերաբերմունքն էլ իրենց կողմից եմ զգում։ Թեեւ իմ արվեստանոցում նստած անգիր գիտեմ, թե միջազգային ասպարեզում ինչ զարգացումներ կան։ Նույնիսկ գիտեմ, թե որ երկրում ով է կրկնօրինակում իմ նկարները եւ տարածում։ Ես լիտվացիների հետ շատ  չեմ շփվում, նկարներս տալիս եմ գալերիային եւ այդպես վաճառվում են՚։

ՙԵվրոպական նկարչական դպրոցը ձեզ վրա ազդե՞լ է, նմանություններ կա՞ն՚ հարցին Արմեն Բաբայանը պատասխանում է.ՙԵս եմ ազդում, ոչ թե իրենք։ Որոշները պատճենում են ինձ։ Ես փոքր գումարներով աշխատանք չեմ վաճառել, իսկ լիտվացին կամ այլազգին հենց այնպես գումար  չի տա։ Նրանք հասկանում են, թե ինչ արժեք ունի արվեստը։ Ես չեմ նկարում, որ պարտադիր վաճառվի։ Կարող է տասնյակ նկարներ պատրաստ լինեն, բայց չվաճառվեն։ Ես զգացել եմ, որ համադրություն կա, համընկնություններ։ Երկար տարիներ աշխատել եմ հեռանալ բոլորից։ Փորձել եմ ներկան այնպես օգտագործել, որ ոչ մեկին չհիշեցնի։ Երբ տարիները անցնում են, մեղքդ մեծանում է։ Վարպետությանդ աճի հետ մեկտեղ՝ մեղավոր ես զգում որոշ բաներում։ Երբ վարպետությունը երեւում է, արվեստը տուժում է՚։

Արմեն Բաբայան.Փակ նամակներ մորս

Արմեն Բաբայան.Փակ նամակներ մորս

 

Այնուհետեւ քայլում ենք պատկերասրահի դահլիճներով եւ կանգ եմ առնում մի մեծ կտավի վրա, որի վրա փակ ծրար է նկարված։ Հայացքս որսալով, Արմենն ինքն է միանգամից ՙբացում ծրարը՚.  ՙԵս նկար ՙսարքել՚ չգիտեմ։ Մայրս մահացավ եւ շատ բան նրան չհասցրեցի պատմել։  Այժմ նկարում եմ ՙՆամակներ մորս՚։ Ինչ չհասցրեցի մորս ասել, գրում եմ այս նամակների մեջ՝ փակում ծրարները եւ ուղարկում վերեւ՝ մորս։ Գրականությունը ժամանակ է պահանջում, իսկ նկարչության համար ժամանակ չկա, դիտողը պետք է հաճույք ստանա նայելուց՚։ Նկարչի աշխատանքներին կարող եք ծանոթանալ www.armenbabayan.lt կայքէջում։

 

Լիտվայի ամենահայտնի հայ բժիշկը՝ Կարեն Բաբայան.

Բժիշկ Կարեն Բաբայանը տիկնոջ հետ

Բժիշկ Կարեն Բաբայանը տիկնոջ հետ

Երբ սիրում ես երկիրը, երկիրն էլ քեզ է սիրում

 

Հայտնի վիրաբույժ-ուռուցքաբան Կարապետ/Կարեն/ Բաբայանը  Մերձբալթյան երկրների լազերային վիրաբուժության ասոցիացիայի նախագահն է։ Ծնվել է Երեւանում։ Հայրը՝ Սուրեն Բաբայանը Հայաստանում ուռոլոգիայի հիմնադիրներից մեկն է եղել։ Մայրը՝ հայոց լեզվի ուսուցչուհի էր։ Մեծ քույրը քիմիկոս է, մյուս քույրը՝  ԱՄՆ-ում ծրագրավորող է։ 1983 թվականին 16 տարեկանում ընդունվել է Կաունասի բժշկական ինստիտուտ, իսկ ավարտելուց հետո սովորել է նաեւ Բելգիայում եւ Ավստրիայում։  Վերադառնալով Վիլնյուս ամուսնացել է լիտվուհու հետ։ Կինը ճանաչված  պլաստիկ վիրաբույժ է։ Ուռուցքաբան Կարեն Բաբայանը լազերային վիրաբուժության հիմնադիրներից մեկն է Լիտվայում։ 7-8 տարի եղել է Լիտվայի լազերային վիրաբուժության ասոցիացիայի նախագահը, իսկ այժմ Մերձբալթյան երկրների լազերային վիրաբուժության ասոցիացիայի նախագահն է։ 8 տարի նաեւ ուռուցքաբանություն է դասավանդել, իսկ հետո խիստ զբաղվածության պատճառով թողել։

ՙ1996 թվականին հիմնադրեցինք լազերային վիրաբուժությունը նախ ուռուցքաբանության ոլորտում, ապա անցանք պլաստիկ վիրաբուժության կենտրոն։ Ես այն ժամանակ ամենաջահել վիրաբույժն էի, որ 33 տարեկանի համար  համարվում էր ամենաբարձր մակարդակը։ Այժմ պլաստիկ վիրաբուժության մեծ կենտրոն ենք կառուցում, որը 2016-ին կավարտենք եւ կլինի տարածաշրջանային եւ Եվրոպայի ամենաուժեղ ուռուցքաբանական հիվանդանոցներից մեկը՚,-պատմում է նա։

Դոկտոր Կարեն Բաբայանը

Դոկտոր Կարեն Բաբայան

Կարապետ Բաբայանը նշում է, որ շատ լավ է համակերպվել Լիտվայում եւ  իր կարծիքով, Մերձալթյան երկրների շարքում Լիտվան ամենալավ երկիրն է։

ՙԴուք զգացել եք, որ օտարերկրացի եք, թե արագ  ինտեգրվեցիք՚, հարցիս պատասխանում է. ՙԲավականին լուրջ հարց է։ Այն ժամանակ արտագաղթ չկար, քանի որ Բալթյան երկրները համարվում էին Եվրոպա։ Այստեղ այլ էր վիճակը, իրենք իրենց շատ էին սիրում։ Ես ինստիտուտի անսամբլում ակորդեոն էի նվագում, քանի որ նաեւ ժամանակին երաժշտական դպրոց էի ավարտել։ Դրանով մտա լիտվական մշակույթի մեջ։ Այդ մշակույթը շատ բան է տալիս։ Գյուղում տատիկ- պապիկի հետ երգում ես, խոսում ես, իրական երկրին ես ծանոթանում, եւ դա քեզ օգնում է սիրել այդ երկիրը եւ երկիրն էլ քեզ է սիրում։ Այդպես է առաջանում այդ փոխզգացողությունը։ Ես ամբողջ կյանքում Լիտվայի դրոշի տակ եմ ճամփորդել։ Սակայն իմ պատմական հայրենիքը Հայաստանն է, ես հայ եմ եւ դա կյանքում ես չեմ փոխի։ Բայց նաեւ իմ հայրենիքն է Լիտվան, քանի որ իմ ընտանիքի եւ իմ երեխաների հայրենիքն է։ Ես Հայաստանի համար չեմ էլ կարող ասել, որն է ճիշտ եւ որը սխալ։ Իսկ այստեղ կարող եմ ասել։ Այստեղ ղեկավարների մասին իմ մասնագիտական կարծիքը կարող եմ հայտնել՚։

 

Մարատ Սարգսյան. Հեռուստատեսությունից կինո

 

Կինոռեժիսոր Մարատ Սարգսյան

Կինոռեժիսոր Մարատ Սարգսյան

Կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը ծնվել է 1978 թվականին Կիրովականում /Վանաձոր/։ Լիտվայում հայտնվել է 1994 թվականին։ Եկել է Շյաուլյայ քաղաքը, քանի որ պապը բիզնեսով էր զբաղվում։ ՙԵս ու եղբայրս՝ Աշոտը, որն ի դեպ այժմ Վիլնյուսի ՙԱրմենիա՚ հայկական ռեստորանի տնօրենն է, դպրոց չէինք ուզում գնալ եւ առանց դպրոցն ավարտելու,  եկանք այստեղ  պապիս օգնելու եւ այդպես մնացինք՚,- պատմում է նա։  Այժմ 91 ամյա պապը Վանաձորում է։ ՙՎանաձորում Ինտերկապ հեռուստատեսությունում  12 տարեկանից օպերատոր եմ աշխատել։ Հիշում եմ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել էր Կիրովական, եւ ինձ էր վստահվել  նկարելու նրա այցը։ Զարմանում եմ, թե ինձ ինչպես էին վստահել տեսախցիկը։ Նախագահի թիկնապահները բոլոր օպերատորների տեսախցիկները նայեցին, իսկ իմը՝ ոչ։  Երբ եկանք Լիտվա, մի կես տարի որոնումների մեջ էի, ապա ընդունվեցի Շյաուլյայի հեռուստատեսություն։ Երկու տարի անց ստացա գլխավոր նորությունների  հաղորդման օպերատորի կարգավիճակ։ 20 տարեկանում եկա Վիլնյուս, ուր զվարճանքի ալիք էր բացվել, մոնտաժի ռեժիսոր աշխատեցի ու կամաց նաեւ հաղորդավար դարձա, այնուհետեւ սկսեցի երաժշտական տեսահոլովակներ նկարահանել։ 5 տարի աշխատելուց հետո հրաժեշտ տվեցի եւ գնացի կինոռեժիսուրա սովորեցի եւ ամենահայտնի ոչ լիտվացի հաղորդավարն էի այստեղ։ Շատ ալիքներով էի հանդես գալիս։ Ես իմ շոուն ունեի։ Հետո այդ ամենը ձանձրացրեց, թողեցի հեռուստատեսությունը։  Սկսեցի տեսահոլովակներ նկարահանել։ Զգում էի, որ առաջընթաց չկա։ Ու ամեն ինչ թողեցի, եւս վեց տարի սովորեցի, մագիստրոսի կոչում ստացա։ Ներկա պահին երկու ֆիլմ ունեմ։ 2009 թվականին նկարահանված  ՙԼեռնավանը՚, որ իմ դիպլոմային աշխատանքն է,  9 միջազգային մրցանակ ունի, այդ թվում Բոստոնի եւ Էմիլ Կուստուրիցայի, լեհական կինոփառատոնի մրացանակներ, ինչպես նաեւ ՙՈսկե Ծիրանի՚ երկու մրցանակ։ 2011-ին էլ նկարահանեցի ՙՀայր՚ ֆիլմը։ Սա էլ Նիոնի /Շվեյցարիա/  կինոփառատոնում եւ լեհական Կրակովում գլխավոր մրցանակներ ստացավ։ Այժմ ՙԿտակ՚ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի վրա եմ աշխատում։ Դա ցեղասպանության թեմայով է, այլ մոտեցումով է եւ դերասանները թուրքեր են։

Ինչ վերաբերում է հայկական կինոյին, ապա այն այսօր փակվել է եւ լճացում է ապրում՝ համընդհանուր զարգացման պայմաններում։

 

Գրող Վահագն Գրիգորյան.

Գրող Վահագն Գրիգորյան

Գրող Վահագն Գրիգորյան

Հայը դրսում ամենավերջին աշխատանքն էլ պատրաստ է անել, բայց սեփական երկրում նույնը չի անի

Հայ ժամանակակից գրականության հայտնի դեմքերից մեկը՝ արձակագիր Վահագն Գրիգորյանը, 1970-ին ամուսնացել է լիտվուհու հետ։ Երկար ժամանակ ապրել են Երեւանում։ Տղան ծնվել է, որից հետո Հայաստանում տնտեսական ծանր տարիներ են  սկսվել, կնոջն ու երեխային ուղարկել է Վիլնյուս, ինքը մնացել է Երեւանում: ՙՎիլնյուսում ջեռուցվող բնակարան ունեինք, բացի այդ՝ կինս այնտեղ հին ծանոթների օգնությամբ աշխատանք գտավ: Ամռանը նրանք էին գալիս ինձ մոտ, ձմռանը ես էի  արձակուրդ վերցնում, մեկ ամսով գնում նրանց մոտ: Վիլնյուսում տղայիս նստեցնում էինք հայերեն սովորելու, Երևանում՝ լիտվերեն: Այն տարիների մեր պատկերացմամբ տղաս, տիրապետելով երկու լեզուներին, կարող էր թարգմանիչ դառնալ՚,- հիշում է Վահագն Գրիգորյանը։

ՙԴուք հարցազրույցներից մեկում ասել եք, որ Լիտվայում շատ փակ եք ապրել։ Լիտվական հասարակությանը ինտեգրվելու անհրաժեշտությունը չէի՞ք զգում՚,-հարցնում եմ անվանի արձակագրին։

ՙՍկզբում ինտեգրվելու խնդիր չէր ծագում:  Ճիշտ է,  սկսած 1994-ից, երբ դիմումիս համաձայն ազատվեցի Հայաստանի գրողների միության քարտուղարի պաշտոնից,  ավելի երկար էի մնում Վիլնյուսում, բայց ես Հայաստանի քաղաքացի եմ և Լիտվայի հայ համայնքով առանձնապես չէի հետաքրքրվում: Կարևոր էր, որ  ընտանիքիս հետ եմ, միևնույն ժամանակ էլ և ոչ պակաս կարևոր, որ այդ այցերս ստեղծագործական արձակուրդի պես մի բան էին: Իմ ՙբիզնեսը՚ եղել և մնում էր գրելը, Երեւանում գործից շեղող հանգամանքները շատ էին, իսկ Վիլնյուսում նստիր գրասեղանի առաջ ու գրիր, ոչ ոք ու ոչինչ քեզ դուրս չի կանչում։ Միակ ցանկությունս, այո, գրելն էր, քանզի 1988-ից սկսած քաղաքական-հասարակական բուռն իրադարձությունները գրելու ժամանակ չէին թողնում, ցանկություն չկար: Գրասեղանի առաջ հաճախ նույնիսկ չէի զգում Երեւանում եմ, թե Վիլնյուսում։ Ինտեգրում ասվածն սկսվեց 2000-ականների սկզբում, երբ ինձ կամաց-կամաց ներգրավեցին  համայնքային աշխատանքների մեջ։  Դա զուգադիպեց ինձ՝ Հայաստանի քաղաքացուս,  Լիտվայի նախագահի հատուկ դեկրետով  պատվավոր քաղաքացիության պես մի բան շնորհելուն. գնահատվել էին ծառայություններս լիտվական գրականությանը:  Տիկնոջս՝ Նորա Գրիգալավիչյուտեի հետ հայերեն էինք թարգմանել  լիտվական գրականություն երկու նշանավոր երկեր՝ Ավիժյուսի   ՙԿորուսյալ օթևան՚ եւ Բալտուշիսի ՙԱսք Յուզայի մասին՚  վեպերը։ Ճիշտ ժամանակն էր, որ տարվա մի զգալի մասը Լիտվայում անցկացնելս արդարացնեմ ոչ միայն գրելով, այլև տեղի հայ համայքին օգտակար լինելով, հատկապես, որ մոտենում էր 2003-ը, պիտի նշվեին Արամ Խաչատրյանի ծննդյան 100, Գրիգոր Նարեկացու ՙՄատյանի՚ 1000-ամյակները: Երկու հոբելյաններն էլ նշվեցին մեծ շուքով, իսկ առջևում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցն էր, որը արժանավայել նշելուն ուղղված ջանքերը, ինչպես գիտեք, 2005-ի դեկտեմբերին ավարտվեցին նրանով, որ Լիտվայի խորհրդարանը՝ Սեյմասը, հատուկ բանաձևով ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այո, այս դեպքում էլ ստեղծագործական աշխատանքի համար ժամանակ չկար, բայց ոչ միայն չեմ ափսոսում, այլև հպարտ եմ, որ իմ անմիջական մասնակցությունն եմ բերել այդ նշանակալից իրադարձություններին:

ՙԻնչպե՞ս եք կարողանում ձեր երեխաների ինքնությունը պահել Լիտվայում, քանի որ նրանք կիսով չափ լիտվացի են, կիսով չափ հայ՚ հարցին պատասխանում է. ՙՈւնեցածս մի տղա է և մի թոռնուհի: Տղաս ծնվել է Երևանում, շուրջ տասը տարի այնտեղ ապրել, ապա դպրոցական, որոշ ընդմիջումներով էլ ուսանողական արձակուրդները Հայաստանում անցկացրել, հայկականության հետ խնդիրներ չունի, խոսում ու կարդում է ինձնից ոչ վատ, ակտիվորեն հետևում հայաստանյան քաղաքական ու հասարակական կյանքին: Թոռնուհիս տասնչորս տարեկան է, սիրում է ամեն հայկականը, սկսած Երևան, Արարատ անուններից, կարոտում է Հայաստանը, երկու տարի առաջ Երևանում շարունակ կրկնում էր. ՙԵս կուզենայի այստեղ ապրել՚, թավջութակի դասեր է առնում երաժշտական դպրոցում, բոլորովին վերջերս մի համերգի ժամանակ փայլուն կատարեց Ալեքսանդր Հարությունյանի ՙԷքսպրոմտը՚, բայց ես իրատես եմ: Քիչ առաջ այդ մասին խոսեցի, հիմա մանրամասնեմ: Պարզ վիճակագրությունն ասում է, որ Սփյուռքում երկրորդ սերունդն է արդեն սկսում հեռանալ հայկականությունից, իսկ երրորդ-չորրորդ սերնդից սոսկ մեկ քառորդն է հայերեն խոսում և նույնիսկ իրեն հայ համարում: Պատճառները գրեթե ամենուր նույնն են. քանի որ ապրում ու գործում ես մշակութային այլ տարածքում, հայերենը, հայկականությունը դադարում են կենսական անհրաժեշտություն լինել: Ընդհուպ մինչև 20-րդ դարի կեսերը հայկականությունը պահպանելը հեշտ էր, գրեթե ամենուրեք գործում էին հայկական, ժամանակի պահանջները բավարարող դպրոցներ, բայց եկան նոր ժամանակներ, և սահմանափակ հնարավորություններով հայկական դպրոցում անհնարին դարձավ լիարժեք կրթություն ստանալ: Փարիզում, օրինակ, վերջին հայկական դպրոցը փակվեց  1980-ականների վերջում: Բավականաչափ ծանոթ լինելով սփյուռքի համայնքներին, կարող եմ ասել, որ Արևմուտքի հայ համայնքները վերջին տասնամյակներում կենսունակ են հիմնականում շնորհիվ Միջին Արևելքից, Իրանից տեղափոխվածների: Միևնույն ժամանակ էլ այս տեղաշարժի պատճառով թուլանում են դոնոր համայնքները: Օրինակ, ի՞նչ է մնացել եգիպտահայ հռչակավոր համայնքից, ըստ էության ոչինչ: Պարսկական Սպահանում այսօր կանգնած են հայ մարդու կարոտ շուրջ մեկ տասնյակ եկեղեցիներ ու մի այդքան էլ դատարկ դպրոցական շենքեր: Համայնքային կյանքը անցողիկ բան է, խնդրեմ, որտե՞ղ են հնդկահայ ու լեհահայ երբեմնի հզոր գաղթօջախները: Հայաստանի հանրապետությունը կարող էր դառնալ փարոս օտարության մեջ նավարկող հայության համար, ցավոք, դարձել է արտագաղթի երկիր:

Վահագն Գրիգորյանի վերջին տարիների գրքերը

Վահագն Գրիգորյանի վերջին տարիների գրքերը

– Ձեր վերջին ստեղծագործություններում շոշափում եք նաեւ արտագաղթի խնդիրը։ Ինքներդ այդ կամրջի վրա եք։ Դուք այդ խնդիրը ինչպես եք ներկայացնում՝ նկատի ունեմ ձեր գրականությունը։

– ՙՈստանի վերջին ճամփորդությունը՚ գրքում երկու գործ կա՝ համանուն վիպակը եւ ՙԱզատ հայը՚ վեպը։ Առաջինում մարդն ավարտում է իր կյանքի ուղին։ Ողջ կյանքը օտար ափերում վատնած՝  ոտքով բռնում է Հայրենիքի ճամփան։ Ինչո՞վ կավարտվի այս ողբերգա-զավեշտական ճամփորդությունը, կհասնի՞ նա  տուն՝ կիրականացնի՞ իր վերջին ցանկությունը, որն ամեն դեպքում, անկախ հասնելուն կամ չհասնելուն, արժեքների ուշացած գիտակցություն է, անառակ որդու ուշացած վերադարձ: ՙԱզատ հայը՚ վեպի հերոսն ընդհակառակը երիտասարդ է՝ իր կյանքի ուղին սկսում է՝ աշխարհի ճամփաները չափելու ելնելով։ Ի՞նչ է գտնելու նա, ի՞նչ է կորցնելու։ Այս վեպը գրելուն ինձ դրդեց A1+ կայքում հայտնված մի կոչ՝ ՙԱզատ հայեր՚-ի կոչը: Չգիտեմ ովքեր էին այդ ՙազատ հայերը՚, բայց նրանց կոչում ի թիվս այլևայլ անհեթեթությունների կար նաև այս մեկը. ՙԱզատությունը վեր է անկախությունից ու պետականությունից՚: Ազատությունը, իհարկե, լավ բան է, բայց որ անկախությունը և ընդհանրապես պետականությունը երկրորդական-երրորդական էր համարում հայը, ապշեցուցիչ էր: Վեպում էլ իմ հերոսն է փնտրում այդ ազատությունը, հասկանալի է, Հայաստանից դուրս և ի  վերջո հասկանում, որ ՙազատ հայ՚ կարող է դառնալ միայն հայկական ամեն ինչը թոթափելով, իր հայ լինելը մոռացության տալով: Արտագաղթը հայաստանյան ամենատագնապալից  երևույթներից մեկն է և, ցավոք, ունի օբյեկտիվ պատճառներ, ընդ որում, նաև չի երևում, թե երբ ու ինչպես է դադարելու: Եվ չես  կարող դատապարտել  մարդուն, որն ապրելու այլ հնար չգտնելով, ստիպված է Հայաստանը լքել։ Հիմնական ՙավետյաց երկիրը՚ Ռուսաստանն է, բայց վերջերս կարդացի, որ կարիքը հայերին հասցրել է մինչև Շպիցբերգեն։ Գյումրեցի յոթ ընտանիքներ ապրում ու աշխատում են մի կղզում, որտեղ տարվա կեսից ավելին գիշեր է: Մյուս կողմից էլ գիտեմ դեպքեր, երբ Հայաստանից հեռանում են պարզապես հեռանալու համար, ՙդրսում ավելի լավ կլինի՚ մտայնությամբ: Եվ տխրեցնողն այն է որ դրսում ամենավերջին աշխատանքն էլ պատրաստ են անել, բայց սեփական երկրում նույնը չեն անի։ Երկու տարի առաջ մի ծանոթ երիտասարդ էր Երևանից ինձ զանգահարում, խնդրում օգնեմ Լիտվա գա, ինչ գործ լինի կանեմ, ասում էր, սանիտար էլ կաշխատեմ: Ասացի, որ սանիտար կարող է աշխատել նաև Հայաստանում: Չէ, ասաց, էստեղ, սրանց համար էդ գործը չեմ անի, բայց դրսում կանեմ: Ինձ երևի մնում է հպարտանալ, որ այդ երիտասարդին, ևս մի երկուսին համոզեցի Հայաստանում մնալ, տանը բախտ կռել և ոչ թե վազել չեղած ՙհազարան բլբուլի՚ ետևից:

Ընդհանուր հիասթափության պատճառը բացի օբյեկտիվ-սոցիալականից (ընտանիքների մի մեծ տոկոս Հայաստանում անապահով է),  հոգեբանական դաշտում է, պայմանավորված իրավական, ընտրական, հարկային և էլի շատ ուրիշ անարդարություններով: Եվ ինչու՞ չարտագաղթի, երբ Ազգային Ժողովի պատգամավորի բերանից լսում է. ՙԲա ինչ, թող գնան դրսերում փող աշխատեն, էս հո սովետ չի, որ բերի ամեն ինչ դեմները լցնի՚:

– Ձեր կյանքի լիտվական հատվածն ինչքանո՞վ է ազդել ձեր գրականության վրա։

– Արտագաղթի առիթով որոշ բան արդեն ասվեց: Դասական Սփյուռքին՝ գոյացած Ցեղասպանության հետևանքով, ծանոթ էի, կյանքիս լիտվական հատվածն էլ հնարավորություն տվեց մոտիկից, ներսից տեսնել հետխորհրդային ժամանակների Սփյուռքը, նրա լույսն ու մութը: Այլապես, անշուշտ, երբեք չէին գրվի ՙԼավոնաս՚-ը, ՙՈստանի վերջին ճամփորդությունը՚, ՙԱզատ հայը՚: Սա միանգամայն հստակ է, բայց կա ևս մի գիրք, որի համար ես պարտական եմ կյանքիս այդ ՙլիտվական հատված՚ կոչվածին: Դա ՙԺամանակի գետն՚ է: Երբ 2004-ին ինձ ընտրեցին կամ, չգիտեմ, առաջարկեցին լինել Ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նախագահ, գործի բերումով ես այնքան խորացա այդ դառն ու դաժան նյութի մեջ, Մեծ Եղեռնը և հաջորդած 90 տարիներն ինձ համար բացահայտեցի այնքան նոր շերտերով, որ Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո էլ  թվում էր, թե դեռ ոչ բոլորն եմ  արել, ինչ-որ բան կիսատ է, թերի: Եվ ձեռնամուխ եղա վեպին:

Արձակագիր Վահագն Գ՚րիգորյան

Արձակագիր Վահագն Գ՚րիգորյան

– Կարեւոր նշանակություն ունի քաղաքական անցուդարձը, ինչքանո՞վ եք քաղաքականությունը ձեր միջով անցկացնում եւ մտցնում գրականություն։ Հայաստանյան անցուդարձին ինչպե՞ս եք վերաբերում։

– Հայաստանյան անցուդարձն իմ  գլխացավն ու հոգու ցավն է: Տարվա մի զգալի մասը Երևանում լինելով՝ ես մասնակցում  եմ գրեթե բոլոր բախտորոշ (կամ այդպիսին թվացող) ընտրություններին, ցավոք, միշտ միևնույն չուրախացնող արդյունքով, քանզի իմ նախընտրած թեկնածուն և կուսակցությունը կամ պարտվում են, կամ թեև հաղթում, բայց ի վերջո հիասթափեցնում: 2001-ին ես գրեցի ՙԱռաջնորդի կյանքն ու մահը՚՝ սատիրական վեպ, հիմք ունենալով մեր քաղաքական կուսակցությունների գործունեության ոճն ու բովանդակությունը,  հիմա ավելի ծանրն եմ ձեռնարկել՝ ՙՊողոս Պետրոս՚-ը։ Փորձում եմ վերլուծել, հնարավորինս բացահայտել մեր հասարակական-քաղաքական մտքի  զարգացումներն առնվազն վերջին երկու-երեք հարյուր տարում, հասկանալ՝ արդյո՞ք դաս առել ենք անցյալի սխալներից: Պրպտումները, իհարկե, նաև շատ ավելի հեռուն են տանում, մինչև 11-րդ և նույնիսկ 5-րդ դար՝ հայոց պետականության կործանման դարերը: Չեմ կարող ասել, թե ոչինչ չենք սովորել, բայց մյուս կողմից էլ մեր օրինակով համառորեն հակաճառում ենք հին հույներին, որ միամտություն են ունեցել ասելու, թե նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել: Ներկա ժամանակում մեր ամենամեծ ձեռքբերումը դարերով երազած անկախ պետականությունն է, գլխավոր խնդիրը՝ յուրաքանչյուր ազգի համար այդ անփոխարինելի արժեքի զարգացումն ու ամրապնդումը: Խնդիր, որը այսօր կաղին է տալիս: Մի խոսքով, գիրքը մեր անցած ու անցնելիք ճանապարհների մասին է, հուսամ, ինձ կհաջողվի մտորումներս ու ասելիքս գեղարվեստորեն համոզիչ մարմնավորել:

 

Հովհաննես Սարիբեկյան. Ինձ համար առաջնահերթը լեզվի պահպանումն էր

Գործարար Հովհաննես Սարիբեկյան

Գործարար Հովհաննես Սարիբեկյան

Կիբեռնետիկ-ինժեներ, այժմ գործարար Հովհաննես Սարիբեկյանն ընտանիքով Վիլնյուս է տեղափոխվել 1990ականներին։ ՙԵրեւի ոչ մեկը չի կարող ասել, որ հեշտ ճանապարհ է անցել։ Գալով ուրիշ երկիր, չունենալով ոչինչ, ունեցել ենք որոշակի դժվարություններ։ Իմ կարծիքով բոլորն էլ անցել են դժվար ճանապարհ, որպեսզի ինչ-որ բանի հասնեն։ Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտները այլեւս նախկին աշխատանքը չէին ապահովում, ես նույնպես անհատական գործունեությամբ սկսեցի զբաղվել։ 1994-95 թվականերին ընտանիքիս տեղափոխեցի Լիտվա։ Նախ կոշիկի եւ հուշանվերների առեւտրով զբաղվեցի։ Իսկ 1996-97 թթ-ից աշխատում եմ ներկերի առք ու վաճառքի ոլորտում։ 5-6 տարի է ունենք նաեւ մեր փոքր արտադրությունը։ Ժամանակին շատ ծանր է եղել, բայց  ընթացքում ոտքի ենք կանգնել։ 2003-ից մեր սեփական պահեստներն ու գրասենյակներ ենք ունեցել, մի քանի տարի առաջ կառուցել ենք ժամանակակից գրասենյակային համալիր։ 1998 թ-ից ներկերի առք ու վաճառքով ենք զբաղվել Ռուսաստանի, Բելառուսի հետ, ինչպես նաեւ ՄԱՖ գործարանի դիստրիբյուտորն ենք Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, 20 տարի է ՄԱՖ-ի ներկայացուցիչն ենք ողջ Եվրոպայում, գերմանական ՙԼայնֆիզեր՚ ֆիրմայի ներկայացուցիչն ենք Մերձբալթիկայում։

Եվրոպական սանկցիաները մեր վրա հետաքրքիր ազդեցություն են ունենում. հակադիր կողմերի հետ կապ ունենք, իսկ գերմանական արտադրանքի հետ ունենք որոշակի առաջխաղացում։ Հայաստանի հետ կապը արտահայտվում է, երբ  Հայաստանին օգնություն ենք տալիս ՙՀայաստան՚ համահայկական հեռուստամարաթոնի միջոցով։ Երեւանում փորձեցինք ներդրում անել, մասնաճյուղ բացեցինք, բայց տապալվեց։ Հիմա ուզում եմ նորից բացել եւ մտնել այդ տարածաշրջան՝ Բելառուսի եւ գերմանական ներկերի միջոցով։

Հայկականությունն ինչպե՞ս եք պահպանում հարցիս, պատասխանում է.ՙԱռաջին տարիներին ֆիզիկական ցավ էի զգում, Աշտարակն էի հիշում, Երեւանը, դպրոցական, ուսանողական տարիները։ Կամաց-կամաց վարժվեցինք։ Ինձ համար առաջնահերթը լեզուն էր, հայերենի պահպանումը։ Այսօր երեխաներս  100 տոկոսով չգիտեն, բայց լավ են խոսում։ Ձգտել ենք պահել հայկական սովորույթները։ Արդեն հաճախ ենք գնում Հայաստան՚։

 

Դիզայներ Սերգեյ Գյանջումյան

Դիզայներ Սերգեյ Գյանջումյան

Սերգեյ Գյանջումյան. Նորաձեւությունը ինքնաիրականացման ձեւ է

Դիզայներ Սերժ/Սերգեյ/ Գյանջումյանը Լիտվայում հայտնվել է հանգամանքների բերումով։ Պատմում է.

-Ծնվել եմ Երեւանում, 1985ին ավարտեցի պոլիտեխնիկական ինստիտուտը, մեկ տարի աշխատեցի ինժեներ եւ հասկացա, որ իմ ոլորտը չի, բայց դիզայնի ուղղությամբ չգնացի, քանի որ գեղարվեստաթատերական ինստիտուտում տեղ չկար… 1987-88 մեկնեցի Մոսկվա, աշխատում էի որպես տարազի նկարիչ, ծանոթացա հայտնի դիզայներ  Զայցեւի հետ, տեսավ գործերս, հավանեց, բայց ասաց, որ ԿԳԲ-ն արգելել է ազգային փոքրամասնություններից որեւէ մեկին աշխատանքի ընդունել եւ խորհուրդ տվեց Մերձբալթիիկա գնալ։ Եկա Վիլնյուսի ակադեմիա, նկարներս ցույց տվեցի ռեկտորըին, եւ նա շատ հավանեց։ Քննությունները հանձնեցի եւ ընդունվեցի։ 1994-ին ավարտեցի, զուգահեռ մի ֆիրմայում էի աշխատում, ուր կաշվից տարազներ էին կարում։  ՙՍերժ՚ անունով հավաքածու ունեի։ 1992-ից Վիեննայում եմ շոու կազմակերպել, 1993-ին՝ Ֆրանկֆուրտում։ 2000-ին Փարիզում մասնակցել եմ տղամարդու տարազի  ցուցահանդեսին, 2001-ին՝ Ժնեւում, 2005-ին՝ Բեռլինում, այդ ընթացքում Վիլնյուսում, 2002-ին մի քանի դիզայներներով Նյու Յորքում ենք ներկայացել։ 4 անգամ Նյու Յորքում եւ 2 անգամ Փարիզում եմ ներկայացել։ Առայժմ չեմ կազմակերպում, քանի որ շատ թանկ է նստում եւ ֆինանսապես աննպատակահարմար է։

-Ինչո՞ւ ընտրեցիր նորաձեւությունը։

– Նորաձեւությունը Հայաստանում շատ զարգացած չէր եւ ուզում էի զարգացնել։ Դրա համար ընտրեցի այդ ոլորտը։ Ինձ մոտ ստացվում էր։ Ինձ ոչ ոք չի օգնել։ Ինքս եմ նայել, ուսումնասիրել եւ նկարել։ Ֆորման լավ զգում էի, մանկուց շատ լավ նկարում էի։ Դասատուս ասում էր՝ լավ քանդակագործ կլինես կամ դիզայներ։ Տարածությունը լավ էի զգում։

-Ինքնաարտահայտման համար ի՞նչ հնարավորություն է տալիս նորաձեւությունը։

-Լավ հարց է։ Դա ինքնաիրականացման ձեւ է։ Ես զգում եմ, որ դիզայնն այլ կերպ եմ զգում։ Այլ է իմ մտածողությունը։ Ես ավելին եմ մտածում, քան նորաձեւությունն է։

-Ի՞նչ դեր է խաղում նորաձեւությունը մարդկանց կյանքում։

-Նորաձեւությունը երկու մաս ունի։ Մոդեռն նորաձեւությունը ապրում է։ Մի մասը մարդու ֆիզիոլոգիական պահանջն է, մարդու փոփոխվելու ցանկությունը, մյուսը բիզնեսն է։ Տարեկան Վիլնյուսում 8 հավաքածու է դուրս գալիս։ Իհարկե, այդքանը մարդուն պետք չի, բայց այդպիսին է մեր աշխատանքը։

-Սոցիալ-տնտեսական վիճակը ինչքանո՞վ է ազդում նորաձեւության վրա։

-Լիտվայում շատ արագ ամեն ինչ զարգանում է, հաճախորդներ կան, բայց այդքան արագ չէ անդրադարձը, ինչպես Իտալիայում կամ Ֆրանսիայում։ Մի բան, որ գնում են, ուզում են, մի քանի տարի վայելեն։ Հիմա ես հավաքածուներ չեմ ստեղծում, այլ անհատական պատվերներ եմ ընդունում։ Հաճախորդներիս թվում են եղել նախկին վարչապետը, ով մոտ 20 կոստյում է կարել ինձ մոտ։ Սեյմի անդամներ են պատվիրում, դերասաններ։

-Լիտվայում Ձեր անունն իբրեւ բրենդ գիտեն։

-Ջահելներն այնպես չգիտեն, ինչպես մեր հասակակիցները։ Շուկան փոքր է։ Ռիգայից ու Մոսկվայից էլ են հաճախ գալիս հաճախորդներ։ Բայց իմ բրենդի տարածման համար ներդրում չեմ անում։

-Ի՞նչ ծրագրեր ունեք։

-2015-ին երեւի հավաքածու կցուցադրեմ Վիլնյուսում եւ շատ հնարավոր է նաեւ Երեւանում՝ Հայկական նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Ինձ հետաքրքիր է ոչ միայն իմ վրա աշխատել, այլեւ մեծ ֆաբրիկաների հետ աշխատել։ Այդպիսի դեպքեր կան, երբ աշխատանքը իմ անունով է դուրս եկել կամ ֆաբրիկայի։ Մասշտաբային գործեր եմ սիրում։

 

Գործարար Երվանդ Ժամհարյան

Գործարար Երվանդ Ժամհարյան

ՙԼավաշաս արմենաս՚. Հայկական լավաշի լիտվական հետքը

Երվանդ Ժամհարյան. Լավաշ նշանակում է լավ աշխատանք

 

Երվանդ Ժամհարյանը 1994 թ.ից Լիտվայում է, մասնագիտությամբ շինարար է, սակայն այսօր Լիտվայում ամենատարածված հայկական հացի՝ լավաշի արտադրողներից մեկն է։

ՙԴժվար էր առաջին մի քանի տարին, բարեկամ չունեինք, լեզուն չգիտեինք, համակերպվելը մի քանի տարի տեւեց, բայց ինչքան առաջ էր գնում, այնքան ընկերներ էինք գտնում։ Վիլնյուսը ինտերնացիոնալ քաղաք է։ Չկա նացիոնալիզմի դրսեւորում։ Ես չեմ համարում,  որ պետք է առանձնանալ, հակառակը պետք է հարգել այս ազգի ավանդույթները։

Նախ սրճարան բացեցինք։ Լիտվացիներից նրանք, ովքեր Հայաստանը գիտեին, ճանաչում էին նաեւ լավաշը։ Կնոջս ուղարկեցի Հայաստան, որ սովորի լավաշ թխելը։ 1999 թ-ին բացեցինք լավաշի արտադրամասը։

Մենք մտավախություն չունեինք, որ գրենք հայկական ու չի վաճառվի։ Լավաշի թխումը բարդ տեխնոլոգիա է։ Մեր սարքավորումները մենք ենք պատվիրել։ Ուղղակի ջուրը հայկական չի։ Հատուկ տոպրակաները ստանում ենք Բելգիայից։ 12 օր դիմանում է, առանց ավելորդ ավելցուկների, սառնարանում 30 օր է դիմանում, իսկ սառցարանում՝ 2 տարի, իսկ փաթեթավորման վրա գրված է ՙԼավաշաս արմենաս՚։ Ես լավաշի ամենամեծ արտադրողն եմ եւ վաճառում ենք ողջ Լիտվայում։ Մենք նաեւ թխվածքներ ենք թխում՝ գաթա, փախլավա։  Թուրքերը մտան շուկա եւ ուզում էին մեզ հանել շուկայից, բայց չստացվեց։ Առաջին երկու տարին սովորեցնում էինք լավաշին։ Բացի այդ մեր կայքէջում 150 բաղադրատոմս ենք տալիս, թե լավաշով ինչ կարելի է ուտել։

Հիմա արդեն տարածված է, եւ շատ հարմար է հյուրասիրությունների ու բանկետների համար։ Արդեն նույնիսկ ուսանողներն են գնում։ Օրական 15-20 հազար լավաշ ենք արտադրում։ Լավաշը բրենդ է։ Լավաշ՝ նշանակում է լավ աշխատանք։ Լեգենդներ ենք պատմել եւ աշխատել եմ քարոզչություն տանել, որ լավաշը հայի կողմից է ստեղծված եւ 70+40 սմ-ի վրա պետք է լինի։ Դա դասական լավաշի չափն է՚։

 

Ռուսլան Հարությունյան եւ Մարիետե Կոնտրեմայտե

Ռուսլան Հարությունյան եւ Մարիետե Կոնտրեմայտե

Հայ-լիտվական ընտանիքը.Ռուսլան Հարությունյան եւ Մարիետե Կոնտրեմայտե

Ռուսլան Հարությունյանի եւ Մարիետե Կոնտրեմայտեի հայ-լիտվական ընտանիքը ամենահայտնիներից է Լիտվայում։ Մեր հոդվածի սկզբում Ռուսլան Հարությունյանն արդեն ներկայացրեց իր կատարած աշխատանքը։  Նրա մասին ավելացնենք միայն, որ 1950-ին ծնվել է Հայաստանում, ծնողները Դիլիջանից են։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի  մաթեմատիկայի ֆակուլտետը։ Ապագա կնոջ՝ լիտվուհի Մարիետեի հետ ծանոթացել է Երեւանում՝ համալսարանի  հանրակացարանում։ Ռուսլան Հարությունյանը այսպես է հիշում.ՙՆա մի քանի ամսում այնպես ծանոթացավ հայկական մշակույթին ու գրականությանը, էպոսին, այնպիսի վերլուծություններ էր անում, որ ես էլ զարմացա։ Այն ժամանակ  նույնիսկ  հայ մշակույթի գործիչները չէին խոսում այդ մասին, իսկ նա համարձակ մեկնաբանություններ էր անում, Հայաստանը համեմատում էր այլ երկրների հետ եւ հայերին դրական էր ներկայացնում։ Ամուսնացանք, երեխա ունեցանք, Դիլիջանում ծնվեց մեր

ՙՙԱրմենաՙ թերթը

ՙՙԱրմենաՙ թերթը

առաջնեկը՝ Վեգան եւ մեկ տարի անց, զգացի, որ շրջապատը կնոջս չի ընդունում, որոշեցինք տեղափոխվել Լիտվա։ Ես մտածեցի կգամ, միգուցե հարմարվեմ։ Ես այնպես զգայական էի կապված Հայաստանին, որ այստեղ գտնվելս հիվանդանալու կամ աքսորի պես մի բան էր։ Սկզբնական շրջանում նույնիսկ տեղի հայերի հետ շփում չունեի։  1973 թվականին երբ եկանք, այստեղ հին հայեր կային, որ պատերազմից հետո էին հաստատվել։ 1988 թվականին Հայաստանում Ղարաբաղյան շարժումը սկսվեց, այստեղ էլ անկախության շարժում սկսվեց։ Ես ակտիվ էի այդ հարցերում։ Մոսկվայի նկատմամբ վերաբերմունքը այնքան էլ լավ չէր։ Մարիետեն մասնակցում էր այդ հավաքներին եւ Հայաստանի մասին շատ լրատվություն էր տալիս։ Քանի որ Լիտվա-Հայաստան հարաբերություններում մշակութային կապերն ակտիվ էին, մենք տիրապետում էինք լրատվությանը եւ տարածում։ Միջնորդի դեր էինք կատարում։ Լիտվայի եւ Հայաստանի շարժումների համագումարների դեպուտատ էինք։ Այն ժամանակ համայնք հասկացություն չկար։ Հայաստանի երկրաշարժից հետո  կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունն ավելի մեծացավ։ Այդ օրերին գնացի Հայաստան՝ օգնություն տարանք երկրաշարժի գոտի։ Վերադարձիս միայն ստեղծվեց համայնքային կազմակերպություն։

Հայագետ, հասարակական գործիչ, գրող Մարիետե Կոնտրեմայտե

Հայագետ, հասարակական գործիչ, գրող Մարիետե Կոնտրեմայտե

Վիլնյուսում ծրագրավորող մաթեմատիկոս էի աշխատում հաշվիչ մեքենաների ինստիտուտում՝ բաժնի վարիչ էի։ Հասարակական գործունեությունը շատ էր խանգարում իմ հիմնական աշխատանքին՚։

Իսկ Մարիետե Կոնտրեմայտեն ոչ միայն  հայագետ է, թարգմանիչ, հասարակական գործիչ, այլեւ  Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր։ 2008-2012 թվականներին եղել է Լիտվայի Ժուռնալիստների միության նախագահը, երկար տարիներ աշխատել է Լիտվայի հանրագիտարանի խմբագրությունում, Լիտվայի Սեյմում։ 2015-ին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ՙԳրիգոր Նարեկացի՚ հուշամեդալին եւ ՙԳյումրիի երախտավոր՚ կոչմանը։

Մեզ հետ զրույցում նա պատմեց թե ինչպես է եկել Հայաստան հայերեն սովորելու, երկու տարի անց արդեն մաթեմատիկոս Ռուսլան Հարությունյանի հետ ամուսնացած եւ Դիլիջանում ծնված դստեր՝ Վեգայի հետ տեղափոխվել է Վիլնյուս։ 200-ից ավելի հոդվածներ է տպարգել հանրագիտարանում, Հայաստանին ու Ղարաբաղին նվիրված բազմաթիվ հոդվածներ լիտվական մամուլում, 1993-1994 թվականներին նրա խմբագրությամբ լույս է տեսել ՙԱրմենա՚ թերթի երկու համար, որտեղ լիտվերեն պատմել են իրենց կատարած աշխատանքների մասին։ Նա նաեւ մեծ դեր է կատարել Հայաստանի ու Լիտվայի անկախական շարժումների միջեւ կապեր հաստատելու եւ երկրաշարժից տուժած շրջաններին ու Ղարաբաղին օգնություն ցույց տալու հարցերում։ Հայերենից թարգմանել է բազմաթիվ ստեղծագործություններ, պոեզիա և արձակ,  իսկ հիմա նպատակ ունի՝ թարգմանելու Գուրգեն Մահարու ՙԾաղկած փշալարերը՚։

Լիտվայի ազգային փոքրամասնություններին նվիրված ամսագիր

Լիտվայի ազգային փոքրամասնություններին նվիրված ամսագիր

Մեր այն հարցին, թե ինչպես է կարողացել իր աղջիկներին դաստիարակել հայ-լիտվական ընտանիքում, պատասխանեց.ՙԵս նախ նրանց իբրեւ լիտվացի ազգայնական դաստիարակեցի, հետո սկսեցի հայկական թեմաներին ծանոթացնել։ Նրանք հայերեն հասկանում են, խոսում են, գրել-կարդալու հարցում ավագը՝ Վեգան ավելի լավ է, քանի որ մագիստրոսական թեզը գրելիս պարապել է, Հայաստանում է անցկացրել մի քանի ամիս։ Կրտսերը՝ Յուստինան գրել-կարդալ չսովորեց, բայց իրեն շատ էինք նպատակաուղղում դեպի հայկական երաժշտություն, քանի որ շատ ընդունակ էր եւ ավարտել է Վիլնյուսի տաղանդավոր երեխաների դպրոցը, իսկ այժմ աստվածաբանություն է ուսանում Ավստրիայում։ Յուստինան շատ լավ ձայն ունի, իր ընդունելության քննությունից հետո դասատուներն ասում էին, որ մեզ մոտ նոր Գոհար Գասպարյան է եկել։ Նախ սովորեց դաշնամուր, ֆլեյտա, երգեհոն։ Ավարտեց եւ մի քանի տարի ուսուցիչ աշխատեց։ Հայկական շարականներ սկսեց սովորել։ Ես թարգմանում էի լիտվերեն եւ այդ շարականներով նա համերգներ էր տալիս։ Այժմ երկու աղջիկներս էլ փոքրիկ երեխաներ ունեն։

 

Վեգան եւ Յուստինան մայրիկի՝ Մարիետեի հետ

Վեգան եւ Յուստինան մայրիկի՝ Մարիետեի հետ

Պատմաբան Վեգա Հարությունյանը ավարտել է  Վիլնյուսի համալսարանը՝ պատմաբանի մասնագիտությամբ։ Այժմ նա աշխատում է իբրեւ զբոսաշրջավար՝ եւ նրա տուրերից մեկը կոչվում է ՙԲազմազգ Վիլնյուսը՚, որի շրջանակներում անդրադառնում է նաեւ հայերին։

Աշխատելով Լիտվայի հանրագիտարանի խմբագրությունում /Scince and Encyclopaedia Publishing Centere/ Վեգան գրել է Լիտվական ընդհանուր հանրագիտարանի բոլոր այն հոդվածները, որոնք նվիրված են Հայաստանին կամ նրա պատմությանը։ Նրա ՙՀայերը Վիլնյուսում՚/ 2007/ հոդվածը հաՃախ է մեջբերվում պատմության պրոֆեսորների կողմից։ Նաեւ լիտվացի պատմաբաններին ներկայացրել է, թե ինչ դեր է կատարել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիտվայի անկախության պաշտպանության հարցում։ Վեգան թվարկում է մի քանի հոդվածներ, որ պատմական նշանակություն ունեն։ Օրինակ դրանցից մեկը Սլուցկի գոտիների մասին է։ Սլուցկն այժմ Բելառուսում է։ Կոստանդնուպոլսի  հայ վարպետներն այստեղ մանուֆակտուրա են հիմնել լիտավցի իշխանների հովանավորությամբ։ Այստեղ պատրաստված գոտիները արիստոկրատիան օգտագործում էր Վիլնյուսից մինչեւ Փարիզ։ Այդ նախշերում հայերը մտցնում էին նաեւ լիտվական հայրենասիրական մոտիվներ։

Ինչպիսի՞ն է նրա երեխաների կապը հայկականության հետ հարցիս, Վեգան պատասխանում է, որ ունի երեք երեխա, որոնցից վերջինը ծնվել է այս տարի։ Մեծերը գիտեն որտեղ է Հայաստանը եւ ինչ կապ ունեն հայության հետ, բայց հայերեն չեն խոսում։ ՙԻնձ թվում է Լիտվայում հայ երեխաների ճամբարը կօգնի նրանց ավելի շատ սովորելու հայ մշակույթի, պարերի ու երգի մասին, գտնել նոր հայ ընկերներ։ Նաեւ կօգնեն կիրակնօրյա դպրոցն ու Հայաստան  այցելությունները՚,- ասում է նա։

Մարիետե Կոնտրեմայտեի գրքերը

Մարիետե Կոնտրեմայտեի գրքերը

Վեգան նշում է նաեւ, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լիտվական մամուլում 100ից ավելի հոդվածներ են տպագրվել հայերի մասին։ Այդ առումով Յուոզաս Լաուրուշասի հոդվածները բացառիկ են։ Նա մանրամասն ներկայացնում է 19-րդ դարի հայ գրականությունը եւ համերաշխություն է հայտնում հայ քրիստոնյա զոհերին՝ 1864-1904 թթ-ի լիտվական գաղտնի մամուլում։ Լիտվայի ինտելեկտուալներն իրենց հայրենիքը միշտ կապել են ստրկացված եւ բաժանաված ռուսական ցարի եւ Պրուսիայի միջեւ։ Դա համեմատել են միշտ Հայաստանի բաժանումը օտար երկրների միջեւ։

Սակայն, չնայած այս ամենին, նրա ասելով, նույնիսկ հիմա շատ լիտովցիներ չգիտեն, որ 2005 թվականին Լիտվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

 

Հասմիկ Գրիգորյան. Ամենամեծ դաստիարակությունը սերն է

Սոպրանո Հասմիկ Գրիգորյան

Սոպրանո Հասմիկ Գրիգորյան

Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի եւ Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։

1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության եւ թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաեւ ֆրանսիական Նիսսում։ Երկու  անգամ լիտվական ՙՈսկե խաչի՚ է արժանացել 2005 եւ 2010 թվականներին, 2010-ին նաեւ Ճանաչվել է ՙՏարվա ստեղծագործող՚։ Մեծ ճանաչում է նրան բերել Վիոլետայի դերերգը ՙՏրավիատա՚ օպերայից, որ նա կատարել է 2005-ին Վիլնյուսի օպերայում։ Նույնը կատարել է նաեւ Երեւանում եւ Ռիգայում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում, հանդես գալով Դեզդեմոնայի, Պրիլեպայի, Վիոլետայի, Միխայիլայի, Չիո Չիո Սան եւ Լիուի դերերում՝ Օթելլո,  Քնած թագուհին, Տրավիատա, Կարմեն, Մադամ Բատերֆլայ, Տուրանդոթ ներկայացումներում։ Լիտվայում եւ արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի հետ, կամերային նվագախմի հետ։ 2009-2011թթ նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաեւ Մոսկվայի  Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։ 2014-ին Հուդիթի դերակատարմամբ ելույթներ է ունեցել Անտվերպենում եւ Գենտում,տարբեր ներկայացումներով հանդես եկել Սանկտ Պետերբուրգում, Գրացում, Համբուրգում եւ Մյունխենում, իսկ 2015-ին՝ Բեռլինի կոմեդիայի թատրոնում՝ Komische Oper-ում եւ Վիսբադենում։ Չայկովսկու ՙՉարոդեյկայ՚ի եւ Պուչինիի ՙՄադամ Բատերֆլայի՚ դերակատարումներով հանդես կգա Վիեննայի եւ Շվեդիայի օպերաներում։

 

ՙՀայրս այդպիսի երազանք ուներ, որ ես էլ երաժիշտ դառնամ եւ ուստի մանկուց ինձ դաշնամուրի տվեց,-պատմում է Հասմիկը։ -Ծնողներս բաժանվեցին, երբ ես ընդամենը 1,5 տարեկան էի։ Այնպես որ, նրանց միասին չեմ հիշում, բայց միշտ երկուսն էլ իմ կողքին են եղել եւ ամեն մեկն իր ձեւով դաստիարակել է։ Ես նույնիսկ ամբողջ կյանքում երկու անուն եմ ունեցել, հայրս ասում էր Հասմիկ, մայրս՝ Աստա։ Ես էլ որդի ունեմ, ում անունը Նոյ է։ Ցավոք, ես էլ եմ բաժանվել, բայց նախկին ամուսնուս հետ լավ հարաբերությունների մեջ ենք եւ անում ենք հնարավորը մեր տղային տալու ամենալավը։ Ամենամեծ դաստիարակությունը սերն է։

 

-Դուք ծնվել եք հայ-լիտվական ընտանիքում։ Բայց կարողացել եք ապրելով Լիտվայում խոսել հայրերեն։ Ինչպե՞ս է հաջողվել։

-Այդ հարցում ամբողջովին խոնարհվում եմ հորս առաջ, ես որեւէ տեղ հայերեն չեմ սովորել, դրա համար չեմ կարողանում կարդալ, բայց ուրախ եմ, որ գոնե երբեմն դժվարությամբ, բայց կարողանում եմ հայերեն խոսել։

-Ի՞նչն է Ձեզ մոտ հայկական եւ ինչը՝ լիտվական։

-Ինձ թվում է, իբրեւ անհատ ես ավելի հայ եմ, քան լիտվուհի, թեեւ դաստիարակվել եմ Լիտվայում։ Սիրում եմ հայկական ջերմությունը եւ լիտվական սիմվոլիզմը։ Լիտվան ինձ է սիրում, ես էլ իրեն։ Ես այստեղ եմ ծնվել հասակ առել։ Հայկական համայնքի հետ գրեթե կապ չեմ պահպանում, համենայնդեպս այնքան, որքան որ ցանկալի լիներ։ Բայց պետք է նշեմ, որ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանը իմ ամենածանր պահերին ինձ աջակցել է։

-Ինչպե՞ս է հաջողվել պահպանել ձեր հայկական ինքնությունը։

– Հարգանք իմ նախնիների նկատմամբ, ինքս՝ իմ նկատմամբ, սեր իմ երկրի, օդի ու հողի նկատմամբ։

-Կարծեմ սովորել եք նաեւ Իտալիայում։

-Իտալիայում ես ուսանել եմ մեկ տարի։ Ես լավ երաժշտական կրթություն եմ ստացել։ 5 տարեկանից դաշնամուր եմ նվագում, ունեմ երգչախմբի դիրիժորի մասնագիտություն, 17 տարեկանից սկսել եմ նաեւ երգել։ Այն, որ տարբեր երկրներում եմ հանդես գալիս, դա մեր աշխատանքին բնորոշ է։ Իմ երգացանկում կան եւ ռուսական, իտալական, ֆրանսիական, գերմանական եւ անգամ չեխական երգեր։ Ես շատ եմ սիրում Դվորժակին։ Իմ լավագույն դերերից մեկը համարում եմ Ռուսալկան/ Ջրահարսը/։ Երեւանում շատ հաճախ ելույթներ չեմ ունենում, բայց այնտեղ մի քանի անգամ ՙԱնուշ՚ եմ երգել եւ ՙՏրավիատա՚։

-Ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին։

-Կախված է, թե ով է քննադատում։ Որոշ մարդկանց կարծիքը շատ կարեւոր է, մյուսներինը՝ ավելի քիչ։ Բայց ես սիրում եմ քննադատությունը եւ միշտ ուշադրություն եմ դարձնում դիտողություններին։ Բայց դա իմ անձնականն է։  Երբեմն քննադատությունը կարող է վնասել, նույնիսկ սպանել։

– Ի՞նչն է ձեզ համար կարեւորը կյանքում։

-Աշխատանքը, ընտանիքը, եւ շատ այլ բաներ, որր կոչվում է կյանք։

 

Բժիշկ Կարեն Բաբայան

Բժիշկ Կարեն Բաբայան

Հայերի ապագան Լիտվայում

Ի՞նչ ապագա ունի հայ համայնքը։ Այս հարցին պատասխանում է բժիշկ Կարեն/Կարապետ/ Բաբայանը։

-Շատ լավ ապագա։ Երիտասարդությունը լրիվ ուրիշ մակարդակ ունի, կրթություն է ստացել, մի քանի լեզուներով է խոսում, իրենց ընդունում են իբրեւ տեղի բնակիչ։ Երիտասարդությունը կարող է այլ երկրներ մեկնել եւ Եվրոպական ցանկացած համալսարան կընդունի նրանց։ Եվրոպան հզոր է եւ արժեքներ ունի։ Հայաստանի եւ Ռուսաստանի  ունեւորների երեխաները նույնպես սովորում են եվրոպական համալսարաններում՝ Օքսֆորդում կամ Քեմբրիջում։ Եվրոպան նաեւ կայունություն է տալիս։ Եթե եվրոինտեգրացիա չանենք, մենք կկորցնենեք 500 միլիոնանոց շուկա։ 30 տարի այստեղ եմ եւ տարբեր գիտական սիմպոզիումներում ներկայացնում եմ Լիտվան։ Շատ բարեկիրթ եւ զարգացած երկիր է։ Շատ ստույգ են որոշումները կայացվում։ Ես ինձ այստեղ էմիգրանտ չեմ զգում։ Ամեն երկրորդը բարեւում է։ Ինձ ճանաչելով՝ նաեւ Հայաստանի նկատմաբ վերաբերմունքն են փոխում։  Նրանք գիտեն, որ ես օտարերկրացի եմ, բայց միեւնույն է, հարգում են։  …Շատ լավ վիճակում է հայկական համայնքը։ Այստեղ բոլորս Սովետական Միությունից ենք  դուրս եկել, մենք մի տարիքի ենք եւ նույն մտածելակերպով։ Անկախ Հայաստանից եկածներն այլ են։ Նրանց մտածելակերպն ուրիշ է՚,-համոզված է նա։

Կարեն Բաբայանի այս խոսքերը լիովին ապացուցում են նաեւ իմ անձնական տպավորությունը։ Այսօր Լիտվայում հասակ է առնում հայ երիտասարդների մի նոր սերունդ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են մի քանի լեզուների, հասկանում են իրենց դերակատարությունը սփյուռքում եւ լի են վճռականությամբ գործելու, միայն թե նրանց պետք է ոգեւորել եւ կազմակերպել, ու նաեւ գործունեության դաշտ ապահովել, մնացյալը նրանք կանեն։

՚Կռունկ՚ ամսագիր

՚Կռունկ՚ ամսագիր

Այսպես է մտածում նաեւ Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավորի օգնական, ՈՒտենա փոքրիկ քաղաքի 34 ամյա բնակչուհի Ռուզաննա Կատինենեն /Գրիգորյանը/, ում ծնողները Լիտվայում հաստատվել են 1981 թվականից՝ ադրբեջանական Կիրովաբադից տեղափոխվելով լիտվական Վիսագինաս։ Ինչպես նշում է Ռուզաննան ՙԿռունկ՚ բալթյան ամսագրին/Ռիգա/ տված հարցազրույցում, ամուսնացել է լիտովցի Օսվալդասի հետ, տեղափոխվել նրա հայրենի քաղաք եւ օգնել ամուսնու կուսակցությանը մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին։ ՙՄայրս տնային տնտեսուհի էր, հայրս՝ բանվոր, կապեր չեն ունեցել, բայց միշտ սովորեցրել են հավատալ միայն սեփական ուժերին։ Աշխատասիրությունն ու իմ նկատմամբ պահանջկոտությունը տվեց նման արդյունք՝ երկու բարձրագույն կրթություն, 13 ամյա փորձառություն մենեջմենթի, քաղաքականության ու ֆինանսների բնագավառներում։ Ինձ թվում է, իմ օրինակը կոգեշնչի Բալթիկայի հայերին, որպեսզի իրականացնեն իրենց երազանքներն ու ցանկությունները։ Մենք շատ հին, տաղանդավոր եւ աշխատասեր ազգ ենք։ Հարկավոր է միայն ցանկանալ, եւ ամեն ինչին կհասնենք մեր ուժերով՚,-համոզված է Ռուզանան։

Հակոբ Ասատրյան

Վիլնյուս-Պրահա

2014-2015

Լուսանկարները՝ Հ. Ասատրյանի, Լիտվայում ՀՀ դեսպանության եւ հայ համայնքի

 

Gulbenkian-LogoORER Armnew copy


Առնչվող նյութեր
1. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
2. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
3. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
5. Բալթյան հայերի միության հայտարարությունը
6. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
7. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
8. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
9. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը
10. «Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: