ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը

07 սեպտեմբերի, 2018 | 11:52

Սեպտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: 


Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը և ողջունել «Թումո»-ի խորհրդի անդամների` մասնավորապես, ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու ցանկությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաև մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով: «Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, և կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին», – ասել է վարչապետը:


«Թումո»-ի խորհրդի անդամները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծապես ոգևորել է սփյուռքահայությանը, և առկա է մեծ ցանկություն, շահագրգռվածություն և պատրաստակամություն` աջակցել հայրենիքին հաջողելու ժողովրդավարական բարեփոխումները, նոր թափ հաղորդելու տնտեսության զարգացմանը: Նրանք ներկայացրել են խորհրդի մյուս անդամների` Ալեքսիս Օհանյանի, Րաֆֆի Կրիկորյանի հետ համատեղ մշակված առաջարկությունները ՏՏ ոլորտի զարգացման և համագործակցության ուղղությունների վերաբերյալ, այն է` աջակցություն Հայաստանին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ (մասնավորապես, Սիլիկոնային հովտում) գործնական կապերի հաստատման գործում, ռազմավարական և գործառնական հարցերով խորհրդատվություն տրամադրում, ներդրումների ներգրավման ուղղությամբ համատեղ աշխատանքի իրականացում, նորարարական թարմ գաղափարների մշակում, տարեկան աշխատանքային հանդիպման կազմակերպում` ռազմավարության շուրջ մտքերի փոխանակության և առաջընթացի վերլուծության համար:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկայացված գաղափարները և առաջարկել ինստիտուցիոնալացնել դրանք` ձևավորել ՏՏ ոլորտի աջակցության խորհուրդ: «Կառավարության համար առաջնահերթություն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը` հաշվի առնելով առկա մեծ ներուժը: Պատրաստ ենք ակտիվ համագործակցել և կոնկրետ աշխատանք տանել այս բնագավառն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը կնպաստի ընդհանրապես տնտեսական առաջընթացին, պետական կառավարման համակարգում և ընտրական գործընթացներում թվայնացման տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության բարձրացմանը», – նշել է կառավարության ղեկավարը:
Հանդիպմանը քննարկվել են ստեղծվելիք խորհրդի գործունեության ուղղություններին, աշխատանքային ձևաչափին, անդամների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Վարչապետի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել` համատեղ մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ, ինչպես նաև մշտական կապի մեջ լինելու նպատակով ձևավորել առցանց շփման աշխատանքային հարթակ: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը։

 


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
2. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
3. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
4. «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին
5. Ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան. ասել է Փաշինյանը Պուտինին
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք
8. Մերկելի հետ սելֆի են արել ոչ միայն վարչապետն ու նախագահը, այլեւ Հյուսիսային պողոտայի անցորդները
9. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
10. Անգելա Մերկելը ցնցված է Թումոյով. ,,Թումոն միայն Հայաստանի համար չէ,,

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: