ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի շնորհանդես Երևանում

16 հունիսի, 2017 | 17:11

Այսօր՝ հունիսի 16-ին Երևանում Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսեցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը։

Գրքի ներկայացման ժամանակ նշվեց, որ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբին թիֆլիսյան վաճառականների և գործարարների, նաև մեկենասների՝ Թամամշյանցների գերդաստանի անդամներն ակտիվ գործունեություն էին ծավալել ոչ միայն Թիֆլիսում, այլև Ստավրոպոլ, Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար), Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում։ Նրանց ուսյալ ներկյացուցիչները դասախոսություններ էին կարդում Բեռլինում, Փարիզում՝ հավասարը հավասարի իրենց եվրոպական գործընկերների հետ։

Թամամշյանցների ազնվական գերդաստանը միաժամանակ դրսևորում է բարերարության և բարեգործության լավագույն օրինակներ՝ կանգնելով ոչ միայն իրենց հայրենակիցների, այլև այլազգիների կողքին։ Նրանք ոչ միայն հայկական, այլև կաթոլիկ եկեղեցի էին կառուցում, ոչ միայն Հայ առաքելական եկեղեցուն էին օգնում, այլև՝ Ռուս ուղղափառ, ոչ միայն հայ երեխաների և երիտասարդների կրթությանն էին աջակցում, այլ նպաստում էին անգրագիտության վերացմանը վրաց երիտասարդների շրջանում։ Նրանք լինելով Թիֆլիսի պատվավոր քաղաքացիներ, հիմնարար քայլեր արեցին իրենց շատ սիրելի ծննդավայրի նկատմամբ՝ կառուցելով Անդրկովկասի առաջին օպերային թատրոնը, մեծ ու ընդարձակ իջևանատուն, ժամանակակից ալրաղաց, տարբեր հասարակական շինություններ։ Եթե հարկ էր լինում իրենց բնակարաններն էին զիջում կրթական ու մարդասիրական նպատակներին։ Նրանք այլ քաղաքների էլ օգտակար եղեն, օրինակ՝ խմելու ջրատար կառուցեցին Ստավրոպոլ քաղաքի համար։

Այս մարդիկ որտեղ էլ որ հայտնվեին՝ բարու սերմնացաններ էին՝ իրենց կարողություններով ու գիտելիքներով։

Ալեքսանդր Թամամշևը ճանաչված բանաստեղծ էր, Միխայիլը՝ գիտնական-կովկասագետ, Ալեքսանդր կրտսերը՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անասնաբուծության հիմնադիրը Անդրկովկասում ու Հայաստանում։

Միջոցառումը մեկնարկեց Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և խոսքով։ Օրվա բանախոսներն էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, երաշժտագետ Արթուր Շահնազարյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովիկ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը և ուրիշներ։

Գրքի շնորհանդեսը համընկել էր Սերգո Երիցյանի ծննդյան 60-ամյակին և, բնականաբար, շնորհավորանքներ էին հնչում այդ առթիվ։

Ավարտին հեղինակին՝ Սերգո Երիցյանին, խնդրեցինք ներկայացնել իր հերթական գիրքը։

Արդեն ավանդույթի է վերածվել, որ «Կարծիք» ստեղծագործական խումբը տարեկան մեկ կամ երկու անգամ այցելում է Թիֆլիս, վրացահայությանը, մեր հայրենակիցներին ներկայացնում իր որոնումները՝ տեսաֆիլմի կամ գրքի տեսքով: 2016 թվականի գարունն էր, ապրիլը: Կրկին Թիֆլիսում էինք. և այս անգամ «Հայարտանը» ներկայացրինք «Էրգրի կարոտով» գիրքը, որի մի հատվածը նվիրված էր մեր ժողովրդի արժանավոր զավակ, ծագումով լոռեցի, զորահրամանատար և հայ ժողովրդի արժանավոր զավակ, թիֆլիսահայության խորհրդանիշներից մեկին՝ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Տարիելի Լորիս-Մելիքովին: Ցուցադրվեց նաև նրան նվիրված՝ «Միխայիլ Լորիս Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմը:

Նախքան գրքի և տեսաֆիլմի ներկայացումը սկսելը, միջոցառման մասնակիցները եղան նորոգված, նոր շունչ ու ոգի ստացած Սուրբ Գևորգ եկեղեցում, ծաղիկներ դրեցին Միխայիլ Լորիս-Մելիքովի և նրա զինակիցների գերեզմաններին: Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հոգևորականները կատարեցին հոգեհանգստի կարգ: Ներկաները գերեզմաններին ծաղիկներ դրեցին և շտապեցին «Հայարտան» դահլիճ՝ գրքի շնորհանդեսին և տեսաֆիլմի առաջնադիտումին ներկա լինելու համար:

Ելույթներ եղան, գնահատականներ և արժևորման խոսքեր հնչեցին: Իսկ երբ ավարտվեց շնորհանդեսը, ներկաները ակամայից հարց հնչեցրին. «Ո՞վ կլինի Ձեր նմանօրինակ գրքի և տեսաֆիլմի հաջորդ հերոսը»:

Ես ժպտացի ու ասացի. «Հաստատ կարող եմ ասել, թե ովքեր կարող են լինել, քանի որ մի քանի ժամ առաջ սկսեցինք նկարահանումները: Հաջորդ տեսաֆիլմը և գիրքը նվիրված կլինեն Թամամշյանցների կամ Թամամշևների գերդաստանին, ովքեր ինքնատիպ դերակատարություն են ունեցել թիֆլիսյան հայկական կյանքում՝ ստեղծել են, կառուցել, արարել, իրենց հայրենակիցներին աջակցել կրթամշակութային խնդիրների լուծման հարցերում, օպերային թատրոն, դպրոցներ կառուցել, միշտ մոտ եղել Հայ առաքելական եկեղեցուն՝ տաճար կառուցել, եկեղեցի վերանորոգել, այլ ծախսեր հոգացել:

Ես ասացի, որ ստեղծված ավանդույթը չի խախտվի, ու կրկին նոր գիրք ու տեսաֆիլմ կունենանք:

Այս անգամ էլ ձգտել ենք գնալ մեր հերոսների, տվյալ դեպքում՝ թիֆլիսյան հրաշալի գերդաստանի ճանաչված, քիչ թե շատ հայտնի ներկայացուցիչների հետքերով, ձգտել հասկանալ նրանց թողածի արժեքը: Դրա համար հազարավոր կիլոմետրեր ենք կտրել՝ Երևանից Թբիլիսի ճանապարհն ենք անցել, Թբիլիսիից գնացել, հասել Ստավրոպոլ, այնտեղից էլ Կրասնոդար՝ նախկին Եկատերինոդար: Ավելի հեռուներին ենք հառել մեր հայացքը՝ մինչև Սանկտ Պետերբուրգ, ուր իրենց ուսումն ու կրթությունն են ստացել Թամամշևների արժանավոր զավակները:

Այս ընթացքում միայն լսել ենք նրանց թողած բարի հետքերի մասին: Հետքեր, որոնք պահպանվում են մինչև հիմա, կրկին ու կրկին հնարավորություն տալիս խոսել արժանավոր հայորդիների և դուստրերի կատարած աստվածահաճո գործերի մասին: Նրանք միշտ բարձր են պահել հայության պատիվը, որովհետև անընդհատ կառուցել են, ստեղծել, իրենց ունեցածից բաժին հանել կարիքավորին ու դժվարության մեջ գտնվողին:

Գրքի տպագրությունը պատրաստելիս և տեսաֆիլմը նկարահանելիս մեզ օգնության ձեռք մեկնեցին թիֆլիսահայության ներկայացուցիչները՝ սրբազան հորից՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից սկսած, վերջացրած համայնքի անդամներով, ովքեր անընդհատ պրպտում և Թամամշևների մասին տեղեկատվություն էին ավելացնում և նկարահանման նոր հասցեներ հուշում:

Այս առումով կուզենայի ընդգծել Յուրի Մկրտումյանցի դերակատարությունը, ով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է Թամամշյանց կամ Թամամշև գերդաստանի թիֆլիսյան կյանքն ու գործունեությունը, առանձին դրվագները, վեր հանել այն, ինչ մոռացության է մատնվել կամ բռնել է այդ ուղին: Չէ՞ որ նրանք բնիկ տոհմիկ թիֆլիսցիներ էին, շատերը նաև Թիֆլիսի պատվավոր քաղաքացիներ:

Ինչ խոսք, որ մենք գնացել ենք ոչ միայն պատմության ճանապարհներով, այլև ձգտել գտնել ու հասկանալ մեր կողքին ապրող Թամամշյանց-Թամամշևներին: Հետաքրքիր են նաև նրանց խոհերն ու մտորումները: Բայց ամենակարևորը նման գերդաստանի կյանքից ու գործունեությունից դասեր քաղելն ու դրանք ճիշտ և նպատակային օգտագործելն է:

Նրանք Թիֆլիսում թաղամասեր կառուցեցին, բայց, բնականաբար, այդ անշարժ գույքը ոչ մի տեղ էլ չկարողացան տանել՝ դեռ ավելին, անգամ այդ ամենից զրկվեցին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Ինչպես Թամամշևների ժառանգներից Ալեքսանդրն էր նշում՝ ողջ շենքից խորհրդային տարիներին իրենց բաժին հասավ 20 քառակուսի մետրանոց մի սենյակ, ուր էլ ապրեցին տարբեր սերունդների ներկայացուցիչներ: Թե ինչու այդպես ստացվեց՝ իրենց համար մինչև հիմա էլ ու մինչև վերջ հասկանալի ու պարզ չէ:

Իմ մեջ անընդհատ արձագանքում են այն դատողությունները, որ մեզ ուղեկցելիս ժամանակ առ ժամանակ արտահայտում էր Յուրի Մկրտումյանը.

«Թամամշևներն այնքան նվիրական գործեր են արել, որ Աստված նրանց փրկել է ոչ միայն Աղա Մահմեդ Խանից, այլ նաև կոմունիստներից: Ես գիտեմ շատ հիանալի գերդաստաններ ու մարդկանց, ովքեր պարզապես ֆիզիկապես չկան: Ի ուրախություն՝ Թամամշևները կան, բայց նաև այդ մարդկանց պետք է հիշեցնել, թե ովքեր են իրենք, որպեսզի նրանք չհապաղեն բազմանալու գործում, քանի որ նրանք շատ տաղանդավոր մարդիկ են, և ունեն պարկեշտության շատ բարձր մակարդակ:

Ես ընդունեցի ձեր առաջարկը ոչ միայն այն պատճառով, որ գրավեմ մարդկանց ուշադրությունը Թամամշևների կյանքի և փորձառության վրա, այլ նաև՝ որպեսզի հենց իրենց՝ Թամամշևներին, հիշեցնեմ, թե ովքեր են իրենք: Հիշեցնեմ, որ իրենք միայն գործարարմեծահարուստներ չեն, այլ մարդիկ, ովքեր զբաղվել են քաղաքականությամբ, ֆինանսներով, կրթական, սոցիալական հարցերով՝ կյանքի տարբեր ոլորտներով: Տա՛ Աստված, որ այսօրվա Թբիլիսիի հայկական ազգաբնակչությունը և նրանց սերուցքը նորից բարձրանան այդ մակարդակին»:

Իսկապես որ, բազմազան ունակություններ, խոր գիտելիքներ ու հայկականություն ունեցող գերդաստան է եղել. նրանք ոչ միայն գործարարությամբ ու վաճառականությամբ են զբաղվել, այլև ակտիվ բարեգործական և քաղաքացիական գործունեություն են ծավալել, ընդ որում ուշադիր եղել ոչ միայն հայ հասարակության, այլև բարեկամ վրացիների և այլ ազգերի խնդիրների նկատմամբ՝ աջակցել նրանց կրթության զարգացմանը, օգնել սոցիալապես անապահով մարդկանց: Դեռ ավելին, կանգնել են օտար մտավորականության կողքին, որովհետև նրանք որտեղ էլ որ ապրում էին, այն համարում էին իրենց տունը և նախանձախնդիր էին այդ տան դժվարությունների հանդեպ: Նրանք միայն իրենց համար չէին ապրում, այլ նաև՝ իրենց կողքին գործող հանրության կյանքով ու դժվարություններով: Իրողություն, որ գալիս էր նրանց քրիստոնեական և մարդասիրական խոր դաստիարակությունից:

Նման բազմաթիվ դատողությունների տեղիք է տալիս Թամամշևների գերդաստանի յուրաքանչյուր անդամի կյանքի և գործի ուսումնասիրությունը:

Ամեն մեկը մի հետաքրքիր ու ինքնատիպ կերպար է՝ իր դաստիարակությամբ, կրթությամբ, գիտելիքներով, մարդկային կերտվածքի նկարագրով: Եվ, որ ոչ պակաս կարևոր է. նրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել՝ իր կոնկրետ գործերով, բարի ու մարդասիրական նպատակներով: Հանրայինի ու դրան ծառայելու գիտակցումը շատ բարձր է եղել: Եվ, եթե ընկալել են գոյություն ունեցող խնդրի այդ որակը, երբեք չեն հապաղել՝ բարձրացված խնդրին հետևել է լուծումը: Հենց նրանց այս և նման հատկանիշներն էլ ոչ միայն նկատվել են իրենց ժամանակակիցների կողմից, այլև՝ գնահատվել:

Ավարտելով գիրքը՝ հասկացա, որ այնքան էլ հեռու չէ իմ ծննդյան օրը՝ հունիսի 11-ը, որն այս անգամ հոբելյանական է։ Այլ խոսքով, իմ ուսերին կունենամ ապրած 60 տարի։ Գուցե ներկայացվող գիրքն այդ առթիվ մի յուրահատուկ նվե՞ր համարեմ ինձ և իմ մերձավորներին, բարեկամներին, հարազատներին, գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են մեր ժողովրդի արժեքներով ու անցյալից քաղած դասերով։

 

Կարինե Տիտանյան


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: