ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ինովացիոն մոտեցումը՝ գյուղատնտեսական խնդիրների լուծման ճանապարհ

08 նոյեմբերի, 2018 | 09:54

Գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որը  տարիներ շարունակ Հայաստանում դիտարկվել է,  որպես տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը: Հայաստանի բնակլիմայական պայմանները եւ  ռեսուրսը թույլ են տալիս մեծ զարգացում ունենալ այդ ուղղությամբ: Ոլորտում, սակայն, առայժմ միայն անլուծելի թվացող խնդիրներ ենք տեսնում: Աշխարհում լուծումներ կան, որ կարող են հաջողությամբ կիրառվել նաեւ մեր երկրում ու զարգացնել գյուղատնտեսությունը՝ վստահ են մասնագետները, որ այս շաբաթ ոլորտային խնդիրներ են քննարկել Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:

Աշխարհն առաջ է գնում, իսկ  Հայաստանը, կարծես թե,  մնում է նույն տեղում: Այսօր էլ մեր գյուղերում օգտագործվում է 60-70-ական թվականների գյուղտեխնիկա, գյուղացին շարունակում է ցանել այն, ինչ մշակում  էին իր պապերը: Այնինչ Հայաստանի բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս դիմել ինովացիոն լուծումների: Մեր երկրում աճում են այնպիսի թանկարժեք մշակաբույսեր, որ բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում:

«Շուկան անընդհատ փոփոխվում է եւ նման ինովացիոն մոտեցումները անհրաժեշտ են: Հայաստանում աճում է ֆենխել, պրոսոսոխ,  որի մասին շատերը գաղափար չունեն, այն չի աճեցվում եւ   չի կիրառվում սննդակարգում: Մենք 46 տիպի էկզոտիկ մրգեր ենք աճեցնում: Օրինակ, թաիլանդական դեղին, անանասի համով  ձմերուկ էինք աճեցրել, որը բավականին բարձր արժեք ուներ: Վերջին տարիներին Հայաստանում զարգացել է , օրինակ, ծնեբեկի մշակումը, որի ամբողջ քանակը  արտահանվում է արտերեկիր: Ես համոզված եմ, որ մյուս տեսակների հետ էլ է այդպես լինելու, եթե համակարգված մոտեցում լինի»,-  անձնական փորձն է ներկայացնում Գործարար Հարություն Մնացականյանը:

Նոր մոտեցումներ ու հստակ մշակված ագրարային քաղաքականություն է անհրաժեշտ՝ վստահ են քննարկման մասնակիցները: Պետությունը պետք է  կոմպլեքս միջոցներ ձեռնարկի եւ  տարբեր մեթոդներով խթանի  բարձրարժեք կուլտուրաների մշակումը: Մասնագետների կարծիքով գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ պետք է   հողային ռեսուրսների ռելիեֆի աշխարհագրական զոնավորում արվի: Ըստ որի, պետք է կազմվի կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր: Պետք է հասկանալ որտե՞ղ եւ  ի՞նչ աճեցնել: Որտե՞ղ, ի՞նչ կենդանիներ պահել եւ անասնապահության ո՞ր ճյուղը զարգացնել:

«Մեր հողերը գույքագրված չեն: Ֆրանսիայում, օրինակ, բոլոր հողերը զոնայավորում են անցել:  Տարբեր կուլտուրաներ աճեցնելու դեպքում հողի հարկը տարբեր է: Հողատարածքները մանրազնին հետազոտված են, որտեղ ի՞նչ կաճի, որ հողակտորն ինչ՞ի համար է հարմար, այդպիսով բացառվում է  գերարտադրություն եւ թերարտադրություն ունենալու հարցը:  Հողակտորում, որը, ասենք,  նախատեսված է խաղող աճեցնելու համար,  ոչ ոք պոպոք չի աճեցնում եւ հակառակը: Ֆրանսիայում հողատարածքներ կան, որտեղ միայն մանանեխ են աճեցնում: Մարդիկ կոնկրետ  շրջաններում  կոնկրետ  բույսեր աճեցնելով՝  այնքան են մասնագիտանում դրա մեջ, որ գիտեն բոլոր մանրուքները: Արդյունքում ստացվում է ժամացույցի պես աշխատող տնտեսություն, որտեղ բոլոր հողերն օգտագործվում են»,- աշխարհի փորձն ու լուծումներն է ներկայացնում «Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը:

Նրա եւ  քննարկման մասնակիցների մեծ մասի կարծիքը համընկնում է: Գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծումը պետք է սկսել հողակտորների խոշորացումից: Գյուղատնտեսությունը պետք է դիտարկվի, որպես բիզնես, իսկ փոքր հողակտորի դեպքում դա հնարավոր չէ:

«Եթե գյուղացին հազար մետր, կամ թեկուզ մի հեկտար  հող ունի, ինչքան էլ տանջվի, միեւնույնն է դժվար  կյանքով է ապրելու: Նա ամեն օր զբաղվելու է մի բանով, որ իրեն, խոշոր հաշվով, ոչինչ չի տալու: Հողերը պետք է խոշորացնել եւ գյուղացուն որոշակի տոկոս վճարել: Եթե մեծ հողում լուրջ տեխնիկա աշխատի, գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի ու աշխատողներն էլ նորմալ կվարաձատրվեն: Բացի այդ, միացված  հողերը  ինտենսիվ օգտագործելու արդյունքում մեծ քանակությամբ գյուղմթերք կամ միս ու կաթ կարտադրվի,  կլինեն վերամշակվող գործարաններ,  կբացվեն աշխատատեղեր: Գյուղացիները կմասնագիտանան որոշակի աշխատանքի մեջ եւ աշխատավարձ կստանան: Տարվա վերջում էլ կստանան  իրենք  հողի համար հասանելիք գումարը եւ փողոց չեն փակի՝ ասելով, որ խաղողն իրենից ավելի էժան են առնում»,- ընդգծում է  Կարեն Խաչիկյանը:

«Մենք պետք է հասկականանք նաեւ, որ 1000 մետրի կտրվածքով բիզնես չի լինում: Իսրայելի օրինակը բերեմ, իրենք պատերազմից հետո 1948-49 թթ կոշտ համակարգ մտցրեցին: Գյուղացիները ստիպողաբար աշխատում էին իրենց կոլխոզներում: Հիմա  այնտեղ գյուղացին ընդհանրապես գյուղատնտեսությամբ չի զբաղվում, նրանք իրենց տոկոսներն են ստանում:  Հրավիրված աշխատուժը կամ արաբներն են, կամ ֆիլիպինցիները: Իսկ միգուցե ճիշտ է, որ մե՞նք էլ գնանք հողերի խոշորացման եւ գյուղատնտեսությունը դիտարկենք որպես բիզնես… »,- ասում է Արտադրության եւ արտահանման ասոցիացիայի ղեկավար Մկրտիչ Ազնաուրյանը:

Հողերի խոշորացման նման օրինակներ ունենք՝ նկատում է «Հրաշք այգի» ընկերության ղեկավար Արթուր Իվանյանը: Գյուղատնտեսությունը վերջին տարիներին առաջ է գնում, որովհետեւ ոլորտը դիտարկում է, որպես բիզնես, բայց այստեղ էլ խնդիր կան: Հեկտարներով հողեր են գնում ու վարելահողեր դարձնում օտարազգի գործարարները:

«Արաբները, պարսիկները գալիս են, մեր երկրում  գյուղատնտեսական  բիզնես հիմնում, եկամուտ ստանում, իսկ մեզ մոտ գյուղատնտեսությունը դիտարկում են,  որպես Աստծո հույսին թողնված մի բան: Պետք է հստակ հասկանանք, որ մինչեւ  գյուղատնտեսությանը չվերաբերվենք, որպես բիզնես, մենք տեղից առաջ չենք շարժվի» ,- ընդգծում է նա:

«Այսօր բիզնեսմեններ կան, որ հեկտարներով հող են վերցնում այգիներ տնկում, ֆերմաներ հիմնում: Հիմա հարց է առաջանում, ինչպես անե՞լ, թողնել, որ դրսի բիզնեսմենները այստեղ հողեր վերցնեն ու մշակեն, մեր գյուղացիներն էլ թողնեն երկիրն ու արտագաղթե՞ն: Իմ կարծիքով գյուղացու համար ստեղծվի այնպիսի պայմաններ, որ նա աշխատի եւ իր հողը շենացնի»,- մտահոգություն է հայտնում  «Ֆերմերային շարժում»  ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը: Նա նկատում է, գյուղացին այսօր ծայրահեղ պայմաններում է ապրում՝ հազիվ հասցնելով մարել վարկերի տոկոսները, իսկ նրանց առաջարկվում է լիզինգով գյուղտեխնիկա գնել:

«Մեր գյուղերը դատարկվում են: Գյուղացին աշխատող է, եթե պայմաններ լինեն, լավ ծրագրեր լինեն մշակված,  նա կաշխատի: Երկրի դատարկվում է, սա  անվտանգության հարց է»,- ընդգծում է նա ու ավելացնում՝  դրսի փորձը Հայաստանում կիրառելուց, նորագույն տեխնոլոգիաների մասին մտածելուց  առաջ անհրաժեշտ է կրթել գյուղացուն, պատրաստել մասնագետներ, որ կկարողանան տեր կանգնել երկրին ու իրենց հողին:

Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր- անդամ Գեւորգ Թադեւոսյանը: Նրա խոսքով  գյուղացին այսօր մենակ է մնացել ու մեղավոր չէ դրա համար: Որպեսզի գյուղացին արդյունավետ աշխատի, իր աշխատանքին պետք է վերաբերվի, որպես բիզնեսի եւ իրապես գնա խոշորացման ճանապարհով: Պետությունը պետք է կտրուկ քաղաքականություն վարի, չպիտի խորհուրդ տա ու սպասի գյուղացին կարողանում է անել, թե՝ ոչ: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար  պետք է կտրուկ քայլերով գնալ հողերի խոշորացման: Դրա արդյունքում կձեւավորվի շուկան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Երևանում տեղի ունեցավ Գյուղական կյանքի և ավանդույթների 3-րդ փառատոնը
2. Ավստրիա-Հայաստան.համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում
3. Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի գյուղատնտեսության նախարարի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: