ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Իտալիա. Մեծ կորուստ է կրել հայագիտությունը՝ վախճանվել է Գաբրիելա Ուլոհոջյանը

06 դեկտեմբերի, 2016 | 17:02

Ինչպես հայտնում է Փարիզի մեր գործընկեր ,,Նոր Յառաջ,, օրաթերթը, նոյեմբերի 28-ին 82 տարեկան հասակում երկար հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի  պատմաբան, բանասեր ու հայագետ Գաբրիելլա Ուլոհոջյանը։ Ստորեւ ներկայացնում ենք ոչ միայն ,,Նոր Յառաջի,, մահախոսականը, այլեւ 2001 թվականին Սանկտ-Պետրեբուրգի համալսարանում տեղի ունեցած Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված գիտաժողովում ՕՐԵՐ-ի կողմից արված բացառիկ լուսանկարները, ուր ի թիվս այլոց,  փայլուն ելույթ ունեցավ պրոֆեսոր Գաբրելլա Ուլոհոջյանը։ 

Նրա ելույթը նվիրված էր Երեմիա Քյումուրճյանի 1691 թվականին Պոլսում ստեղծած քարտեզի՝ Արցախի հատվածի ՝ Գանձասարի կաթողիկոսության թեմերին։

gabriella-ulohojian

,,Նոր Յառաջ,,. Երկուշաբթի, Նոյեմբեր 28-ին, 82 տարեկանին՝ յետ երակարատեւ հիւանդութեան իր մահկանացուն կնքած է վաստակաւոր պատմաբան, բանասէր եւ հայագէտ Կապրիելլա Ուլուհոճեան:
Ան 1973-էն 2004 դասաւանդած է Պոլոնիայի (Իտալիա) համալսարանին մէջ: 1973-ին, ծանօթ լեզուաբան Լուիճի Հեյլմանի փափաքով՝ նշեալ համալսարանին մէջ հայկական ուսմանց ամպիոն մը ստեղծուած է, ուր սկսած է դասաւանդել Կապրիելլա Ուլուհոճեան եւ որու ղեկավարութիւնն ալ ստանձնած է 1982-էն: Այս մէկը, իտալական համալսարանի մը մէջ հայկական ուսմանց առաջին ամպիոնն էր: Նախ ղեկավարած է լեզուագիտութեան, ապա միջնադարեան պատմութեան բաժինները: Այդ տարիներու ընթացքին, ան յաջողած է ամրապնդել նշեալ համալսարանին մէջ Հայոց լեզուի ուսումնասիրութեան մակարդակը, իր ջանքերով հիմնուած է համապատասխան գրադարան:
Երկար տասնամեակներու ընթացքին՝ դասախօսի եւ հետազօտողի իր գործունէութեամբ հայագիտուհին տիրացած է համաշխարհային համբաւի, հրատարակելով եւ ստորագրելով հարիւրեակ մը գիրքեր եւ յօդուածներ: Ողբացեալը հասցուցած է մեծ թիւով մասնագէտներ, որոնք այսօր կը գործեն Իտալիա եւ այլուր:
Կապրիելլա Ուլուհոճեան ծնած է Արեւմտեան Հայաստանէն մազապուրծ հայ գաղթական ընտանիքի մը երդիքին տակ: Շրջանաւարտ եղած է Միլանոյի Կաթոլիկ համալսարանի դասական բանասիրութեան բաժնէն եւ խորացած է յունա-լատինական մասնագիտութեան մէջ: Այդ տարիներու մեծ հայագէտ Ճանգարլօ Պոլոնիեզի ղեկավարութեամբ ուսումնասիրած է յունական դպրոցի երկերը, մասնաւորապէս բիւզանդացի բանաստեղծ Ժորժ Փիսիտեսի «Վեցօրեայ»-ի հայերէն թարգմանութիւնը` զայն համեմատելով յունարէն բնագրին հետ: Այդ երկը դարձած է Կապրիելլա Ուլուհոճեանի աւարտաճառի նիւթը, զոր ան փայլուն կերպով պաշտպանած է 1958-ին եւ ստացած՝ դոկտորի գիտական աստիճան: 1979-1980-ին գացած է Հայաստան եւ յաճախած՝ Երեւանի պետական համալսարան, ուսանած է գրաբար, արեւելահայերէն, հայ հին եւ ժամանակակից գրականութիւն:

Միեւնոյն ժամանակ առանձին հետազօտութիւններ կատարած է «Մաշտոց» Մատենադարանին մէջ` ուսումնասիրելով Բարսեղ Կեսարացիի «Գիրք Հարցողաց»-ի հայերէն թարգմանութեան ձեռագրերը:

Յետագային, ան այդ երկը պատրաստած է գիտահամեմատական հրատարակութեան համար, ինչ որ դարձած է իր ամենէն ծանօթ գործերէն մէկը:
1979-1989 ժամանակաշրջանին Ուլուհոճեան գործակցած է Միլանոյի Հայ ուսումնասիրութեան եւ վաւերագրումի կեդրոնին հետ, որու ընթացքին երկու անգամ մասնակցած է կեդրոնի կազմակերպած գիտարշաւներուն, մեկնած է Իրան եւ կատարած՝ հետազօտական աշխատանքներ: Գիտարշաւի ժամանակ ուսումնասիրած է հայերէն վիմագիր արձանագրութիւնները եւ որպէս արդիւնք հրատարակած է մենագրութիւն մը նուիրուած՝ Ս. Ստեփանոս Նախավկայ վանքի արձանագրութիւններու հաւաքածոյին:

gabriella-ulohojian2
Կ. Ուլուհոճեան դարձած է Հայ ճարտարապետական վաւերագրերու շարքի խմբագրութեան, միջազգային եւ իտալական բազմաթիւ ընկերակցութիւններու, Հայկական հետազօտութիւններու միջազգային ընկերակցութեան անդամ եւ մասնակցած է Պօ-Արաքս ընկերութեան հիմնադրման: 1991-էն անդամ էր Revue des Etudes Arméniennes-ի գիտական խորհուրդի:

Գիտական գործունէութեան զուգահեռ՝ մեծ աւանդ ունեցած է Պոլոնիայի եւ Երեւանի պետական համալսարաններու միջեւ դասախօսներու փոխանակման եւ ծրագրերու համակարգման ոլորտին մէջ:

Իր ջանքերով՝ Թորինոյի եւ Վենետիկի մէջ կազմակերպուած են հայագիտական ցուցահանդէսներ, գիտաժողովներ:
2009-ին լոյս տեսած եւ 2015-ին վերհրատարակուած իր «Հայերը» հատորը Նոյեմբեր 5-ին արժանացաւ Մոտենայի «Ալեսանտրօ Թասոնի» մրցանակին:
Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Դեկտեմբեր 1-ին, Փարմայի տաճարին մէջ:

,,ՕՐԵՐ,,-ը ցավակցում է մեծանուն հայագետի հարազատներին ու բարեկամներին։  

Սանկտ-Պետերբուրգի գիտաժողովի մի խումբ մասնակիցներով

Սանկտ-Պետերբուրգի գիտաժողովի մի խումբ մասնակիցներով, մեջտեղում՝ Գաբրիելլա Ուլոհոջյանը։

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
3. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
4. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
5. Իտալիա. «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի ելույթը Սալենտոյի միջազգային 15-րդ կինոփառատոնի փակմանը
6. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
7. «Լաւագոյն հայկական կրթօջախ» ` Հայ Լեզուի և Մշակոյթի Ամառնային Խտացեալ Դասընթացքին
8. Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Հայ-իտալկան միջպետական երկու փաստաթուղթ է ստորագրվել Երեւանում
10. Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: