ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…

14 նոյեմբերի, 2018 | 13:31

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ստեղծվել է 1957 թվականին Սերգեյ Մերգելյանի նախաձեռնությամբ: Սկզբում այն կոչվել է Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական համալսարանի համատեղ հաշվիչ կենտրոն: Ինստիտուտում աշխատել և աշխատում են այնպիսի հզոր մասնագետներ, ինչպիսիք են՝ Թեոդոր Տեր-Միքայելյան, Ռաֆայել Ալեքսանդրյան, Աշոտ Պետրոսյան, Ռոմ Վարշամով, Յուրի Շուքուրյան, Իգոր Զասլավսկի, Հրանտ Մարանջյան, և ուրիշներ: Ինստիտուտն այսօր ֆինանսավորվում է մի շարք պետական ծրագրերի շրջանակում՝ բազային, նպատակային, թեմատիկ և այլ: Ունի նաև միջազգային գրանտներ։  Համագործակցում է արտակարգ իրավիճակների, պաշտպանության, բնապահպանության նախարարությունների հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում  20-ից ավելի միջազգային նախագծեր է իրականացրել: Բայց այս ձեռքբերումները զարգացնելու համար ինստիտուտը պետական աջակցության կարիք ունի՝ ստեղծելու  ազգային  սուպերհամակարգչային  կենտրոն. <<Սուպերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ կարելի է լուծել  տեղեկատվական անվտանգության, այլըտրանքային և բնական էներգետիկայի, նոր նյութերի ստացման, առողջապահության, դեղագործության, արտակարգ իրավիճակների մոդելավորման և շատ այլ խնդիրներ՝ համակարգային մոդելավորման և տվյալների մշակման միջոցով: Այսպիսով վերոնշված խնդիրների լուծման մեջ առաջխաղացումը անհրաժեշտաբար պահանջում է  ապահովել Հայաստանում հզոր հաշվողական ռեսուրսների միջավայր>>,-նշում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վ. Սահակյանը։

Վ. Սահակյանը փաստում է, որ ՏՏ ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում համարվում է ամենահեռանկարայինը: 2004 թվականից ԻԱՊԻ-ում իրականացվում է մագիստրատուրայի ուսուցում ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի Ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով, որտեղ ամեն տարի  բավական բարձր դիմելիություն է լինում: Իրենց ինստիտուտը մասնագիտացված է այս ոլորտի մի շարք ուղղություններում. <<Իրականացնում ենք այն տեսական հետազոտությունները, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը. մաթեմատիկական տրամաբանություն, ալգորիթմների տեսություն, ավտոմատների տեսություն, հանրահաշվական կոդավորման տեսություն, արհեստական բանականության և իմացական մոդելներ, դիսկրետ մաթեմատիկա, մաթեմատիկական վիճակագրության թվային մեթոդներ, նաև շատ արդիական համարվող պատկերների մշակում: Հենց տեսական հենքի վրա են ստեղծվում նոր տեղեկատվական տեխնոլոգիաները>>,- փաստում է Վ. Սահակյանը:

Տեսական գիտելիքները կիրառական դաշտ տեղափոխելով՝ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետները ստեղծել են ավելի քան  65 գիտակրթական կենտրոններ միավորող ցանց՝ ASNET.AM-ը. <<Ինստիտուտն իր ASNET.AM ցանցում ստեղծել է ծառայություններ, որ չունի ոչ մի ինտերնետ-մատակարար: Օրինակ՝ ցանցի անդամները կարող են գրանցվել eduroam համաեվրոպական ցանցում, որը գործում է Եվրոպայի բոլոր բուհերում, բավական է մտնել որևէ ուսումնական հաստատություն, և սմարթֆոնն անմիջապես միանում է ցանցին՝ հնարավորություն տալով անվճար հեռախոսային զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ: Գործում է նաև file sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: ASNET.AM-ում ստեղծվել է նաև Ամպային հաշվարկների աշխատանքային միջավայր գիտաշխատողների համար:  Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ,  որոնք պահպանվում են ամպային միջավայրում ապահով ու գաղտնագրված>>,- փաստում է Վ. Սահակյանը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում կարևորվում են մաթ. սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառական ծրագրային փաթեթների մշակումները:

Ինստիտուտը 1990-ականների կեսերից համագործակցելով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ (ՄԳՏԿ), որն աջակցում է ԱՊՀ երկրների գիտական կենտրոններին, կապեր ապահովում Եվրամիության, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Կանադայի հետ՝ ներկայացրել է բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգ ստեղծելու իր նախագիծը: Կենտրոնը աջակցել է, և ինստիտուտը ստեղծել է հարյուր  քսանհինգ պրոցեսորանոց համակարգ, որն այն ժամանակ տարածաշրջանում ամենահզորն էր. <<Մենք տարբեր համակարգիչներ, միացրինք իրար, ստեղծեցինք առանձին հզոր մայր համակարգիչ, որը ղեկավարում էր մյուսների աշխատանքը: Այն անվանեցինք Արմկլաստեր: 2004 թ.ԱՊՀ-ում այն զբաղեցնում էր հինգերորդ տեղը: Բայց ստեղծելու պահին երկրորդն էինք, Ռուսաստանից հետո: Այդ աշխատանքի համար արժանացանք ՀՀ նախագահի մրցանակին: Եվրոպական հանձնաժողովը որոշեց մեր կլաստերը կապել եվրոպական միջավայրի հետ: Սկսվեց նախագծերի մի նոր փուլ, որը շարունակեց ֆինանսավորել ՄԳՏԿ-ն: Ստեղծեցինք ևս չորս կլաստեր ԵՊՀ-ում, Պոլիտեխնիկում, ֆիզիկայի և մեր ինստիտուտներում, նաև Վրաստանի ֆիզիկայի ինստիտուտում: Դրանք կապեցինք իրար և միացանք հարավ-եվրոպական Գրիդ միջավայրին՝ ծառայությունը անվանելով Արմգրիդ: Այդ կլաստերների հենքի վրա ծառայությունը հայկական գիտական համայնքին տրամադրում է ՏՏ պլատֆորմ>>,- նշում է Վ. Սահակյանը:

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել: Իրականացնում են մագիստրոսական ուսուցում՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի ամբիոնի միջոցով. <<Ամբիոնը գտնվում է մեր ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության շրջանակում  վերջին տարվա ընթացքում մեր 8 մագիստրանտներ գործուղվել են ուսուցանվելու 6 ամսով /մեկ կիսամյակ/ Ֆրանսիայի Թուլուզի համալսարան: Ամեն տարի 3–4 լավագույն մագիստրոսներ  ընդունում ենք ասպիրանտուրա։  Ասպիրանտուրայի ավարտից հետո նրանք աշխատաում են մեզ մոտ>>,-փասում է Վ. Սահակյանը։

Վ. Սահակյանը մեր երիտասարդների գիտական պոտենցիալը շատ մեծ է համարում: Նա միայն մի մտավախություն ունի՝ երիտասարդներին չխրախուսելու դեպքում ՏՏ ոլորտում մենք լճացում կունենանք:

 

 

 

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: