ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը

12 նոյեմբերի, 2018 | 10:34

Նոյեմբերի 11-ին չեխական Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը Համաշխարհային մամուլի առաջին էջերում՚ ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն էին Թերեզինի Ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։

Ձեռնարկը նվիրված էր Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին։ Ներկայացված արխիվային լուսանկարները, որոնցում պատկերված էին 20-րդ դասրասկզբի միջազգային մամուլի առաջին էջերում հայերի զանգվածային տեղահանումներն ու կոտորածները, Երեւանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի արխիվից էին։

Բացելով ցուցահանդեսը , կենտրոնի գեղարվեստական տնօրեն Պավել Խալուպան ներկայացրեց օրվա ծրագիրը եւ խոսքը փոխանցեց Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին։ Դեսպանը նշեց, որ այս տարի նշվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը, այլեւ ՄԱԿ-ի “Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման՚ կոնվենցիայի 70 ամյակը։

Նա հիշեցրեց, որ  կոնվենցիան ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951թ. հունվարին: Ցեղասպանության իրավական սահմանումը տվել է հրեական ծագումով լեհ  իրավաբան Ռաֆայել Լեմկինը՝ նկատի ունենալով նաեւ Հայոց ցեղասպանությունը:

Դեսպանը նշեց նաեւ, որ այս ցուցահանդեսը երկրորդ անգամ է ներկայացվում Չեխիայում։ Առաջին անգամ բացվել է 2015 թվականի մարտին՝ Պրահայի Չեխական երաժշտության թանգարանում։ Ժամանակին համաշխարահային մամուլը լայնորեն անդրադարձել է հայերի կոտորածներին, եւ հատկապես ակտիվորեն լուսաբանել են բրիտանական, ռուսական, ֆրանսիական եւ ամերիկյան պարբերականները, անդրադառնալով ոչ միայն 1894-95թթ Համիդյան ջարդերին, 1909 թվականի Ադանայի կոտորածներին, ինչպես նաեւ 1915-1923թթ հայերի ցեղասպանությանը։

Այս հրապարակումների շնորհիվ պատմական ճշմարտությունը ներկայացվում է Հայոց ցեղասպանության մասին ողջ ճշմարտությունը։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց թե ցուցահանդեսի հեղինակ, Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանին, եւ թե ներկա ցուցահանդեսի կազմակերպիչներ Թերեզինի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավարներ Շիմոն Կրբեցին եւ Պավել Խալուպային իրենց կատարած կարեւոր աշխատանքի համար։

Իր հերթին Ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի գործադիր տնօրեն Շիմոն Կրբեցը հավաստեց, որ 2012 թվականից սկսած, երբ իրենք սկսեցին ՙՄուսա լեռներ՚ նախագիծը՝ նվիրված ցեղասպանություններին, Հայաստանի դեսպանությունը եւ դեսպան Սեյրանյանը միշտ եղել են իրենց կողքին եւ կարեւոր աջակցություն են ցույց տվել։ ՙՄենք միշտ զգացել ենք Հայաստանի պետության աջակցությունը, ինչի համար շնորհակալ ենք՚,- ասաց նա։

Միաժամանակ պարոն Կրբեցը նման ձեռնարկը կարեւորեց, քանի որ Թուրքիան, իբրեւ Օսմանյան կայսրության իրավահաջորդ  100 տարի շարաունակ ժխտում է իր կատարած ցեղասպանությունը,իսկ իրենք փորձում են ցույց տալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել 100 տարի առաջ եւ ինչպես պետք է պայքարել ժխտողականության դեմ։

Նրա ասելով, միջազգային մամուլը ժամանակին ոչ միայն ահազանգել է հայերի կոտորածների մասին, այլեւ  նրանց օգնության ահազանգ է հնչեցրել։

Ցուցահանդեսի ընթացքում կենտրոնի տարածքում տեղադրված Լուստիգ գնացքի վագոնի մոտից շեփորահարի ազդանշանից հետո, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց ՙՑեղասպանությունը եւ մեդիան՚ թեմայով  բանավեճ-քննարկումը, որը վարեց  Պավել Խալուպան։ Քննարկմանը մասնակցեցին նաեւ կենտրոնի գործադիր տնօրեն Շիմոն Կրբեցը,  երիտասարդ հետազոտող եւ ՙՀայոց ցեղասպանություն. Պատճառները, ընթացքը եւ անձնական վկայությունները՚ գրքի հեղինակ Մարեկ Յանդակը, հրապարակախոս եւ կինովավերագրող Ստանսիլավ Մոտլը, քաղաքագետ եւ պատմաբան Զդենեկ Զբորիլը։ Նրանք խոսեցին Առաջին Համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ինչպես նաեւ չեխ ճանապարհորդ եւ գրող Կարել Հանսայի ՙԱրեւելքի սարսափները՚ գրքի մասին, որից մի հատված ընթերցեց Պավել Խալուպան։

Հիշեցնենք, որ ՙԱրեւելքի սարսափներ՚ գիրքը հրատարակվել է 2013 թվականին,եւ Հայոց ցեղասպանության մասին առաջին օտար վկայագրերից մեկն է։ Գիրքը ՕՐԵՐ եվրոպական ամսագրի կողմից  վերահրատարակվել է 2006 թվականին եւ տարածվել Չեխիայի քաղաքական ու հասարակական շրջանակներում։

Հ. Ասատրյան


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան
2. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
3. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
4. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
5. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
6. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
7. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
8. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
9. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: