ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը

20 նոյեմբերի, 2017 | 17:41

 

Թբիլիսիում՝ «Հայարտանը», վիրահայությանը ներկայացվեցին  թիֆլիսահայության ճանաչված  գերդաստաններից մեկին` Թամամշյանցներին նվիրված՝  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքով և  համանուն տեսաֆիլմով:

«Հայարտան» տնօրեն  Լևոն Չեդիլյանը բացելով  շնորհանդեսն ասաց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել պարբերաբար այստեղ ներկայացնել Թիֆլիսի  պատմության էջերը` այն կրողների կյանքի և գործունեության մասին՝ գրքերի, տեսաֆիլմերի, ցուցադրությունների միջոցով:

Սերգո Երիցյանի ուսումնասիրության արդյունքը և՛ գրքի տեսքով է, և՛ տեսաֆիլմերի: Այստեղ պատմություն է ոչ  թե մեկ-երկու անհատականության, այլև ողջ գերդաստանի մասին, ովքեր ցույց տվեցին իրենց հարազատ քաղաքին նվիրվածության բարձրակարգ օրինակներ:

Ողջունելով գրքի և տեսաֆիլմերի ծնունդը Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծեց, որ ներկայացվածը լուրջ  ուսումնասիրության և նրանց ոտնահետքերով հեղինակի ճամփորդության արդյունք է` Թբիլիսիից Ստավրոպոլ, այնտեղից Կրասնոդար, այնուհետև Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ: Ամենուր նրանք հետք են թողել, բարեգործություն արել ոչ միայն իրենց հայրենակիցների, այլև օտարի համար` օպերա կառուցել Թիֆլիսում, խմելու ջրատար անցկացրել Ստավրոպոլում, ալրաղաց հիմնել Կրասնոդարում: Նրանք նույն գործելակերպն  ունեցել են ամենուր, որտեղ ապրել ու գործել են:

«Ամենուր Թամամշյանցները եղել են Հայ առաքելական եկեղեցու կողքին,- շարունակեց սրբազան  հայրը, -Թիֆլիսում եկեղեցի են կառուցել և եկեղեցի նորոգել: Նույնն արել են այնտեղ, որտեղ գործունեություն են ծավալել: Դեռ ավելին նրանք  Աստծո տուն են կառուցել օտարի համար. ուղղափառ մատուռ` Ստավրոպոլի հոսպիտալին կից, կաթոլիկ  եկեղեցի լեհական համայնքի համար: Եղել են ռուսական Մարինյան մենաստանի հիմնական հովանավորներից մեկը»:

Հասարակագետ Յուրի Մկրտումյանցը շարունակելով  ասաց, որ Սերգո Երիցյանի ուսումնասիրությունը շատ կոնկրետ, հասցեական ու փաստական է: Այն սկսվում է 19-րդ դարի սկզբից և ավարտվում մեր օրերով: Նա շատ հետաքրքիր իրողություններ է ներկայացնում կապված գերդաստանի տարբեր անդամների ճակատագրերի հետ. օրինակ` գեներալ Վասիլի Թամամշյանցի մասին, ով անգամ ղեկավարել է Թիֆլիսի օպերային թատրոնը:

«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդը իր խոսքն սկսելով ասաց, որ ներկայացվող ֆիլմը պետք է ցուցադրվի նաև Վրաստանի  հեռուստատեսությամբ, քանի որ շատ հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում վրացիների մասին:

«Մենք պետք է կարողանանք մեր պատմության էջերը ներկայացնել մեր բարեկամներին ,-ասաց նա»:

Վերջում ելույթ ունեցավ գրքի և ֆիլմերի հեղինակը` Սերգո Երիցյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերով ստեղծվել են գիրքը և տեսաֆիլմերը:

«Ինձ համար շատ գրավիչ էր ուսումնասիրել գերդաստանի պատմությունը, որովհետև դա շատ հետաքրքիր պատմություններ է ներառում, թեկուզև այն իրողությամբ, որ նրանք շատ կարևոր դերակատարություն են ունեցել հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում, օրինակ, հրատարակելով Նիկոլոզ Բարաթաշվիլու բանաստեղծությունները: Փորձել եմ գրքում  և տեսաֆիլմերում տեղ տալ նման տարբեր  փաստերի և իրողությունների»:

Շնորհանդեսը շարունակվեց  նաև, երբ ընթերցողները հեղինակի  ինքնագրով գրքեր ստանալով` արտահայտում էին նաև իրենց կարծիքները: Մասնավորապես`  բանաստեղծ, թարգմանիչ  Գիվի Շահնազարն ասաց, որ նման իրադարձությունները կարևոր երևույթ են հայ-վրացական փոխհարաբերություններում, որոնց  զարգացումն ամեն մեկիս պատվի և արժանապատվության  գործն է:

Թբիլիսիում գտնվելով Սերգո Երիցյանն այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» նորաբաց գիտամշակութային կենտրոն և թեմի առաջնորդի ներկայությամբ կենտրոնին հանձնեց Հովհաննես Թումանյանին առնչվող և վերջին տարիներին հրատարակված գրականություն, գեղանկարիչ Արմեն Վահրամյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթի նկարազարդումներից, ինչպես նաև այլ գրականություն։ Այցելության ժամանակ խոսք բացվեց կենտրոնի գործունեության և ծրագրերի մասին, մասնավորապես, որ դրանք նպատակաուղղված պետք է լինեն ինչպես Թումանյանի, այնպես էլ Թիֆլիսում ապրած և ստեղծագործած շատ գրողների գրական ժառանգության ներկայացմանը ինչպես հայերին, այնպես էլ այլազգիներին։ Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց լուրջ ուշադրություն դարձնել Թբիլիսիի տարբեր արխիվային նյութերին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հայ գրականության նկատմամբ։

 

Կ.Տիտանյան

Թբիլիսի-Երեւան


Առնչվող նյութեր
1. Վրաստանի նորընտիր նախագահին շնորհավորել են Հայաստանի նախագահն ու վարչապետի պաշտոնակատարը, Վեհափառը
2. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
3. Թումանյան` մեծ նվիրյալը
4. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
5. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
6. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
7. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
8. Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան
9. Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
10. Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: