ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թատերական Լոռու հմայքը

12 հոկտեմբերի, 2016 | 14:21

 

taterakan-lori-5Այսօր Ալավերդի քաղաքում արդյունքները կամփոփի «Թատերական Լոռի» փառատոնը։ Իհարկե, մրցանակներ կտրվեն տարբեր երկրներից եկած թատերախմբերին, կխրախուսվեն լավագույն ռեժիսորները, դերասանները։

Նախօրյակին Ալավերդում եղավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով հանդիպեց «Թատերական Լոռի» փառատոնի կազմակերպիչների և աջակիցների հետ։

«Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը ներկայացրեց փառատոնը, որն ավելի քան 4 տասնամյակի պատմություն ունի և դրսևորումն է այն սիրո և նվիրվածության, որ եղել է և կա Ալավերդում թատերական արվեստի նկատմամբ։

«Երկու տարին մեկ անգամ բազում դժվարություններ ենք հաղթահարում, որպեսզի հերթական անգամ կայանա փառատոնը,- ասաց Հրաչյա Պապինյանը,- բայց այնքան մեծ է ալավերդցիների սպասումը, որ մենք պարտավոր ենք լինում կազմակերպել «Թատերական Լոռին»»։

Թատերագետ, փառատոնի ծրագրերի ղեկավար Նվարդ Ասատրյանն ավելացրեց, որ «Թատերական Լոռի» փառատոնն ընդլայնել է իր սահմանները՝ դուրս գալով Ալավերդուց, տարածվելով մարզի բոլոր քաղաքներով՝ Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան։ Այն նույնքան սպասված է դարձել նաև նրանց համար։

– Փաստորեն, ամեն մի փառատոնի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն ունի հաղորդակից լինելու ավելի քան տասնյակ երկրների թատերախմբերի խաղին,- ասաց Նվարդ Ասատրյանը,- թատերաշխարհի ներկապնակն ավելի բազմազան կլինի, եթե փառատոնը հաստատուն տեղ գտնի ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի, մարզի քաղաքների միջոցառումների ծրագրում։

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը շարունակելով բանախոսի խոսքը, ընդգծեց, որ նման կայացած փառատոները պետք է ունենան ֆինանսավորման նվազագույն, բայց հաստատուն աղբյուրներ։

– Դա թույլ կտա ունենալ փառատոնին մասնակից թատերախմբերի հաստատուն կազմ՝ դրանց հետ մեկտեղ ներգրավելով նոր թատերախմբեր,- շարունակում է Սերգո Երիցյանը,- գիտեմ, որ այս տարի կազմակերպիչները քաղաքավարի «մերժելե են շատ թատերախմբերի ցանկությունը գալ Հայաստան և ներկայացնել իրենց երկրների արվեստը։ Օրինակ, հուսով եմ, որ հաջորդ տարի կկատարվի չինացի դերասանների ցանկությունը և նրանք կմասնակցեն «Թատերական Լոռի» փառատոնին։

taterakan-lori-34Որպեսզի նման փառատոների հետ կապված հիմնախնդիրները լուծվեն, անհրաժեշտ է փառատոն կազմակերպելու ոգևորության հետ մեկտեղ ավելի ու ավելի լայն ներկայացնել այն ինչ կա երկրում, մարզում, տարածաշրջանում, նրա սահմաններից դուրս։

Հետաքրքիր ու ուշադրության արժանի գնահատականներ, կարծիքներ, տեսակետներ, դիրքորոշումներ ներկայացվեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի, Էյ-Սի-Փի ընկերության ներկայացուցիչներ Լուսինե Մեջլումյանի, Թագուհի Կարապետյանի կողմից։

Հանդիպումն ամփոփեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով նախևառաջ ողջունեց նման մշակութային ձեռնարկումների կազմակերպումը մարզերում, ընդգծելով, որ դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է նմանօրինակ մշակութային կարևոր միջոցառումների տեղեկատվական անհրաժեշտ մակարդակի ապահովումը, ընդհուպ՝ ժամանակակից հաղորդակցության միջոցներով, ուղիղ ռեպորտաժները, նրանց թատերախաղերի հեռարձակումը համացանցով։

– Այնպես պետք է անել, որ նման փառատոները լսարանի սահմանափակ ընդգրկում չունենան, այլ ժամանակակից միջոցներով դրան հաղորդակցվեն շատ-շատերը,- իր խոսքում ասաց Արմեն Ամիրյանը,- նման կարևոր փառատոներին պետք է նախորդի բարձր մակարդակի գովազդային և փիար շրջան, որը թույլ կտա ապահովել հանրաճանաչման բարձր մակարդակ և գուցե այս օրերին թատերասերները Հայաստանի այլ մարզերից գան Լոռի դիտելու իրենց նախընտրած թատերական ներկայացումները կամ գուցե պետք է մտածել թատերական զբոսաշրջության մասին։

Այս նույն զբոսաշրջիկները կարող են ցերեկը ծանոթանալ Լոռվա աշխարհի ավելի քան 1500 պատմաճարտարապետական հուշարձաններին, իսկ երեկոյան նրանց համար կարող է գրավիչ լինել թատերական ներկայացման դիտումը։ Ես հասկանում եմ, որ այս նպատակին հասնելու համար պետք է տեխնիկապես զինել մարզի թատրոնները, վերանորոգել շինությունները։ Բայց գուցե հենց այստեղ պետք է այս գործին ներգրավել մասնավորին, հովանավորներին, ովքեր շահագրգռված կլինեն Հայաստանի մարզերի մշակույթի զարգացմամբ։

ՀՀ մշակույթի նախարարը շարունակեց, որ եթե պատմաճարտարապետական հուշարձանները և մշակութային օջախները գրավիչ չեղան զբոսաշրջիկների և այցելուների համար, ապա դրանք անընդհատ կմարեն իրենց գրավչությամբ։

– Հեռու չգնամ, այստեղ ենք գալիս Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից,- իր խոսքը շարունակեց Արմեն Ամիրյանը,- ուր նշվեց «Թումանյանական օրը»։ Անկասկած, թանգարանը եզակի է, գրավիչ, բայց, ցավոք, այցելուն և զբոսաշրջիկը չեն կարող այստեղ, թանգարանի բակում անգամ մի փոքր հանգիստ առնել, որովհետև այդ ենթակառուցվածքները չկան, չեն ստեղծվել։ Եթե մարդիկ մի բաժակ ջուր, թեյ կամ սուրճ ուզենան խմել, այդ հնարավորությունը չեն ունենա։ Ուստի նման օջախներին կից կամ հարևանությամ պետք է հանգստի գոտիներ ստեղծել։ Չէ՞ որ դրա համար շատ միջոցներ ու հնարավորություններ պետք չեն։ Նույնը վերաբերում է առանձին հանրահայտ պատմաճարտարապետական հուշարձաններին, երբ մարդիկ անգամ չեն կարող հուշանվերներ գնել։ Եթե դրանք անգամ կան, ապա տեսականու կամ թեմատիկ առումով բավականին համեստ և աղքատիկ բնույթ են կրում։ Իսկ շուրջբոլորը առևտուրը կատարվում է տարերային կերպով։

taterakan-lori-amiryan-2

Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ «Թատերական Լոռի» փառատոնի փորձը համակողմանի վերլուծության և քննարկման կարիք ունի, որպեսզի նման մշակութային ձեռնարկումները հաստատուն տեղ ունենան մեր կյանքում և դրա անցկացումը կապ չունենա տնտեսական տեղատվություններից ու մակընթացություններից։ Անկասկած, պետությունը՝ ի դեմս մշակույթի նախարարության, պետք է կանգնի նման փառատոների մեջքին, իհարկե, և ոչ մի դեպքում չմոռանալով սեփական քայլերի և ծրագրերի մասին։

Հանդիպման վերջում ՀՀ մշակույթի նախարարը հանդիպեց դերասանների հետ, որին հետևեց հրաժեշտի լուսանկարը։

 

Կարինե Տիտանյան

Ալավերդի-Երևան

Լուսանկարները՝ հեղինակի

taterakan-lori

 


Առնչվող նյութեր
1. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
2. Թումանյան` մեծ նվիրյալը
3. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
4. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
5. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
6. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
7. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
8. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
9. Բրյուսելում ստորագրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի միանալու հուշագիրը
10. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: