ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ի Տեր հանգչեց Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը

20 օգոստոսի, 2017 | 17:25

Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 20-ին, Գյումրիում, կյանքի 85-րդ տարում, երկարատև ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Նարեկ Սրբազանի մահը:
Հանգուցյալ Սրբազան Հոր աճյունը օգոստոսի 22-ին կդրվի Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում վերջին հրաժեշտի համար, ուր ժամը 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգը: Օգոստոսի 23-ին` ժամը 9:00-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Նարեկ եպիսկոպոսի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Կենսագրական

Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը (ավազանի անունը՝ Արշավիր) ծնվել է 1932 թ., Դամասկոսում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սահակյան վարժարանում։
1946 թ. ընտանիքով ներգաղթել է հայրենիք և հաստատվել Լենինականում։
1956-57թթ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1958 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարան։
1960 թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի։
1961 թ. ավարտել է հոգևոր ճեմարանը` որպես ավարտաճառ ներկայացնելով «Գևորգ Զ Կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը» ուսումնասիրությունը։
1961-62 թթ. աստվածաբանության և Եկեղեցու պատմության վերաբերյալ դասախոսություններ է ունկնդրել և վկայագիր է ստացել Զագորսկի հոգևոր ակադեմիայում (Մոսկվա)։
1962 թ. օգօստոսի 25-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերանվանվել Նարեկ աբեղա։ Մայր Աթոռում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։
1963 թ., պաշտպանելով «Հայ եկեղեցական իրավունքը մինչև Ը դարը» թեզը, ստացել է մասնավոր վարդապետության աստիճան։
1968 թ. Ազգային-եկեղեցական ժողովում ընտրվել է Մայր Աթոռի վերստուգիչ հանձնաժողովի անդամ և այդ պարտականությունը վարել է մինչև 1990 թ. վերջը։
1967-1972 թթ. եղել է Ս. Գեղարդի վանքի վանահայր։
1971 թ. դեկտեմբերի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1973 թ. հոկտեմբերին՝ Շիրակի թեմի առաջնորդ` միաժամանակ վարելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի պաշտոնը։
1973 թ-ի սեպտեմբերի 30-ին, ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս` մինչև 1990 թ. շարունակելով պաշտոնավարել իբրև Շիրակի թեմի առաջնորդ։
1988-90 թթ-ին հետերկրաշարժյան աղետի ծանր օրերին ղեկավարել է թեմի քաղաքների և գյուղերի վերականգնողական անհետաձգելի աշխատանքները, մասնակցելով նաև կարևոր վերաշինություններին։
1991-2003 թթ-ին ծառայել է Ֆրանսիայում` Փարիզում և արվարձաններում, ապա մինչև 2008 թ. վարել է Նիսի և շրջակայքի հոգևոր տեսչությունը։
Հանգստյան կոչվելով` Նարեկ Սրբազանը, վերադառնալով հայրենիք, վերջին տարիներին իր օգտակար ծառայությունն էր բերում Շիրակի թեմում:


Առնչվող նյութեր
1. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ
2. Մոսկվայում սկսվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հերթական հավաքը
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
4. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
6. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
7. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
8. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
9. Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
10. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: