ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը

31 օգոստոսի, 2018 | 19:46

Այսօր առավոտյան ժամը 6-ին Պրահայի իր բնակարանում 83  տարեկան հասակում մահկանացուն կնքեց հայ մշակույթի նվիրյալներից մեկը՝ չեխ անվանի պրոֆեսոր, երաժիշտ, մաթեմատիկոս, հայագետ, դիրիժոր Էվժեն Կինդլերը։ Երկարատեւ հիվանդությունը արդեն ամիսներ շարունակ նրան գամած էր պահում անկողնում, իսկ մի քանի օր առաջ  կատարված վիրահատությունը լիովին նրան ուժասպառ արեց։

Նա երկար տարիներ  չեխական ,,Մուզիկա Պոետիկա,, երգչախմբի գեղարվեստական ղեկավարն էր  եւ դիրիժորը, կիրառական մաթեմատիկայի պրոֆեսորն ու Կարլի համալսարանի բժշկական ֆակուլտետի երբեմնի շրջանավարտը, ով դեռ մանկուց ուներ երաժշտական բացառիկ ունակություններ, անկախ այն հանգամանքից, որ դարձավ Չեխիայում համակարգչային մոդելավորման փնտրված մասնագետներից մեկը, բայց երբեք չհրաժարվեց երաժշտությունից։

Նրա հիմնած ,,Մուզիկա Պոետիկա,, երգչախումբը տասնամյակներ շարունակ կատարեց հոգեւոր երգեր, այդ թվում՝ հայկական։

Վերջին 12 տարիների ընթացքում երգչախումբը ոչ միայն մասնակցում էր Պրահայի հայկական համայնքի կազմակերպած բազմազան ձեռնարկներին, այլեւ  նախ Սուրբ Յիլիի, ապա Սուրբ Հոգու եկեղեցիներում մատուցվող հայկական պատարագների մշտական երգեցիկ կազմն էր ապահովում։ Անցնող տարիներին եղել են դեպքեր, երբ հայկական պատարագի ընթացքում բացի իր երգչախմբից, որեւէ հայ ներկա չի եղել։ Նա շատ հայերից ավելի հայ էր, եւ շատ հայերից ավելի լավ գիտեր հայ մշակույթն ու գրականությունը։

Էվժեն Կինդլերը նաեւ հայտնի աստվածաբան է, հայ գրականության եւ հատկապես Գրիգոր Նարեկացու գրական ժառանգության գիտակ։ Նա դիրիժոր եւ հայագետ  դոկտոր  Հայկ Ութիջյանի հետ միասին  արդեն շուրջ 10 տարի չեխերենի են թարգմանում  ,,Մատյան ողբերգության,, ծավալուն պոեմը։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց դոկտոր Ութիջյանը, նույնիսկ մահվանից մի քանի օր առաջ, անկողնում պառկած շարունակել է թարգմանել Սուրբ Ներսես Շնորհալու շստ սիրված «Հաւատով խոստովանիմ» աղոթքը։

Նա իրոք հայ ժողովրդին եւ նրա մշակույթին նվիրված բացառիկ անհատ էր, ով անշահախնդիր ծառայում էր հայ  հոգեւոր կյանքին, շարունակաբար թղթակցում էր նաեւ մեր՝ ,,Օրեր,, եվրոպական ամսագրին, հանդես գալով երաժշտագիտական լուրջ հոդվածներով։ Որքան մեծ էր նրա ուրախությունը, երբ  մեկ ամիս առաջ նրան անկողնում տվեցինք ՕՐԵՐ-ի վերջին համարը, ուր լույս էր տեսել նրա չեխերեն երաժշագիտական հոդվածը։

Ուրախալի է , որ դեռ իր կենդանության օրոք, 2017 թվականի հուլիսի 2-ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում դեսպան Տիգրան Սեյրանյանը նրան հանձնեց Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալը, իսկ Չեխահայոց հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը՝ փայտե խաչքար։ Նա իրոք շատ էր գնահատում Հայաստանի պետական պարգեւը եւ հպարտանում էր դրանով։ Այդ մասին է վկայում  նաեւ նրա սիրելի կինը՝ Լուդմիլան, ով ոչ միայն մշտապես եղավ նրա կողքին, երգեց ,,Մուզիկա պոետիկա,, երգչախմբում, այլեւ մինչեւ վերջին վայրկյանը չհեռացավ նրա մոտից։ 

Չեխահայերիս համար մեծ հպարտություն է, որ ճանաչել ենք նման անհատականության, ով որքան համեստ էր, նույնքան բազմակողմանի զարգացած եւ հանրագիտարանային գիտելիքների տեր անձնավորություն էր, որ երբեք չէր թմբկահարում իր կատարած աշխատանքը։

Անվանի մտավորականի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին ժամը 11-ին Պրահայի Kostel Nanebevzetí Panny Marie a svatého Karla Velikého եկեղեցում՝ Կառլով  փողոցում։ Այս եկեղեցում երիտասարդ տարիներին պրոֆ. Կինդլերը նվագել է երգեհոն, եղել է  նաեւ հմուտ երգեհոնահար։ Հոգեհանգստյան պատարագին կկատարվի նաեւ Ռեքվիեմ։

Այնուհետեւ ժամը 13.30-ին Վինոհրադիի գերեզմանտանը կկատարվի հուղարկավորությունը։

Պրահայի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքի, Օրեր եվրոպական ամսագրի խմբագրակազմի  եւ  մեր բազմաթիվ հայրենակիցների անունից խորին ցավակցություն ենք հայտնում  պրոֆ. Կինդլերի այրուն՝ տիկին Լուդմիլային, որդիներին եւ դստրերին իրենց սիրելի ամուսնու եւ հայրիկի կորստյան առթիվ։

Աստված հոգին լուսավորի։

orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
3. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
4. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
5. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
6. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
7. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
8. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: