ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին

06 մարտի, 2018 | 19:45

Մարտի 5-ին Երեւանում «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել  «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան: 

Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Ֆիլմի ցուցադրումից առաջ հանդիսատեսին է դիմել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

,,Այսօր Հայաստանի հանդիսատեսին է ներկայացվում «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, որն արդեն հասցրել է լայն ընդունելության արժանանալ Ամերիկայի Միացյալ Նահանագներում և շատ այլ երկրներում։ Ֆիլմը նվիրված է 20-րդ դարասկզբին տեղի ուենցած մարդկության դեմ զարհուրելի հանցագործությանը՝ Հայոց ցեղասպանությանը, դրա ժխտման շարունակական փորձերին, ինչպես նաև մեր օրերում իրականացված ոճրագործություններին:

Ինչպես ասում էր Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը` ժխտել նշանակում է երկրորդ անգամ սպանել։ Նա կոչ էր անում չլռել, պայքարել ցեղասպանության չարիքի դեմ, քանի որ անտարբերությունը, ժխտողականությունը նոր դահիճներ են ծնում: Հիրավի ֆիլմի հեղինակները մեծ ու շնորհակալ աշխատանք են իրականացրել, այս տպավորիչ ստեղծագործության միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնելով. «ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվի»:

Կարելի է անվարան ասել, որ այս ֆիլմը կարևոր քայլ է, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու իրազեկվածության բարձրացման, այնպես էլ ցեղասպանությունների, ժխտողականության չարիքի դեմ պայքարում: Այն նշանակալի խթան է «այլևս երբեք»-ի խոստումն իրականացնելու համամարդկային ջանքերում:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս արժեքավոր ֆիլմի ստեղծման գործում։ Այսօր Ֆիլմի ստեղծագործական խումբը ներկա է հայաստանյան պրեմիերային։ Մեզ հետ են ֆիլմի պրոդյուսերները` ամերիկյան կինոարվեստի և հեռուստատեսության աստղեր Դին Քեյնն ու Մոնթել Ուիլիամսը, կխնդրեի ողջունել նրանց:

Մարտի 6-ին Նախագահը հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնում երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացված ֆիլմից՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, այն կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տպավորված է ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ այլ երկրներում լայն ընդունելության արժանացած ֆիլմից, որը վավերագրական հարուստ նյութի հիման վրա մեկ անգամ ևս փաստացի վերականգնում և վերահաստատում է այն ճշմարտությունը, որ ժխտողականությունը ծնում է նոր հանցագործություններ, և որ ճանաչումն ու դատապարտումը, թերևս, ամենակարևոր միջոցներն են այդ հանցագործությունները կանխելու համար:

«Կարծում եմ՝ այս ֆիլմի կարևորությունը նաև նրանում է, որ չնայած գիտական շրջանակներում այս խնդրի մասին շատ են խոսել, բայց այս առումով փաստավավերագրական ֆիլմերի պակաս կա, և «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը լրացնում է այդ պակասը: Եվ զուգահեռներն այսօրվա ու 100 տարի առաջվա իրականության հետ շատ կարևոր են: Ինձ հետաքրքրեց նաև այն հանգամանքը, որ կարծում եմ՝ դուք ցանկացել եք ասել, որ ժխտողականությունը, անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում, ունի շատ ընդհանուր հատկանիշներ: Այսինքն՝ կատարողները նախօրոք գիտեն, որ հետո պետք է ժխտեն և նաև վստահ են, որ իրենց այդ ժխտումն անցնելու է, քանի որ նախկինում ևս այդպես է եղել: Իհարկե, շատ հետաքրքիր էր զուգահեռը Հայոց ցեղասպանության և այն իրադարձությունների հետ, որ այսօր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում»,-ասել է Նախագահ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ֆիլմի պրոդյուսերական թիմին ու ի դեմս նրանց բոլորին, ովքեր իրենց նպաստն են բերել այս ֆիլմի իրագործմանը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով պարգևատրել է պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան Ուիլյամսին և դերասան, պրոդյուսեր Դին Ջորջ Քեյնին:

Ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսն անձամբ իրենց և իրենց ընտանիքների անունից շնորհակալություն են հայտնել Նախագահ Սարգսյանին ֆիլմի երևանյան պրեմիերային ներկա գտնվելու համար և մեծ պատիվ համարել Նախագահի նստավայրում հյուրընկալվելը:

Պրոդյուսերները հույս են հայտնել, որ իրենց նկարահանած ֆիլմը կօգնի փոխել ընկալումները ներկայացված հարցի վերաբերյալ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր վավերագրողի համար, ով նման ֆիլմեր է պատրաստում, ըստ պրոդյուսերներ Դին Քեյնի և Մոնթել Ուիլյամսի, կարևոր է դիտել իր աշխատանքի արդյունքը այլ անձանց հետ միասին և տեսնել այն մարդկանց արձանանքները, ովքեր այդ պահին դիտում են ֆիլմը: Նշելով, թե տեղյակ են, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ևս ականատեսն ու մասնակիցն է եղել ֆիլմում նկարագրվող՝ Լեռնային Ղարաբաղի դեպքերի, պրոդյուսերները հույս են հայտնել, որ ինչ պատկերել են ֆիլմում, համապատասխանում է այն իրականությանը, որ Նախագահն է տեսել իր աչքերով: Նրանք իրենց աշխատանքի լավագույն գնահատականը համարել են ֆիլմից ստացած արձագանքները:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: