ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիայի անպարկեշտ սպառնալիքը Սիրիայի դեմ` հնագույն գերեզմանի հարցով

19 մարտի, 2014 | 07:29

Tomb of Sulayman Shah3Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքը, թե հակադարձելու է Սիրիայում, ով կհանդգնի վնասել Օսմանյան կայսրության հիմնադիր, Օսման առաջինի պապ` Սուլեյման շահի դամբարանը, թուրքական կառավարության երկերեսանության վերջին դրսևորումն է:

Ահա մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել իր միլիոնավոր քրիստոնյա հպատակների (հայեր, ասորիներ և հույներ) դեմ, բռնագրավել նրանց ունեցվածքը, զավթել նրանց հողերը, ավերել հազարավոր եկեղեցիներ, գերեզմանատներ ու մշակութային հուշարձաններ, և դեռ հանդգնում է զգուշացնել սիրիացիներին` նախքան հնագույն օսմանյան մի գերեզմանի որևէ վնաս հասցնելը:

Չնայած յուրաքանչյուր մարդու գերեզմանն արժանի է պաշտպանության և հարգալից վերաբերմունքի, սակայն Դավութօղլուի սպառնալիքն անհիմն արդարացում է Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար: Ճակատագրի հեգնանքով, Սուլեյման շահի գերեզմանը գտնվում է մի տարածքում, որը վերահսկվում է ոչ թե սիրիական կառավարության, այլև «Ալ-Քաիդայի» ջիհադիստների և այլ ապստամբ խմբերի կողմից, որոնց օգնում և զինում է Թուրքիան` Բաշար Ալ-Ասադի վարչակարգը տապալելու համար: «Ալ-Քաիդայի» զինյալները, որոնք բախման մեջ են հակակառավարական այլ խմբավորումների հետ օսմանյան դամբարանի տարածքում, նրանք են, որոնք ոչնչացնում են գերեզմանները, քանի որ արմատական իսլամիստները գտնում են, որ շիրիմների պաշտամունքը կռապաշտություն է:

Tomb of Sulayman Shah2Թուրքիան համարում է, որ Սիրիայում գտնվող հողատարածքը, որտեղ Սուլեյման շահի դամբարանն է, ինքնիշխան թուրքական տարածք է, համաձայն 1921 թվականի Անկարայի պայմանագրի` ստորագրված Թուրքիայի և Ֆրանսիայի միջև, որն այդ ժամանակ գրավել էր Սիրիան: Ըստ սույն պայմանագրի` Թուրքիան իրավունք ուներ այդ վայրում պահակախումբ տեղակայել և բարձրացնել իր դրոշը: 1921 թվականից սկսյալ, երկու տասնյակ թուրք զինվորականներ շուրջօրյա հսկում են դամբարանը:

Անկարայի պայմանագրի 9-րդ հոդվածով Թուրքիային է հատկացվել 8000 քառ. մ մակերեսով սիրիական տարածք` թուրք-սիրիական սահմանից 80 կմ դեպի հարավ: Երբ 1974 թվականին գերեզմանի շրջակա տարածքը ողողվեց նորակառույց Ասադ լճի ջրերով, գերեզմանը տեղափոխվեց Թուրքիայի սահմանից 35 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ վայր: Չնայած Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին` Թուրքիան շարունակում էր իր զինվորների զորախումբը պահել գերեզմանի մոտ:

Թուրքիային այս հինավուրց վայրի նկատմամբ տարածքային իրավունքներ տալու փոխարեն Ֆրանսիան ձեռք բերեց մի շարք տնտեսական զիջումներ, այդ թվում` իրավունք, որով ֆրանսիական ընկերությունները կարողանան տնօրինել երկաթուղային երթևեկությունը թուրքական տարածքում և շահագործել երկաթի, քրոմի ու արծաթի հանքավայրերն առաջիկա 99 տարիների ընթացքում: Այս վիճելի փոխզիջումը չի կարող օրինական համարվել միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ գաղութարար պետությունը փոխանակում է մեկ ուրիշի տարածքը:

1921 թվականի պայմանագրով նաև սահմանվել էր «հատուկ վարչական ռեժիմ» Ալեքսանդրետի շրջանում ապրող թուրքերի համար, որը ֆրանսիական մանդատի տակ գտնվող սիրիական տարածք էր: 1939 թվականին, Ալեքսանդրետն ամբողջությամբ անջատվեց Սիրիայից և պաշտոնապես կցվեց Թուրքիային` որպես Հաթայի գավառ: 1946 թվականին Ֆրանսիայից իր անկախությունը ձեռք բերելուց հետո Սիրիայի կառավարությունը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որտեղ գտնվում է Սուլեյման շահի դամբարանը, սակայն երբեք չընդունեց Ալեքսանդրետի հանձնումը Թուրքիային:

Tomb of Sulayman ShahԱրտգործնախարար Դավութօղլուն անցյալ ուրբաթ Վան քաղաքում կայացած մամուլի ասուլիսում զգուշացրեց, որ ցանկացած հարձակում Սիրիայում գտնվող օսմանյան ժամանակաշրջանի գերեզմանի վրա «[սիրիական] վարչակազմի, արմատական խմբերի կամ որևէ այլ մեկի կողմից, կարժանանա Թուրքիայի հակահարձակմանը: Իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար Թուրքիան առանց վարանելու կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները…. Ներկայումս որևէ վտանգ չկա մեր տարածքների [գերեզմանը Սիրիայում] և զինվորների վրա հարձակվելու, սակայն մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ սպառնալիքի առկայության դեպքում: Թուրքական հասարակությունը կասկածի նշույլ անգամ չպետք է ունենա այս առումով»: Մինչդեռ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, գլխավոր շտաբի և ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնյաները մարտի 13-ին հանդիպել են, որպեսզի քննարկեն Շահի գերեզմանի անվտանգության հարցը: Չնայած Դավութօղլուն չի հստակեցրել, թե Թուրքիան ինչ միջոցներ կձեռնարկի, սակայն թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ այն կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել իրենց պաշտամունքի վայրը հսկելու համար:

Իմ կարծիքով, Դավութօղլուի սպառնալիքը պարզապես Սիրիայի դեմ սուր ճոճելու մի փորձ է` շեղելու թուրք հասարակության ուշադրությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային և հավանական հանցավոր վարքագծից, Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա
6. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
7. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
8. Նախագահի հրամանագրով դադարեցվել է Ցյուրիխյան արձանագրությունների ընթացակարգը
9. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
10. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: