ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Սերժ Թանգյանը՝ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը`Թանգյանին

26 փետրվարի, 2013 | 14:52

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- ԵՐԵՎԱՆ- Աշխարհահռչակ ռոք երգիչ և ակտիվիստ  Թանգյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ տարակուսանք հայտնելով փետրվարի 18-ի ընտրություններում նրա տարած հաղթանակի վերաբերյալ: Նամակը ներկայացված է Լրագրող բլոգում։

«Հարգելի պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ՝ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:

Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի գեներալ-նահանգապետ կամ բռնապետ դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել, և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչևէ, ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք:

Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման գոնե հույս է խոստանում, չնայած հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ ես արշավանք սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետամուտ լինել իր խոստմանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդվել եք պահպանել Հայաստանի սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց:

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը և լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ՝ համոզվելու, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն:

Սե՛րժ, նրանք, ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է Ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:

Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի: Ոչ ոք չի կարող լինել oրենքից բարձր:

Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացե՛ք մեզ, Սերժ: Ոգևորե՛ք մեզ:

Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար,

Խաղաղություն:

Սերժ Թանգյան:

 

Այսօր՝ փետրվարի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ-պատասխան է հրապարակել՝ ուղղված Սերժ Թանգյանին։ Այն հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

Սիրելի՛ Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի.

«Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»:

Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.

Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի.

«Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:

Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ …»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչև Ստեփանակերտ, Մելբուռնից մինչև Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երևանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած և տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր:

Այսքանը:

Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղություն:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սաշիկ Սարգսյանի փախուստի մեջ գտնվող որդին հայտնաբերվել է Պրահայում
2. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
3. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
4. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
5. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
6. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
7. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
8. Մյունխենում Սերժ Սարգսյանը ասել է. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
9. Ապագա նախագահը պետք է անկողմնակալ լինի. Սերժ Սարգսյան
10. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ժնեւում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: