ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ի՞նչ է պետք իմանալ, եթե Ձեզ մոտ կա սրտի առիթմիա.մեկնաբանում է առիթմոլոգը

06 նոյեմբերի, 2018 | 12:14

Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված բժշկական կենտրոնն այն եզակի բուժ. հաստատություններից է Հայաստանում, որտեղ կարելի է սրտի հետ կապված խնդիրների դեպքում համալիր բուժում ստանալ՝ սկսած նախնական հետազոտությունից մինչև վիրաբուժական ամենատարբեր միջամտություններ:

Առիթմիաների նախանշաններ, պատճառների ու բուժման եղանակների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է  <<Քանկոր>> ԲԿ-ի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Վահե Սարգսյանի հետ:

Ի՞նչ է առիթմիան ու որոնք են պատճառները:

Առիթմիան սրտի ռիթմի բացակայությունն է կամ բնականոն աշխատանքի խանգարումն է: Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա առիթմիայով օրգազիզմը ազդակ է տալիս, որ ինչ-որ բան այն չէ, ու կա կարիք դիմելու մասնագետի: Առիթմիաների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բուն սրտային, այնպես էլ արտասրտային խնդիրները: Սրտային խնդիրներից կարող են լինել սրտամկանի բորբոքային հիվանդությունները /միոկարդիտներ/, տարբեր պատճառներից առաջացած սրտային անբավարարությունը,  սրտամկանի ինֆարկտը: Բարեբախտաբար, մեր բժշկական կենտրոնը մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն է, կարող ենք իրականացնել սրտաբանական ցանկացած հետազոտութուն ու միջամտություն, դուրս բերել պացիենտին սուր վիճակից ու անցնել բուժման հաջորդ էտապին:

Իսկ արտասրտային պատճառներից հատկապես կուզեի նշել վահանագեղձի հիվանդություններըը, էնդոկրին համակարգի այլ շեղումները, աղեստամոքսային համակարգի խանգարումներ, որոնց դեպքում առիթմոլոգիական հսկողությամբ պացիենտը ստանում է բուժում նաև համապատասխան նեղ մասնագետի մոտ, քանի որ եթե չլուծվի այս խնդիրները, սրտի զարկերն էլ էլ չենք կարողանա լիարժեք կարգավորել:

Ի՞նչ հիմնական գանգատներով են Ձեզ դիմում:

Մեզ մոտ հաճախ գալիս են՝ գանգատվելով սրտի անկանոն աշխատանքի ու անգամ սրտի կարճատև դադարների զգացումից: Լինում են նաև դեպքեր, երբ մարդու մոտ հանկարծակի առաջանում են արագ սրտխփոցներ ու անցնում: Եթե սրտի աշխատանքը նորմայից արագ է կամ դանդաղ, դա կարող է նախաուշագնացության վիճակի կամ ուշագնացության պատճառ դառնալ, կարող է անգամ հանգեցնել սրտի կանգի: Բնականաբար այս բոլոր դեպքերում էլ բժշկական միջամտության կարիք է զգացվում:

Եթե հիվանդը նման նախանշաններով գալիս է Ձեր բաժանմունք, ի՞նչ առաջնային քայլեր եք իրականացնում:

Կախված իրավիճակի հրատապությունից՝ պետք է հասկանալ ինչն է սրտի բնականոն աշխատանքի խանգարման պատճառը: Դրա համար նախ իրականացնում ենք էլեկտրոսրտագրություն և էխոսրտագրություն, լաբորատոր հետազոտութուններ: Եթե տեսնում ենք կա անհրաժեշտություն, նաև անցնում ենք հոլտեր քննության իրակացման: Հոլտեր քննությունը սարքավորում է, որը տեղադրվում է հիվանդի կրծքավանդակի արտաքին մակերեսին և 24 ժամ շարունակ հսկում է և գրանցում սրտի աշխատանքը, ապա այդ ամբողջ տվյալները վերծանում ենք և կարողանում՝ եզրակացություն անել՝ մեկ օրվա կտրվածքով ին՞չ առիթմիաներ են եղել, ո՞ր ժամերին են եղել և արդյո՞ք կապված են եղել որոշակի կլինիկական վիճակի հետ, թե ոչ:

Կատարում ենք նաև Reveal իմպլանտացիա: Դա ճկույթի մեծության սարքավորում է, որը տեղադրվում է  մաշկի տակ և մինչև երեք տարի տևողությամբ գրանցում սրտի ռիթմը: Կիրառում ենք այն դեպքում, եթե մեկ օրում հնարավոր չէ որսալ առիթմիան  կամ ուզում ենք երկարատև հսկողություն իրականացնել: Սարքավորմանը կարելի է միանալ հեռակառավարվող հատուկ սարքի միջոցով և ստանալ ամբողջ ինֆորմացիան սրտի աշխատանքի մասին: Բացի առիթմիան հայտնաբերելուց, սարքի կիրառումը ունի ևս մեկ նպատակ՝ անհրաժեշտության դեպքում փոխել դեղորայքային բուժման տակտիկան: Առհասարակ առիթմիաների դեպքում մենք միշտ հակված ենք նախ ընտրել կոնսերվատիվ դեղորայքայինը: Եթե կոնսերվատիվ տարբերակով հնարավոր չի լինում սրտի ռիթմը պահել մշտական նորմալ վերահսկելի մակարդակում, դիմում ենք միջամտական ճանապարհին:

Ւ՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի բաժանմունքը ու միջամտական ի՞նչ մեթոդներ եք կիրառում:

«Քանկոր» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիայի ծառայությունը հագեցած է աշխարհում առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Medtronic, Biotronic ընկերութունների սարքավորումներով, ու կարող ենք լիարժեք օգնություն ցուցաբերել մեր պացիենտներին:

Եթե հիվանդի սիրտը կյանքի հետ անհամատեղելի արագ ռիթմով է զարկում կամ առաջանում է սրտային անբավարարություն, տեղադրվում են կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ, որոնք շոկ առաջացնելու սկզբունքով կարգավորում են սրտի աշխատանքը: Եթե սրտանկանի ինֆարկտի հետևանքով պացիենտի մոտ առկա է հաղորդչականության խնդիր, այսինքն՝ սիրտը շատ դանդաղ է աշխատում և կանգի ռիսկ կա, շտապ կարգով տեղադրվում է սրտի ժամանակավոր խթանիչ, որը մեզ հնարավորություն է տալիս երկարաձգել օրեր և տեսնել արդյո՞ք սրտի ռիթմը վերականգնվում է, թե ոչ: Եթե վերականգնվում է, մենք սարքը հեռացնում ենք, եթե ոչ՝ պացիենտը նախապատրաստվում է սրտի մշտական խթանիչի  (Pacemaker) տեղադրման՝միախոռոչ կամ երկխոռոչ: Սրտի մշտական խթանիչների տեղադրման կարիք է լինում նաև այն դեպքում, երբ մարդու մոտ առկա են սրտային անբավարարության խրոնիկ խնդիր, որը ևս անհամատեղելի է կյանքի հետ:

Այս սարքերի կիրառումը անհամեմ նվազեցնում են հանկարծամահության վտանգը:

Ըստ ցուցումի՝ իրականացնում ենք նաև կարդիովերսիա, որը սրտի աշխատանքի և սրտի ռիթմի վերաթողարկումն է: Երկու տարբերակ ենք կիրառում՝ դեղորայքային և էլեկտրական: Դեղորայքայինի դեպքում մենք փորձում ենք միայն դեղորայքով ռիթմը վերականգնել:Եթե դեղորայքով չի հաջողվում կարգավորել և տվյալ առիթմիան որոշակի վաղեմություն ունի, ստացիոնար պայմաններում կատարվում է էլեկտրական կարդիովերսիա: Պացիենտին 5-6 րոպե տևողությամբ քնեցնում ենք և էլեկտրական լիցք անցկացնում կրծքավանդակի միջով՝ սրտով, և սրտի աշխատանքը վերաթողարկվում է: Սա հիմնականում շողացող առիթմիաների դեպքում է իրակացվում: Շողացող առիթմիան նախասրտերի անկանոն, հաճախ արագ աշխատանքն է, որը հանգեցնում է սրտի անկանոն աշխատանքի ու տարիների ընթացքում հանգեցնում սրտային անբավարարության:

Մեկ անգամ բուժելով առիթմիան՝ կյանքի հետագա ընթացքում այն լիարժեք բուժվու՞մ է:

Կախված առաջացման պատճառներից: Կան առիթմիաներ, որոնք կապված են հավելյալ անցուղիների խնդիրների հետ, որոնք նորմայում չպետք է լինեն, բայց տվյալ պացիենտի մոտ բնածին առկա են: Դեղորայքային անարդյունավետության դեպքում կիրառում ենք այդ ուղիների մեխանիկական փակման տարբերակներ: Կան նաև այնպիսի առիթմիաներ, որոնք առաջացել են կյանքի ընթացքում, որոշակի հիվանդությունների հետևանքով և ինչու՞ ոչ օրգանիզմի ծերացման հետևանքով: Այս պարագայում միջամտությունից հետո էլ հիվանդը պետք է շարունակի սիստեմատիկ որոշակի դեղորայք օգտագործել:

 Մի փոքր խոսենք նաև բժշկի աշխատանքի մասին. ո՞ր հատկանիշներն են առաջնային, որպեսզի բժիշկն իր գործի վարպետը դառնա:

Բժիշկն առաջին հերթին պետք է փորձի համատեղել բժիշկ և մարդ հասկացությունները: Քո մեջ այս երկու տեսակները չպետք է տարանջատվեն, այլ հակառակը՝ երկուստեք գործեն: Ըստ իս՝ բժիշկը մի փոքր տարբերվող, յուրատիպ խառնվածք պետք է ունենա, որը տարիների ընթացքում դառնում է կենսակերպ: Սեր, սեր, սեր… անշահախնդիր սեր է պահանջվում այս մասնագիտության մեջ: Լավ բժշկի բանաձևն ինձ համար հետևյալն է՝ լավ կրթություն, միշտ առաջ գնալու ցանկություն, աշխատասիրություն, վարպետություն: Շատ եմ կարևորում նաև բարությունը:

Բժիշկ Սարգսյան ինչու՞ նախընտրեցիք «Քանկոր»-ն այլ բուժ.հաստատությունների կողքին:

Մենք թիմ ենք և թիմային աշխատանքը մեզ մոտ լավ է ստացվում: Իսկ մեր տնօրենի՝ ՀՀ-ում ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիր Շահեն Խաչատրյանի բազմամյա փորձը և մասնագիտական որակներն այս ոլորտում որպես փարոս ուղղորդում են մեզ առաջ:

Շահեն Խաչատրյանը, լինելով Բժշկական համալսարանի Ինտերվենցիոնալ սրտաբանության ամբիոնի ղեկավարը, իմ մեջ մեծ սեր առաջացրեց դեպի այս մասնագիտությունը: Իմ օրդինատուրան ես շարունակեցի հենց իր ղեկավարած ամբիոնում: Եվ շատ ուրախացա, որ հետո առաջարկ ստացա աշխատելու Քանկոր սիրտ-անոթային կենտրոնում: Իսկ երբ սիրում ես աշխատանքն ու աշխատում հանգիստ ու բարեկամական մթնոլորտում ՝ իրար աջակցելով ու հանուն պացիենտի առողջության համատեղ պայքարելով, կարծում եմ, որ արդյունքը միշտ հրաշալի է լինում:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. Ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ
2. Գերմանիա. Ազատ Օրդուխանյանը Հայաստանում նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի մասին
3. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
4. Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին
5. ՀՀ նախագահի տիկինը ազգային համախմբման կոչ է անում՝ ի նպաստ վերարտադրողական բժշկության զարգացմանը
6. Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը
7. Որ՞ն է մարդկանց բնակարանների ամենակեղտոտ իրը
8. Կա՞ արդյոք տղամարդկանց գրիպ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: