ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ժամանակի ամենամեծ վտանգը մարդու հեռացումն է բնությունից

09 օգոստոսի, 2016 | 12:06

Arlen ShahverdyanՀարցազրույց գրող Առլեն Շահվերդյանի հետ

Գրող Առլեն Շահվերդյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին, Երևանում: Սկսել է գրել դեռ 1990-ական թվականների երկրորդ կեսից, հիմնականում՝ բանաստեղծություններ, գրական էտյուդներ: 2003 թվականին առաջին անգամ տպագրվեցին նրա մի քանի բանաս­տեղծությունները «Ուղեկից» երիտասարդական ամսագրում: Դրանից հետո պարբերաբար տպագրվել է մամուլում և էլեկտրոնային գրական կայքերում: Նա այն հայ երիտասարդ գրողներից է, որը հաջողությամբ կիրառում է էլեկտրոնային գրքի ստեղծման ու հան­րահռչակման պրակտի­կան, միևնույն ժամանակ մշտապես առաջնային է համարում գրքի ավանդական՝ տպագիր լույսընծայումը: Հեղինակը հաջողությամբ կիրառում է ժամանակի տեղեկատվական գործիքարանը՝ իր ստեղծագործությունները և նյութերը ընթերցողներին հասցնելու համար:

Առլեն Շահվերդյանը հարյուրավոր բանաստեղծությունների հեղինակ է, որոնք ճանաչված ու սիրված են ընթերցողների կողմից: Այդ բանաստեղծությունները նա պարբերաբար հրապարակում է իր գրական բլոգի «Բանաստեղծություններ» երկլեզու էջում, ինչպես նաև «Facebook»-ի և «Twitter»-ի իր պաշտոնական էջերում: Հեղինակը մշտապես ձգտում է ապահովել հայերեն բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունները (առնվազն՝ բառացի), ինչը բանաստեղծություններն հասանելի ու հասկանալի է դարձնում օտարազգի ընթերցողների լայն շրջանների համար:

Առլեն Շահվերդյանը նաև բազմաթիվ նորաբանությունների հեղինակ է, որոնք կիրառում է իր ստեղծագործության մեջ: Հատկանշական է, որ դրանցից շատերը մտել են լեզվի մեջ և կիրառվում են: Նա նաև այն եզակի գրողներից է, որոնք հաջողությամբ ստեղծագործում են ինչպես չափածո, այնպես էլ արձակ ժանրերում: Բացի այդ, «Ապրելու իրավունք» գրքում գրողին հաջողվել է առաջին անգամ հայերեն լեզվով մեկ գրքում համատեղել գիտական և գեղարվեստական ոճերը՝ ստեղծելով բնագիտական ուսումնասիրությունների և գեղարվեստական ժանրի յուրօրինակ ու եզակի համադրություն, մենագրական մի հետազոտություն, որը հաջողությամբ կարելի է դասել նաև արկածային գրականության շարքը: Գիտական տեղեկույթն առավել ուշագրավ ներկայացնելու նպատակով հեղինակը ընտրել է մատուցման ուրույն ոճ. պահպանվել է գեղարվեստական ստեղծագործությանը բնորոշ սյուժետային գիծը, ներ­կայացված հարցադրումներն ունեն գիտական բնույթ, սակայն մոտեցումը և պարզա­բանումները գեղարվեստական են:

Բացի գրական գործունեությունից, Առլեն Շահվերդյանը ազատ ժամանակ զբաղվում է նաև նկարչությամբ, մանկուց ինքնուս նկարում է, նկարների մի մասը ներկայացված է բլոգում: Նա նաև բազմաթիվ երգերի հեղինակ է, գրում է երգերի և երաժշտությունը և խոսքերը, իսկ 1999 թվականին Հեղինակային երգի փառատոնին ճանաչվել է լավագույն հեղինակ-կատարողներից մեկը և արժանացել նաև հանդիսատեսի համակրանք պատվոգրին:

2008 թվականին տպագրվել է Առլեն Շահվերդյանի առաջին մանկական վիպակը՝ «Զատիկ Լեոն» վերնագրով, որը բնաճանաչողական ու բնապահպանական առաքելությամբ և հարուստ գիտական նյութով մանկական հեքիաթ է՝ նախատեսված ինչպես մանուկների, այնպես էլ նրանց ծնողների համար: Միջատների աշխարհում փոքրիկ զատիկի արկածների մասին պատմող վիպակը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում: Նախքան գրքի լույսընծայումը այն թողարկվել է նաև հատուկ սկավառակով, որը հազվադեպ երևույթ էր այդ ժամանակ: Գիրքը տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը (Երևան, 2008, 104 էջ: ISBN 978-9939-805-45-0): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2009 թվականին տպագրվել է գրողի «Ամանորյա հեքիաթ» վերնագրով երկրորդ գիրքը: Դա խաղալիքների արկածների մասին պատմող յուրահատուկ հեքիաթ է՝ Ամանորի հրաշքի նախաշեմին: Գիրքը տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը (Երևան, 2009, 36 էջ: ISBN 978-9939-64-014-3): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2011 թվականի վերջին հրատարակվել է հեղինակի «Ապրելու իրավունք» գիրքը, որը հայ իրականության մեջ կենդանիների արքային՝ առյուծին, նվիրված միակ ու բացառիկ գիտագեղարվեստական հիմնարար աշխատությունն է, հայկական այն եզակի հրատարակություններից մեկը, որը գեղարվեստական ու գիտական ժանրերի յուրահատուկ համադրում է: Գրքի շնորհանդեսը կայացել է 2012 թվականի ապրիլի 10-ին «Թռչկան» քաղա­քացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ:Գրքի շնորհանդեսին հեղինակը հանդես է եկել գիրքը ներկայացնող ընդարձակ ելույթով (Տես “Arlen Shahverdyan. “Right to Live” book Presentation, “Trchkan” Conference, Yerevan, 2012.04.10” (https://www.youtube.com/watch?v=JET7dKdb7go): Առյուծ կենդանատեսակին նվիրված «Ապրելու իրավունք» վերնա­գրով գիրքը, իր բովանդակային ընդգրկումով և բնապահպանական հարցադրումով արժանանալով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ուշադրությանը, լույս է տեսել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մանսաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ: Գիրքը լայն արձագանք է գտել մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: «Ապրելու իրավունք» գիրքը ենթակա չէ վաճառքի, այն նվիրաբերվել է մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին և գրանցվել է մի շարք գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում (Միջին Արևելքի ընթերցասրահում (Ջեֆերսոն, LJ220)): Այս մասին առավել մանրամասն ներկայացված է «Իմ գիրքը` Կոնգրեսի գրադարանում / My Book in Congress Library» հոդվածում (https://arlenshah.wordpress.com/2012/08/30/arlen-shahverdyan-book-right-to-live-in-congress-library/): «Ապրելու իրավունք» գիրքը Հեղինակային հրատարակություն է, տպագրվել է «Սամարկ» տպագրատանը (Երևան, 2011, 308 էջ, ISBN 978-9939-0-0225-5): Գրքի մասին մանրամասն ներկայացված է Առլեն Շահվերդյանի բլոգի «Ամենաընթերցվողը» եռալեզու էջում:

2013 թվականի սեպտեմբերի 12-ին հրապարակվել է հեղինակի «Love is calling» («Սերը կանչում է») վերնագրով առաջին էլեկտրոնային գիրքը, որն անգլերեն բանաստեղծությունների նկարազարդ ժողովածու է (Arlen Shahverdyan, Love is calling. Yerevan, 2013, e-Book, 16 pages. ISBN 978-9939-0-0853-0): Գիրքը կարելի է գտնել և գնել «Lulu» հրատարակչական ընկերության (ԱՄՆ) օնլայն գրախանութում: Գրքի մասին ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2014 թվականի մարտի 21-ին հրապարակվել է գրողի՝ «Արքան» վերնագրով էլեկտրոնային 2-րդ նկարազարդ գիրքը առյուծ կենդանատեսակի մասին: Գրքում ընթերցողին դիտարժան «ուղևորություն» սպասվում դեպի աֆրիկյան ու ասիական վայրի բնություն, ներկայացվում է առյուծ կենդանատեսակը՝ ծագումից ու զարգացումից մինչև մերօրյա ենթատեսակային բազմազանություն, առյուծի ոչնչացման ու պահպանության խնդիրները, առյուծի խորհրդանիշի դերը տարբեր ազգերի մշակույթներում, կրոններում ու զինանիշագիտության մեջ և այլն: «Արքան» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2014, 87 էջ: Գիրքը պաշտոնապես ամբողջությամբ ներկայացված է «Joomag.com» գրական-հրատարակչական միջազգային հեղինակավոր կայքում (http://www.joomag.com/en/newsstand/arlen-shahverdyan/0625839001395406862?ref=ib):

2014 թվականի օգոստոսի 23-ին հրապարակվել է հեղինակի «Այնքան երջանիկ, որքան հիմա» վերնագրով պատմվածքը՝ էլեկտրոնային գրքի տեսքով: Իրական պատմության հիման վրա գրված այս ստեղծագործությունը լայնորեն տարածվել է ընթերցողների շրջանում: «Այնքան երջանիկ, որքան հիմա» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2014, 12 էջ): Գիրքը պաշտոնապես ամբողջությամբ ներկայացված է «Joomag.com» գրական-հրատարակչական միջազգային հեղինակավոր կայքում (http://www.joomag.com/en/newsstand/arlen-shahverdyan/0564553001408804806):

2014 թվականին սեպտեմբերին հրատարակվել է Առլեն Շահվերդյանի «Լռության գինը» գիրքը, որը կյանքի է կոչվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Այն թվով 2-րդ գիրքն է, որը լույս է ընծայվել WWF-Հայաստանի աջակցությամբ: Գիրքը նվիրված է կովկասյան ընձառյուծին, Հայաստանում խիստ հազվագյուտ և հրաշագեղ այս կենդանու պահպանությանն ուղղված՝ WWF-Հայաստանի բազմամյա, օգտակար ու հետևողական ջանքերին, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Ամբերդ ամրոցին: 2014 թ. հոկտեմբերի 4-ին՝ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել «Լռության գինը» գրքի հեռուստաշնորհանդեսը Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) «Առաջին լրատվական» ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ (https://www.youtube.com/watch?v=XklH5IHeNlY): Գիրքը ենթակա չէ վաճառքի, այն նվիրաբերվել է մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին: Այն լայն արձագանք է գտել մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: «Լռության գինը» գիրքը Հեղինակային հրատարակություն է, տպագրվել է «Սամարկ» տպագրատանը (Երևան, 2014, 92 էջ: ISBN 978-9939-0-1166-0): Գրքի մասին մանրամասն ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2015 թվականի հունվարի 29-ին հրապարակվել է գրողի 4-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Տեսնել հեռուն» վերնագրով: Ինքնակենսագրական դրվագների օգ­տագործմամբ՝ սիրո հուզիչ այս պատմությունը արժանացել է ընթերցողների լայն շրջանի համակրանքին ու գնահատանքին: «Տեսնել հեռուն» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2015, 27 էջ): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2015 թվականի ապրիլի 20-ին հրապարակվել է Առլեն Շահվերդյանի 5-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Թրքուհու գաղտնիքը» վերնագրով: Հեղինակն այդ պատմվածքը գրել է երկու օրում՝ 2015 թ. ապրիլի 16-17-ին, սակայն դա նրա հոգում կուտակված երկար տարիների ապրումների ու հույզերի արգասիքն է, նրա անկեղծ ու սրտագին վերաբերմունքի համեստ արտահայտությունը իր ժողովրդի ցավի, ինչպես նաև ապրելու ու բարգավաճելու հույսի նկատմամբ: Գիրքը նվիրվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և հրապարակվել է՝ ի նշանավորումն Ցեղասպանության 100-րդ տարելիցի: Գիրքը լայն արձագանք է գտել պետական և մասնավոր կառույցների շրջանում, ԶԼՄ-ներում, Սփյուռքի գաղթօջախներում, հատկապես՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների շրջանում: «Թրքուհու գաղտնիքը» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2015, 37 էջ): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2015 թ. օգոստոսի 5-ին հրապարակվել է հեղինակի 6-րդ էլեկտրոնային գիրքը՝ «Ապրումակցում» վերնագրով: Գրքում հեղինակը արծարծում է սիրո, կյանքի և մահվան, մարդկային հասարակությանը և մարդու էությանը վերաբերող մի շարք հարցեր, քննարկման նյութ դարձնում մարդու մահից հետո նրա դիակիզման անթույլատրելիությունը՝ բերելով դրա դեմ իր և համոզիչ հակափաստարկը ու այն դնելով շրջանառության մեջ: «Ապրումակցում» էլեկտրոնային գիրքը Հեղինակային հրապարակում է (Երևան, 2015, 29 էջ): Գրքի «PDF» ձևաչափով էլեկտրոնային տարբերակը ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2016 թ. մայիսի 6-ին լույս է տեսել հեղինակի «Գարնանային ռեքվիեմ» տպագիր գիրքը: «Գարնանային ռեքվիեմը» (գրված 2002–2016 թթ.) գրական էտյուդների, պատմվածքների հեղինակային ժողովածու է, որում ներկայացված են գրողի դիտումները, մտորումները, հուշերը կյանքի ու տարբեր երևույթների, մարդ–բնություն և մարդ–հասարակություն հարաբերությունների, մարդկային կերպարների, ճակատագրերի ու զգացողությունների, քաղաքային մշակույթի, մտահոգություններն ու հորդորները՝ շրջակա միջավայրի, բնության պահպանության մասին: Ժողովածուն արծարծում է անձնային ու համամարդկային, բնապահպանական, հայրենասիրական, հասարակական, խոհափիլիսոփայական նշանակություն ու ընդգրկում ունեցող արդի խնդիրներ: Գրքում ներկայացված են նաև հեղինակի գրական բլոգ-կայքից (https://arlenshah.wordpress.com) վերցված բնապահպանական նյութեր: «Գարնանային ռեքվիեմ» գիրքը Հեղինակային հրատարակություն է, տպագրվել է «Լիմուշ» տպագրատանը (Երևան, 2016, 148 էջ: Տպագիր տարբերակով՝ ISBN 978-9939-0-1787-7 և Էլեկտրոնային տարբերակով՝ ISBN 978-9939-0-1788-4): Գրքի մասին մանրամասն ներկայացված է Առլեն Շահվերդյանի գրական բլոգի «Գրքեր» էջում:

2011 թվականի ապրիլին Առլենը Շահվերդյանը «Wordpress» համաշխարհային հեղնակավոր պլատֆորմի վրա ստեղծել է իր գրական բլոգը: Այստեղ կարելի է գտնել հեղինակի գրքերը, բանաստեղծությունները, գեղանկարները, լուսանկարները, հեղինակային մտքերը, բլոգերային գրառումները, հոդվածները և այլն:

Բլոգում հեղինակի՝ որպես գրողի, նախընտրելի գրական թեմաներն են սերը, բնությունը, գեղեցիկը, կանայք: Բլոգի հիմնական բովանդակությունը ստեղծագործական է և բնապահպանական (էկոլոգիական): Այն ներառում է նաև բազմաթիվ և բազմազան այլ հետաքրքիր նյութեր բոլոր ընթերցողների համար: Բլոգի հիմնական, գլխավոր նպատակներն են հեղինակի ստեղծագործական գործունեության լուսաբանումը և բնության նկատմամբ սիրո ու հոգածության սերմանումը: Որպես շատ բնասեր անձնավորություն` հեղինակը շատ է ցավում բնության ու շրջակա միջավայրի պահպանության համար և մշտապես գրում է Երկիր մոլորակի բնության պահպանության, մարդ-բնություն ներդաշնակ ու խաղաղ համագոյակցության կարևորության մասին:

Բլոգն ունի բազմահազար ընթերցողներ Հայաստանում և Սփյուռքում: 2012 թվականի հունիս ամսից բլոգը երկլեզու է` հայերեն և անգլերեն (նյութերը անգլերեն թարգմանում է ինքը հեղինակը), ինչի շնորհիվ բլոգը լայն տարածում ունի նաև արտասահմանում, օտարազգի ընթերցողների, բլոգերների, օգտատերերի շրջանում՝ ձեռք բերելով հսկայական լսարան, բլոգի բազմաթիվ նոր ընկերներ, համախոհներ և «follower»-ներ: Բլոգն ունի «SEO» որակի հավաստագիր, պաշտոնապես գրանցված է «Copyrighted.com» կայքում, արժանացել է 100-ից ավելի բլոգային մրցանակների, 2012 և 2013 թվականներին ճանաչվել է տարվա լավագույն բլոգ:

Arlen Shahverdyan Books. All Rights Reserved 2016Հետևողականորեն կատարելագործելով ու զարգացնելով իր բլոգը՝ հեղինակը մասնագիտական առումով ձեռք է բերել արժեքավոր իմացություն և փորձ, ինչը նրան իրավունք տվեց նախաձեռնելու նաև այլ բլոգների ստեղծում և վարում: Դրանց թվում են ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի «Ռազմավարագետ» պաշտոնական բլոգը (տես՝ https://razmavaraget.wordpress.com/), «International Conference «Regional Security Dynamics in the South Caucasus»» բլոգը` նվիրված 2011 թ. նոյեմբերին Երևանում կայացած միջազգային կոնֆերանսին (տես՝ https://securecaucasus.wordpress.com/), ոճաբան և վարսահարդար Արսինե Շահվերդյանի ձեռքի աշխատանքներին նվիրված «Իմ աշխարհը» բլոգը (տես՝https://imashxarh.wordpress.com/), Համբարձում Քեչաջյանի շինարարական աշխատանքների անհատական բլոգը (տես՝ https://kechajyan.wordpress.com/), ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի անհատական բլոգը (տես՝ https://nhovhannisyan.wordpress.com/), կենդանի սիրողներին նվիրված «Animal Lovers’ Blog»-ը (տես՝ https://animalloversblog.wordpress.com/), «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպության պաշտոնական բլոգը (տես՝ https://navasard1.wordpress.com/), ստեղծագործող մարդկանց համար հանրաճանաչման հարթակ հանդիսացող «Արվեստասեր» բլոգը (տես՝https://arvestaser.wordpress.com/) և այլն: Այս բլոգները հեղինակը վարում է հետևողականորեն ու ամենայն պատասխանատվությամբ, իսկ դրանցում պարբերաբար զետեղվող նյութերը պարտադիր կարգով ու պատշաճ կերպով լուսաբանում նաև ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում: Առլեն Շահվերդյանը նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պաշտոնական կայքի վեբ-ադմինիստրատորն է (տես՝http://psaa.am/):

Գրքերի ստեղծման առիթով զրուցեցինք հեղինակի հետ:

1.- Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպես կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր ենք հասել:

– Հասել ենք կյանքի տեխնոլոգիական զարգացման մի այնպիսի մակարդակի, երբ հաճախ մարդկային մաքուր հույզը կամ զգացմունքը կարող է արտացոլվել ու պարփակվել ընդամենը մեկ էլեկտրոնային պատկերում կամ «սմայլիկում»: Սա, ցավոք, հեռացրել է շատերին իրական, «օֆլայն» կյանքից՝ կյանքի ընկալումը թողնելով հիմնականում «օնլայն» հարթության մեջ: Սակայն որքան օգտակար ու անհրաժեշտ է «օնլայն» իրականությունը մեզանում, այնքան, միևնույն ժամանակ, կարևոր է իրական կյանքի, իրական զգացողությունների ապրման անհրաժեշտության գիտակցումը: Համացանցը շատ լավ իրողություն է, անեզր հնարավորությունների համախումբ, սակայն այն չի բուրում, ինչպես ցողաթաթախ խոտը, ծաղկավետ դաշտը, կնոջ անուշաբույր վարսերը, ծխացող խունկը: Համացանցը ընդամենը հնարավորություն է փոխանցելու այդ ամենի վեհասքանչությունը, ինչը իրականում զգալու համար անհրաժեշտ է չմոռանալ «օֆլայն» կյանքի մասին:

2.-Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես՝ այսօրվա հրատարակչություններում:

– Կարծում եմ, որ լավ արարումը, լավ ստեղծագործությունը միշտ էլ գնահատելի է բոլոր ժամանակներում, և այն միշտ իր արժանի գնահատանքն է գտնում թե՛ հրատարակչությունների, թե՛, առաջին հերթին, ընթերցողի կողմից: Այսօր կա հնարավորությունների լայն սպեկտր, ինչի հետևանքով հաճախ հրապարակ է գալիս ոչ այնքան մնայուն արարում, սակայն ամեն ինչի ամենաճիշտ ֆիլտրը ժամանակն է, ինչը թելադրում է բյուրեղացման ու տաղանդավորը միջակությունից տարանջատելու իր գործիքարանը:

3.- Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:

– Հասարակության տարբեր շերտեր կան՝ նախընտրելիությունների, բևեռացվածության ու կենտրոնացվածության տարբեր մակարդակներով, իրերի, երևույթների նկատմամբ տարաբնույթ ընկալմամբ, արժեհամակարգերի բազմազանությամբ: Արվեստը իր առաքելության մեջ մշտապես ու հաստատապես ձևավորելու է կոչված կյանքի գեղագիտական ընկալումը՝ անհատի մեջ համամարդկային, կարևորագույն և անձնավորության ձևավորման համար անհրաժեշտ արժեքների ու որակների արմատավորմամբ:

4.- Մի հետաքրքիր դեպք պատմեք ձեր կյանքից:

– Շատ են դեպքերը, սակայն մեկին անդրադառնամ, որը տեղի ունեցավ բոլորովին վերջերս: Ինչու՝ անդրադառնամ, քանի որ այդ մասին երկլեզու, նկարազարդ նյութ ունեմ հրապարակած իմ գրական բլոգ-կայքում (http://arlenshah.wordpress.com): Անցած ձմռան ընթացքում աշխատասենյակիս պատուհանի տակ, կենսածառի (տույա) ճյուղերի մեջ ապրում էր մի երաշտահավ, որին ամբողջ ձմեռ սիրով կերակրեցի պատուհանիցս՝ հոգ տանելով, որ քաղցած չմնա: Սիրում եմ կերակրել կենդանիներին, հատկապես՝ թռչուններին: Գարնանը, մի օր բացելով պատուհանս, պատահաբար նկատեցի, որ այդ փոքրիկ երաշտահավը սատկել է ու ընկել պատուհանիս տակ: Նրա մահվան պատճառը չգիտեմ, հավանաբար էլեկտրական լարերին էր դիպել, սակայն տպավորություն էր, որ եկել ու մահացել է հենց պատուհանիս տակ՝ կարծես ինձ տեղեկացնելու համար:  Պատահականություն է դա, թե խորհրդավոր դիպված՝ չգիտեմ: Ես վերցրեցի թռչնակին, փորեցի նրա համար գերեզման, հենց այն տույայի տակ, որտեղ ապրում էր ու թաղեցի՝ հատուկ խնամքով ու գորովանքով՝ ծածկելով գերեզմանը տույայի տերևներով: Բնության հետ միաձուլման ու ներդաշնակության մի չքնաղ ու բացառիկ պահ էր դա, բնության նկատմամբ իմ անմնացորդ ու անհուն սիրո արտահայտություն:

5.- Մտավորական մարդու ձեր բնորոշումը:

– Իմ խորին համոզմամբ՝ մտավորականը ո՛չ կոչում է, ո՛չ տիտղոս, ո՛չ պարգև ու ո՛չ էլ պիտակ: Մտավորականը կենսաձև է, էություն: Դու կամ էությամբ մտածող ես, կամ՝ ոչ, կամ կենսաձևդ այդպիսին է, այսինքն ապրում ես այդպես, կամ՝ ոչ: Մտավորականը աշխարհը, իրերն ու երևույթները ընկալում է ավելի խորը, մտածական բոլոր շերտերի համադրմամբ ու իմաստավորմամբ, այդ ամենը անցկացնում սեփական պրիզմայով ու արտացոլում նորովի իմաստավորված և ինքնատիպ կերպով, իսկ հաճախ էլ՝ գեղարվեստորեն: Մտավորականի առաքելությունը աշխարհը ոչ միայն արվեստի, գիտության և այլ բնագավառների միջոցով արտացոլելու մեջ է, այլև անգամ առօրեական կյանքի, կենցաղի ճիշտ կազմակերպման ու մատուցման: Մտածող մարդը մտածում է ամեն ինչի վերաբերյալ: Նույնը մշտապես նշում եմ ստեղծագործող մարդուն բնորոշելիս, քանի որ համոզված եմ, որ ստեղծագործող մարդը ստեղծագործում է ոչ միայն արվեստի որևէ գործ արարելով, այլև ստեղծագործում է ամեն ինչում՝ միջանձնային հարաբերություններում, շրջակա միջավայյրի հետ հարաբերվելիս, կյանքի ու կենցաղի կազմակերպման մեջ:

6.-Ըստ ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:

– Իմ համոզմամբ՝ ժամանակի ամենամեծ վտանգը մարդու հեռացումն է բնությունից, քանի որ դրանից բխում են շատ բացասական հետևանքներ՝ մարդկային արժեքների խաթարումից մինչև մարդու ներսում սեփական ես-ի հետ հաշտ ու ներդաշնակ լինելու պակասը, աշխարհը անխոհեմ կերպով վտանգելուց մինչև զգայականության մակարդակի իջեցումը, կարևոր զգացմունքների ու հույզերի նվազեցումը, իսկ երբեմն էլ՝ բացակայությունը: Բնության հետ կապի խաթարումը մարդուն դարձնում է պակաս բարի, պակաս հանդուրժող, պակաս մեծահոգի ու ներող, իսկ անտարբեր, չարացած մարդը կորցնում է շատ կարևոր հանգույցը՝ մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերություններում: Սիրելով ու ներդաշնակորեն կապված լինելով բնության հետ՝ մարդը սիրում ու գորովանքով հարաբերվում է նաև շրջակա միջավայրին ու դրա անքակտելի մասը կազմող մարդկանց:

7.- Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

– Մենք մեր մշակույթով միշտ կարող ենք պարծենալ, սակայն մշակույթը կուլտուրան է, ինչը  արտացոլվում է ոչ միայն արվեստի բնագավառներում, այլև մարդկային սովորական հարաբերություններում, կյանքի կազմակերպման բարեվարքության մեջ, անգամ կենցաղավարության մակարդակում: Լինելով մշակութային՝ անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն մշակութային այն արժեքները, որոնցով ներկայանում ես աշխարհին, այլև նույն այդ աշխարհի ընկալման, դրա հետ հարաբերման կուլտուրայի քո մակարդակը, մարդկային հասարակության ու դրա յուրաքանչյուր անհատի բարեվարքության, արժեքների նկատմամբ գորովանքով վերաբերմունքի ու դրանց պահպանման մակարդակը: Մեր ժողովրդի դիմագիծը պետք է լինի մշակութապես զարգացած, ինտելիգենտ, քաղաքավարի, բարի ու մարդասեր, հայրենասեր ու հայրենանվեր մարդու դիմագիծը, որը արարում է բարիք իր և բոլորի համար, որն իր ապրելու իրավունքը ապացուցում ու ամրագրում է բարի գործերով՝ լինեն դրանք մշակութային և այլ ոլորտներում, թե պարզապես մարդկային հարաբերություններում:

8.- Խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք ձեր գրքերը:

– Իմ գրքերը նվիրված են սիրուն, գեղեցիկին, բնությանը, մարդ-բնություն ներդաշնակ կապի կարևորության վերհանմանը: Արդեն հրատարակել եմ հինգ տպագիր և վեց էլեկտրոնային գրքեր: Գրում եմ և չափածո (բանաստեղծություններ) և արձակ: Երջանիկ եմ, որ դրանք մշտապես գտնում են ջերմ ու գորովանքով լի գնահատական ընթերցողների կողմից:

  1. Հիմնականում ովքե՞ր են աջակցում ձեր գրքերի ստեղծման ու հրատարակության գործում։

– Հիմնականում (ինչը դեռ ցավալի իրողություն է մեզանում) գրքերիս կյանքի կոչման աշխատանքների զգալի մասը կազմակերպում և իրականացնում եմ ինքս՝ որպես հեղինակ: Աշխարհի շատ երկրներում գրողը չի մասնակցում իր գրական ստեղծագործության կյանքի կոչման գործընթացին, քանի որ կան մշակված ինստիտուտներ, և այդ ամենը արդեն նորմ է: Մեզանում դեռ կա տվյալ ինստիտուտների զարգացման հրամայականը: Ունեմ գրքեր, որոնք հրատարակվել են հովանավորների կամ հրատարակչությունների աջակցությամբ: Հատկապես ուզում եմ նշել «Ապրելու իրավունք» և «Լռության գինը» գրքերս, որոնք հրատարակվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ:

10.-Դուք էլ, շատ շնորհաշատ մտավորականների նման անցաք մութ ու լույս տարիների միջով. ի՞նչ կարծիքի եք այն ժամանանակների ու ներկայիս գրականության մասին, ի՞նչ կարծիքի եք հեռուստահաղորդումների մասին և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը:

– Մութ ու լույս տարիները շատ բան խլեցին և շատ բան տվեցին՝ խորհելու ու հետևություններ անելու համար: Ներկայիս գրականությունը հետաքրքիր է, բազմաշերտ ու բազմազան, և միշտ կարելի է գտնել որակյալը՝ տարանջատելով այն անորակից, գրագետը՝ անգրագետից: Ինձ համար մեծ նշանակություն ունի մայրենի լեզվի մաքուր ու գրագետ կերպով օգտագործումը ներկայիս գրականության մեջ, քանի որ սխալ շարահյուսությամբ կամ կետադրությամբ, լեզվի տարրական կանոնների կոպիտ խախտմամբ գրականությունը չի եղել ու չի լինի երբեք մնայուն արժեք, այլ ընդամենը տվյալ պահին տվյալ մարդու կողմից ինքնատիպության կամ տարբերվելու բանալ արտահայտչամիջոց է: Հեռուստահաղորդումների մեջ շատ կցանկանայի տեսնել ավելի մեծ թվով գիտահանրամատչելի և ուսուցողական հաղորդումներ, քանի որ զվարճալին պետք է, սակայն այն պիտի լինի ներդաշնակ հավասարակշռության մեջ մարդու գիտելիքները հարստացնող, նրան զարգացնող և աշխարհընկալումը մեծացնող հաղորդումների ու ֆիլմերի կողքին: Դե իսկ հեռուստասերիալների մասին թույլ տվեք լռել, քանի որ մեզանում դրանց մեծ մասի սյուժետային հիմնական գիծը, ցավոք, շարունակում է մնալ կրիմինալ կյանքի երբեմն՝ ուռճացված ներկայացումը:

11.Ունե՞ք նպատակներ, որ չեք հասցրել իրագործելԱռաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

– Առաջիկա կարևոր նպատակներիցս մեկը ընտանիք կազմելն ու բալիկներ ունենալն է: Դեռ ամուսնացած չեմ: Ունեմ բազմաթիվ գրքեր ու բանաստեղծություններ, որոնք պիտի հրատարակեմ: Իսկ ընդհանրապես, ես ջանում եմ կյանքն ապրել այնպես, որ իմ համեստ, նվիրական, հետևողական ու անդադրում ջանքերով ես էլ իմ լույսը բերեմ մարդկության ճանապարհին՝ լուսավորելով աշխարհը ու դարձնելով այն մի փոքր ավելի լավն ու բարին:

12.-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

– Սիրել կյանքը, սիրել բնությունը, մարդուն, սիրել սիրելը և գորովանք տալը, սիրել Աստծուն ու ճշմարիտը, սիրել պետությունդ, ժողովրդիդ, ամբողջ աշխարհը և ամեն բան անել սիրով: Իսկ ստեղծագործող երիտասարդներին խորհուրդ կտամ շատ աշխատել, աշխատել անմնացորդ կերպով, քանի որ մուսան երբեք չի նստում ծույլի կամ մեծամիտի ուսին:

 

Գարիկ Ավետիսյան

 

 


Առնչվող նյութեր
1. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
4. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
5. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
6. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
7. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
8. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
9. Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը
10. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: