ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ժիրայր Փափազյան.

13 նոյեմբերի, 2012 | 21:20

Հայ մշակույթը օտարին ներկայացնելու պարտք ունենք

ՕՐԵՐ, 7-8, 2011

Ժիրայր Փափազյանը /Բաբազյան/ ծնվել է Եգիպտոսում հայ երաժիշտների ընտանիքում։ Նիկոսիայի Մելքոնյան Կրթական ինստիտուտի եւ Կահիրեի Գալստյան հայ ազգային վարժարանի շրջանավարտ է։ Ուսանել եւ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Սովորել է նաեւ Լոս Անջելեսում Լի Ստրասբերգի մեթոդ եւ Լոնդոնի Սիթի լիթ ստուդիաներում։ Խաղացել է ավելի քան 150 ներկայացումներում, նկարհանվել է մոտ 20 ֆիլմերում։  Երկու անգամ դարձել է  Լոս Անջելեսի §Կալիֆոռնիայի դրամա-Լոկ¦ի (թատրոնի Օսկարն է համարվում) մրցանակակիր։ ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մովսես Խորենացի շքանշանի։ Փարիզի Իրինա Բրուք ընկերության (CIB) հիմնադիր անդամ է եւ Տիգրան Չուխաջյանի անվան հետազոտական կենտրոնի (CRDT) գեղարվեստական տնօրեն։ Հայաստանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատվո անդամ է։ Երեւանում պարգեւատրվել է հայ գրականության դասական Վահան Թեքեյանի մրցանակով։ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների եւ Հայաստանի թատերական միության կողմից արժանացել է §Լավագույն դերասան¦ մրցանակի։ Հարավային Կալիֆոռնիայի Կինոխորհրդի կողմից ստացել է Golden Star Halo (§Ոսկե աստղ լուսապսակ¦) մրցանակը: Անգլերենից եւ ֆրանսերենից հայերեն է թարգմանել հիսուն գործեր, իսկ հայերենից անգլերեն եւ ֆրանսերեն է թարգմանել §Անուշ¦ օպերան, §Արշակ Երկրորդը¦, §Կարինեն¦, §Արարատյան կայանի¦ շատ պոեմներ, Վահան Թեքեյանի քսանից ավելի ոտանավորներ, որ դեռ առանձին գրքով չի հրատարակել։

Ֆրանսահայ  հայտնի բեմադրիչ եւ դերասան, պրոդյուսեր Ժիրայր(Ջերալդ) Բաբազյանի(Փափազյանի) հետ քանիցս հանդիպել ենք §Օրեր¦ի էջերում, սակայն այս հանդիպումը կապված է ոչ միայն մեր բացառիկ համարի թեմայի հետ, այլեւ նրա վերջին բեմադրության՝ §Կարինե¦ օպերետի, որը նա մի քանի տարի առաջ դեռ երազում էր բեմադրել։

(Տես §Օրեր¦,5-7/34/ 2005)

Հարգելի Ժիրայր, մեր վերջին զրույցի ժամանակ ասացիք, որ  պատրաստվում եք  ֆրանսիական բեմում բեմադրել Տիգրան Չուխաջյանի հայտնի գործը՝ §Կարինե¦ն։ Վերջապես իրականացավ Ձեր երազանքը։

-Ամեն ինչ սկսվեց Պիտեր Բրուքի թատրոնից, ուր միայն առաջին արարը բեմադրեցինք եւ փոքր երաժշտական խմբով  ներկայացրինք տարբեր պրոդյուսերների։ Սեն Մոր թատրոնի տնօրենը հավանեց եւ որոշեց §Կարինե¦ն իրենց մոտ բեմադրել։  Մոտ 200 երգիչներից ընտրություն կատարեցինք եւ երեք շաբաթ փորձելուց հետո, ներկայացրինք։  Ֆրանսիայի պետության կողմից ոչ մի աջակցություն չստացանք։ Ասում էին, որ  Չուխաջյանի համար Հայաստանի պետությունը կարող է  տալ, միայն այդ դեպքում իրենք էլ կօգնեն։ Դժբախտաբար, մեր գաղութի հարուստներն էլ մշակույթին փող տալու սովորություն չունեն։ Այսպիսով, ներկայացումը ներառեցին թատրոնի 2010 թվի ծրագրի մեջ, եւ ես պետք է ֆինանսավորում գտնեի։ Թատրոնը միայն մեկ օրվա ներկայացման ծախսերը տվեց։ Համազգայինի նախկին ատենապետուհի տիկին Հուրիկ Բաղդասարյանն իր շրջանակից մի քիչ նվիրատվություն հավաքեց, նաեւ բանկից վարկ վերցնելով, որը մինչեւ հիմա մուծում եմ, բեմադրեցինք։  2010-ի մարտին խաղացինք։ 15 հոգի երգչախումբն էր, ուր բոլորը մենակատարներ էին եւ երգելուն զուգահեռ նաեւ պարում էին։ Կարինեի դերում Օրոր Քենտարն էր։ Գործիքավորումը շատ լավն էր, մենակատարները նույնպես լավ երգեցին։ Լիբերտոն փոխել էի, քանի որ գերխնդիրս էր Չուխաջյանի ամբողջական երաժշտությունը կատարելը։ Նախկինում Շուշան (բնօրինակումՙ Կամեր) անունով կերպար է եղել, որի մեցո-սոպրանոյի գլխավոր արիան մոռացվել էր ու չէր կատարվել։ Կամ Հոր Հոր աղայի արիաներից մեկի արեւելյան տարբերակը կատարվել էր միայն Թուրքիայում, իսկ հայերին անծանոթ էր մնացել։ Հարյուր տարուց ավելի կորած համարվող նվագախմբային  մասերի գործիքավորումը տարիների երկարատեւ հետազոտական աշխատանքներից հետո հայտնաբերեցինք Փարիզում, որը 1904  թվականից առաջ էր գրված՝ Չուխաջյանի ձեռագրով։ Վերջին ամենալավ գործիքավորումը Ղազարոս Սարյանն էր արել՝ շատ մեծ նվագախմբի համար։

Կարինե¦ն  ի՞նչ ընդունելություն գտավ։

-Ֆրանսիացիների մոտ սոսկալի մեծ ընդունելություն գտավ։ §Օպերա բուֆի¦ ժանրի գործ էր։ Այդ ներկայացման շնորհիվ մեր առջեւ բացվեցին Մարսելի §Օդեոն¦ թատրոնի դռները, որը ֆրանսիական օպերետի օրրանն է։ Մեծ պատիվ էր, որ խաղաշրջանի բացումը §Կարինե¦ի ներկայացումով էր։ Թերթերը լավ արձագանքեցին։ Այս բեմադրությունը կողմնակի առավելություններ էլ տվեց։ §Կարինե¦ի բեմադրությունը մեկ նախաձեռնության համար չէր։ Մեր ֆրանսիացի դիրիժոր Վենսան Բոնզոմը այնքան խանդավառվեց, որ սկսեց այլ հայ կոմպոզիտորներ ուսումնասիրել՝ Կոմիտաս, Ավետ Տերտերյան եւ այլն։ Ինքն էլ անձամբ երգեր գրեց Թեքեյանի, Զարիֆյանի բանաստեղծությունների, Սարոյանի §Հայը եւ հայը¦  գործերի հիման վրա։ Ավելին, մեր ձայնամարզիչի օգնությամբ ձայնամարզության ֆրանսիական դպրոց բացեցին, որի անունը դրեցին §Կարինե¦։ Մեր խմբից չորս հոգու ընտրեց եւ վոկալ քառյակ ստեղծեց՝ անունը հայերենով կոչելով  §Արեւածաղիկ¦։ Այժմ այդ չորս ֆրանսիացի պրոֆեսիոնալ մեներգիչները մեծ երգացանկ ունեն եւ միայն հայերեն են երգում։ Սա ապացույցն է, որ մեր արվեստը, եթե գեղեցիկ է, գնահատվում է։ Եթե իմանում են, շատ են հավանում։ Մեր դիրիժորը մի անգամ ինձ նամակ էր գրել եւ ասում էր, թե զարմանում է միջազգային կոնսերվատորիաներում ինչո՞ւ չեն հայկական դասական երաժշտություն դասավանդում։

Հույս ունեմ §Կարինե¦ն բերել նաեւ Հայաստան եւ ցույց տալ, թե մեր հայրենակցի գործը ինչպես է գնահատվում  այնպիսի մշակութային ժառանգություն ունեցող երկրում, ինչպիսին Ֆրանսիան է։ §Կարինեն¦ ֆրանսերենով ենք ներկայացրել, եւ դա փաստորեն միջազգային պրեմիերա էր։ Մարտին ներկայացրինք Փարիզում, իսկ հոկտեմբերին՝ Մարսելում։ Այս տարի քանի որ Կանադայում էի Բրուքի թատրոնի հետ  հյուրախաղերով, կազմակերպեցի, որպեսզի ապրիլ 15-ին §Արեւածաղիկը¦ ելույթներով հանդես գա Մոնրեալում։ Շատ լավ ընդունելության արժանացան։

 

– Իսկ հայկական համայնքներում բեմադրություններ չարեցի՞ք։

– Նույն օրերին, Կանադայում  նորովի բեմադրեցինք Պարոնյանի §Ատամնաբույժն Արեւելյան¦ը, որն արդեն ֆրանսերենով բեմադրել էի, իսկ հայերենը ներկայացրինք Թեքեյան մշակութային միության միջոցով։ Քանի որ 1960-ականներին Եգիպտոսի գաղութը դատարկվեց եւ շատերը գնացին Կանադա, իմ մանկության ընկերներս այնտեղ են ապրում եւ նրանք էլ խնդրեցին, որ այնտեղ բեմադրենք՝ հիշելով հին օրերը։

Ես սփյուռքի համայնքներում բեմադրելու շատ ժամանակ չունեմ, քանի որ Փարիզում շատ զբաղված եմ պրոֆեսիոնալ թատրոնում, բայց երբ հարմար առիթ է ստեղծվում, սիրով աշխատում եմ։ Այս անգամ Մոնրեալում ութ շաբաթ ունեի, եւ աշխատեցի այդ ուղղությամբ 25 տարվա դադարից հետո՝ առաջին անգամ հայկական գործ բեմադրեցի հայ համայնքում։  Քանի որ գիտեք, ողջ տարին Իրինա Բրուքի թատերախմբի հետ մշտական շրջագայությունների մեջ եմ։ Այս տարի  եկա Հայաստան, քանի որ §Ոսկե Ծիրանի¦ հետ կապված ֆիլմ ունեինք՝ §Դաշնամուրը¦։

Ի դեպ, Երեւան գալուց առաջ էլ մեկնեցիք Չեխիա  եւ Հրադեց Կրալովե քաղաքում անցկացվող եվրոպական թատերական փառատոնում  Բրուքի թատրոնով կրկին ներկայացրիք Սերվանտեսի §Դոն Քիշոտը Լամանչից¦։ Դուք Սանչո Պանսայի դերով հանդես եկաք։ Ինչպիսի՞ն էր արձագանքը։

-Շատ ջերմ, խանդավառ ընդունելություն էր։ Յոթ անգամ բեմ կանչեցին, ինչը հաճախ  չի պատահում։ Ամերիկայում,  օրինակ ամենալավ ներկայացմանը մեկ  կամ երկու անգամ են ծափահարում։ Եվրոպայում մի քիչ այլ է։ Այնպես որ, դա մեծ հաղթանակ էր։

– Ինչպես նշեցիք, այս տարի մասնակցեցիք  նաեւ §Ոսկե Ծիրանին¦, քանի որ նկարահանվել էիք  Լեւոն Մինասյանի §Դաշնամուրը¦ ֆիլմում։ Իսկ այլ ֆիլմերում նկարահանվեցի՞ք։

 

–        Այդ ընթացքում նաեւ ֆրանսիական մի քանի այլ ֆիլմերում եմ նկարահանվել՝ Ժան Մաշի §8-րդ հրաշքների երկիր¦ գիտաֆանտաստիկ ֆիլմում, որն արդեն միջազգային կինոփառատոներում արժանացել է մրցանակների։ Թոմաս Տաստարելիի §Հմայակ¦ կարճամետրաժ ֆիլմում  նկարահանվել եմ գլխավոր դերում։ Նաեւ այլ ֆրանսիական գեղարվեստական հեռուստաֆիլմերում եմ նկարահանվել։

–        Ինչո՞ւ նախկինում սփյուռքում թատերական խմբերն ավելի ակտիվ էին։ Որո՞նք են այսօրվա խնդիրները։

-Նախ,  համայնքները կամաց-կամաց հոգնում են։ Ֆրանսիայում առաջ թատերական խմբակները շատ ավելին էին, հետագայում սկսեցին ձուլվել եւ այլեւս չզբաղվեցին թատերական ներկայացումներով։ Հայերեն լեզուն է սկսել նահանջել։ Նմանապես Ամերիկայում է։ Բայց մինչեւ 70-ական թվականները Միջին Արեւելքում Բեյրութն էր շատ ծաղկել, իսկ Եգիպտոսում արդեն 1960-ականներից էր սկսել նահանջը։

1970-ականներին Նորայի հետ (Նորա Արմանի-խմբ.) գնացինք Բեյրութ, ուր ասմունքի երեկո կազմակերպեցինք, եւ շատ մեծ ընդունելության արժանացանք։ Այն ժամանակ դեռ մի քանի թատերախմբեր կային՝ §Խըտըշյան¦, §Ֆազլյան¦, §Վահրամ Փափազյան թատերախումբ¦, §Գասպար Իփէքեան թատերախումբ¦։ Մարդիկ սիրում էին թատրոն հաճախել։ Նույնիսկ մտածեցինք այնտեղ հաստատվել։ Դժբախտաբար այդ ժամանակ քաղաքացիական պատերազմ սկսվեց, եւ ես այդ օրվանից սկսեցի ճամփորդել, ու միայն քսան տարի հետո կարողացա գնալ Բեյրութ։ Հրավիրեցին նույն ասմունքի երեկոն խաղալու, ինչպես նաեւ §Արարատյան կայանը¦։ Իմ ցանկությունս էր միջին Արեւելքի մեջ մնալ եւ հայկական միջավայրում լուրջ թատերախումբ ստեղծել։ Ես վերադարձա Եգիպտոս եւ մտածեցի այնտեղ անել այդ գործը, քաջ գիտակցելով, որ շատ ժողովուրդ չկա։ Բայց կարծում էի,  տարածաշրջանի երկրներով կշրջենք եւ այդպիսով կգործենք։ Դժբախտաբար Եգիպտոսի գաղութը անկում էր ապրել, եւ ժամանակի մտավորականներն ու մտածողներն այլեւս չկային, վարչությունները սկսել էին թույլ մարդկանց ձեռքին հայտնվել, պարզ բաներ չէին հասկանում մշակույթից, ուստի հոգնեցի եւ թողեցի այդ միջավայրը։ Միշտ անհասկացողություն կար։ Բայց Ամերիկա չէի ուզում գնալ։ Երազում էի հայկական միջավայր։ Ճարահատ  մտա արաբական թատրոն, բայց այնտեղ տարբերություներ կային իմ խառնվածքի եւ միջավայրի հետ, եւ այնտեղ էլ չդիմացա։ Այնուհետ հայտնվեցի Կահիրեի Ամերիկյան համալսարանի թատերական միջավայրում, ուր անգլիացի-ֆրանսիացի բեմադրիչներ կային եւ երկու տարի անցկացրի այնտեղ՝ կյանքիս մեջ առաջին անգամ խաղալով անգլերենով ու ֆրանսերենով ներկայացումներ։ Մեր ռեժիսորը ինձ ստիպեց թողնել Եգիպտոսը  եւ գնալ Փարիզ՝ Բրուքի թատրոն։ Այդ թատրոնի գլխավոր դերասանին՝ Բրուս Մայերզին հանդիպեցի, ով նրա մտերիմն էր։ Նա ասաց, որ Բրուքը Փարիզում չէ, Ամերիկայում է, եւ ես առանց նրան հանդիպելու, վերադարձա  Եգիպտոս։ Տարիներ անց արդեն Բրուքի աղջկան՝ Իրինային հանդիպեցի եւ սկսեցի նրա հետ աշխատել։

Վերադառանալով սփյուռքահայ թատրոնին, ասեմ, որ Եգիպտոսից դուրս գալուց, էլի Ամերիկա չգնացի, փորձեցի շատ չհեռանալ, ուստի գնացի Անգլիա ու այնտեղ փորձեցի հաստատվել, բայց աշխատանքի իրավունք չունեի։ Ասացին հայկական թատերախումբ հիմնենք, եւ այդ ձեւով կարող եմ դիմել եւ մնալու իրավունք ստանալ։ Այդ ժամանակ այնտեղ §Ատամնաբույժն Արեւելյան¦ի մոդեռն տարբերակը բեմադրեցի։ Դժբախտաբար էլի կոնֆլիկտ ստեղծվեց հայկական միությունների հետ, շատ լավ ընդունեցին, բայց իրենք ասացին, որ իրենց պետք է պատկանենք։ Ամեն մի կուսակցություն ուզում էր իրեն պատկանենք։ Ես էլ ասացի, որ ճիշտ կլինի, որ ոչ մեկին չպատկանենք, այլ լինենք  գաղութային թատերախումբ։ Այնպիսի մի կռիվ պայթեց գաղութի մեջ, ծիծաղելի մասշտաբների հասնելով, որ հուսախաբ եղա։ Ամեն ինչ ջուրն ընկավ։ Նույնիսկ մարդիկ իրար հանդիպելիս  ասում էին՝ ժիրայրական ես, թե ժիրայրական չես։ Վերջապես թողեցի Լոնդոնը, եւ գնացի ծնողներիս մոտ՝ Ամերիկա(Դետրոյթ)։ Բարեգործականի Կալիֆոռնիայի շրջանակը հրավիրեց, որ իրենց թատերախումբը ղեկավարեմ եւ չորս տարի աշխատեցի այնտեղ։ Խումբը համարվում էր Լոս Անջելեսի ամենալավ թատերախումբը, որին ամենալավ դերասանները եկան  եւ մաս կազմեցին։ Առաջարկում էի խումբը երկլեզվանի լինի, որ նոր երիտասարդությանը գրավենք եւ շատ հայեր գան մեր ներկայացումներին։ Քանի որ Հոլիվուդի մեջ երիտասարդներ ուենինք, որոնց պոտենցիալը չէր օգտագործվում։ Այդ միտքը չընդունվեց։ Խմբում կային տարբեր երկրներից եկած հայեր։ Բայց ես անգլիախոսների եւ հայախոսների ուժերը օգտագործեցի։ Ինձ ասում էին՝ քո ներկայացումները շատ բարձր մակարդակի են, դրա համար շատ մարդիկ չեն գալիս։ Իսկ մենք Պարոնյան ու ֆրանսիացի թեթեւ ժանրի դրամատուրգներ էինք բեմադրում։ Հետո ասացին, որ իրենք են որոշելու, թե ես ինչ բեմադրեմ։ Ես հրաժարվեցի եւ դուրս եկա։

Հիշում եմ նաեւ, որ Բարեգործականի հետ համագործակցության տարիներին, 1983-ին Մհեր Մկրտչյանը եկավ Լոս Անջելես եւ §Պաղտասար աղբարը¦ բեմադրեց։ Եվ խաղացինք ես, Վահե Բերբերյանը, Պերճ Ֆազըլյանը, Նորա Արմանին։ Առաջին անգամ սփյուռքում հայ մեծ դերասանի շուրջ խաղացին պրոֆեսիոնալներ եւ  ներկայացումը մեծ ընդունելություն գտավ։

Այնուհետեւ Լոս Անջելեսի Համազգայինից հրավիրեցին, որ իրենց թատերախումբը ղեկավարեմ։ Ես միայն համաձայնեցի մեկ ներկայացում բեմադրել։ Դա իմ վերջին գործունեությունն էր հայկական գաղութային թատրոնում՝ 1986-ին։

Այդ տարիներինՙ 1980-ականներին Նորա Արմանիի հետ որոշեցինք §Արարատյան կայան¦ը անգլերենով օտար հանդիսատեսի համար բեմադրել։ Հայ պոեզիայի գոհարներից ստեղծված բեմադրությունը իր հայերեն տարբերակը չուներ։ Հատվածներ կան, որ ես հայերենով գիտեմ, բայց որպես ներկայացում հայկական տարբերակ չենք ունեցել։ 1986-ին որոշեցինք Էդինբուրգի փառատոնին մասնակցել։ Չգիտեինք, որ 11 տարի աշխարհը պետք է շրջենք այդ ներկայացումով։ Այնուհետեւ, Լոս Անջելեսի այն ամերիկյան թատրոնը, ուր քսան տարի առաջ ելույթ էինք ունեցել, իրենց 20 -ամյակին կրկին հրավիրեցին։ Բայց քանի որ ես չէի կարող գնալ, Նորան սովորեցրեց երկու ամերիկացի դերասանների՝ տղա-աղջիկ եւ բեմադրեց։ Ի դեպ, տղան կիսով չափ հայ էր։ Բեմադրությունը կրկին նույն հաջողությունը ունեցավ։

-Դուք նաեւ ժամանակ առ ժամանակ լինում եք Երեւանում։ Իսկ Հայաստանում ի՞նչ վիճակում է թատրոնը։

-Հարեւանցի կարող եմ ասել, շատ ինֆորմացիա  չունեմ, շատ բան չեմ տեսել, մեկ-մեկ, երբ եկել եմ Հայաստան, այդ ընթացքում եմ տեսել։ Միակ քննադատությունը, որ կարող եմ ասել՝ լավ ներկայացումներ կային, սակայն նորություն չտեսա, նոր բան չտեսա։ Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ թատրոնը մնացել է 1970-ականների մակարդակի վրա։ Հատկապես՝ խաղաոճը։ Երիտասարդները խաղում էին այնպես, ինչպես քսան տարի առաջ՝ թե Սունդուկյանում, թե դրամատիկականում, եւ թե Պարոնյանում։ Հավանաբար փոքր խմբեր կան եւ լավ գործեր են անում։ Տաղանդավոր ջահելներ կան։ Համազգայինում Սարոյանի գործը տեսա, լավ երիտասարդներ կային, բայց ոճը հին էր։ Մալյանի թատրոնն եմ հավանում։ Բայց պետք է դուրս գան Հայաստանից, սնվեն դրսից եւ զարգանան։ Սա իմ տպավորությունն է, բայց իրավունք չունեմ խոսելու ողջ հայ թատրոնի մասին, քանի որ բոլոր ներկայացումները չեմ տեսել։

 

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

ԵրեւանՊրահա



Առնչվող նյութեր
1. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
2. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
3. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
4. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
5. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
6. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
7. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
8. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
9. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
10. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: