ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իրանի բացահայտումը հայկական «Ալիքի» միջոցով

Թեհրանում լույս տեսնող ամենահին երկրորդ օրաթերթի տարեդարձը նշվեց բազմազան ծրագրերով
22 սեպտեմբերի, 2016 | 20:43
Ալիք օրաթերթի խմբագրությունում

«Ալիք» օրաթերթի խմբագրությունում

Հակոբ Ասատրյան

Թեհրան-Պրահա

1992 թվականից ի վեր երկրորդ անգամ էի գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Առաջին անգամ հրավիրել էր Իրանի արտգործնախարարությունը՝ մասնակցելու Չմիավորված երկրների լրատվական գործակալությունների համաժողովին իբրեւ դիտորդ։ Այս անգամ հրավիրողը Իրանի «Ալիք» օրաթերթն էր՝ միասին նշելու թերթի 85-ամյա հոբելյանը։ Օդակայանում առաջին իսկ պահերից նկատեցի  դրական փոփոխությունները։ Թե նոր օդանավակայանը, եւ թե քաղաք տանող ճանապարհը փոփոխված  տեսա։ Նույնն էին մնացել միայն Թեհրանի աղտոտված  օդը, խճողված երթեւեկությունը, որն ինձ հիշեցրեց 2001-ի Հալեպը։ Թեհրանում մեքենա վարելը կամ փողոց անցնելն իսկական հերոսություն է։ Ըստ երեւույթին  15 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում այդ ամենը կարգավորելը շատ դժվար է։

,,Ալիք,,ի տպագրական մեքենան

«Ալիք»-ի տպագրական մեքենան

«Ալիք» օրաթերթի 85-ամյակի կազմակերպիչներն էին թե «Ալիք» հաստատության  կողմից ստեղծված հատուկ հանձնախումբը, եւ թե Իրանի մշակույթի եւ առաջադիմության նախարարությունը։ Ծրագիրն այնքան հագեցած էր, որ աշխարհի տարբեր երկրների հայ խմբագիրներից ու լրագրողներից կազմված խումբը չէր հասցնում կիսվել տպավորություններով։ ԱՄՆ-ից, Չեխիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից,  Հայաստանից ժամանած խմբագիրների ու հեռուստալրագրողների համար պատրաստվել էր Իրանում  հայկական ու իրանական մշակույթին ծանոթանալու աննախադեպ խիտ ծրագիր։ Ճշմարտությունը չթաքցնելու համար պետք է ասել, որ  այդ  պատճառով անքնությունը մեզ ուղեկցեց ողջ ուղեւորության ընթացքում։ Հանդիպումներին հաջորդում էին հյուրասիրությունները, իսկ վերջում նաեւ հուշանվերների հանձնումը։ Ինչպես վերջին օրվա իր ելույթում կատակով նշեց «Ասպարեզի» խմբագիր Աբո Պողիկյանը՝  հուշանվերահար եղանք, պիտի նեղանանք, եթե օդակայանում վերջին պահին հուշանվեր չհանձնեք։

,,Ալիք,,ի խմբագիր Դերենիկ Սելիքյանը ծանոթացնում է խմբագրության աշխատանքին

«Ալիք»-ի խմբագիր Դերենիկ Սելիքյանը ծանոթացնում է խմբագրության աշխատանքին

«Ալիք» հաստատությունում մեր առաջին իսկ հանդիպումն արդեն խոստումնալից էր. ծանոթություն 1931 թվականից լույս տեսնող 2000-3000 տպաքանակ ունեցող հայկական օրաթերթի պատմությանը, որն անցած տարիներին միայն երկու անգամ է ստիպված դադարեցրել  լույս ընծայումը։ Գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, ով թերթի պատմության մեջ 21-րդ խմբագիրն է,  մեկ առ մեկ անցնում էր սենյակներով, եւ մեկնաբանում  մոտ 40 աշխատակից ունեցող խմբագրության գործունեությունը՝ նկուղային հարկում գտնվող տպագրատան բաժանմունքից մինչեւ սրբագրական ու լրագրողական սենյակներ, ինչպես նաեւ «Ալիք» հաստատության հարկաբաժինը, ուր նաեւ իր սենյակներն ունի «Ալիք» հաստատությունը։ Այստեղ էլ հաստատության մասին բացատրություններ տվեց հանձնախմբի ղեկավար, «Ալիք» հաստատության եւ ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը։ Մեզ ողջունեց նաեւ Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, ով նշեց, որ հայերն իրենց ուրույն տեղն են գրավել Իրանի պատմության մեջ,  100 զոհ են տվել Իրան-Իրաք պատերազմի օրերին։ «Այս բոլոր զոհողություններն արել ենք այն գիտակցությամբ, որ անկախ Իրանն է մեր բարօրության գրավականը»- ասաց նա։

Սեպուհ Սրբազանը պատմում է իրանահայության մասին

Սեպուհ Սրբազանը պատմում է իրանահայության մասին

Թեհրանում գտնվելու օրերին եղանք նաեւ Սասուն, Զեյթուն եւ Կենտրոն հայկական թաղամասերում, հանդիպումներ ունեցանք դպրոցների, միությունների ներկայացուցիչների հետ։

Սուրբ Սարգիս եկեղեցու բակում է գտնվում առաջնորդարանը, ուր մեզ հյուրընկալեց Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Սրբազան հորը ճանաչում էի դեռ տարիներ առաջ Ռումինիայի Հաճկատարի վանական համալիր կատարած ուխտագնացությունից եւ անհամբեր սպասում էի մեր հանդիպանը։  Սեպուհ Սրբազանն իր մեղմիկ ձայնով ու սիրալիր տոնայնությամբ ծանոթացրեց թեմի գործունեությանը, նշելով, որ գործում են 17 դպրոց, 4 մանկապարտեզ, 28 մշակութային-մարզական միություններ։ Այստեղ բացի «Ալիք» օրաթերթից, լույս են տեսնում «Հույս» գրական երկշաբաթաթերթը, «Լույս» եւ «Արաքս» պարբերաթերթերը, «Պայման» հանդեսը՝ պարսկերենով։ Թեհրանում 7 գործող եկեղեցի կա, չորս մատուռ, երկու ծերանոց։ Միայն Թեհրանի համալսարաններում  աշխատում է 92 հայազգի դասախոս։

Իսկ թեմական խորհրդի նախագահ Ռուբիկ Կարապետյանի ասելով, Իրանի կրոնական հաստատությունները հայերի վրա որեւէ հսկողություն չունեն։ «Իրանը յուրահատուկ երկիր է կրոնների ազատության համար», ասաց նա, «այստեղ ազատ գործում են ե՜ւ հայերն ու հրեաները, ե՜ւ զրադաշտներն ու ասորիները,,- հաղորդեց նա։ Դրանում համոզվեցինք, երբ մեզ նվիրեցին Իրանում ազգային փոքրամասնություններին նվիրված ստվարծավալ պատկերագրքերը։

Թեհրանում առաջնորդարանի բակում ծաղիկների զետեղում Ցեղասպանության զոհերի հուշարձանին

Թեհրանում առաջնորդարանի բակում ծաղիկների զետեղում Ցեղասպանության զոհերի հուշարձանին

Թեհրանում  ամենատպավորիչն «Արարատ» մարզավանն էր, ուր ներկա գտնվեցինք Իրանի 48-րդ Համահայկական խաղերի հանդիսավոր բացմանը։ Նախ ներկաներին ողջունեց Հայկական «Արարատ»  մշակութային կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գեւորգ Վարդանը, ապա ելույթներ ունեցան Իրանի սպորտի նախարարության հատուկ ներկայացուցիչ դոկտոր Ահմադին եւ հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը։ Ողջույնի խոսքով  հանդես եկավ նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով 100 հազար  ԱՄՆ դոլլար նվիրեց խաղերի կազմկոմիտեին՝ մրցանակային ֆոնդի համար, իսկ հաջորդ օրը «Ալիք» խմբագրատուն այցելության ժամանակ նաեւ 100 հազար դոլլար նվիրեց օրաթերթին՝ թերթի զարգացման համար։

Համահայկական խաղերի բացումը Թեհրանում

Համահայկական խաղերի բացումը Թեհրանում

Խաղերին մասնակցում էին ոչ միայն Իրանի հայկական միությունների թիմերը, այլեւ մարզական պատվիրակություններ  Լիբանանից, Հայաստանից, Արցախից ու Ջավախքից։  Արցախի մասնակցության առիթով Ադրբեջանի արտգործնախարարությունը հասցրել էր բողոքի նոտա ուղարկել  Իրանի արտգործնախարարությանը, նաեւ դժգոհել էին հայ խմբագիրների այցի կապակցությամբ։

Սակայն այս ամենն ամենեւին ոչ մի ազդեցություն չունեցան իրանական կողմի մոտեցումների վրա, քանզի թե Իրանի մշակույթի եւ առաջադիմության նախարար դոկտոր Ալի Ջաննաթիի  հետ հանդիպման ընթացքում, թե վերջին օրը նույն նախարարության ներկայացուցչի  հրաժեշտի խոսքում տրվեցին հայ-իրանական դարավոր բարեկամությունը հաստատող գնահատականներ, որոնք  ադրբեջանա-թուրքական հակահայ քաղաքականությանը լավագույն պատասխաններն էին։

Համահայկական խաղերի մասնակիցները

Համահայկական խաղերի մասնակիցները

Համահայկական խաղերին մասնակից պատվիրակությունները

Համահայկական խաղերին մասնակից պատվիրակությունները

Համահայկական խաղերի ջահը վառեց Դրո Զարգար-Հարությունյանը

Համահայկական խաղերի ջահը վառեց Դրո Զարգար-Հարությունյանը

Անմոռանալի էր հատկապես մեր խմբի ուխտագնացությունը Ատրպատականի թեմ՝ Հովվի մատուռ, Սուրբ Ստեփանոս Նախավկայի  եւ Սուրբ  Թադեոս Առաքյալի վանքային համալիրներ, ուր մեզ դիմավորեց Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանը։ Տպավորվեցինք ոչ միայն այս կառույցների հնությամբ, այլեւ այն աշխատանքով, որ շրջանի տուրիստական շրջագայությունների ծրագրերում մտցվել են նաեւ հայկական այս կառույցները, ուր չէր դադարում իրանցի զբոսաշրջիկների հոսքը։ Նրանք լուսանկարվում էին հայկական եկեղեցիների ներսում եւ դրսում, մոմ վառում եւ հիանում հայկական ճարտարապետական կոթողներով, որոնց վերանորգմանը մասնակցել են նաեւ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը, հայաստանցի ճարտարապետներ ու վարպետներ, ինչպես նաեւ  Իրանի մշակութային ժառանգության հաստատության աշխատակից Շեռլի Ավետյանը, ով մեզ ուղեկցում էր եւ տալիս անհրաժեշտ բացատրությունները։

Իրանցի գործընկերոջ հետ միասին Հովվի մատուռի մոտ բացատրություններ է տալիս Շեռլի Ավետյանը

Իրանցի գործընկերոջ՝  Մեհդի Աբբասիի հետ միասին Հովվի մատուռի մոտ բացատրություններ է տալիս Շեռլի Ավետյանը

Թավրիզի առաջնորդարանում  Գրիգոր Սրբազանը լուսանկարային ցուցադրությամբ ներկայացրեց թեմի տարածքում գործող եկեղեցիները եւ ամեն տարի հուլիսի վերջին անցկացվող դեպի Սուրբ Թադեի վանք ուխտագնացությունը։ Ցավոք, ժամանակի սղության պատճառով,  չկարողացանք մեկնել Ծոր Ծոր, իսկ Թավրիզում եղանք միայն Հայոց ազգային «Թամարյան» դպրոցում  եւ «Արարատի» տեղական մասնաճյուղում։

Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանը

Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանը՝ Սուրբ Թադեոս Առաքյալի աջը ձեռքին օրհնում է ներկաներին

«Իրանը յուրահատուկ տեղ է։ Այնպիսի հարգանք, ինչպիսին այստեղ կվայլենք, ուրիշ ոչ մի տեղ չենք վայելի»,- ասաց Գրիգոր Սրբազանը։  Առաջնորդարանի բակում երկու վերապրած խաչքար է տեղադրված, որ դեռեւս 1963 թվականին են բերել Նոր Ջուղայից։ Մնացյալը ազերի վանդալները ոչնչացրին տարիներ առաջ։ Սա նույնպես բնորոշիչ բնութագրում է։ Արաքս գետի երկայնքով իրանական տարածքում պահպանվել է եւ վերանորոգվել Հովվի մատուռը՝ իր խաչքարերով, իսկ հանդիպակաց կողմում ՝ Նախիջեւանի տարածքում ոչնչացրել են Հովվի մատուռի երկվորյակ մատուռն ու  խաչքարերը, եւ տեղը զինվորական հրաձգարան կառուցել։

Անցանք նաեւ Ավարայրի դաշտավայրով, ուր ժամանակին հայտնի ճակատամարտն է եղել, տեսանք Տղմուտ գետի եւ Արաքսի միացման տեղը եւ հասնելով Թադեի վանք, ականատեսը եղանք… քրդական հարսանիքի, որ այնքան բնորոշ է այդ շրջանի բնակչությանը։

,,Ալիք,,ին շնորհավորում են Զավեն Թորիկյանն ու Հարութ Սասունյանը

«Ալիք»ին շնորհավորում են Զավեն Թորիկյանն ու Հարութ Սասունյանը

Թեհրանում տպավորիչ էր «Ալիքի» 85-ամյակի ձեռնարկը, որի ընթացքում ելույթներ ունեցան «Ալիք» հաստատության տնօրեն Հենրիկ Խալոյանը, օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանն ու  արտոնատեր Ալբերտ Աճեմյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, ով մեր խմբին ընդունել էր նաեւ դեսպանությունում, մանրամասն ներկայացրել հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու սպասվելիք զարգացումները։ Նրա կարծիքով անհնար է իրանահայ համայնքի ներկան ու ապագան պատկերացնել առանց «Ալիք» օրաթերթի։ Վերջում իր օրհնության խոսքն ասաց Սեպուհ Սրբազանը՝ կարեւորելով «Ալիքի» դերը իրանահայության կյանքում։

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը

,,Ալիք,,ի արտոնատեր Ալբերտ Աճեմյանը

«Ալիք»-ի արտոնատեր Ալբերտ Աճեմյանը

Հայաստանի սփյուռքի նախարարի ուղերձը կարդաց  նախարարության մամուլի եւ հասարակայնության վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, իսկ տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը «Ալիքի» խմբագրակազմի անդամներին հանձնեց պատվոգրեր, շնորհակալագրեր եւ հուշամեդալ։

ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիրը հուշանվերներ է հանձնում ԱԼԻՔ-Ի գլխավոր խմբագրին

ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը հուշանվերներ է հանձնում ԱԼԻՔ-Ի գլխավոր խմբագրին, լուսանկարը ՝ԱԼԻՔ-ի

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի կողմից նույնպես շնորհավորեցինք «Ալիք»ին՝ նվիրելով Չեխիան խորհրդանշող  նվերներ՝ չեխական հախճապակյա մոմակալներ, որ «Ալիք»-ում միշտ լույս լինի, Վլտավայի նկարը, որ «Ալիք»ի տեղեկատվական ալիքները հասնեն նաեւ մեր ափերը, ամենահայտնի հայկական տորթը՝ «Մարլենկան» , որ ճաշակեն տոնական սեղանին, եւ «Օրեր» ամսագրի հավաքածուն,  որ անդրադառնան նաեւ եվրոպական անցուդարձին։

Ողջ երեկոն անցավ գրական-երաժշտական կատարումներով եւ արխիվային կադրերի ու լուսանկարների ցուցադրությամբ։

Ելույթ է ունենում ,,Զվարթնոց,, երգչախումբը Էդիկ Թամրազյանի ղեկավարությամբ

Ելույթ է ունենում «Զվարթնոց» երգչախումբն` Էդիկ Թամրազյանի ղեկավարությամբ

Հատկանշական էր նաեւ մեր խմբի այցը Նոր Ջուղա՝ Սպահանի թեմ։ Մոտ 8-9 ժամյա ճանապարհորդությունից հետո մեր հոգնածությունն ի չիք դարձավ, երբ մտանք առաջնորդանիստ Սուրբ Ամենափրկիչ վանք, ուր զմայլվեցինք  Ս.Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հրաշագեղ  զարդարանքով, ծանոթացանք «Խաչատուր վարդապետ Կեսարացի» թանգարանի բացառիկ նմուշներին, այդ թվում Նոր Ջուղայում մի քանի դար առաջ տպագրված գրքերին ու տպագրական մեքենային։  Քանի որ թեմը դեռեւս չունի նոր առաջնորդ, մեզ դիմավորեց եւ բացատրություններ տվեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տեր Անանիա ծայրագույն վարդապետ Գուճանյանը։  Այնուհետեւ ուշ երեկոյան, հանդիպեցինք համայնքի ներկայացուցիչներին՝ թեմական խորհրդի նախագահ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի գլխավորությամբ,  այցելեցինք տեղի հայկական դպրոցներ եւ Հայ Դատի գրասենյակ, որը կառուցվել է 2003-2006 թվականներին։

Հատկապես մեծ տպավորություն ստացանք Կենտրոնական դպրոցից, ուր տնօրենուհի Երանուշ Թահմազյանը մանրամասն ներկայացրեց արդիական ամենավերջին շնչով կահավորված եւ վերանորոգված դպրոցը, ուր արական եւ իգական մասերը բաժանված են առանձին ճաղապատով։

Ամենափրկիչ վանքի եկեղեցում

Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցում

Թեեւ արդեն ուշ երեկո էր, բայց Նոր Ջուղայի հայկական թաղամասում կյանքը եռում էր։ Վերջին տարիներին մեծ թվով հայեր են արտագաղթել ԱՄՆ, սակայն համայնքը դեռեւս մնացել է տոկուն եւ գործունյա։ Տեղացիները սիրում են գալ հայկական թաղամաս՝ այն համարելով քաղաքի եվրոպական մասը։ Այստեղ են գտնվում Խոջա Նազարի, Եփրեմ Խանի ու Հովհաննես Շիրազի փողոցները։ Այստեղ է Խաչատուր Կեսարացին հիմնել առաջին տպարանը։ Սպահան կատարած այցի ընթացքում ամենուր մեզ հետ էր Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը։

Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տեր Անանիա ծայրագույն վարդապետ Գուճանյանը ընդունեց մեր պատվիրակությանը

Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տեր Անանիա ծայրագույն վարդապետ Գուճանյանը ընդունեց մեր պատվիրակությանը

Հետաքրքիր էին նաեւ մեր այցելությունները շահի պալատների թանգարան եւ մզկիթներ։ Հատկապես գրավիչ էին Չեհելսոթուր եւ Ալի Ղափուր պալատները։  Զարմանալի էր, որ զբոսաշրջիկների համար ամենուր մուտքի տեղեկատվական սրահներում պտտվում էին հայկական Սուրբ  Ամենափրկիչ վանքի եկեղեցու հրաշագեղ որմնանկարներով տեսահոլովակները։ Ամենուր զգացվում էր, որ իրանցիները խորը հարգանքով են վերաբերում հայկական մշակույթին եւ ճարտարապետությանը։

Թեհրանում այցելեցինք Գյուլեստան պալատ, գոհարեղենի թանգարան եւ Իմամ Խոմեյնիի դամբարան։ Իհարկե, այս վերջին բավական մեծ չափերի կառույցն աստիճանաբար վերածվում է ավանի, քանի որ տարեց-տարի մեծանում է ուխտավորների թիվը, եւ իշխանություններն ամեն ինչ անում են ստեղծելու բոլոր հարմարությունները նրանց համար։

Ծաղիկների զետեղում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի տարածքում ցեղասպանության հուշարձանին

Ծաղիկների զետեղում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի տարածքում ցեղասպանության հուշարձանին

Կրկին վերադառնալով Թեհրան, հասցրեցինք ծանոթանալ հայկական Սասուն թաղամասում գտնվող Ավետիսյան  բուժարանին, որը յուրահատուկ բարեգործական հաստատություն է, ունի 90 հոգանոց աշխատակազմ, որից 45-ը՝ բժիշկ։ 65 տարեկանից բարձր մեր հայրենակիցներին սպասարկում են անվճար։ Այն գործում է շնորհիվ խնամակալ մարմնի եւ Ազգային առաջնորդարանի։ Բուժարանի հովանավորությունը կազմակերպում է Ժոզեֆ Մեհրաբյանը,ով սիրով մեզ ուղեկցեց, իսկ տնօրենուհին` Մարիետ Թումիյանը  հանգամանալից բացատրեց իրենց բուժհաստատության գործունեությունը, նաեւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվեց մեր խմբի անդամներին։

Թեհրանի հայկական բուժարանի շենքը

Թեհրանի հայկական բուժարանի շենքը

Թեհրանում մեկ այլ հանդիպում էլ տեղի ունեցավ «Չհարմահալ» միությունում, որտեղ  հրավիրյալ խմբագիրները պատասխանեցին հանդիպումը վարող, Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանի հարցերին՝ անդրադառնալով հատկապես տարծաշրջանային եւ քաղաքական խնդիրներին։

Բուժարանի անձնակազմի հետ

Բուժարանի անձնակազմի հետ

Ընդհանրապես Իրանում 10 օրերի ընթացքում ունեցած մեր հանդիպումներն անցան հյուրասիրության, ջերմության ու հոգատարության բացառիկ այնպիսի պայմաններում, որ դժվար թե որեւէ այլ երկրում մենք նման վերաբերմունքի արժանանայինք։ Եվ սա գալիս է իրանահայության բացառիկ կազմակերպվածությունից ու նվիրվածությունից՝ ազգայինին, երկրին ու հայկականին։

Թասնիմ լրատվական գործակալության ներկայացուցիչները

Թասնիմ լրատվական գործակալության ներկայացուցիչները

Մեր ճամփորդության ամենահետաքրքիր բաժիններն էին մասնագիտական հանդիպումները մեր գործընկերների՝ իրանցի լրագրողների հետ։ Նախ հանդիպեցինք ԹԱՍՆԻՄ  հայտնի լրատվական գործակալության միջազգային լրատվության ընդհանուր տնօրեն պարոն Աբաս Ասլանի եւ նրա գործընկերներ՝ միջազգային լրատվության փորձառու լրագրող պարոն Ղորողիի եւ հայազգի մեկնաբան Սերգեյ Բարսեղյանի հետ։ Վերջինս նաեւ «Իրանյան դիվանագիտություն»  կայքէջի խմբագիրն է։ Նրանց կարծիքով էլ տեղեկատվության միջոցները լավագույն կամուրջն են ժողովուրդների ու պետությունների միջեւ կապերի հաստատման, այդ իսկ պատճառով կարեւորում են նաեւ տեղեկատվական համագործակցությունը եւ լրատվության փոխանակումը։ Հայաստանին վերաբերող լրատվությունը հիմնականում ստանում են «Արմենպրեսից», նաեւ Երեւանում ունեն ռադիոհեռուստատեսության թղթակից, որի լուրերը տարածվում են ԻՐԻԲ լրատվական կենտրոնի միջոցով։ Հայաստանի նկատմամբ հատուկ մոտեցում կա։ Բոլոր կուսակցությունները միակարծիք են, որ Հայաստանի հետ պետք է ակտիվացնել շփումները։ Գործակալությունը, որ հիմնվել է 5 տարի առաջ, պահպանողական ուղղություն ունի, 300 հոգի աշխատկից եւ կայքէջի 1 միլիոն այցելու։

« 100 տոկոսանոց մեդիա անկախության դեռեւս չենք հասել, բայց փորձում ենք հասնել լրատվության անկախության։ Մենք աշխատում ենք մեր սահմանադրության սահմաններում եւ սկզբունքայինների հոսանքին ենք պատկանում», – պատասխանելով մեր հարցին ասաց պարոն Ասլանին։

Մեր խումբը ,,Ջամ է ջամ,, օրաթերթում

Մեր խումբը «Ջամ է ջամ» օրաթերթում

Իսկ 2001 թվականին հիմնադրված «Ջամ է Ջամ» օրաթերթի լրատվության պատասախանատու Ակբար Յաղուբին ծանոթացրեց թերթի պատությանը, մշակութային, քաղաքական ու հասարակական էջերին եւ նույնիսկ մի հրապարակում ցույց տվեց, ուր գրված էր, որ տպագրությունն  Իրանում հիմնել են հայերը։ Մոտ 300 հազար տպաքանակ ունեցող թերթն առաջինն է Իրանում հասնում ընթերցողներին, քանի որ իրենք 6 տպարան ունեն երկրի տարբեր քաղաքներում եւ ապահովում են միաժամանակյա տպագրություն։ «Ջամ է Ջամ»ը  2002-ին առաջին թերթն է եղել, որ կայքէջ է բացել։

Օրաթերթի արտոնատեր եւ գլխավոր տնօրեն դոկտոր Մուրադ Էնադին նշեց, որ իրենց սեփականատերը հեռուստատեսությունն է, բայց իրենք աշխատում են անկախ լինել։ Մանավանդ երեք տարի է` հեռուստատեսությունը ֆինանսապես չի օգնում եւ իրենք թերթը պահում են գովազդի ու վաճառքի հաշվին։ «Մեր առավելությունը մշակութային, ընկերային եւ լրատվական բնագավառներում է», – ասաց նա։

«Իրանցիները հայերին շատ են սիրում, եւ հայերն էլ իրոք հարգանքով են վերաբերում։ Մեր պատասխանատուներն էլ հատուկ վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ»,- ասաց դոկտոր Էնադին, ով դոկտորական ատենախոսություն է գրել ԱՄՆ-ում քաղաքական լոբբինգի մասին, իբրև օրինակ ներկայացնելով հայկական լոբբին։

,, ՋամէՋամ ,,օրաթերթի խմբագիր Մուրադ Էնադին

« Ջամ է Ջամ» օրաթերթի խմբագիր Մուրադ Էնադին

Իրանյան տպավորություններին դեռ առիթներ կլինեն անդրադառնալու, սակայն պետք է նշել, որ իրանահայությունն այն բացառիկ համայնքներից է, ուր զգացվում է անմիջական կապը երկրի ու ժողովրդի հետ։ Զգացվում են երկու ժողովուրդների փոխազդեցությունները, հարգանքը՝ մշակույթի եւ ավանդույթների հանդեպ։ Իսկ դա ստեղծում  է միմյանց հետ խաղաղ ապրելու եւ արարելու իդեալական պայմաններ։ Հայերին վստահում են եւ աջակցում։ Դա ամենակարեւորն է։

Հակոբ Ասատրյան

Թեհրան-Պրահա

13-20 Սեպտեմբեր, 2016թ.

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի 

Իրանի խորհրդարանի երկու հայ պատգամավորները՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժիկ Աբրահամյանը

Իրանի խորհրդարանի երկու հայ պատգամավորները՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժիկ Աբրահամյանը

 

Ալիք հաստատաության ղեկավար Հենրիկ Խալոյանը եւ թերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը

,,Ալիք,, հաստատության ղեկավար Հենրիկ Խալոյանը եւ օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը

 

Հ.Գ. Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել մեր խմբի բոլոր անդամներին, մեր ուղեկիցներին ու կազմակերպիչներին 8-օրյա ուղեւորությունը միասին անցկացնելու եւ հրաշալի պահեր ապրելու համար։ Մեր խմբի կազմում էին ԱՄՆ-ից «Ասպարեզ» օրաթերթի գլխ. խմբագիր Աբո Պողիկյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխ. խմբագիր Հարութ Սասունյանը եւ լուսանկարիչ Արամ Սասունյանը, «Հայրենիք» շաբաթաթերթի գլխ. խմբագիր Զավեն Թորիկյանը, Ֆրանսիայի «Նոր Յառաջ» շաբաթաթերթի գլխ.  խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխ. խմբագիր Շահան Գանտահարյանը, «Ռադիո Վան»-ի գլխ. խմբագիր Ավետիս Կիտանյանը, Սիրիայի «Գանձասար» պարբերականի գլխ. խմբագիր Զարմիկ Պողիկյանը, Չեխիայից ես՝ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխ. խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխ. խմբագիր Աննա Կարապետյանը, Հայաստանից Հ1 –ի մեկնաբան Աբրահամ Գասպարյանը, «Երկիր Մեդիայից»  հեռուստալրագրող Լուսինե Ղարիբյանը, «Կենտրոն» հեռուստաընկերությունից վավերագրող, diplomat.am կայքէջի խմբագիր Նաիրի Հոխիկյանը, «Արցախպրեսի» տնօրեն եւ գլխ. խմբագիր Վահրամ Պողոսյանը, օպերատորներ Աշոտ Խաչատյրանն ու Արտակ Գեւորգյանը։ Մեր խմբի հետ էին նաեւ  ՀՅԴ մամուլի դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը, ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչությունների ղեկավարներ Վաղինակ Վարդանյանն ու Էվելինա Բաղդասարյանը։

 

Սուրբ Հովվի մատուռը

Սուրբ Հովվի մատուռը

 

Սուրբ Ամենփրկիչ վանքի եկեղեցին

Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցին

Սուրբ Ստեբանոս Նախավկայի վանքը

Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը

Սպահանի հրապարակը եւ թանգարանը

Սպահանի հրապարակը, թանգարանը, մզկիթը

Սուրբ Ստեբանոսի վանքը վերանորոգող հայ վարպետը

Սուրբ Ստեփանոսի վանքը վերանորոգող հայ վարպետը

Թավրիզի եկեղեցու բակում

Թավրիզի առաջնորդարանի  բակում

Իրանի սպորտի նախարարության ներկայացուցիչը

«Արարատ» մարզավանում Իրանի սպորտի նախարարության ներկայացուցիչը ելույթի պահին

Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը գիշերով

Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը գիշերով

Նոր Ջուղայի հայկական դպրոցի գրադարանում

Նոր Ջուղայի հայկական դպրոցի գրադարանում

Շնորհավորում են Օրեր ամսագրի կայքէջի խմբագիր Աննա Կարեպտյանը եւ ,,Նոր Յառաջ,,ի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը

Շնորհավորում են «Օրեր» ամսագրի կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանը եւ «Նոր Յառաջ»-ի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը

Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը Ատրպատականում

Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը Ատրպատականում

Պարգեւատրումներ սփյուռքի նախարարի կողմից. հանձնում է Վաղինակ Վարդանյանը

Պարգեւատրումներ սփյուռքի նախարարի կողմից. հանձնում է Վաղինակ Վարդանյանը

Շնորհավորում է ,,Գանձասարի,, խմբագիր Զարմիկ Պողիկյանը

Շնորհավորում է «Գանձասարի» խմբագիր Զարմիկ Պողիկյանը

Շնորհավորում է Աբո Պողիկյանը

Շնորհավորում է  «Ասպարեզի» խմբագիր Աբո Պողիկյանը

 

Շնորհավորում է Արցախպրեսի տնօրեն Վահրամ Պողոսյանը

Շնորհավորում է Արցախպրեսի տնօրեն Վահրամ Պողոսյանը

Հարութ Սասունյանը եւ Աբո Պողիկյանը զետեղում են ծաղկեպսակ Թավրիզի առաջնորդանիստ եկեղեցու բակում

Հարութ Սասունյանը եւ Աբո Պողիկյանը  Թավրիզի առաջնորդանիստ եկեղեցու բակում նահատակ ֆեդայիների հուշարձանին ծաղկեպսակ են դնում

 

Թավրիզի հայկական վարժարանի տնօրենուհի Արմենուհի Վահրամյան

Թավրիզի հայկական վարժարանի տնօրենուհի Արմենուհի Վահրամյան

Թավրիզի հայկական վարժարանի ուսուցիչները

Թավրիզի հայկական վարժարանի ուսուցիչները

Հանդիպում սեմինար Իրանի մշակույթի եւ առաջադիմության նախարարի եւ իրանցի խմբագիրների մասնակցությամբ

Հանդիպում սեմինար Իրանի մշակույթի եւ առաջադիմության նախարարի եւ իրանցի խմբագիրների մասնակցությամբ

Իրանի մշակույթի նախարար դոկտոր Ալի Ջաննաթին եւ Սեպուհ Սրբազանը

Իրանի մշակույթի նախարար դոկտոր Ալի Ջաննաթին եւ Սեպուհ Սրբազանը

,,Ալիք,,ի հոբելյանական հուշանվերը հանձվեց նաեւ Իրանի մշակույթի նախարարին

«Ալիք»-ի հոբելյանական հուշանվերը հանձվեց նաեւ Իրանի մշակույթի նախարարին

Իրանի մշակույթի նախարար դոկտոր Ալի Ջաննաթին

Իրանի մշակույթի նախարար դոկտոր Ալի Ջաննաթին

Իրանի մշակույթի նախարարը պատասխանում է Աբրահամ Գասպարյանի հարցերին

Իրանի մշակույթի նախարարը պատասխանում է Աբրահամ Գասպարյանի հարցերին

Իմամ Խոմեյնիի դամբարանում

Իմամ Խոմեյնիի դամբարանում

,,Ալիք,,ի աշխատակցուհի Արմինե Էլիազյանը ամենուր ձգտում էր օգտակար լինել մեր խմբին

,,Ալիք,,ի լրագրող Արմինե Էլիազյանը ամենուր ձգտում էր օգնել մեր խմբին


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
4. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
5. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
8. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
9. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
10. Ազնավուր. Ես սիրում եմ չեխ հանդիսատեսին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: