ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լեզվի կոմիտեի հորդորակը որ եւ որպեսզի շաղկապների մասին

06 նոյեմբերի, 2018 | 11:39

 ՈՐ, ՈՐՊԵՍԶԻ

Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ:

Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: Որպեսզի-ի նպատակի իմաստն ընկալելի է նույնիսկ խոսքից դուրս:

Ինչպես տեսնում ենք, այս շաղկապների գործառույթները համընկնում են մեկ դեպքում. երբ գլխավոր նախադասությանը միացնում են նպատակի պարագա նախադասություն: Այստեղից կարող ենք հետևություն անել. որ շաղկապը որպեսզիին կարող է փոխարինել գրեթե բոլոր դեպքերում, իսկ որպեսզիոր-ին միայն այն դեպքում, երբ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա է:

Վերջին ժամանակներս ոմանք խուսափում են որ շաղկապը կիրառելուց՝ մտածելով, թե որպեսզի-ն պաշտոնական ոճին առավել պատշաճ է: Սա թյուր կարծիք է:

Զանգվածային տեղեկատվության միջոցներում, պաշտոնական խոսքում հաճախադեպ են որպեսզիի գործածության սխալները:                                                                                                                                                                                                                                                                                            Բերենք օրինակներ.

«Հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ նպաստել են, որպեսզի որոշ իշխանավորների բանկային հաշիվները գնալով մեծանան»:

«Կողմերից ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ, որպեսզի իր իրավունքները խախտվեն»:

«Նախընտրելի է, որպեսզի թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:

«Նա պնդում է, որպեսզի նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի այդ դրույթը»:

«Ժամանակն է, որպեսզի մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:

Որպեսզի շաղկապը գործածության ճշտությունը կարելի է պարզել հարցով: Նպատակի պարագան պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին: Բերված օրինակներում գլխավոր նախադասություններից հետո չենք ասի՝ ինչո՞ւ (ի՞նչ նպատակով, ինչի՞ համար): Այլ՝

«…նպաստել են (ինչի՞ն), որ նրանց բանկային հաշիվները գնալով մեծանան»:

«…ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ (ի՞նչ), որ իր իրավունքները խախտվեն»:

«Նախընտրելի է (ի՞նչը), որ թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»:

«Նա պնդում է (ի՞նչ), որ նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի…»:

«Ժամանակն է (ինչի՞), որ մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:

Համոզվում ենք, որ այս օրինակներից ոչ մեկում երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ, և, բնականաբար, պետք էր գործածել որ շաղկապը:

Ահա այս նախադասություններում որպեսզի-ն ճիշտ է գործածված.

«ՀՀ քաղաքացիություն են ընդունել (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի գոնե կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունենան»:

«Օգնենք նրանց (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով), որպեսզի կարողանան մոռանալ ողբերգությունը»:

Ինչպես ասվեց, որպեսզի-ի փոխարեն կարող է գործածվել նաև որ-ը. «Օգնենք նրանց, որ կարողանան մոռանալ ողբերգությունը»:

Նկատի ունենալով այս ամենը, որ և որպեսզի շաղկապների առանձնահատկությունները՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

երկրորդական նախադասությունը նպատակի պարագա լինելու դեպքում հավասարապես գործածել որպեսզի կամ որ շաղկապները. երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չլինելու դեպքում գործածել միայն որ -ը:

 

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ


Առնչվող նյութեր
1. Գևորգ Ջահուկյան. մեծանուն գիտնականը բանասերների հուշերում
2. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
3. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես
5. ՍՐԲՈՐԵՆ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ
6. Լոնդոն. The Daily Mail-ը հրապարակել է Մակեդոնացու կտակը՝ հին հայերենով
7. Աղվերանում քննարկվեցին սփյուռքի կրթական հիմնախնդիրները եւ հայոց լեզվի ուսուցման վիճակը-(Լուսանկարների շարք)
8. Չինաստանում հայերեն է դասավանդվում
9. Կայացավ «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» բազմալեզու թարգմանիչ ծրագրի շնորհանդեսը
10. Մայրենիի օրը Օշականում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: