ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից

15 մայիսի, 2018 | 08:28

 

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները զարմացրել և տպավորել են ինչպես աշխարհի հայերին, այնպես էլ օտարերկրացիներին, քանի որ երկրի ղեկավարը, որն իր աջակիցների կողմից համարվում էր անփոխարինելի, առանց  որևէ բռնության կամ արյունահեղության փոխարինվեց նորեկով: Բացի այդ, այն ինչ տեղի է ունենում Հայաստանում շատ ավելին է, քան կոնկրետ ղեկավարի  պաշտոնազրկումը: Երկու տասնամյակ արմատավորված վարչակարգը տապալվեց գրեթե մեկ գիշերվա ընթացքում…

 

Հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, պետք է վերադառնալ 1991 թ.՝ Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացման ժամանակաշրջանը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնցից ոչ մեկը հոգ չի տարել ժողովրդի մասին և երկիրը չի կառավարել ժողովրդավար կերպով: Նրանց ձեռքում կենտրոնացած էր ինչպես իշխանությունը, այնպես էլ ռազմական ղեկավարությունը և օլիգարխիկ կլանները:

 

Մինչ մի խումբ ինքնակալներ նստած էին իշխանական բուրգի գագաթին, ժողովրդի ճնշող մեծամասնությունը զրկված էր գոյատևման հիմնական անհրաժեշտ միջոցներից, ինչպիսիք էին սնունդը, հագուստը, դեղորայքը և իհարկե՝ դրամը: Վերջին քառորդ դարում ավելի քան մեկ միլիոն հայեր լքել են հայրենիքը և հաստատվել այնտեղ, որտեղ կարող էին աշխատանք գտնել և կերակրել իրենց ընտանիքներին: Նրանցից շատերը, որոնք չեն կարողացել հեռանալ երկրից, հազիվ են գոյատևել արտասահմանից իրենց հարազատների և ընկերների ուղարկած միջոցների հաշվին:

 

Այս տխուր պայմաններում շարունակում էր աճել բնակչության զայրույթն ու վրդովմունքը իշխանության, հատկապես երկրի ղեկավարի դեմ: Ի լրումն ծայրահեղ աղքատության, ժողովուրդը տառապում էր կոռուպցիայից, ընտրակեղծիքներից, անարդար դատարաններից, գործազրկությունից, գրաքննությունից և ոստիկանության պարբերական դաժանություններից: Մինչ նրանք, ովքեր միջոցներ ունեին ձեռք բերելու վիզա և ավիատոմսեր, արտագաղթում էին Հայաստանից, մյուսները ստիպված էին ծպտուն չհանել և հանդուրժել ծանր պայմանները:

 

Ժամանակ առ ժամանակ հանրային բողոքներ էին տեղի ունենում՝ կեղծ ընտրությունների կամ անտանելի ծանր կենսապայմանների դեմ, սակայն ոստիկանությանը հաջողվում էր ճնշել անկարգությունները՝ ծեծելով կամ ձերբակալելով ցուցարարներին: Ամենասարսափելի միջադեպը տեղի ունեցավ 2008 թ. մարտին, երբ տասը մարդ սպանվեց Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու դեմ բողոքելու համար:

Մինչ Սերժ Սարգսյանը և իր նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, ուշադրություն չէին դարձնում հանրությանը հուզող ողբալի պայմաններին, ժողովրդի անբավարարվածությունը, դժգոհությունը և զայրույթն ընդդեմ իշխանությունների շարունակում էր աճել: Պետության այս ղեկավարները, շրջապատված իրենց օգնականներով, որոնք գովաբանում էին նրանց ու հավաստիացնում, թե ամեն ինչ հրաշալի է երկրում, մնում էին անտեղյակ հասարակության թշվառ վիճակի մասին:

 

Անցած 27 տարիների ընթացքում, Հայաստանի երեք նախագահների հետ անցկացրած հանդիպումների հարյուրավոր ժամերի ընթացքում, ես նրանց ուշադրությունը հրավիրել եմ երկրում առկա տարբեր խնդիրների վրա՝ սկսած կոռումպացված օգնականներից և կառավարության նախարարներից, մինչև կաշառակերության վրա հիմնված անարդար դատավարությունները, կեղծ ընտրությունները և այլն: Նախագահները ինձ ասում էին, որ առաջին անգամ են լսում այդ հարցերի մասին: Շատ քիչ մարդիկ են քաջություն ունեցել նրանց ուշադրությունը հրավիրելու դրանց վրա:

 

Ես համարձակություն ունեցա նախագահ Քոչարյանին ասելու, որ Հայաստանի բնակչությունը ատում է նրան: Նա չհամաձայնեց ինձ հետ, սակայն ես պնդեցի, առաջարկելով նրան, մի գիշեր գլխարկով և վերարկուով, ծպտված կանգնել փողոցի անկյունում և անցորդներին հարցնել, թե ինչ են մտածում նախագահի մասին: Միաժամանակ նրան  զգուշացրեցի, որ շատ վիրավորական մեկնաբանություններ կլսի:

 

Նաև հիշում եմ, թե ինչպես նախագահ Սարգսյանին, նրա առաջին ընտրության նախաշեմին ասացի, որ չպետք է անտեսի հասարակ ժողովրդին և հայտնվի հեռուստաէկրաններին՝ հարուստ օլիգարխների հարսանիքներին մասնակցելով և նրանց բիզնեսների ժապավենները կտրելով: Առաջարկեցի, որ ամիսը մեկ անգամ անսպասելիորեն այցելի որևէ աղքատ ընտանիքի, առանց իր օգնականների և թիկնապահների և հետաքրքրվի այդ ընտանիքի զբաղվածության, եկամտի ու առողջության վերաբերյալ՝ ցույց տալով, որ հոգ է տանում աղքատների մասին, որոնք կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը: Ցավոք սրտի, նա երբեք նման այցելություն չկատարեց:

 

Նաև խորհուրդ տվեցի նախագահ Սարգսյանին ստեղծել անկախ խորհրդատուների խումբ`կազմված իմաստուն և փորձառու անհատներից, որոնք պետական ​​աշխատողներ չեն լինի: Նրանք կկարողանան անկեղծ խորհուրդներ տալ՝ առանց պաշտոնից զրկվելու վախի: Ցավոք, այս առաջարկը ևս անտեսվեց:

 

Խնդիրն ավելի խորացավ, և հասարակությունը երբեք չմոռացավ կամ չներեց Սերժ Սարգսյանին, 2008 թ. ոստիկանության կողմից տասը ցուցարարների սպանության համար, և յուրաքանչյուր կեղծ ընտրության ու շարունակվող տնտեսական թշվառության հետ աճեց նրանց հիասթափությունը: Երբ 2015 թ. Սահմանադրությունը փոփոխվեց, Սերժ Սարգսյանը վստահեցրեց ժողովրդին, որ մտադրություն չունի մնալ իշխանության 2018 թվականին, երբ ավարտվի իր նախագահության երկրորդ ժամկետը: Մարդկանց մեծ մասը չէր հավատում նրան և կասկածում էր, որ նա կմնա պաշտոնում՝ ձևական նախագահի աթոռից անցնելով ուժեղ վարչապետի պաշտոնին՝ համաձայն նոր Սահմանադրության: Մասնավոր հանդիպումներից մեկի ժամանակ, ես հետաքրքրվեցի, թե արդյոք Սերժ Սարգսյանը մտադիր է թողնել պաշտոնը իր ժամկետի վերջում, ինչպես որ նա խոտացել էր, սակայն անհանգստացա, երբ նա ասաց, որ որոշում կկայացնի 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա:

 

Մինչդեռ, ժողովրդի ճնշող մեծամասնությունը, չնայած կասկածներին, Սարգսյանի պաշտոնի ավարտման օրերն ու ժամերն էր հաշվում: Երբ անցյալ ամիս Հանրապետական կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում նրան ընտրեց որպես նոր վարչապետ, քաղաքացիները այլևս չկարողացան զսպել իրենց զայրույթը: Տասնյակ հազարավոր մարդիկ, ընդդիմության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, դուրս եկան փողոցներ՝ իրենց հիասթափությունն արտահայտելու:

 

Բարեբախտաբար, բարկության այդ զանգվածային զեղումը հսկվում էր Փաշինյանի կողմից՝ որևէ բռություն չկիրառելու և ոստիկանության ուժերին հարգելու անընդհատ հորդորով: Մի շարք սխալներ թույլ տվեցին վարչապետ Սարգսյանը և խորհրդարանի Հանրապետական ​​կուսակցության անդամները, երբ Սարգսյանը հանդիպեց Փաշինյանի հետ և երեք րոպեից լքեց սրահը: Մի քանի ժամ անց, չնայած իր խորհրդարանական անձեռնմխելիությանը, Փաշինյանը ձերբակալվեց և ոստիկանության կողմից պահվեց անհայտ վայրում ՝ նրան դարձնելով ավելի մեծ հերոս: Շարունակվող ցույցերի պատճառով, Փաշինյանը ազատ արձակվեց, և անսպասելիորեն, վարչապետ Սարգսյանը հրաժարական տվեց, խոստովանելով՝ «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր»:

 

Մայիսի 1-ին խորհրդարանը հավաքվեց նոր վարչապետ ընտրելու համար: Երկար քննարկումներից հետո, Հանրապետական կուսակցությունը որպես խորհրդարանի մեծամասնություն գրեթե միաձայն քվեարկեց ընդդեմ Փաշինյանի թեկնածության: Մայիսի 2-ին ժողովուրդը փակեց բոլոր գլխավոր փողոցները, մայրուղիները և կաթվածահար արեց երկաթուղին, մետրոպոլիտենը ու օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհները: Հաջորդ օրը Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ նա չի արգելափակի մայիսի 8-ին նախատեսված ընտրությունները՝  Փաշինյանին ընտրելով որպես վարչապետ:

 

Հավանաբար, Փաշինյանի ընտրությամբ չեն լուծվի Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրները: Հետագա 15 օրվա ընթացքում, նա պետք է ընտրի նախարարների կաբինետ և իր կառավարության օրակարգը ներկայացնի խորհրդարան հաստատման համար: Այնուհետև երկար քննարկում կծավալվի ընտրական օրենսդրության փոփոխության շուրջ, իսկ մի քանի ամիս անց կանցկացվեն Ազգային ժողովի նոր ընտրություններ: Չնայած իշխանափոխությանը, Հայաստանը շարունակելու է տառապել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումներից և Արցախի հետ կապված ռազմական հակամարտությունից:

 

Պետք է սպասենք և տեսնենք, թե Փաշինյանը ում կնշանակի արտաքին և պաշտպանության նախարարների գլխավոր պաշտոններում: Ինչպիսի՞ փոխզիջումներ կկատարվեն Փաշինյանի փոքրամասնության անդամների և խորհրդարանում ՀՀԿ մեծամասնության միջև ընտրական օրենսդրությունը փոփոխելու ժամանակ: Միայն դրանից հետո տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ: Ենթադրվում է, որ նոր ընտրությունները արդար և պատշաճ կերպով կվերահսկվեն նոր կառավարության կողմից, մնում է միայն տեսնել, թե արդյոք Փաշինյանի կուսակցությունը և նրան աջակից կուսակցությունները մեծամասնություն կկազմեն նոր խորհրդարանում: Լավ նորություն է, որ այս բոլոր զարգացումները տեղի են ունենում Սահմանադրության համաձայն՝ նոր զարթոնք ապրած հայ հասարակության ճնշման ներքո:

 

Վերջապես, ամենակարևոր խնդիրն այն է, որ հազարավոր նորոգ լիազորված երիտասարդներ, որոնք մեծ ոգևորությամբ և զգացմունքներով փողոց  դուրս եկան պահանջելով ավելի ժողովրդավարական պետություն, չպետք է հիասթափվեն: Հայաստանը չի կարող թույլ տալ կորցնել իր երիտասարդությանը, որը երկրի ապագան է…

Յուրաքանչյուր ոք Հայաստանում և Սփյուռքում պետք է անի ամեն ինչ՝ Հայաստանում կայունության, խաղաղության և բարգավաճման ապահովման համար՝ նրա նոր ղեկավարությամբ:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
4. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
5. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
6. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
7. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
8. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
9. Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
10. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
2.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
3.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
4.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
5.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
7.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
8.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
9.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
10.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: