ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայի փոխվարչապետը ծաղրի առարկա է դարձել՝ կանանց՝ մի ծիծաղեք ասելու համար

06 օգոստոսի, 2014 | 10:58

Bulent ArincԹուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հերթական պետական պաշտոնյան է, որ հիմարություններ է դուրս տվել:

Այս բարձրաստիճան պաշտոնյան անցյալ շաբաթ մի ելույթում թուրք կանանց քարոզել է բարոյականության իր այլասերված տարբերակը` կոչ անելով նրանց չծիծաղել հանրության առջև… Առընչը զգուշացրել է. «Կինը պետք է իմանա, թե ինչն է հարամ [արգելված] և ինչը ոչ հարամ: Նա բարձր ձայնով չի ծիծաղի հանրության առջև: Կինն իրեն զուսպ կպահի, ուշադրություն չի գրավի և կպահպանի իր կուսությունը»:

«Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիր Առընչը շարունակել է իր մոլեռանդ քարոզները. «Ո՞ւր են մեր աղջիկները, որոնք թեթևակի շիկնում են, կախում իրենց գլուխները և թեքում հայացքները, երբ մենք նայում ենք նրանց դեմքին՝ դառնալով ողջախոհության խորհրդանիշ»: Նա ծաղրել է կանանց` բջջային հեռախոսով կերակուր եփելու և այլ «դատարկ բաների» մասին շաղակրատելու համար: Նմանակելով կանացի ձայնին, նա ծվծվացել է. «Ի՞նչ է պատահել Այշայի դստերը: Ե՞րբ է հարսանիքը»: Առընչը կանանց խորհուրդ է տվել նման անկարևոր հարցերի շուրջ խոսել «դեմառդեմ», այլ ոչ թե հեռախոսով…

Փոխվարչապետի նվաստացուցիչ ելույթը տարածվել է կայծակնային արագությամբ: Ի հեճուկս նրան՝ տասնյակ հազարավոր թուրք կանայք սոցիալական ցանցերում (Թվիթեր, Ֆեյսբուկ և Ինստագրամ) տեղադրել են իրենց քրքջացող դեմքերով «սելֆիները»: Իրենց ծիծաղը դադարեցնելու փոխարեն կանայք ծիծաղել են… փոխվարչապետի վրա:

Առընչի արտառոց արտահայտություններին արձագանքել են բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում` «Հյուրիյեթը», «Գարդիանը», «ԷյԲիՍի նյուզը», «Դեյլի սթարը», «Նեյշընալ փոստը», «Վաշինգտոն փոստը», «Թայմ» ամսագիրը, «Նյուսուիքը», «Ավստրալիանը» և հարյուրավոր թերթեր, ամսագրեր, ռադիո ու հեռուստակայաններ, բլոգներ ու կայքեր: Մի խոսքով, Թուրքիայի փոխվարչապետը ծաղրուծանակի առարկա է դարձել ամբողջ աշխարհում…

Հաջորդ օրը, կանանց վարկաբեկող իր ելույթի համար ներողություն խնդրելու փոխարեն, Առընչը էլ ավելի է վատթարացրել իրավիճակը, պնդելով, որ իր խոսքերի տերն է և հարձակվել է քննադատների վրա: Նա զարմացել է, թե ինչու են բոլորը ուշադրությունը կենտրոնացրել իր մեկուկես ժամանոց ելույթի միայն այդ փոքր հատվածի վրա: Այնուհետև նա սկսել է ծաղրել հայտնի կանանց. «Կան դերասանուհիներ, որոնք կեղծ ծիծաղում են և իրենց լուսանկարները ուղարկում ինձ: Իսկական ծիծաղը թեթևացնում է մարդուն, սակայն նրանց ծիծաղը շինծու է: Դուք բոլորդ էլ ունեցել եք ձեր աստեղային ժամը, սակայն այժմ, երբ այն անցել է, փորձում եք ուշադրություն գրավել ալկոհոլի և նման կեղծ քրքիջների միջոցով: Թեև լինելով ամուսնացած և երեխաների տեր` կանայք արձակուրդն անցկացնում են տղամարդկանց հետ, լքելով ամուսիններին և երբեք առիթը բաց չեն թողնում մերկ պարելու»:

Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք պաշտոնյաներն աչքի են ընկնում նման հիմար հայտարարություններով: Նախկինում Առընչն հայտարարել էր, որ բռնաբարության զոհը երևի թե «ցանկացել է այն»: Նա նաև ասել է, որ ընդունելի է, երբ ծնողները հավանություն են տալիս, որպեսզի իրենց 15-ամյա դուստրն ամուսնանա 45-ամյա տղամարդու հետ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, դատապարտելով արհեստական վիժումները, անամոթաբար հայտարարել է. «Ինչո՞ւ պետք է երեխան մահանա, եթե նրա մորը բռնաբարել են: Նրա փոխարեն պետք է մայրը մեռնի»: Իսկ Անտառային տնտեսության նախարարն ասել է աշխատանք փնտրող կանանց. «Մի՞թե տնային աշխատանքը բավարար չէ ձեզ համար»: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախկին նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Էգեմեն Բաղիշը, որը հաճախ անhեթեթ հայտարարություններ է անում, ասել է. «Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, չի կարող համարվել ցեղասպանություն, որքան ինձ հայտնի է, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»:

Կանանց քրքիջի համար անհանգստանալու փոխարեն, փոխվարչապետ Առընչը և վարչապետ Էրդողանը պետք է ավելի մտահոգվեն իրենց կառավարության գահավիժմամբ դեպի բռնապետական կառավարում՝ լրագրողներին բանտարկելու, քրիստոնյա քահանաներին սպանելու, փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու, ջիհադականներին Սիրիայում և Իրաքում աջակցելու, ինչպես նաև կոռուպցիայով, թալանով ու դրամաշորթությամբ զբաղված լինելու պատճառով: Սա է իսկական անբարոյականությունը, որն Առընչը պետք է դատապարտի:

Պահպանողական թուրք պաշտոնատարը, կանանց համար տոտալիտար բարոյականություն քարոզելով, խրախուսում է իսլամիստ ընտրողներին աջակցել վարչապետ Էրդողանին, որն իր թեկնածությունն է առաջադրել օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Առընչի քարեդարյա ռազմավարությունը հակառակ արդյունքը տվեց, քանզի Թուրքիայի խիստ պառակտված հասարակության գրեթե կեսն իրեն չի համարում իսլամիստ և վիրավորված է նրա արտահայտություններից: Նախագահական ընտրություններում Էրդողանի հակառակորդ Էքմելեդին Իհսանօղլուն խիստ քննադատել է Առընչի հայտարարությունը, ասելով, որ «Ամենից շատ մեր երկրին անհրաժեշտ է, որ կանայք ժպտան և լսվի նրանց ծիծաղի ձայնը …»:

Էրդողանի կառավարությունն արագ թափով իշխանության գալուց հետո դաժան քաղաքականություն է վարել երկրի ներսում և դրսում՝ առաջ բերելով Թուրքիայի միջազգային դատապարտումը: Որպես հաջորդ հավանական նախագահ, Էրդողանը և նրա շրջապատը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն վարկաբեկել Թուրքիայի միջազգային հեղինակությունը՝ այն վերածելով խայտառակված պետության: Նախագահական ընտրություններից հետո, Թուրքիայի իսլամիստ կանայք միայն թաքուն կծիծաղեն, իսկ աշխարհիկ կանայք հանրության առջև ծիծաղելով վտանգի կենթարկեն իրենց` ստանալու մտրակի 100 հարված…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
7. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
8. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: