ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը

21 մայիսի, 2018 | 14:57

Մայիսի 19-ին Վարշավայի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեհաստանի հայերի երրորդ համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, Լեհաստանում ՀՀ դեսպանության, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի կողմից։

Համաժողովի աշխատանքները մեկնարկեցին Լեհաստանի և Հայաստանի պետական օրհներգներով, որից հետո հրապարակվեցին ԼՀ Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու և ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձները։ ԼՀ Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկու անունից ելույթով հանդես է եկել ԼՀ Սեյմի պատգամավոր, Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակը։

Համաժողովի բացման արարողությանը ողջույնի ելույթներով հանդես եկան նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը։ Դեսպան Ղազարյանը, մասնավորապես, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք գործակցության, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին Լեհաստանի հայ համայնքի մասնակցության, Հայոց Ցեղասպանության և Արցախյան հիմնախնդրի լուսաբանման և տարածման խնդիրներին: Միջոցառման շրջանակներում կայացան մի շարք թեմատիկ քննարկումներ:

Համաժողովի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի մի շարք գործիչներ պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության մեդալներով և պատվոգրերով:

Լեհաստանի հայերի երրորդ համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Չեխիայում լույս տեսնող հայկական հեղինակավոր «ՕՐԵՐ» ամսագրի Լեհաստանի հայ համայնքին նվիրված հատուկ թողարկման շնորհանդեսը։

Ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց 1999 թվականից Պրահայում հրատարակվող հայերեն պարբերականի գործունեությանը,  մասնավորապես կանգ առնելով  ,,Եվրոպայի հայերը. պատմությունը, ներկան եւ ապագան» նախագծի իրականացման վրա։ Արդեն իսկ հատուկ թողարկումներով լույս են տեսել Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Դանիայի, Նորվեգիայի, Չեխիայի, Ավստրիայի, Սլովակիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի  եւ Բելգիայի հայկական համայնքներին նվիրված համարները։

Ներկայացնելով լեհահայությանը նվիրված հատուկ համարը, Հակոբ Ասատրյանը նշեց, որ որ անդրադարձ է կատարվել ոչ միայն պատմական ժառանգությանը, այլեւ ներկայումս Լեհաստանի տարածքում գործող կաթոլիկ եւ առաքելական եկեղեցիների գործունեությանը, հայ-լեհական հարաբերություններին,  հայահոծ քաղաքներում գործող հայկական կազմակերպությունների ու դպրոցների աշխատանքին, հայկական ծագումով հայտնի լեհերին, եւ իրենց գործունեությամբ աչքի ընկած լեհահայ արվեստի ու մշակույթի  գործիչներին։ ՕՐԵՐ-ի հատուկ համարում զրույցների միջոցով ներկայացվել են 60-ից ավելի լեհահայեր, այդ թվում` շնորհալի երիտասարդները եւ նրանց գործունեությունը։

ՕՐԵՐ-ի խմբագիրն ընդգծեց, որ ժամանակն է, որպեսզի ոչ միայն լեհահայությունը, այլեւ եվրոպահայության այլ համանյքների ներկայացուցիչներ բաժանորդագրվեն եւ ստանան ամսագիրը, որն ըստ էության եվրոպահայության հայելին է եւ ներկա ժամանակների վավերագրողը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
4. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
5. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
6. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
7. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
8. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
9. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
10. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: