ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՏԱԼԻԱ. Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում Հռոմում

10 մարտի, 2017 | 16:14

Գիտաժողով, ֆիլմի ցուցադրություն եւ համերգ 

italy mshakuit 2

ՀՌՈՄ.- Մարտի 9-ին Հռոմի Վալիչելիանա գրադարանում կայացավ Հայկական մշակույթի օր խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Վալիչելիանա գրադարանի, «Ալբատրոս» մշակութային ընկերակցության ու «Կոլումբիա» զբոսաշրջային գործակալության հետ համագործակցությամբ: Միջոցառումը կազմված էր երկու բաժնից՝ համաժողով և գեղարվեստական մաս:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Իտալիայի մշակույթի նախարարի տեղակալ Անտիմո Չեզարոն և Վալիչելիանա գրադարանի տնօրեն և համաժողովի մոդերատոր Պաոլա Պաեզանոն:

Դեսպան Բաղդասարյանը հակիրճ ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը և ստեղծած հարուստ մշակութային ժառանգությունը, Հայաստանի անկախության տարիների ձեռքբերումները, Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը և Իտալիայի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման գործում նրանց ունեցած ավանդը:

Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ մարտի 17-ին կլրանա Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ միաժամանակ նշելով, որ երկու ժողովուրդների կապերն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 9-ին Հռոմում կանցկացվի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Իտալիայի մշակույթի փոխնախարարն իր հերթին բարձր գնահատեց երկու երկրների միջև մշակութային համագործակցության մակարդակը: Նա անդրադարձավ Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին և Հայաստանում Իտալիայի կառավարության աջակցությամբ մշակութային ժառանգության վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագրին՝ դրանք գնահատելով որպես երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը նպաստող կարևոր գործոններ: Անտիմո Չեզարոն խոսեց նաև հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքների, ազգերի պատմական հիշողության պահպանման հարցում մշակույթի դերի և կարևորության մասին:

itali mshakuit 2017Կոնֆերանսի բանախոսներն էին Հռոմի Լա Սապիենցա համալսարանի սոցիոլոգ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Աննա Սիրինյանը, լրագրող Կլաուդիա Սուգլիանոն, գրող և գրականագետ Մագդա Վիջիլանտեն, Սանտա Չեչիլիա ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Կառլա Կոնտին, «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոն և լրագրող Սոնյա Օրֆալյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Բանախոսներն իրենց զեկույցներում խոսեցին հայկական հարուստ մշակույթի տարբեր ուղղությունների՝ գրականության, երաժշտության, ճարտարապետության, ձեռագիր մատյանների, հայոց լեզվի ու այբուբենի, հայկական պատմամշակութային հուշարձանների մասին: Անդրադարձան հայկական խոհանոցի առանձնահատկություններին, 20-րդ դարասկզբին Իտալիայում ապաստանած հայ բանաստեղծ Հրանտ Նազարյանի գործունեությանը, հայկական ժամանակակից մշակույթին:

Համաժողովին ընթերցվեց Մատենադարանի գիտաշխատող Արա Խզմալյանի զեկույցը՝ Մատենադարանի ստեղծման ու գործունեության, այնտեղ պահվող ձեռագրերի մասին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Ալբատրոս» մշակութային ընկերակցութան տնօրեն Ագոստինո Բանյատոյի նկարահանած «Հայաստանը մեր մեջ» փաստագրական ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերն ու բնապատկերները:

Ցուցահանդեսից հետո հայ և իտալացի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններ, ընթերցվեցին Հրանտ Նազարյանի բանաստեղծությունները:

Հայկական մշակույթին նվիրված օրը եզրափակվեց հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսով։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
2. Դեսպան Բաղդասարյանը Հռոմի քաղաքապետին հրավիրել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին
3. ԻՏԱԼԻԱ. Մինաս Լուրեան անդամ ընտրուած է Ֆիրենցէի «Սուրբ Մինաս եկեղեցւոյ հազարամեակի ոգեկոչումներու ազգային յանձնախումբ»-ին
4. Հայկական մշակույթի փառատոն իտալական Պադովայում
5. Իտալիա. Ֆրանկոֆոն երկրների դեսպանների Մշակութային հանձնաժողովի նիստը
6. Մալթայում Հայաստանի նոր դեսպանն է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը
7. Իտալիա. Մեծ կորուստ է կրել հայագիտությունը՝ վախճանվել է Գաբրիելա Ուլոհոջյանը
8. Իտալիա. Վախճանվել է անվանի ճարտարապետ Հայկ ՈՒլուհոջյանը
9. Իտալիա. Հռոմում նշվել է Հայաստանի անկախության 25-ամյակը
10. Իտալիա. ՀՀ դեսպանի կարծիքով, Հայաստանը կհաղթահարի ներկայիս մարտահրավերները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: