ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է ՆԱԵՎ. ,,ԱԶԳ,,

20 հոկտեմբերի, 2017 | 10:56

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք, ԱԶԳ

Ժամանակը, որի խտացող մշուշը լավատեսության նշույլ չէր թողնում բարերար Լեւոն Հայրապետյանի ճակատագրով մտահոգ մարդկանց համար, դառնում էր անհուսալի երկար եւ տագնապալի: Կդիմանա՞ արդյոք այս տարվա ձմռանը: Այս անհանգստությամբ էի ամռանը Երեւանում զրուցում ազգանվեր բարերարի կրտսեր դստերՙ Զարուհի Հայրապետյանի հետ: Գուցե Նյու Յորքում էլի՞ ցույց կազմակերպենք հարցիս պատասխանեցՙ պետք չէ, հույս կա որ առաջիկայում ինչ-որ լավ բան կլինի… Խաղաղվեցինք, զինված այդ մի կաթիլ «լավ բանի» սպասումով, այս էլ որերորդ անգամ: Սեպտեմբերին Մորդովայի մարզային դատարանի նիստում իջեցրած դատավորի մուրճը գիլյոտինի զարկին համազոր նշանակություն ունեցավ: Առողջական պատճառներով Սարանսկի մերձակա կալանավայրում իր «պատիժը» կրող 68 ամյա հայ բարերարին ժամկետից շուտ ազատ արձակելու մասին միջնորդությունը հերթական անգամ մերժվեց:

Երեք տարի առաջ Մոսկվայի օդանավակայանում հայտնի գործարար, բարերար, հայ ազգի նվիրյալ Լեւոն Հայրապետյանի անսպասելի ձեռբակալությունը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց Սփյուռքում: Այդ օրերին Նյու Յորքի հայկական համայնքը ակտիվ մասնակցություն ունեցավ ծավալված «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» շարժմանը: Երկու անգամ հայ ազգային գործչին ազատելու պահանջով բողոքի ցույց կազմակերպվեց Նյու Յորքում ՌԴ հյուպատոսարանի առջեւ: Այս տարի գաղափար կար դրամահավաք կազմակերպել եւ Ստեփանակերտում ստեղծել Արցախի մեկենասների պատվո արահետ, ուր տեղադրվող առաջին աստղը կրելու էր Լեւոն Հայրապետյանի անունը:

Լեւոն Հայրապետյանի կյանքի ավարտի այսպիսի ոդիսականը միանգամայն սպասելի էր: Այն տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների ակտիվ լռության, նրա ճակատագրի նկատմամբ ցուցաբերած միտումնավոր անձեռներեցության արդյունքում: Ռուսական բանտից Արցախի թիվ մեկ բարերարի արտահանձնման խնդիրը այդպես էլ չդարձավ քաղաքական պատվի հարց ՀՀ իշխող վերնախավի համար, որի առաջին դեմքի հետ ծանոթ-ճանաչ, նույն հող ու ջրի մարդիկ են եղել: Դա կլիներ նախագահ Սերժ Սարգսյանի հակաքայլը գլխահատ Սաֆարովի ալիեւյան գործարքի հանդեպ, ինչը միայն հարգանքի ու երախտագիտության զգացում կառաջացներ:

Այժմ ավելորդ է անդրադառնալ «Բաշնեֆտ» – «Սիստեմա» գործարքի խառը պատմությանը, դրանում Լեւոն Հայրապետյանի հանցակցության աստիճանին, հետոՙ ցմահ ազատազրկված, մարդասպան – ահաբեկիչ Իգոր Իզմեստեւի մոր ցուցմունքին, ինչի հետեւանքով 68 ամյա հիվանդ բարերարի կյանքի համար անհամատեղելի բանտային կեցությունը երկարաձգվեց եւս 4 տարով: Համաձայն ռուսական առցանց մի հրապարակման, կալանքի այդ ժամկետի ավարտից հետո նրա դեմ նախապատրաստված էր եւս մեկ ցուցմունք…

Իր ղեկավարած «Սոբեսեդնիկ» ամսագիրը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին Մորդովայի Գերագույն դատարանում նշանակված էր վատառողջ Լեւոն Հայրապետյանին կալանքի մեջ պահելու «Զուբովո-Պոլյանսկի» մարզային դատարանի կայացրած վճռի բողոքարկումը, սակայն առավոտյան Լեւոն Հայրապետյանի փաստաբան Խալիմ Մեշչերովինդատավորը հայտնել է, որ իր պաշտպանյալը բանտում վախճանվել է: «Ինձ համար դա մեծ հարված էր, ես չորս անգամ միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի գլխուղեղի, սրտի բազմաթիվ կաթվածներ տարած, շաքարախտով, քաղցկեղով տառապող Լեւոն Գուրգենիչին ստացիոնար բուժում տրամադրեն: Օրենքն առհասարակ ազատում է բանտից մահացու հիվանդությամբ տառապողին, բայց չգիտես ինչու դատարանը միայն հաշվի էր առնում իմ պաշտպանյալի դեմ ուղղված փաստարկները եւ անընդհատ մերժում էր հայցը: Դա նման էր պատվերի, որով նրան ոչ մի դեպքում հնարավոր չէր ազատել», հայտնել է Լեւոն Հայրապետյանի փաստաբանը:

Այն տոնը, որով պաշտոնական Երեւանն արձագանքեց մեծ բարերարի վախճանի բոթին, կասկած չի թողնում նրա փաստաբանի նշած վարկածի ճշմարտացիության վերաբերյալ: Հայրապետյանի ընտանիքին ցավակցական խոսք ուղղվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակի միջոցով:

Հ1 հանրային եւ Արմենիա հեռուստաընկերություններն իրենց լուրերում նրա վախճանն իրազեկեցին հպանցիկՙ չորրորդային նշանակության լուրերի շարքում:

Արցախում իր կյանքի կոչած համարձակ, ոչ ստանդարտ նախագծերով նա ապացուցեց, որ միայն մեկ բարերարի նվիրված աշխատանքով շատ բան է հնարավոր փոխել: Նա հրաժարվեց իր ստացած «Երախտագիտություն» մեդալից եւ վերադարձրեց այն արցախյան կառավարությանը Մարտակերտում իր բիզնես – ծրագրերի նկատմամբ հարուցված խոչընդոտների պատճառով, ինչը համաձայն իր տված հարցազրույցի, առաջացել էր ընտրություններում Արկադի Ղուկասյանին չհովանավորելու հետեւանքով: Շատերի կարծիքով 2014-ին, իր ձերբակալությունից ամիսներ առաջ տարածված մի տեսանյութ կարմիր գիծը հատելու էֆեկտ է ունեցել, ուր նա հանդես է եկել ՀՀ նախագահին ուղղված քննադատությամբ, նշելով Հայաստանում արտագաղթի ահագնացող փաստը:

Ցավոք, եղավ այն, ինչ եղավ… Իսկ գալո՞ւ է այն օրը, երբ փողերի լվացման, խարդախության, կոռուպցիոն բացահայտումների հետամուտ ձեռքը կհասնի նաեւ մեր երկրին: Այդ մասին գուցե Եվրոխորհրդարանում ադրբեջանական «լվացքատան» եւ նրանց պատվիրակների ահ ու սարսափ հանդիսացող Նաիրա Զոհրաբյանն ու իր ԱԺ գործընկերներն ասեն: Ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չի գործադրվում Հայաստանի ներքին «լվացքատան» բացահայտումների հարցում:

Աղբյուր՝ ԱԶԳ


Առնչվող նյութեր
1. Հրաժեշտ Լեւոն Հայրապետյանին. հոգեհանգստյան պատարագ Գանձասարում, սգո երթ՝ Ստեփանակերտում
2. Եվրոպայի Հայերի Համագումարը Լեւոն Հայրապետյանին համարում է Ռուսաստանյան անարդար արդարադատության եւ հայկական էլիտայի ու իշխանությունների անտարբերության զոհը
3. Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյան
4. Ռուսաստանյան բանտում մահացել է Լևոն Հայրապետյանը
5. Լևոն Հայրապետյանի ազատազրկման վճիռը բողոքարկվելու է
6. «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմն անցած 2 օրում ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում (տեսանյութ)
7. Բողոքի ցույց Նյու Յորքում ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի
8. Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: