ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լատվիա.Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն

06 ապրիլի, 2017 | 19:23

Ապրիլի 4-ից 6-ը հայ-լատվիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից Ռիգայում կազմակերպվել է Հայկական մշակույթի օրեր՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

narekatsi

Մշակույթի օրերի շրջանակներում տեղի ունեցավ Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը:

Լատվիայում ՀՀ դեսպանության, Լատվիայի համալսարանի գրադարանի և «Յումավա» հրատարակչության կազմակերպած «Մատյան ողբերգության» գրքի շնորհանդեսին ներկա էին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, գրքի թարգմանիչ Վալդա Սալմինան, հայ և լատվիացի գիտնականներ, հասարակական գործիչներ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ Գրիգոր Նարեկացին հավատում էր, որ «Մատյան ողբերգության»-ը լինելու է համամարդկային ստեղծագործություն, գիրքն ունենալու է ընդհանրական լսարան և հույս ուներ, որ այն թարգմանվելու և ընդունվելու է տարբեր ժողովուրդների կողմից տարբեր դարաշրջաններում:

latvia narekatsi2Բալթյան երկրներում հայկական մշակութային արժեքների տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրվեցին թարգմանիչ, հայագետ Վալդա Սալմինան, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը:

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունն Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում, և լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի ջանքերով լատվիացի ընթերցողները հնարավորություն ունեն կարդալ իրական գրական գլուխգործոցը:

Նույն օրը հայկական մշակույթի օրերի շրջանակներում Ռիգայի համալսարանի գրադարանի սրահում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարչական ցուցահանդեսը, որը գործելու է մինչև ապրիլի 16-ը: Ներկայացվել են հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության կոթողային հուշարձանների բացառիկ լուսանկարներ:

latvia tsutsahandes 2Խոսելով ցուցահանդեսի մասին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ աշխատանքները հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության բացառիկ օրինակներ են, որոնք արտահայտում են նաև ճարտարապետություն-պոեզիա-լուսանկարչություն եռամիասնության փիլիսոփայությունը:

Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն հանդիպում ունեցավ Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք ոլորտներ, այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի, գրականության և երաժշտարվեստի ոլորտներում:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր հերթին հանդիպում ունեցավ Լատվիայի ազգային լրատվական գործակալության՝ «Լետա»-ի տնօրենների խորհրդի անդամ Յուրիս Մենզինչի հետ, որի ընթացքում կողմերի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

Լատվիայում հայկական մշակույթի օրերի շրջանակներում Լատվիայի համալսարանում ապրիլի 5-6-ը տեղի ունեցավ «Ռիգայում Սուրբ Գրիգոր Նարեկացու ընթերցումներ. Սուրբ Գրիգոր Նարեկացի. համամարդկային բանալի Արևելքի և Արևմուտքի միջև» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ դեսպան Մկրտչյանը նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է դիտարկել Գրիգոր Նարեկացու կյանքը և գործունեությունը, քննարկել «Մատյան ողբերգության» գիրքը համեմատական վերլուծության մեջ։

latvia gitazoghovԳիտաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Լատվիայի համալսարանի ռեկտոր Ինդրիկս Մուժնիեկսը:

Գիտաժողովին իրենց մասնակցությունը բերեցին նշանավոր նարեկագետներ, հայագետներ՝ Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Թեո վան Լինտը /Մեծ Բրիտանիա/, Յուոկո Մարտիկայնեն /Ֆինլանդիա/, Վալդա Սալմինան /Լատվիա/, Մատենդարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը, Աբրահամ Տերյանը /ԱՄՆ/, Հայկ Իւթիւճեանը /Չեխիա/, այլ գիտնականներ Լատվիայից:

latvia gitazoghaov latvia narekatsi latvia nerses ter latvia tigran mkrtchyanlatvia utijian
 


Առնչվող նյութեր
1. Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
2. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
3. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
4. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
5. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
7. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
8. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
9. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
10. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: