ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեզվի պետական տեսչության համար պետք է նախևառաջ վերականգնել գործադիրի գործառույթը

Հարցազրույց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ
30 ապրիլի, 2016 | 19:25

Sergo Yeritsyan-Մինչ օրս լեզվի պետական տեսչությունը միայն Լեզվի մասին ՀՀ օրենքի խախտումներն արձանագրողի դերում է՝ լինելով պետության լեզվական խնդիրներով զբաղվող միակ պետական կառույցը: Շատ է բարձրաձայնվել տեսչության լիազորություններն ընդլայնելու և կառույցին առկա խնդիրները համապատասխան քաղաքականության մշակմամբ և իրագործմամբ կանոնակարգելու գործառույթ տրամադրելու մասին, և միայն օրերս կրթության և գիտության նախարարությունում այդ թեմայով քննարկումներ եղան: Կարելի՞ է ասել, որ սառույցը կարծես թե տեղից շարժվում է, և շուտով տեսչությունը կկարողանա ավելի մեծ դերակատարում ունենալ երկրի լեզվաքաղաքական խնդիրները կարգավորելու հարցում:

-Նման քննարկումներ շատ են եղել, ցավոք՝ անարդյունք, բայց, կարծում եմ, այս մեկն ավելի առարկայական էր և հասցեական, քանի որ խնդիրները փոխկապակցված կերպով էին դիտարկվում: Ես հույս ունեմ, որ վերջնականապես այդ խնդիրը կլուծվի:
Իրոք, մենք այսօր գոյություն ունենք՝ որպես տեսչական, հսկողական մարմին, որ հսկում է լեզվի հնարավոր խախտումները: Բայց լեզվաքաղաքականությամբ զբաղվող պետական կառույցի առաքելությունը միայն հսկողություն իրականացնելը չպետք է լինի: Տեսչական մոտեցումներով կարող ենք որոշակի ֆիքսված իրողություններ պարզել՝ հայերեն է, հայերեն չէ, հայերենը ճի՞շտ է կիրառված, թե սխալ, բայց լեզվի պաշտպանության, անաղարտության խնդիրները չենք կարող այս մեխանիզմով լուծել: Մեզ պետք է տրվի գործադիրի գործառույթ, և լեզվի պետական տեսչությունը պետք է լինի ոչ այնքան պատժող և տուգանքներ կիրառող, որքան ուղղորդող, խորհուրդներ տվող, շտկումներ կատարող, սատարող կառույց: Եվ միայն այդ մեխանիզմները կիրառելուց և արդյունքների չհասնելուց հետո նոր կարելի է անցնել պատասխանատվության մեխանիզմին:
Մենք հեծանիվ չենք հայտնագործելու: Նման մարմիններ կան տարբեր երկրներում: Ես կարող եմ օրինակ բերել Մերձբալթյան հանրապետությունների, Լեհաստանի փորձը: Այդ երկրները մինչև տուգանքի են հասնում, առնվազն մեկ անգամ նախազգուշացում են կիրառում օրենք խախտած ընկերության կամ տնտեսավարողի նկատմամբ: Երկրորդ անգամ նույն խախտումը թույլ տալու դեպքում կիրառվում է առաջին տուգանքի մեխանիզմը, որից հետո եթե շտկումներ չեն կատարվում, կիրառվում է երկրորդ տուգանքի մեխանիզմը:
Իսկ մենք վերցնում ենք կացինը և ուզում միանգամից ծառը կտրել: Մինչդեռ նախքան ծառը կտրելը հարկավոր է ստուգել այն չո՞ր է, թե ոչ, ինչպե՞ս կարելի է նրան կյանք տալ, սնել, զարգացումն ապահովել: Եթե համոզվենք, որ այդ ամենը դատապարտված է, և որևէ խնդիր չի լուծվում, նոր վերցնենք կացինը և կտրենք:

Տեսչության աշխատակիցներն այսօր դատարաններից տուն չեն գալիս, քանի որ մեզանում օրենքն այնպես է պարտադրում, որ տեսչությունը տնտեսվարող սուբյեկտների հետ խոսի դատարանների միջոցով: Բայց քաղաքակիրթ աշխարհում այդպես չէ: Այս համակարգը վաղուց հնացել է և այլևս արդյունավետ ու նպատակահարմար չէ: Երկխոսությունը պետք է լինի տեսչության և տնտեսվարող սուբյեկտի միջև՝ նախազգուշացման և այլ մեխանիզմներ գործի դնելու միջոցով:Դրանից հետո միայն կարելի է հասնել դատուդատաստանի:
– Քննարկումների ժամանակ ի՞նչ առաջարկություններ եղան, տեսչության գործունեությունն առավել արդարացված դարձնելու համար ի վերջո ո՞րն է ամենաարդյունավետ ձևաչափը:
-Եկանք այն անհրաժեշտ եզրահանգմանը, որ Լեզվի պետական տեսչության համար պարտավոր ենք նախևառաջ վերականգնել գործադիրի գործառույթը, որպեսզի կառույցն իրավասություն ունենա լեզվաքաղաքականության պետական ծրագիրը կյանքի կոչել: Իհարկե, այդ դեպքում արդեն անհրաժեշտ կլինի փոխել դրա գոյության ձևաչափը: Այդ մասով տարբեր առաջարկներ եղան: Հիմնականում լեզվի պետական կոմիտեի ձևաչափին էին հակված: Միևնույն ժամանակ առաջարկվեց նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ հիմնել, որը կզբաղվի լեզվի կանոնակարգման, լեզվաշինության խնդիրներով: Այսինքն որպես լեզվաքաղաքականություն իրականացնող պետական կառույց՝ կոմիտեն տարբեր համագործակցող մարմիններ օղակներից պետք է բաղկացած լինի, և դրանց համատեղ գործունեության արդյունքում հնարավոր կլինի հարցեր լուծել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այս գիտակցումն ունի, ինչը ես ողջունում եմ: Նախարարը կարևորել է, որ հատկապես լեզվաքաղաքականության ոլորտում սահմանադիր մարմին պետք է լինի: Նրա առաջարկով պետք է լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել Հայրենի բարձրագույն խորհուրդ՝ որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով՝ կդառնան լեզվի սահմանադիր մարմին:
Հենց նա է արձանագրել, որ եթե մենք այս մարմինների փոխկապակցված գործունեությունը չապահովենք, ապա կունենանք այն, ինչ կա վերջին 10 տարիների ընթացքում:
-Դատելով Հայաստանում առկա լեզվաքաղաքական իրավիճակից՝ որքանո՞վ է կարևոր ընդլայնված լիազորություններով և գործառույթներով լեզվի պետական կառույցի գոյությունը:
– Լեզվի ասպարեզում առկա խնդիրները մեզանում բազմաթիվ են և բոլոր ասպարեզներում՝ կրթականից սկսած մինչև առողջապահական, մշակութային, բիզնեսի, համացանցի և այլ ոլորտներ: Խնդիրը միայն հայերեն կամ հայատառ գրել-չգրելը չէ, այլև ճիշտ լեզվամտածողություն ապահովելը, հայահունչ հայերենով խոսքի պահպանումը, լեզուն օտարամուտ բառերի հարձակումներից զերծ պահելը, լեզվական ճիշտ քարոզչություն իրականացնելը, բարբառների, արևմտահայերենի պահպանումը, սփյուռքի հետ համագործակցությունը և այլն և այլն: Այս բոլոր հարցերում մեզ մոտ բարձիթողի վիճակ է: Այսօր կանգնել ենք այն խնդրի առջև, որ պետությանն անհրաժեշտ է լեզվաքաղաքականության պետական ծրագիր մշակել և իրականացնել առաջիկա 5-10 տարիների համար, ինչը թույլ կտա ոլորտում առկա դժվարությունները մեծ մասամբ հաղթահարել:
-Այսինքն մենք այսօր անգամ լեզվաքաղաքականության պետական ծրագիր չունե՞նք:
-Նման մի ծրագիր մենք ունեցել ենք 2002-2005թթ. համար, այն էլ ծրագիրը հնարավոր չեղավ ամբողջությամբ կյանքի կոչել: Այսօր այդպիսի ծրագիր չկա, հետևաբար մենք լեզվաքաղաքական որևէ ռազմավարություն չունենք: Արդյունքում լեզվին առնչվող օրենսդրական փաթեթների, փոփոխությունների նախագծերի քննարկումներն ու դրանք ընդունելու հարցը մի տարուց մյուսն է հետաձգվում: Այդ ընթացքում միայն կարողանում ենք փոքր խնդիրներ լուծել և բավարավում ենք այս բանով, որ գոնե ինչ-որ դրական տեղաշարժ եղավ, այս կամ այն հարցին ուշադրություն դարձվեց: Բայց դա ընդամենը կաթիլ է ծովում: Մինչդեռ լեզվի նկատմամբ ամենաշատը պետք է ուշադրություն լինի, քանի որ չկա կյանքի ոլորտ, որը փոխկապակցված չլինի լեզվի հետ:
Եթե այսպես շարունակենք վերաբերվել մեր երկրի լեզվաքաղաքականութանը, կգա այն օրը, երբ փողոցային լեզուն ամենուր կհաղթի: Արդեն իսկ հեռուստաեթերը ողողված է բավականին ցածր մշակույթ ունեցող, պարզունակ, լեզվական խճողումներով լի լեզվական ատաղձով: Եթե հետևողական չլինենք՝ լուրջ մարտահրավերների առաջ կկանգնենք մեր լեզվական մշակույթի ոլորտում:
-Ո՞վ պետք է զբաղվի լեզվաքաղաքականության պետական ծրագրի մշակմամբ և իրագործմամբ: Դա տեսչությա՞ն պարտավորությունն է արդյոք:
-Ոչ միայն տեսչության: Դա մեր կառույցի, ինչպես նաև կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումների գործառույթն է: Տեսչությունն արդեն աշխատում է լեզվաքաղաքականության պետական նոր ծրագրի փաստաթղթերի և նյութերի մշակման, ստեղծման ուղղությամբ: Ծրագրով պետք է հստակեցնել, թե առաջիկա առնվազն հինգ տարվա համար ոլորտում առկա ո՞ր խնդիրները պետք է լուծվեն, և այդ լուծման ճանապարհները նախանշվեն:
-Բոլոր քննարկված հարցերը, թե՛ տեսչութանը գործադիրի լիազորություներ տալու և թե՛ լեզվաքաղաքական պետական ծրագիր ստեղծելու ուղղությամբ, ի՞նչ շարունակություն են ունենալու: Ակնկալե՞նք, որ արդեն գործնական քայլեր կկիրառվեն դրանց իրագործման համար:
-Այս ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ քննարկումների և որոշ հարցեր հստակեցնելու, վերջնական ճշգրտումներ անելու անհրաժեշտություն կա: Դրանից հետո ԿԳ նախարարը կփորձի գոյութուն ունեցող աշխատանքային կարգի համաձայն Կառավարության հետ աշխատել և Կառավարության ներկայացուցիչներին փոխհամաձայնության դաշտ բերել:

 
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

՚Հայոց աշխարհ՚


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
3. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
4. Չինական դասական պոեզիայի հարստությունը
5. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
6. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
7. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
8. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
9. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
10. Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: