ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեւոն Իվանյան. Մի զբաղվեք անհայրենիք արվեստով

28 օգոստոսի, 2017 | 08:53

Հարցազրույց Նարեկացի արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանի  հետ

Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպես կներկայացնեք այսօրը՝ որտեղից  ուր եք հասել: Ի՞նչ կպատմեք Նարեկացի միության մասին

Անցած մասնագիտական ճանապարհս ճիշտ 47 տարի է: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ  պրոֆեսիոնալ թատրոններում ու մշակութային համակարգերում  մինչ օրս: Միանգամից եմ հայտնվել պրոֆեսիոնալ բեմում, թեև դպրոցում երբեք այդ մասին չեմ մտածել: Կյանքը միանգամից է ինձ տարել ու ես էլ շատ արագ եմ ինձ հանձնել ճակատագրի հոսքին:   Աշխատելը, մշակույթի մարդու համար,  գործնականում նշանակում է  տքնել օրը 24 ժամ կամ զուգահեռաբար աշխատել  4-5-6 կամ 7 տեղ: Ասածիս մեջ չափազանցում չկա –  շատ մասնագետներ կարող են  ծիծաղելով ասել, որ իրենք հասցնում են միաժամանակ աշխատել 7,8,9,10 տեղ: Սա անցանկալի օրինաչափություն է մշակույթի մարդկանց համար, ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ ներկայիս ավելի առևտրային հարաբերություններում:

Իսկ այն, թե որտեղից ուր եմ հասել՝ միապատասխան մոտեցում չունեմ, միայն գիտեմ, որ մասնագիտական խակ անգիտությոնից հասել եմ մասնագիտական բավականաչափ հասուն, բայց շատ  համեստ իմացությունների:  Ինչ վերաբերում է Նարեկացի արվեստի միությանը, ապա Երևանի և Շուշիի մշակութային կենտրոնների միջոցով մեկուկես տասնամյակ  շարունակ մշտահաստատուն  գործունեություն  ծավալելով  Հայաստանում և Արցախում,  միությունը դարձել է հայ մշակութային կյանքի ամենակտիվ գործող  համահայկական նշանակության անշփոթելի  կենտրոններից մեկը և շարունակում է իր  ավելի ընդարձակվող բեղմնավոր գործունեությունը հայ իրականության մեջ: Նարեկացի արվեստի  միության և կենտրոնների լինելության փաստը գնահատում եմ որպես ամենաթանկագին մի զարդ արդի հայ  մշակութի կյանքում: Ամեն երկիր չէ, որ ունի այսքան երկար գործող մշակութային մասնավոր կառույց: Եվ կուզեի «Նարեկացի» միությունը երբեք չշփոթվի մեկանգամյա  հովանավորչական ներդրումների հետ՝ մեկ անգամը, որքան էլ մեծ  ֆինանսական ներդրում լինի, երբեք երկար կյանք չի կարող ունենալ: Դժվարագույնը տասնամյակիներ շարունակ պահել-պահպանելն է ի հեճուկս աներևակայելի դժվարությունների, որի մասին գիտեն միայն մշակութային կառույցի հետ աշխատող մարդիկ: Միությունը շենքային զարգացման և ընդարձակման կարիք ունի, բայց մինչ այժմ գործադրած ջանքերը դեռ իրենց պտուղը չեն տվել:

Ձեր  բնորոշմամբ ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի  իսկական  արվեստագետը:

Բազում հատկությունների հետ միասին ես կնշեի երկու գլխավոր հիմք, որի վրա խարսխվում և ճյուղավորվում են մնացած բոլոր անթվարկելի որակները: Մեկը , մասնագիտական հիմքն է և մյուսը իր մարդկային հիմքը՝ մարդու աշխարհընկալումը, քաղաքացիականությունը, որը կարող է լինել հայրենասիրական կամ ոչ հայրենասիրական, զուտ օգուտ քաղող  կամ նվիրական: Ինձ համար խիստ որոշակի է արվեստագետի հայրենասիրական հիմքը: Այս տեսակետը շատ արվեստագետներ չեն կիսում կամ լրիվ հակառակն են ասում, թե դա կարևոր չէ: Երբ ասում եմ քաղաքացի, դա չի նշանակում, որ նա պետք է մասնակցի քաղաքական պայքարների, այլ իր մասնագիտական գործունեությամբ պետք է կարողանա մեծ նպաստ ու պատիվ բերել իր հայրենիքին: Գուցե այլ երկրներում «ազատ արվեստ» ասածը գրեթե պարտադիր պայման է, բայց մեր երկրում ես կարծում եմ, որ հայրենասեր լինելն է գրեթե պարտադիր պայման արվեստի մարդու համար: Ի վերջո այսպիսի բաղադրատոմսեր միևնույն է արվեստը չի ընդունում, այն մշտազարգացող է, մշտափոփոխ և հենց դրանում է իր բուն հմայքը:  Արվեստը ոչ մի բանաձևի չի ենթակվում, որքան էլ ամեն սերունդ փորձում է հարյուրավոր բանաձևեր ձևել արվեստի  ու արվեստագետի համար:

Ինչի՞ վրա է  բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ  որակ է ձևավորում այսօր ստեղծվող արվեստը  մեր երկրում: Արդյո՞ք  ներկայիս սերունդը լավ է ճանաչում մեր մշակույթի վաստակավոր գործիչներին։

Կան ընդհանուր քաղաքական և տնտեսական հարաբերություններ, որոնք թելադրող  կամ նույնիսկ պարտադրող նշանակություն ունեն և արվեստի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ այդպես էլ մնում են այդ պարտադրանքի կամ թելադրանքի տակ և կամ չեն կարողանում այդ ճնշման տակից դուրս գալ, կամ չեն ուզում դուրս գալ, քանի որ շատ ավելի ապահով, հարմար  ու տաքուկ է պարտադրված վրանը, քան բավականին անտեր ու անտիրական  ազատությունը: Հին պարտադրանքներից էր կոմունիստական գաղափարախոսությունը արվեստի բոլոր բնագավառներում։ Նոր պարտադրանքներից է փող աշխատելու մոլուցքը ամեն գնով, որի արդյունքում առավել զարգանում են ժամանցային «արվեստները» կամ այսպես կոչված շոու-բիզնեսը, քանի որ «դեմոկրատական» կոչված քաղաքական հարաբերություններին բնորոշ տնտեսակարգը շուկայական հարաբերություններն են և արդյունքում բոլոր տեսակի հարաբերությունները վերածվում են ուղղակի շուկայի՝ «բազարի»:

Ինչ վերաբերում է այսօրվա արվեստին, ապա ավելի շատ ստեղծվում է արվեստի ոլորտի շուկայական ապրանք, քան օրինակի համար դաստիարակչական, իմացական  կամ աշխարհաճանաչողական բնույթի ստեղծագործություն: Մշակույթ վաստակավոր գործիչը կոչում է, որ շատերն ունեն, իսկ վաստակաշատ գործիչը  նվիրումի տեսակ է, որը շատ անգամ ոչ մի կոչման էլ չի արժանանում: Այս միտքը ուղիղ համեմատական միտք չէ, բայց արվեստին բավականին բնորոշ է: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բոլոր կարգի գործիչները ավելի հայտնի են լինում հանրությանը, բայց շատ քչերն են ամրանում մարդու էության մեջ , քանզի հիշարժան լինելու համար շատ ծանրակշիռ վաստակ է պետք ունենալ՝ կոչումով, թե առանց կոչման,  դա արդեն միևույն է:

Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

 Մեր մշակույթով կարող ենք պարծենալ, մեր այսօրվա մշակույթով՝ ոչ այնքան: Իհարկե, միշտ էլ կատարվում են շքեղ ու հիացումի արժանի աշխատանքեր: Խոսքն այս դեպքում  մշակութաստեղծ գործունեության  «տեսակարար կշռի» մասին է, թե ո՞րն է ավելի գերակշռում՝ ժամանցային անցողիկ արվեստը, թե ազգային դիմագիծ ներկայացնող մշակութային նվաճումները, որը կարող է լինել բնույթով ոչ ազգային ստեղծագործություն, բայց հայ մարդու համաշխարհային դասական ստեղծագործության անզուգական կատարում, այնպես ինչպես գործում է մեր ժամանակներում ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Այսօր «ծանրակշիռ» արվեստի ներկայացուցիչները ցանկալի աստիճանից շատ ավելի քիչ են, իսկ «թեթև-ժամանցային» բիզնեսի ներկայացուցիչներն անցանկալի աստիճանի շատ: Հակառակ  ենք գործում և մեր մշակույթում գործող շատ տարածված գռեհիկ  ձևեր ու ոլորտներ, այնպես պետք է փակվի օտար աչքերից, որ հանկարծ դա չդիտարկվի որպես ազգային արվեստ: Բայց ինչպես ասվում է՝ ո՞վ է դատավորը: Խուժանը միշտ էլ նախահարձակ է, ավերող ու ոչնչացնող:

Մշակույթ հովանավորող գործարարը իր  ժամանցային հաճույքն է հետապնդում և չափազանց քիչ են այն հովանավորները, որ հովանի են կանգնում բարձրակարգ ազգային դեմք ներկայացնող արվեստին, որը երբեք չպետք է թողնել, որ որոշի սնուցող ֆինանսիստը, պետական ծառայողը կամ գործարար գովազդատուն: Հակառակ դեպքում իրենց հովանավորությունը օգուտ է տալիս իրենց գործին և մեծագույն վնաս է հասցնում հայ մշակույթին:

Ձեր կարծիքով ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր զարգացնելու մշակույթը Հայաստանում:

 – Ազգային մշակույթի զարգացման հայեցակարգի  ներդրում: Բարձրագոչ հայտարարություններից բացի, ոչ մի կարգի գործող լծակ չունենք ազգային արվեստի մշակվող պարտեզ հիմնելու համար:  Անընդհատ տանձի ծառից խնձորի պտուղ ենք ուզում: Համաշխարհային նվաճումներին պետք է մասնակից լինել անկասկած, բայց ուղղակի կապկել  աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, չի կարելի: Մենք մեզ հակառակ ենք գործում ու դարձել ենք «գումար չլինելու» մշտական գերին: Զազրելի է  դարձել արդեն այդ  ձևակերպումը:  Մի տեսակ չարչիական երկրի հոգեբանություն ենք ձեռք բերել:  Իբր այդպիսին ենք՝  դրա համար է այդպիսի վիճակ: Այնինչ եթե այսպես շարունակենք ավելի չարչի կդառնանք: Ոչինչ չի արվում այս ճահճից դուրս գալու համար և ամեն ինչ է արվում ճահճի մեջ խեղդվելու համար: Մշակույթը հիմա իր բաժին պատերազմն է ուզում: Այսպես անմշակույթ եթե շարունակվի, ապա բանակ ունենալն է դառնում ինքնանպատակ՝ անհասկանալի  է ինչն ենք պաշտպանում, եթե մեր ինքնությունն ու մեր լեզուն  չենք պաշտպանում: Բավական  է փոխենք մեր լեզուն, որ անիմաստ դառնա մեր երկիրը պաշտպանելը: Անհասկանալի կդառնա ի՞նչն ենք պաշտպանում և ումից:

Կա մի բան, որ չասել չեք կարող:

Այո: Ես վախենում եմ մենք կորցնենք մեր անկախությունը: Դրա հետ կկորցնենք մեր բոլոր հին ու նոր նվաճումները: Վախենում եմ, որովհետև շուկայական հարաբերությունները երկիրը լրիվ վերածել են «բազարի» – շուկայից մինչև իշխանության բոլոր շերտերը, որտեղ ուղղակի վխտում են անհայրենիք  չարչիները, քաղքենիները  ու դրամը հայրենիք դարձրած բիզնեսմեն կոչվածներն ու «ազդեցիկ» պաշտոնյաները: Սա կործանարար կապիտալիզմն է՝ դրամատիրությունը , որը շուտով կքանդի մեր տունը և ես չեմ տեսնում, թե ով կամ ինչ կառույց կարող է դիմագրավել այս չարիքին:  Արդյունքում մեր «հայ» կոչված գոյությունը դարձյալ «կերաշխավորվի» հյուսիսային կամ արևմտյան որևէ «մեծ եղբոր»  ստրկացնող հովանավորությամբ:

Ի՞նչ հասարակական պահանջ է դրված արվեստագետի առջև։

Տարբեր հասարակարգերում պահանջները  արվեստագետներից տարբեր են՝ երբեմն իրարամերժ:  Շատ տարբեր են ֆաշիստական Գերմանիայի, կոմունիստական Խորհրդային երկրի, ժողովրդավարական հանրապետությունների և թագավորական միապետությունների արվեստագեներին  ներկայացվող պահանջները: Բնականաբար հայ արվեստագետին ներկայացվող պահանջը պետք է հստակեցվի կամ պետության կողմից,  եթե իհարկե ունի հստակ պետական մշակութային քաղաքականություն, կամ  հանդես գա իբր որպես այսպես կոչված «ազատ արվեստագետ», որ ավելի հաճախ ապաշնորհ  կամայականության արտահայտություն է , քան  բազմաշնորհ իրական ազատություն,  և կամ արվեստագետը ելնելով իր մասնագիտական և քաղաքացիական խղճից ինքն է որոշում ինչ մատուցել իր երկրին, տվյալ ժամանակում, որպես կանոն մենակ մնալով և արժանապատվորեն հրաժարվելով կախյալ օգնություններից, որից խիստ որոշակի տուժում է իր արդեն թվացյալ դարձող օգնությունը իր ժողովրդին:

Արվեստագետն իր երկրի և իր ժամանակի տեսանելի խիղճն է  և շատ կարևոր է, որ այդ խիղճը այնքան խեղճ չլինի, որքան մեր արվեստագետները:

Իսկ ի՞նչն  է տարանջատում մեր այսօրվա արվեստագետներին։

Տարանջատել արտահայտությունը լավ չհասկացա թե ում ումից է տարանջատում: Թերևս միգուցե իրարից: Այդ դեպքում շատ ավելի լավ է խոսել հակառակի անհրաժեշտությունից՝ միասնականությունից, որը ավելի դժվար իրագործելի երևույթ է հայ իրականության մեջ , քան տարանջատումը, որն այսպես թե այնպես այնքան շատ կա, որ դրան ուշադրություն դարձնելու կարիք էլ չկա: Տարանջատում է – «ամեն մեկն ինքն իր գլխի ճարը տեսնելու»  շուկայական հարաբերությոնից բխող և խիստ տարածված ապրելակերպը: Տարանջատելու մասին պետք է խոսել միայն այն բանի համար, որ  ոչ այնքան հասկանանք թե ինչն է բաժանում, այլ ավելի շատ հասկանանք , թե ինչը կարող է միավորել մեր արվեստագեներին իրար: Անջատող հանգամանքները շատ են, իսկ միավորող գրեթե չկա:

Իսկ որքա՞ն հաճախ եք հանդես գալիս միջոցառումներով ու դրանք ինչպիսի՞ բնույթ են կրում։

Նարեկացի արվեստի միության ընդհանուր ժողովում հաստատված է շաբաթական 4  ձեռնարկ՝ համերգի, ցուցահանդեսի, շնորհանդեսի, ֆիլմերի, դասախոսությունների,  հանդիպումների կամ հատուկ մշակութային նվիրումների տեսքով:  Դրանից զատ միշտ առիթ ենք ունենում իրականացնելու հավելյալ նախաձեռնություններ ցերեկային ժամերին, շաբաթ կամ կիրակի օրերին: Օրեր կան, որոնք հատկացված են փորձերին և օրեր, որ համերգային են կամ որևէ այլ կարգի միջոցառումների համար: Ամիս է լինում, որ ունենում ենք մինչև 40 տարբեր ձեռնարկներ, իսկ հիմնական ընդգրկող թվերը 18-25  միջակայքն է:

Ինչպե՞ս եք կատարում ձեր միջոցառումների մասնակիցների ընտրությունը :

Այժմ գործում է երկու հիմնական կարգ «Նարեկացի» հարթակ և «Նարեկացին» ներկայացնում է: Հարթակը տրամադրում ենք տարբեր արվեստագետների ծրագրերին, իսկ «Նարեկացին» ներկայացնում է իր նախաձեռնած ծրագրերը՝ հատուկ  մեզ մոտ հրավիրելով  ազգային և հոգևոր ճանաչելի արժեքներ ստեղծող արվեստագետներին: Բոլոր նախաձեռնությունները Նարեկացի արվեստի միությույնում իրականացվում է անվճար հիմունքներով: ՆԱՄ-ում ոչ մի տեսակի փող չի շրջանառվում, բացի հովանավորչական միակողմանի ներարկվող գումարից:

 

-Ո՞վքեր են Ձեր միջոցառումների հիմնական այցելուները։

 – Նախ համերգի կազմակերպական հարցերի մեջ մեծ տեղ է գրավում հանդիսատեսին ներգրավելու խնդիրը: Արդեն նախաձեռնող կողմը մեծամասամբ ապահովում է իր հանդիսականին: Մանավանդ, որ Նարեկացի արվեստի միությունը  մշտապես ազատ մուտք ունի և հրավիրյալ հանդիսականները կարող են լինել որքան մարդ որ կուզենա մասնակցել համերգին: Շատ ակտիվ է գործում www.naregatsi.org  կայքը, Նարկացի արվեստի միության ֆեյսբուքյան էջը և Naregatsi Art Institute  yuotube-յան էջը: Հանդիականների մի ստվար կազմ գրեթե միշտ ներկա է մեր բազմաթիվ միջոցառումներին: Նախաձռնությունների մեծ մասը անցնում է լեփ լեցուն դահլիճներում: Շատերի համար Նարեկացի արվեստի միությունը դարձել իրենց ամենասիրված մշակութային կենտրոնը, որտեղ միշտ իրականանում են բարձրակարգ և մատչելի մշակութային նախաձեռնություններ:

-Ո՞վքեր են հանդիսանում Ձեր ծրագրերի հիմնական կազմակերպիչներն ու օժանդակողները։

Առաջին հերթին կնշեի այսօրվա չափանիշերով ամենակարևոր բառը՝ ֆինանսավորումը, որը միանձնյա իրականացնում է  ՆԱՄ հիմնադիր և նախագահ Նարեկ Հարությունյանը և հետո  կնշեի մյուս օղակները ՝  կազմակերպիչներին և գրեթե ոչ մի օժանդակող: Կողմնակի աջակցություն և օժանդակություններ լինում են, բայց դրանք այնպիսի ծավալ չեն կազմում, որպեսզի օժանդակողների կամ աջակիցների ցանկ կազմենք: Խիստ հազվադեպ են  դրանք:  Ավելի հաճախ են  «Նարեկացի»  2  կենտրոններից  զատ նաև այլ  ծրագրերի և անհատների  օժանդակելու  Նարեկի կողմից արվող աջակցությունները:  Ամեն ինչ կառավարում է Նարեկ Հարությունյանը՝  ֆինանսական և կազմակերպական բոլոր խնդիրներով հանդերձ:

Արդյոք այսօրվա արվեստագետները գնահատվում կամ խրախուսվում են պետության կողմից։

Չեմ ուզում պարզունակ այո կամ ոչ ասել:  Եղած համակարգի չափով ընտրյալները խրախուսվում եմ, անտեսվածները՝ անտեսվում: Հարցը ամենևին դա չէ, այլ ընդհանուր դրվածքի խնդիր է: Շոու-բիզնես ասածը կամ ժամանացային արվեստը , որն իր ստեղծագործական բնույթով ավելի ցածրակարգ երևույթ է , մեզանում ավելի ճանաչելի է և նրանց ներկայացուցիչները հայտնվում են այսպես կոչված ընտրյալների ցանկում, պրոֆեսիոնալ բեմեր, հեռուստատեսություն, հարսանիքներ, ռեստորաններ և այլ ժամանցային նախաձեռնություններ. Օրինակ՝  ստրիպտիզի «արվեստի» նման,  որ տվյալ պահի «հաճույք» է  պարգևում , արդյունքում նրանք ավելի շատ են  ճանաչվում  և ավելի մեծ հարգանք են վայելում , քան ասենք ակադեմիական արվեստի ներկայացուցիչները, որոնք շատ ծանր աշխատանք են անում մասնագիտական բարձր կարգ պահելու համար, բայց «շուկայական ապրանք» չեն, ծախու չեն և պետական կառավարական համերգներում չեն դիմում այսպես կոչված «աստղիկներին», այլ պահանջ է ներկայացվում, որ բեմում լինեն միջազգային կարգ ներկայացնող արտիստներ, որոնցից ոչ մեկին չեք գտնի հայ աստղ կոչվածների ամբողջ հսկայական ցանկի մեջ: Եկեք ավարտենք այս թեման: Կարծում եմ իմ դիրքորոշումը պարզ է:

Ո՞րն է արվեստագետի տեղը հասարակության մեջ։

Հըմմմ: Ո՞ր հասարակության: Մե՞ր: Շուկայական հարաբերություններում արվեստագետի տեղը շուկայում է, ճիշտ այնքան, որքան հաջողություն կունենա նա շուկայում՝ ասենք արվեստի շուկայում: Մեր հասարակությունը անարվեստ հասարակություն է և արվեստագետը գործնականում տեղ չունի այնտեղ: Արվեստագետները ժամանցային արվեստի արտիստներին  արվեստագետ չեն հարմարում: Ես չգիտեմ դուք ում նկատի ունեք արվեստագետ ասելով: Եթե շոու բիզնեսի աստղերին, ապա ներողություն, դուք՝ միգուցե, ես ՝ չէ: Ամեն դեպքում արվեստագետի ամենավատ դերը հասարակության մեջ այդ նույն հանրությանը «հաճույք» պատճառելն է թեկուզև թանկ գումարի դիմաց, իսկ լավագույն դերը այդ նույն հանրության համար անհասանելի բարձրություն լինելն է զուտ այն պարզ պատճառով, որ բաձրակարգ արվեստագետ լինելը ծանրագույն տքնանքի արդյունք է և ամեն մի ժամանցային փսլնքոտ չի կարող  համարվել արվեստագետ, եթե կա այնպիսի մի երկիր, որտեղ արվեստագետին փողով չեն չափում, այլ դիրքով ու իր բարձրակարգ արվեստով, որին վճարելու կարողությունը միայն պետությունը կարող է ունենալ և ոչ թե արվեստի համար միշտ ժլատ մասնավոր անձը:

 – Ո՞րն է Ձեր խոսքը՝ ուղղված մեր սկսնակ արվեստագետներին ու երիտասարդներին։

– Մի զբաղվեք անհայրենիք արվեստով: Ոչ մեկին դա պետք չի:

Զրույցը վարեց Գարիկ Ավետիսյանը

Տեղեկանք. «Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է բարերար Նարեկ Հարությունյանի կողմից և իր գործունեությունն է ծավալում 2000 թվականից: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին:
2004 թվականին միությունն իր դռներն է բացել Երևանում և 2006 թվականին՝ Շուշիում:
ՆԱՄ-ում բոլոր միջոցառումները կազմակերպվում են միության կողմից բացառապես անվճար հիմունքներով բոլոր այն մարդկանց համար, ովքեր դիմում են ՆԱՄ, համապատասխանում են միության որդեգրած սկզբունքներին ու չափանիշներին և ունեն ստեղծագործական ծրագիր, արժեք ներկայացնող ձեռնարկ կամ ցուցադրման ենթակա աշխատանքներ:
Իր գործունեության ընթացքում ՆԱՄ-ը կազմակերպել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հատուկ նախագծեր, ամեն տարի իրականացնում է 300-ից ավելի համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ և այլն, լույս է ընծայել բազմաթիվ արժեքավոր հրատարակություններ, համագործակցում է հայ և օտարերկրացի շատ ստեղծագործողների, ինչպես նաև դեսպանատների հետ:
«Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում գործում են «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը, մանուկների «Նովա» անսամբլը, «Նժդեհ» ազգագրական երգի, պարի խումբը և Սևան Նագաշյանի անվան նկարչական դասարանը: Շուշիի կրթօջախ-կենտրոնում իրականացվում են տարբեր ուսուցողական ծրագրեր` կիթառի (հեղինակային երգ), գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, ասեղնագործության, լուսանկարչության, թատերական, պարի, հեքիաթասածի, ասմունքի, երգի, անգլերենի, արտթերապիայի մշտական դասընթացներ, ինչպես նաև բազմաբնույթ միջոցառումներ:
ՆԱՄ-ի հատուկ ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, տաղանդավոր երեխաները, մարզերի երիտասարդ արվեստագետները:
Բոլոր միջոցառումների մուտքը միշտ ազատ է:

 


Առնչվող նյութեր
1. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
2. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
3. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
4. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում
5. Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը ներկայացվեց Մոսկվայի Մեծ թատրոնում
6. Մշակույթի օրենք է պետք, որ լավն ու վատը չորոշվի մեկի ճաշակով. հանդիպում-քննարկում
7. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
8. «Ոսկե ծիրանը» մշակութային մեր ամենամեծ գանձն է, որն արժանի է ունենալու պետության ամուր աջակցությունը. Արսինե Խանջյան
9. Մեդինսկին Երեւանում կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: