ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

06 նոյեմբերի, 2018 | 09:58

 

 

 

Հեղափոխության ամբողջացում՝ արժեքների հեղափոխության միջոցով

Որեւէ, անգամ ամենասպասված իշխանափոխության արդյունքում առաջ եկած գիտակցված ոգեւորությունը, էլ չասած՝ զգացմունքային էյֆորիան, չեն կարող ժողովրդի ստեղծագործական էներգիայի հարատեւ աղբյուր լինել: Միայն կայուն, բոլոր իրավապաշտ քաղաքացիների փոխադարձ հարգանքն ու ներդաշնակ համակեցությունը ապահովող եւ նրանց՝ երջանկության հասնելու ջանքերը խրախուսող արժեհամակարգի հաստատումն է, որ կարող է ապահովել նման ոգեւորություն: Իսկ այդ արժեհամակարգի հաստատումը կարող է տեղի ունենալ միայն արժեքների հեղափոխության արդյունքում, որը ոչ այլ ինչ է, քան մասամբ վերադարձ դեպի մեր ազգային արմատական վաղընջենական արեգակնային արժեհամակարգը, որն իր արմատներով միահյուսվում է խեթա-շումերական քաղաքակրթության հետ եւ մեզ է հասնում այդ թվում Սասնա Ծռեր էպոսի եւ Հայկի ու Բելի մասին ավանդապատման միջոցով, եւ մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական եւ իրավա-քաղաքական համակարգի սրընթաց մոտարկում աշխարհի առաջադեմ, տեխնոլոգիական բարձր մակարդակների հասցված, նախեւառաջ՝ եվրոպական համապատասխան համակարգերի հետ:

Ընդհանրապես, մեր տարածաշրջանում հազարամյակներ առաջ հիմնավորված տիեզերակարգահեն խեթա-շումերա-եգիպտական արեգակնային/ոգեղենի եւ լուսնային/նյութապաշտականի միջեւ անցումային/միջանկյալ, ըստ էության՝ դուալիստական արժեհամակարգը Հայաստանում (դատելով Սասնա Ծռեր էպոսից եւ Հայկյան առասպելից), ինչպեսեւ կարճ ժամանակով Եգիպտոսում (Էհնատոնի թագավորություն) անցում կատարեցին ոգեղեն-արեգակնայինին: Հակառակ դրա՝ տարածաշրջանի մյուս բոլոր երկրներում, հատկապես՝ ասորա-բաբելոնյան ժողովուրդների մոտ այն իր տեղը զիջեց լուսնային համակարգին: Այդ պարտությանը նախորդած քաղաքակրթական հակադրությունը, ինչպես արդեն նշեցի, արտացոլվել է Հայքի եւ Բելի առասպելում եւ Սասնա Ծռեր էպոսում (լույսի եւ ճշմարտության աստված Մհեր-խոյը սպանում է ցլին, որը լուսնապաշտության հիմնական խորհրդանիշն էր): Սակայն եգիպտական (նոր թագավորության շրջանի, երբ տիեզերական Խոյի երկհազարամյակը եկավ փոխարինելու Ցլի երկհազարամյանկին)  եւ տարածաշրջանի հնագույն արեգակնային մյուս հավատալիքները հզորագույն քաղաքակրթական ազդեցությունը թողեցին ամբողջ հին աշխարհի վրա եւ մեռնող-հարություն առնող լույսի եւ ճշմարտության աստծո (ծագող, մայր մտնող՝ «մեռնող», ապա վերստին «հառնող» արեւի) կերպարը ի վերջո մարմնավորվեց Քրիստոսի մեջ: Նյութապաշտության քայլարշավը տարածաշրջանում մասամբ կանգնեցվեց քրիստոնեության առաջացմամբ եւ տարածմամբ: Քրիստոսի՝ Նոր Կտակարանում շարադրված ուսմունքը գաղափարական-հոգեւոր ասպարեզում հիմնականում հաղթահարեց ասորա-բաբելոնյանի տեղային տարատեսակը հանդիսացող հինկտակարանյան/տանախյան՝ ըստ էության լուսնապաշտական արժեհամակարգը (Մովսեսը որքան էլ պայքարեց ոսկե ցլի պաշտամունքի դեմ, սակայն մովսեսականությունն ինքը շատ հեռու չգնաց նույն այդ նյութապաշտ արժեհամակարգից), սակայն, ասես մի չար հեգնանքով (այլ կերպ չարտահայտվեմ քանի դեռ միտման առկայություն մասին ինձ, համենայնդեպս, հայտնի չէ), Քրիստոսից շատ անց, քրիստոնեության հայրերը ոչ միայն ներառեցին Հին Կտակարանը որպես նոր կրոնի երկու հիմնասյուներից մեկը, այլ անգամ Նոր Կտակարանը կառուցեցին ոչ միայն Քրիստոսի ուսմունքի վրա, այլեւ արհեստականորեն դրանում ներառեցին մի շարք մարդատյաց/լուսնապաշտական դրույթներ Տանախից: Այսպիսով, քրիստոնեությունը որքան էլ որ մեծ քայլ առաջ էր նյութապաշտական արժեհամակարգից եւ մեծ իմաստով վերջինի հաղթահարում, սակայն իր «շալակը վերցրած» նոր աշխարհ մտցրեց նույն այդ մերժված եւ հաղթահարված հակադիր համակարգի մնացուկները՝ այդպիսով նոր սերունդներին տալով ոչ-լիարժեք եւ ոչ-միարժեք ուղերձներ, հնարավորություն տալով հետագա կեղծ մեկնաբանությունների, նենգափոխումների եւ արժեհամակարգային այլասերումների: Արդյունքում անգամ քրիստոնեական ասկետիզմը չդարձավ ավելին, քան միհրական/ապոլոնեսյան ոգեպաշտության կռտված, թերարժեք մնացուկ, որտեղ մարդու ինքնության կարեւորագույն բաղադրիչը՝ սեռականությունն ու գեղեցիկի ընկալումն ընդհանրապես, ոչ թե ենթարկվում է մշակութային քննության եւ կանոնակարգման՝ դառնալու համար անհատի մոտ ոգեղենությունն ու վեհանձնությունը աճեցնող կարեւորագույն շարժիչ ուժերից մեկը, այլ դեմոնացվում է եւ փակվում «խորը զնդանում»: Իսկ ոգեղենության նման թույլ, ոչ-ամբողջական որակով արդյո՞ք քրիստոնեությունը ի զորու էր հաղթահարել հետ-հելլենիստական աշխարհը համակած նյութապաշտության դիոնիսական վակխանալիան: Պատահական չէր, որ այդ ասկետականության գագաթնակետը հանդիսացած ճիզվիտական միաբանությունները համակված էին այդ «խորը զնդանից» արատների տեսքով դուրս ժայթքող արդեն այլայլված եւ անճոռնի սեռականության դրսեւորումներով,  մարդատյացությամբ ու հակասեմականությամբ, իսկ ասպետական միաբանություններն ի վերջո այլասերվեցին նյութական հարստության կենտրոնացման եւ պճնանքի ծաղկման կենտրոնների: Ընդհանուր առմամբ, քրիստոնեությունն ինքը կարիք ունի բարեփոխման եւ հումանիզացիայի, ինչն այսօր դանդաղորեն, սակայն հաստատակամորեն տեղի է ունենում աշխարհում (սակայն, ցավոք, ոչ Հայաստանում)՝ նոր դարաշրջանի իրողություններին համահունչ: Սակայն անգամ բարեփախված քրիստոնեությունը չի լինի մարդկանց միջի ոգեղենությունը զարգացնող, հզորացնող միակ ուսմունքը:

Իհարկե, Հին Կտակարանը, հնագույն փոխներգործությունների արդյունքում, իր մեջ ներառել էր եւ քրիստոնեությանը փոխանցեց նաեւ այնպիսի կարեւորագույն ոգեղեն արժեքներ, ինչպիսիք են աստծուց մարդու կամքի անկախության գաղափարը, նյութական մարմնի հանդեպ ոգու գերակայության գաղափարները, հոգու անմահության, դրանից էլ՝ մարդու հարության հնարավորությունը, որոնք, ըստ էության ոչ այլ ինչ էին, քան մարդու իրավական եւ սուբստանցիոնալ հավասարեցում բացարձակին: Բայց մարդու հավասարեցումը բացարձակին իր գագաթնակետին հասավ հենց Քրիստոսի մեջ աստծո մարդացմամբ, կամ ավելի ճիշտ՝ մարդու աստվածացմամբ: Մի բան, ի դեպ, որը, ի հեճուկս որոշ թյուրընկալումների, ընդունում է նաեւ Հայ առաքելական եկեղեցին՝ ժխտելով Քրիստոսի միաբնակության կոնցեպտը: Մի բան, որն անհնար էր պատկերացնել հինկտակարանյան մոնոֆիզիտական կրոնի շրջանակներում, ինչն էլ դնում է քրիստոնեությունը լիակատար գաղափարաբանական հակադրության մեջ իրեն նախորդող մովսեսականության հետ, միեւնույն ժամանակ մոտենալով որոշ հեթանոսական (օրինակ՝ հելլենիստական) հավատալիքներին, ուր կիսաստվածները սովորական բան էին:

Այսպիսով, Սասնա Ծռեր էպոսի միջոցով մեզ հասած արժեհամակարգի խորքային եւ համակողմանի ուսումնասիրությունը, թերեւս, հնարավորություն կտա մեզ բացահայտելու ոչ միայն մեր ազգային, այլեւ տարածաշրջանի ժողովուրդների մեծ մասի ինքնության գաղտնիքները եւ թաքնված ներուժը, որը մի երանելի օր նաեւ միասնական, խաղաղ եւ ներդաշնակ տարածաշրջանի կոնցեպտի համար լավագույն հիմքը կարող է դառնալ: Նույն նպատակով մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք մահմեդականությունը, ինչը մեզ կհասունացնի այդ կրոնը եւս բարեփոխելու ուղիները գտնելու համար՝ տարածաշրջանային միասնական արեգակնային արժեհամակարգի արմատավորմանը՝ տարբեր կրոնների հանդերձանքով:

Իսկ մինչ այդ մենք ինքներս կարիք ունենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու, մեր նոր սերունդների մեջ ոգեղեն հավերժ արժեքները սերմանելու՝ հարգանքը մարդու եւ բնության հանդեպ, ազնվությունը, քաջությունը, վեհանձնությունը, պատասխանատվությունը, գեղեցիկի զգացողության իմաստավորումը, եւ հանուն բարձրագույն արժեքների ինքնազոհողության պատրաստակամությունը:

 

Իշխանության ընդհանրական նոր ընկալման անհրաժեշտությունը. «Ընդդեմ իշխանության, ընդդեմ կառավարիչների»

Նոր աշխարհի միտումները տանում են դեպի մարդկային հասարակարգերում բացարձակ իշխանության վերացում եւ հավասարակշռում, ընդհանրապես՝ իշխանական ուղղահայացի թուլացում, իշխանության համահարթեցում եւ ապակենտրոնացում, համայնքային ինքնակառավարման եւ անհատի սուվերենության ուժեղացում, նրա անձնական տիրույթի եւ ազատությունների պաշտպանություն: Իրականում սա վերադարձ է դեպի հին աշխարհին հատուկ սոցիալական կյանքի կազմակերպում, որի արգասիքները պահպանվել են թե՛ ավելի ուշ շրջանում կենտրոնաձիգ իշխանության անցած Խեթական թագավորությունում, թե՛ կելտական, գերմանական եւ շատ այլ ցեղախմբերի մոտ եւ թե՛ մեզ ավելի հոգեհարազատ Սասնա Ծռեր էպոսում եւ Հայկի ու Բելի առասպելում: Իսկ Շումերական քաղաք-պետություններում արտահայտված քաղաքակրթությունը տալիս է մեզ երեք՝ հոգեւոր, տնտեսական եւ ռազմա-քաղաքական  իշխանությունների տարանջատման անզուգական, մինչ այդ նմանօրինակը չունեցող մոդելը:

Նյութապաշտական արժեհամակարգի հաղթանակը տարածաշրջանում, ապաեւ գրեթե ամբողջ աշխարհում բերեցին իշխանության նշանակության աճին, հաճախ՝ դրա սակրալացմանը գրեթե ողջ աշխարհում՝ մի երկար ժամանակաշրջան: Ինչպես հրաշալի ասված է՝ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակապես: Նոր դարաշրջանուն սոցիալական հարաբերությունները բնորոշվում են ցանցային փոխներգործությամբ եւ շփմամբ այլ ոչ թե խիստ հիերարխիկ ենթակայեցմամբ: Որեւէ մեկին չվիրավորելու համար առայժմ մի կողմ կթողնեմ փառասիրության եւ իշխանատենչության, այլոց ենթարկելու մղման հոգեբանական պատճառների/հոգեվերլուծական դիտարկումների քննարկումը. նման խոսակցության ժամանակն էլ կգա: Իսկ առայժմ սահմանափակվեմ ասելով, որ մարդկությունը վաղուց ստեղծել է միջոցներ, որոնք կարող են բավարարել փառասերների կրքերը՝ առանց այլոց իրավունքների ոտնահարման եւ առավելեւս՝ առանց նրանց մղելու պատերազմների սանձազերծման. ստեղծարար գործունեությունն ու սպորտը դրանց թվում են: Քրիստոնեությունը, ի դեպ, ոչ միայն հստակ տարանջատում է ոգեղենը՝ «աստծոնը» նյութականից՝ «կեսարինից», այլ ինքը բռնելով աստծո կողմը՝ դեմ է դուրս գալիս իշխանություններին եւ կառավարիչներին՝ «կեսարինի» մեջ մտցնելով ոչ միայն փողը, այլեւ «այս աշխարհից ստացած» իշխանությունը: Այս իմաստող քրիստոնեությունը պոստմոդեռնի նախակարապետն էր:

Ուրեմն պետք է արմատավորենք մեզնում՝ մեր քաղաքացիների գիտակցության մեջ այն մոտեցումը, որ պաշտոնյան ոչ թե իշխող է, այլ վարձու կառավարիչ: Թավշյա հեղափոխության հետ առաջ եկած նոր իրողությունները բարենպաստ են նման գիտակցության ձեւավորման համար, բայց նաեւ իրենց մեջ ռիսկեր են պարունակում մեկ իշխողին մեկ այլ իշխողով փոխարինելու, վարձու կառավարչին սրբադասելու, նրանից կուռք դարձնելու առումով: Ապակենտրոն արդյունավետ կառավարման գրավականը քաղաքացիական հասարակության զարգացման բարձր մակարդակն է, պետական մարմինների գործառույթնորի առավելագույն պատվիրակումը ՔՀԿ-ներին, մարդու իրավունքների բացարձակ պաշտպանվածությունը:

Նման ապակենտրոն կառավարումը, սակայն, ենթադրում է նախ ինքնիշխանության լիարժեք հաստատում, որը կարող է տեղի ունենալ միայն հասարակության մեջ համապատասխան մտածողության եւ արժեհամակարգի արմատավորման դեպքում: Ինքնիշխանությունը ժողովրդի՝ սեփական  ինքնագիտակցումն է որպես քաղաքական ազգի: Երբ հայ լինելը նախեւառաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է: Նման ինքնիշխանության հիմնասյունը յուրաքանչյուր քաղաքացին է, ով կանգնած է պետության հետ թիկունք-թիկունքի տված՝ անկախ իր էթնիկ, կրոնական, սեռային, սեռական պատկանելությունից: Ինքնիշխանությունը նաեւ քաղաքացիների գիտակցության մեջ պետության եւ պետական հանրակարգերի հստակ տարանջատումն է գործող անցովիկ իշխանություններից եւ ընդդիմություններից: Քաղաքացու լիակատար ինտեգրումը պետական կառավարմանը, որոշումների կայացման թափանցիկ եւ ներառական, հանրային քննարկումների վրա հիմնված մեխանիզմների արմատավորումը, հասարակական-քաղաքական կյանքին, կրթությանը  եկեղեցու միջամտության բացառումը/ապակղերականացումը. այս ամենը կդառնա ապակենտրեն բայց հզոր պետականության հիմք:

Ապակենտրոնացման պայմաններից է նաեւ մեր պետական համակարգի անխոցելիությունը արտաքին ազդեցությունների համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել սահմանափակ լյուստրացիա, ինչը նշանակում է, որ նպատակը ոչ թե խորհրդային ԿԳԲ-ի հետ համագործակցած տասնյակ հազարավոր քաղաքացիների քաղաքացիների անունները ինքնաբերաբար հրապարակելն է, նրանց անարգանքի սյունին գամելը եւ պարսավանքի ենթարկելը, այլ որեւէ նման անձի՝ պետական կամ ընտրովի պաշտոնի հավակնելու դեպքում՝ ԿԳԲ-ի հետ իր համագործակցության փաստի հրապարակումը՝ ազատելու համար նրան արտաքին ուժերի կողմից հնարավոր շանտաժների հեռանկարից. իսկ ԿԳԲ-ի արխիվներն այժմ գտնվում են ոչ միայն Մոսկվայում, այլեւ նախկին սոցիալիստական ճամբարի մաս կազմող եվրոպական որոշ երկրների մայրաքաղաքներում եւ պարբերաբար հրապարակվում են՝ առաջացնելով քաղաքական ցնցումներ տարբեր երկրներում:

 

Ինքնության մյուս բաղադրիչը՝ կայսերականությունը. կայսերական ազգի ինքնիշխանության ընկալումը

Հայերը կայսերական ազգ են: Այստեղ անհրաժեշտություն կա պարզաբանելու, որ կայսրություն ասելով այսուհետ նկատի ենք ունենալու ոչ թե դրա դասական սահմանումը, այլ միասնական քաղաքական եւ տնտեսական տարածության ներքո բազմաթիվ ժողովուրդների եւ հայրենիքների միավորումը: Հնում կայսրության պարտադիր ատրիբուտներից էր կառավարման ուղղաձիգ կառուցվածքը, մեկ կայսեր գերիշիշխանության ներքո, որ իր պարտքն էր համարում է՛լ ավելի մեծացնել կայսրությունը նորանոր տարածքների եւ ժողովուրդների հաշվին, ինչը նաեւ կայսրության գլխավոր դասակարգն էր դարձնում զինվորականությանը: Ժամանակակից կայսրությունները նոր տեսք են ստացել՝ ձգտելով իշխանության ապակենտրոնացման եւ ներկայսերական էթնիկ եւ կրոնական իրավահավասարության եւ համերաշխության: Հայերի դեպքում  կայսերականությունը եւս արտահայտվում է ոչ թե ինչ-ինչ տարածքներ միացնելու ցանկությամբ (նման մղում ունեցել է միայն Տիգրան Մեծը), այլ այն բանով, որ մեզնից շատերը իրենց մեջ զգում են դեռեւս չգիտակցված մի առաքելություն, որը վեր է նեղ-ազգայինից եւ վերաբերում է շատ ավելի մեծ տարածությունների, երբեմն էլ՝ ամբողջ աշխարհին (այնպես որ, այո, մենք նաեւ համաշխարհային ազգ ենք, բայց ոչ թե սփռվածության պատճառով. սփռումը մեր համաշխարհային լինելու հետեւանքն է միայն): Պատահական չէ, որ հայերը իրենց այդքան լավ են զգացել/զգում եւ դրսեւորվել/դրսեւորվում հիմնականում հենց կայսրություններում, որոնցից Բյուզանդականում անգամ գահակալել են դարեր շարունակ, ի դեպ՝ լիովին անտեսելով Հայաստանի շահերը, ավելին՝ անհրաժեշտության դեպքում զոհաբերելով դրանք կայսրության շահերին: Օսմանյան եւ Ռուսական կայսրություններում վերելք են ապրել հայկական մշակույթն ու կապիտալը, իսկ Սովետական կայսրությունում յոթանասնամյա կյանքը, քաղաքական ռեպրեսիաների առկայության հետ մեկտեղ ընդհանուր առմամբ դարձավ հայության սոցիալական, մշակութային եւ տնտեսական վերելքի դարաշրջան, որը կտրուկ ընդհատվեց ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ եւ ոչ մի կերպ դյուզն իսկ չի վերականգնվում հետխորհրդային արդեն 27 «անկախ» տարիների  ընթացքում: Թերեւս հենց կայսերական բնույթն է, որ ստիպում է հայությանը արտագաղթել աշխարհում պահպանված (թեեւ փոխակերպված) խոշորագույն երեք կայսրություններ՝ Եվրոպական, Ամերիկյան եւ Ռուսական՝ շարունակելով այնտեղ ունենալ մեծ նվաճումներ նշվածս բոլոր ասպարեզներում: Ու քանի դեռ Հայաստանը չի դադարել գավառ լինելուց՝ շատ հայեր շարունակելու են նեղված/խեղդված զգալ սեփական հայրենիքում, շարունակելու են արտագաղթել՝ անգամ ամենալավ տնտեսական պայմանների ապահովման դեպքում:

Ոչ այնքան անվտանգային վախերը, մասամբ էլ՝ օտար ազդեցությունները, որքան ազգային խնդիրները համաշխարհային գործընթացների հունի մեջ լուծելու մղումն էր, իմ կարծիքով, որ բերեցին ինքնիշխանության գաղափարի երկրորդական, ավելի ճիշտ՝ ածանցյալ դարձնելուն 88-ի շարժման վերնախավի կողմից: Եւ այդ կարեւորագույն փուլում մեզանում ինքնիշխանության խնդիր այդպես էլ չդրվեց (չհաշված մի քանի դիսիդենտ-անկախականների, որոնք մնացին մարգինալ փոքրամասնություն): Ինքնիշխանությունը չկարեւորվեց, չապրվեց, դրա համար պայքար չմղվեց, արյուն չթափվեց, իսկ ՀԽՍՀ-ն մնաց փլուզված ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկած վերջին հանրապետությունը: Անկախությունը մեր «գլխին ընկավ». իսկ մի՞թե այդպես չէր նաեւ 1918-ին:

Այսպիսով կայսերականությունը մեր ինքնության այն բաղադրիչներից է, որը պետք է հաշվի առնենք՝ նաեւ ինքնիշխանության մեր ընկալումները վերլուծելիս: Ընդ որում, կայսերականությունը չի բացառում մեզանում գավառամտության լայն շերտի առկայությանը, որը կապ չունի մեր ինքնության հետ, այլ արգասիքն է մեզանում մի մեծ խավի թերկրթվածության, տգիտության եւ դրանում առկա վախերի: Գավառամտությունը մասամբ պայմանավորված է նաեւ պատմական իրադարձությունների բերմամբ մեր հայրենիքի՝ հայության տիրապետության տակ մնացած այս փոքր հողակտորի մոնոէթնիկությամբ: Արդյո՞ք լավ է որ մենք կայսերական ազգ ենք, թե վատ՝ անպտուղ հարցադրում է: Մենք այնպիսին ենք ինչպիսին որ կանք, եւ պարզապես պետք է հաշվի առնել այս իրողությունը մեր ազգային ռազմավարությունները կառուցելիս: Սեփական համաշխարհային առաքելության (իսկ այդպիսի առաքելություն ունեն շատ ազգեր) չձեւակերպվածությունը բերում է նրան, որ մեզնից շատերի մոտ առկա այդ կայսերականության մղմանը հագուրդ է տրվում՝ անհատական մակարդակով տարբեր օտարածին համաշխարհային առաքելություն ունեցող գործընթացները/շարժումները/ուսմունքները սպասարկելով, ընդ որում, հաճախ հակադիր ճամբարներում՝ որպես տիպիկ Սարոյան եղբայրներ: Այսպես, հենց անցած դարասկզբին հայկական վերնախավի զգալի մասը բաժանվել էր մի կողմից համաշխարհային պրոլետարական հեղափոխության եւ մյուս կողմից՝ այդ հեղափոխության դեմ պայքարող անտանտայականների: Մինչ այդ՝ առանց սեփական ազգային պետությունը որպես հենարան ունենալու՝ հայ վաճառականների համաշխարհային ցանցը ձեռնոց էր նետել Բրիտանական կայսրության առեւտրական շահերին միանգամից երեք օվկիանոսներում:

Մեզանում կայսերականությանը հակադրվում է գավառամտությունը: Այն մեզ կտրում է ոչ միայն մեր հարեւաններից, այլեւ ամբողջ աշխարհից, ինքնաներշնչած այն վախի հենքով, որ մեր ինքնությունն իբր այնքան թույլ է, որ ցանկացած շփում օտարների հետ մեզ տանելու է այդ ինքնության կորստի, ուծացման անգամ սեփական երկրում, սեփական պետության ներքո: Դա ոչ միայն թույլի մոտեցում է. Այս մոտեցումը ուղղակի սպառնալիք է մեր պետականությանը եւ տարածաշրջանում մեր հարատեւ գոյությանը: Ինչպես արդեն գրել եմ, երբ դու ամբողջ տարածաշրջանը դիտում ես որպես օտար եւ քեզ հետ անհամատեղելի օրգանիզմ` դու ինքդ ես դառնում օտար եւ անընդունելի մարմին տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար եւ քո անվտանգությունը ապահովելու համար ստիպված ես լինում եւ լինելու ապավինել արտատարածաշրջանային հզոր ուժերին` լինի դա հյուսիսում, թե արեւմուտքում, որոնց նպատակները միշտ չէ, որ համահունչ են քո շահերին: Մինչդեռ տարածաշրջանում ապրող ժողովուրդները մեր կենսատարածքի անքակտելի մասն են եւ  մեզ առավել հոգեհարազատը. պարզապես պետք է շփվել նրանց հետ դա հասկանալու համար:

Եթե մի կողմից հաղթահարվեն մեզանում առկա գավառամտությունը եւ դրանով սնվող վախերը, իսկ մյուս կողմից՝ հասարակական գիտակցության մեջ արմատավորվի եւ արժեւորվի ինքնիշխանության գաղափարը, ապա մեր միջի կայսերականությունը հսկայական աշխարհաքաղաքական հնարավորություններ կարող է բացել մեր առջեւ առնվազն տարածաշրջանում: Ընդ որում, եթե մենք դիտենք կայսերականությունը առանց իր հնացած, գրեթե իրենց դարն ապրած ատրիբուտների՝ հիերարխիկ կառուցվածքի, կողպած ու դժվարանցանելի սահմանների, հարեւան պետություններին/ժողովուրդներին հակադրման, դրանց հանդեպ գերիշխանության հաստատման մղման, ապա կտեսնենք, որ ցանկացած խելամիտ տարածաշրջանային ռազմա-քաղաքական միավորման ներսում հայությունը ունենալու է մրցակցային առավելություն եւ շատ ավելի բարենպաստ անվտանգային, մշակութային, տնտեսական միջավայր: Հայկական էթնոհոգեբանության մեջ կայսերականությունը երբեւէ չի զուգորդվել այլ էթնոսներին գերիշխելու անառողջ ու բարդույթահեն մղմամբ. համենայնդեպս հանրության մակարդակով նման որեւէ զանգվածային դրսեւորում երբեւէ չի դրսեւորվել: Անգամ «արքայաց արքա» Տիգրան Մեծը իր կայսրությունը կարծես թե ստեղծել է գերազանցապես դիվանագիտական եղանակով յուրահատուկ «հողահավաք» կազմակերպելով՝ խեթերի պես, առանց ավերածություններ գործելու, առանց արյունահեղության եւ ցնցումների: Ապագայում տարածաշրջանի համեմատաբար փոքր ազգերի հետ Եվրամիության օրինակով սեփական քաղաքական միություն/համադաշնության ստեղծելու գաղափարը ներկայացրել եմ նախորդ հրապարակումներիցս մեկում:  Վրաստանի, Ադրբեջանի, Արցախի, Աբխազիայի, Օսեթիայի, գուցե նաեւ մի օր անկախություն ստացած քրդերի, եզդիների, զազաների, հյուսիսային Կովկասի ժողովուրդների, նոր ձեւավորվելիք ալեւիական Սիրիայի ու հայաշատ Լիբանանի հետ մեկ միասնական քաղաքական-անվտանգային եւ տնտեսական տարածության ստեղծումը տարածաշրջանային ինտեգրման լավագույն հեռանկարներից է Հայաստանի համար (սա էլ ձեզ տիգրանմեծյան «Ծովից ծով Հայաստան»` Արեւմտյան Հայաստանից մինչեւ Բաքու ու Բեյրութ ազատ տեղաշարժվելու եւ անվտանգ ապրելու երաշխիքներով) ու հենց այսպիսի կազմում եւ ձեւաչափով էլ՝ Եվրամիության հետ ինտեգրման խորացման: Իսկ քանի դեռ նման համադաշնության երկու հիմնական կոնգլոմերատները իրարից բաժանված են Թուրքիայով, ապա որպես հստակ եւ երաշխավորված պայմաններով քայլ առ քայլ ինտեգրման ամենամոտ ապագայի ուղղություն պետք է դիտարկել համակովկասյան 3+3՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, գումարած չճանաչված Արցախ, Աբխազիա եւ Օսիա ձեւաչափը: Փոխադարձ ներման եւ հաշտության հաստատման, մուլտիկուլտուրալիզմի/ինտերնացիոնալիզմի գերակայության պայմաններում բոլոր փախստականների՝ թե՛ ազերիների, թե՛ վրացիների, թե՛ հայերի  եւ թե՛ մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչների վերադարձը իրենց տներ: Ազգամիջյան նոր տիպի՝ համագործակցության վրա հիմնված փոխհարաբերությունների հաստատում: Սա նաեւ արցախյան խնդրի խաղաղ լուծման ամենաօպտիմալ տարբերակը կարող է դառնալ: Եթե այսօր նման հեռանկարը անգամ դժվար հասանելի է թվում՝ ապա այն գոնե պետք է հռչակել որպես տեսլական, որպես ռազմավարական նպատակ: Տարածաշրջանում հաշտության եւ խաղաղության վիժեցման մեղքը եւ բեռը երբեւէ չպետք է ընկնի հայության վրա:

Այս ամենը, սակայն չի նշանակում, որ նշվածս համադաշնությունը պետք է հակադրության մեջ լինի այլ հարեւանների՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ: Նոր, բոլոր այդ ժողովուրդներին միավորող արժեհամակարգը ինքնին կբացառի որեւէ ատելություն եւ թշնամանք այլոց հանդեպ, իսկ ռազմական ներուժը ուղղված կլինի միայն հզոր հարեւանների հնարավոր ռազմական նկրտումները զսպելուն:

 

Ազգահավաք եւ մարդահավաք. ներքին մարդկային ներուժի շեշտակի ավելացում

Նոր Մերձավոր Արեւելքի կերտմանը զուգընթաց Հայաստանի՝ տարածաշրջանում անվտանգ եւ հարատեւ գոյության գլխավոր պայմաններից մեկը նրա ներքին ժողովրդագրական ներուժն է: Հայաստանի Հանրապետության բնակչությունը առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է կրկնապատկվի՝ հասնելով 5 միլիոն մարդու: Այդ նշաձողին հասնելու հիմնական եղանակը ներգաղթն է: Այդ ներգաղթը պետք է կազմակերպվի, համակարգվի, այն ապահովելու համար պետք է ծախսվեն հսկայական միջոցներ, կատարվեն ներդրումներ: Հայաստանում 20-ամյա ջեբկիրապետության առկայությունը բերեց նրան, որ արդեն կորսվել են Սիրիայից, Իրաքից, մասամբ էլ՝ Իրանից Հայաստան 200-300 հազար մարդու ներգաղթի հնարավորությունը: Մինչ այդ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանը կորցրեց շուրջ 400.000 ադրբեջանահայության եւ ուտիների Հայաստանում մնայուն վերաբնակեցման հնարավորությունը: Վերջապես չիրականացվեց Ուկրաինայի պատերազմական եւ ռիսկային գոտիներից շուրջ 50.000 հայերի տարհանում-ներգաղթը: Տարբեր երկրներում սոցիալ-տնտեսական ցնցումները պարբերաբար նման հնարավորություններ դեռ ի հայտ են բերելու: Մնում է, որ Հայաստանը պատրաստ լինի ընդունելու հայրենադարձների մեծ զանգվածներ: Դրա համար պետք է զարկ տալ մարզերում քաղաքաշինությանը, այդ թվում՝ նոր քաղաքների ստեղծմանը, արտադրական կլաստերների հիմնադրմանը: Հայրենադարձության հիմնական աղբյուրները կարող են դառնալ նախեւառաջ Ռուսաստանը (1,2 մլն, – այստեղ եւ այսուհետ փակագծերում՝ յուրաքանչյուր երկրից հայրենադարձության հնարավոր ներուժը), Թուրքիան (Համշեն, Ստամբուլ, Իզմիր՝ 250.000), Վրաստանը (Թբիլիսի, Աբխազիա, Օսիա՝ 130.000), Ուկրաինան (100.000), Իրանը (60.000), Լիբանանը (40.000), Սիրիան (20.000), Միջին Ասիան եւ Ղազախստանը (50.000), Հարավային եւ Կենտրոնական Ամերիկան (50.000), ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն (50.000), Ծոցի երկրները (20.000), Բելառուս (10.000). ընդամենը շուրջ 2 մլն մարդ: Ընդ որում կրոնական պատկանելությունը, մշակութային տարբերությունները չպետք է որեւէ խաչընդոտ հանդիսանան հայերի ներգաղթի համար: Բացի այդ, պետք է պետական մակարդակով սահմանել ամենամյա ներգաղթի քվոտաներ 1. Ասիական, Աֆրիկյան եւ Լատինաամերիկյան երկրների համար՝ բարձր կրթական ցենզ ունեցող երիտասարդների համար՝ տարեկան 20.000-ի չափով ու եւս տարեկան մինչեւ 5.000-ի չափով՝ աշխարհում պատերազմներից, տարրերային աղետներից տուժածների կամ սովից տառապողների համար (ՄԱԿ-ի աջակցությամբ):  Որեւէ խնդիր չեմ տասնում եթե 5 միլիոնանոց Հայաստանի 95 տոկոս մոնոէթնիկ ժողովրդի հետ ապրեն 5-6%՝ 300.000 այլազգիներ: Անգամ այս դեպքում Հայաստանը կշարունակի մնալ աշխարհի առավել մոնոէթնիկ երկրներից մեկը:

Սփյուռք հասկացությունը ընդհանրապես պետք է ձգտենք ամբողջությամբ վերացնել՝ Իսրայելի պես, երկիր առ երկիր բոլոր հայերին վերաբնակեցնելով Հայաստանում կամ, եթե հնարավոր եղավ՝ նաեւ հայկական բարձրավանդակի մյուս անկյուններում: Մինչ այդ, բնականաբար ստեղծելով հայրենադարձների համար արժանապատիվ կյանքի պայմաններ: Ժամանակի ընթացքում, Սփյուռքն ինքը, միեւնույն է, վերանալու է՝ ուծանալով այլ ժողովուրդների, ազգերի մեջ: Իսկ մինչ այդ պետք է շատ ավելի լուրջ վերաբերել Սփյուռքին, քան դա անում է այսօրվա իշխանությունը: Ռազմավարական մոտեցում է պետք՝ համախմբելու համար սփյուռքահայության ջանքերը Հայաստանի հզորացման, ինչպեսնաեւ համահայկական խնդիրների լուծման համար՝ աշխարհով մեկ: Միեւնույն ժամանակ սփյուռքահայության (ոչ Հայաստանի քաղաքացիների) մասնակցությունը Հայաստանում իշխանության, կամ ընդհանրապես, քաղաքական օրակարգի ձեւավորմանը անընդունելի պետք է դիտվի:

 

Նոր տիպի կրթությունը Նոր Հայաստանում

Կրթական համակարգը ճգնաժամ է ապրում աշխարհի մեծ մասում: Բայց մեզ մոտ նրա վիճակը առավել եւս ողբալի է: Ուսուցչի մասնագիտությունը պետք է դառնա ամենապատվաբերը եւ հաստատ ո՛չ ամենացածր վարձատրվողներից մեկը: Ուսումնական ծրագրերը, գնահատման մեխանիզմները, դասարաններում աշակերտների թվաքանակը՝ այս ամենը պետք է արմատապես վերանայվի եւ բարեփոխվի: Ուսումնական գործընթացը պետք է կառուցել ոչ այնքան ուսուցչի ուղղուրդմամբ աշակերտ-աշակերտ մրցակցության ոգով, ինչը շատ երեխաների դեպքում իր տրամաբանական շարունակությունը կարող է գտնել բուլլինգի մեջ, դառնալով բազմաթիվ երեխաների խեղված հոգեբանության պատճառ, որքան եռակողմ՝ ուսուցիչ-աշակերտ-աշակերտ համագործակցության ոգով: Ուստի գնահատականների համակարգը պետք է վերացվի, իսկ ուսուցիչները պետք է բավարար հմուտ լինեն աշակերտների եռանդուժը ճանաչողության եւ ինքնաճանաչողության դաշտ ուղղելու համար: Դպրոցները պետք է կրթօջախներից վերածվեն կենսօջախների, այն է՝ դառնան ոչ միայն եւ ոչ այնքան գիտելիքներ տրամադրող, որքան հմտություններ եւ կարողություններ, քննադատական մտածողություն զարգացնող օջախներ, ինքնուրույնություն եւ պատասխանատվություն, փոխադարձ հարգանք եւ հանդուրժողականություն, բարձրագույն արժեքներ սերմանող օջախներ, սեփական ինքնությունը բացահայտել եւ զարգացնել սովորեցնող, ճիշտ ապրել սովորեցնող օջախներ: Սիրել եւ երջանիկ լինել սովորեցնող օջախներ:

 

Բանակում ներքին բարեփոխումները, հասարակական եւ տնտեսական կյանքի ռազմականացումը

Առաջադեմ մտածողության տեր մեր շատ հայրենակիցներ շփոթում են ռազմականացումը «սոլդաֆոնացման» հետ: Պատերազմող երկրում ներքին կյանքի բոլոր հիմնական ոլորտների՝ հասարակական-քաղաքական, գիտական-տնտեսական եւ կրթա-մշակութային՝ ռազմականացումը այլընտրանք չունի:  Իսկ ռազմականացման բարձր մակարդակ, ինչպես ցույց է տալիս Շվեյցարիայի օրինակը, կարող է լինել նաեւ խիստ ազատական հասարակություններում/պետություններում:

Տնտեսության ռազմականացում՝ ռազմարդյունաբերության շեշտակի զարգացման տեսքով, հասարակության ռազմականացում՝ քաղ.պաշտպանության համակարգում քաղաքացիների ներդաշնակ ինտեգրման տեսքով, նրանց պարբերական ռազմական վերապատրաստումների կազմակերպում, քաղաքական ռազմականացում՝ բարձրագույն քաղաքական ղեկավարության մեջ զինծառայությունից խուսափածների (բացառությամբ առողջական պատճառներով) առկայության բացառմամբ, գիտության ռազմականացում՝ ռազմական ոլորտին վերաբերող գիտական տարբեր ոլորտային հետազոտությունների պատվերների շեշտակի ավելացում, կրթության ռազմականացում՝ ռազմական մասնագիտությունների որակյալ ուսումնասիրություն դպրոցների բարձր դասարաններում թե՛ աղջիկների եւ թե՛ տղաների համար, մշակույթի ռազմականացում՝ արվեստում, այդ թվում՝ գրականության մեջ ռազմական թեմաների ավելի մեծ ծավալներով արծարծում, ներբանակային փոխհարաբերությունների մշակութային քննություն եւ կանոնակարգում, առկա բարոյահոգեբանական խնդիրների բացահայտում, վերհանում եւ լուծում: Մեր հասարակությունը մինչեւ ուղնուծուծը պետք է պատրաստ լինի պատերազմի՝ խաղաղությունը երաշխավորված դարձնելու համար: Եւ դա ոչ մի կապ չունի ատելության քարոզչության հետ, այլ հակառակը, պետք է զուգորդվի մեր երիտասարդության մեջ հարեւան ժողովուրդներին՝ նրանց իշխող ագրեսիվ ռեժիմներից եւ դրանց ղեկավարած պետություններից տարանջատելու ունակության սերմանմամբ:

Վերը նկարագրվածի խորապատկերին ժամկետային զինվորական ծառայությունը պետք է հետզհետե դառնա կամավորական հիմունքներով: Այսինքն, պետք է հասնել նրան, որ  երիտասարդները բանակում զինծառայության կանցնեն սեփական կամքով՝ համարելով դա ոչ միայն գիտակցված անհրաժեշտություն, այլու մեծագույն պատիվ: Այսպիսով, կունենանք կամավորական բանակ, որտեղ ներքին փոխհարաբերությունները եւս պետք է ունենան շատ ավելի ժողովրդավարական եւ փոխհարգալից բնույթ, քան այժմ է: Ո՛չ ռուսական բանակից ժառանգություն ստացած այսօրվա «ուստավը» եւ ո՛չ էլ անգամ շատ ավելի արդյունավետ եւ առաջադեմ արեւմտյան շատ բանակներում առկա ներքին կանոնակարգերը չեն կարող լիարժեքորեն համապատասխանել մեր ազգային խառնվածքին, ինչը էապես նվազեցնում է բանակի արդյունավետությունը: Հենց մշակույթն ու գիտությունն են, որ կարող են գտնել/հայտնագործել մեր զինված ուժերին առավել համապատասխանող ներքին կանոնագարգումները:

 

Նոր Հայաստանում աշխատանքի եւ արտադրական հարաբերությունների տեսլականի մասին

Ինչպես արդեն գրել եմ նախորդ հրապարակումներիցս մեկում Խորհրդային կայսրության ամենակարեւոր հիմնասյունը արդարության հռչակված գերակայությունն էր սոցիալական ոլորտում եւ որպես դրա գերագույն արտացոլում՝ արտադրամիջոցների հանդեպ անհատի սեփականության իրավունքի արգելքը եւ այդպիսով՝ մարդու կողմից մարդու շահագործման բացառումը: Այս վերջինին Եվրոպայում հասան ոչ թե պետական ֆորմացիոն փոփոխությունների, այլ երկարատեւ արժեքային փոխակերպումների, հիպպիների հեղափոխության, արհմիությունների զարգացման եւ աշխատավորներին ու գյուղացիությանը/ֆերմերներին սոցիալական եւ տնտեսական լայն իրավունքների տրամադրման ու ձեռնարկատերերի հետ նրանց հաշտեցման ճանապարհով: Ընդ որում, բաշխվող սոցիալական բարիքները այնպիսի ծավալների հասան, որ բնակչության ծերացման պայմաններում դրանք այսօր, թվում է, ծանր բեռ են դարձել անգամ հարուստ արեւմտաեվրոպական պետությունների ուսերին:

Սոցիալական արդարության եւ տնտեսական արդյունավետության հակադրությունը կեղծ է եւ արհեստածին: Աշխատողների իրավունքների պաշտպանությունը, նրանց բարձր վարձատրությունը բխում է հենց գործատուների շահերից: Որքան շուտ մեր որոշ գավառամիտ եւ գերշահութների մոլուցքով տարված գործատուներ դա հասկական, այդքան ավելի լավ թե՛ նրանց, թե՛ աշխատողների եւ թե՛ պետության համար: Ֆորդից հաշվենկատ չլինեն:

Ի դեպ, Ֆորդից հետո եւ նրա ձեռամբ Արեւմուտքը շատ ավելի կարեւոր քայլ արեց նաեւ մարդու աշխատանքի արդյունավետության ընկալման հարցում: Աշխատատուները հասկացան, որ ոչ միայն վարձատրության խելամիտ ավելացումը, այլեւ օրվա աշխատաժամերի նվազումը շեշտակիորեն ավելացնում է մարդու աշխատանքի արտադրողականությունը, քանի որ հնարավորություն է տալիս նրան վերականգնել իր աշխատունակությունը, ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական կյանքին՝ ապրելուն: Եւ առաջ եկավ 8-ժամյա աշխատանքային օրը: Այսօր եվրոպական որոշ երկրներ ավելի առաջ են գնում եւ քննարկում են աշխատանքային օրը էլ ավելի կրճատելու (ընդհուպ մինչեւ 20 ժամյա աշխատանքային շաբաթ) հնարավորությունը: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար լիովին արդարացված կլինի աշխատանքային շաբաթը մի շարք, հատկապես՝ պետական հաստատություններում 30-ժամյայի հասցնելը՝ աշխատողների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումների համալիր քննարկման (այդ թվում՝ լրացուցիչ կրթության/վերապատրաստումների) եւ նոր պայմանագրեր կնքելու միջոցով: Մարդիկ շատ ավելի ժամանակ պետք է ստանան իրենց առօրյա կյանքը արժանավայել կազմակերպելու՝ սեփական ինքնակրթման եւ մշակութային զարգացմանը տրամադրելու համար: Դա նաեւ կխթանի երկրում ոչ-ֆորմալ կրթության զարգացումը եւ մշակութային կյանքը:

Ոչ պակաս կարեւոր է մարդկանց կողմից մեխանիկական աշխատանքի (չշփոթել ֆիզիկական աշխատանքի հետ) կատարման հետզհետե բացառումը՝ թողնելով այն մեխանիզմներին՝ ռոբոտներին: Մարդկային արժանապատվության համար վիրավորական է սեփական հսկայական ներուժը սառեցնել՝ ոչ մի զարգացման չբերող եւ ոչ մի բավականություն եւ հետաքրքրություն իր մեջ չպարունակող աշխատանք կատարելով՝ բացառապես ապրուստի փող վաստակելու համար: Իդեալում ցանկացած աշխատանք մարդու համար պետք է լինի ստեղծարար եւ այդքանով էլ՝ հաճելի, քանի որ մարդն իր էությամբ արարիչ է եւ արարելն է, որ կարող է լիարժեքորեն բացահայտել մարդու ինքնությունը եւ կատարելագործել սեփական մարմինն ու հոգին՝ ապահովելով նրա համար ներդաշնակ եւ երջանիկ կյանք: Տեղեկատվական հասարակությանը, մի օր նաեւ Նոր Հայաստանում գալու է փոխարինելու ստեղծարար/մշակութային հասարակությունը, որում համախառն ներքին արդյունքի հիմնական տեսակարար կշիռը ձեւավորվելու է ստեղծարար ինդուստրիաներում, կրթության եւ գիտության ոլորտներում, մշակույթում եւ սպորտում:

 

Հովսեփ Խուրշուդյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացի  

( ներկայացվող հայեցակարգը չի հավակնում ավարտուն կամ, առավելեւս, բացարձակ ճշմարտություն լինելուն այլ ընդամենը բազմակողմանի քննարկման մի հրավեր է) 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: