ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

16 օգոստոսի, 2017 | 07:52

Ամերիկահայերը գիտեին, որ իրենք մեծ հաղթանակ են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, երբ  Տեխասը դարձավ ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը: Սակայն նրանք չէին գիտակցում, որ Տեխասի ճանաչումը կործանարար ազդեցություն է ունեցել այդ նահանգում թուրքական համայնքի լոբբիստական ջանքերի վրա:

Turkishnews.com-ում հրապարակված մի հոդվածում դոկտոր Ֆերուհ Դեմիրմենը բացահայտեց հուսահատության այն աստիճանը, որ ինքն ու իր թուրք ընկերները ունեցել են Տեխասում, երբ նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թ. մայիսի 19-ին: Շատ հաճախ չենք հանդիպում թուրք լոբբիստի, որն ընդունում է հայ համայնքի կողմից իրենց ջախջախիչ պարտությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար Դեմիրմենը սկզբում մեղադրում է իր թուրք ընկերներին՝ «թուրքական անտարբերության և պասիվության տարիների համար, համադրված հայկական ագրեսիվությամբ ու արևմտյան նախապաշարմունքներով»: Նա նաև ընդունում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ակտիվությունը՝ «քաղաքային խորհրդարանի հանդիպումներում հայ ակտիվիստների մասնակցությամբ շրջայցեր կազմակերպելու, նահանգի ընտրված պաշտոնատար անձանց հերթով» այցելելու և «Դալասում, Օսթինում և Հյուսթոնում» Հայ Դատի հանձնախմբի մասնաճյուղեր ստեղծելու համար:

Թուրք գործիչը ցեղասպանության բանաձևի հաջողության գործում ընդունում է նաև «Նահանգի ներկայացուցիչ Սքոթ Սանֆորդի աջակցությունը, որը միաժամանակ Տեխասի բապտիստական եկեղեցու հոգևոր հովիվն է:» Իր հոդվածի համար մեծ ծավալի հետազոտություն անելով՝ Դեմիրմենը հիշեցնում է, որ «2016 թ. ապրիլին Դալասի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հանդեսին, ներկայացուցիչ Սանֆորդը արժանացել է «Արդարության պաշտպան» մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման գործում իր ունեցած մեծ նվիրումի համար»: Հանդեսի ժամանակ ընթերցվել է հանրապետական սենատոր Թեդ Կրուզի նամակը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, գրում է Դեմիրմենը:

2017 թ. հունվարի 26-ին Սանֆորդը ներկայացրել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի HR-191 բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու  մասին: Բանաձևը առաջին անգամ ներկայացվել է Առևտրի և միջպետական ​​հարցերի հանձնաժողովին (TIAC), որը կոչ է արել ապրիլի 24-ին հանրային քննարկումներ անցկացնել Օսթինում գտնվող նահանգի ​​Կապիտոլում: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ Տեխասի օրենսդիրը «հրապարակային լսումների համար ընտրեց ապրիլի 24-ը, որը խորհրդանշական օր է հայկական անհիմն պնդումների համար, [ինչն] առաջին նշանն էր, որ TIAC-ը հայամետ է իր հայացքներով»:

Դեմիրմենը դժգոհ է, որ «լսումները լավ համակարգված էին Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի և ներկայացուցիչ Սանֆորդի կողմից, և ի տարբերություն հայկական կողմի, որը վաղուց գիտեր լսումների մասին, թուրքական կողմը հանդիպման մասին տեղեկացել է ընդամենը մի քանի օր առաջ»: Դրա հետևանքով, լսումներին մասնակցել է միայն վեց թուրք (հինգը Հյուսթոնից և մեկը Դալասից), մինչդեռ «հայկական կողմից ներկա էր մի մեծ բազմություն: Որպես «դիտորդ» [TIAC-ում] ներկա էր նաև Սանֆորդը: Դեմիրմենը ափսոսանք է հայտնում, որ միայն չորս թուրք, ներառյալ ինքը, վկայություն է տվել հանձնաժողովում, մինչդեռ 21 հայ է վկայություն տվել: «Հայկական կողմը հինգ անգամ ավելի շատ հնարավորություն ուներ իր տեսակետը ներկայացնելու, քան թուրքական կողմը: Այսպիսով, հայկական կողմը լսումների ժամանակ գերակշռեց ոչ միայն «ներկայության» առումով, այլ նաև տված վկայություններով», խոստովանել է Դեմիրմենը: «Հայկական կողմից վկայություն տվողների թվում էին Տեխասի Հոլոքոստի և ցեղասպանության հանձնաժողովի և Հյուսթոնի Հոլոքոստի թանգարանի ներկայացուցիչները», տեղեկացնում է Դեմիրմենը: Բացի դրանից, «հարյուրավոր նամակներ էին ուղարկվել նահանգի օրենսդիրներին: Ավելի շատ հեռախոսազանգեր էին եղել հայկական համայնքի կողմից»:

Բանաձևի դեմ վկայություն տված թուրքերի առարկություններն էին. 1) «Տեխասի օրենսդիրների անպատշաճ միջամտությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, 2) վնասը, որ բանաձևը կարող է հասցնել Տեխասի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերություններին, 3) բանաձևի պառակտող դերը, և ոչ միայն, 4) փաստը, որ բանաձևը վիրավորական է համարվում Տեխասի թուրք բնակչության կողմից», բողոքել է Դեմիրմենը:

Այս առարկություններից և ոչ մեկը ազդեցություն չի ունեցել TIAC-ի անդամների վրա, որոնք ապրիլի 24-ին բանաձևն ընդունեցին միաձայն: Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձևը ընդունեց մայիսի 19-ին՝ հաստատելով այն կողմ քվեարկած 137 ձայնով (ութ անդամ բացակայել է, հինգը ձեռնպահ է մնացել):

Խիստ հուսահատված, Դեմիրմենը այս արդյունքը ներկայացնում է որպես «Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի կողմից գլխավորած իրագործում, աջակցությամբ Տեխասի նահանգի Ներկայացուցիչների պալատի: Թեև բանաձևը իրավական ուժ չունի, սակայն բոլոր գործնական նպատակների և լայն հասարակության համար այն հռչակագիր էր, որը օսմանյան թուրքերին մեղավոր է ճանաչում սոսկալի ոճրագործության համար»:

Դեմիրմենը խոստովանում է, որ «թուրքական արձագանքը HR-191-ին, առնվազն ստորին մակարդակում, թույլ էր… Թուրքերը չեն կարող մրցել հայերի հետ իրենց ակտիվությամբ «ցեղասպանության» հարցի շուրջ… Թուրքական կողմը միայն իրեն պետք է մեղադրի իր թուլության և անգործության համար»:

Թուրք գործիչն իր հոդվածն ավարտում է մեղադրելով ATA-Հյուսթոնին (Ամերիկայի թուրքական ասոցիացիա), որը ջանքեր չգործադրեց HR-191 բանաձևին դիմակայելու համար: Նա խումբն անվանում է «միասին ուրախ ժամեր անցկացնելու համար 1979 թվականին հիմնադրված ասոցիացիա, որը հետաքրքրված չէ հայկական հարցով…»:

Չնայած Դեմիրմենը մեղադրում է Տեխասի թուրքերին իրենց անգործության համար, սակայն իրականում միայն մեկ պատճառ կա, որ բանաձևը ընդունվեց. որովհետև այն ճշմարտությունն է ասում… Տեխասի նահանգը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
7. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
8. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
9. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
10. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: