ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Զվարթնոց»ի փայլուն համերգը Վիեննայում. հաջորդ համերգը սեպտեմբերի 26-ին

22 սեպտեմբերի, 2017 | 20:17

Ավստրիայի Հայ Համայնքը  նշեց Հայաստանի Հանրապետության Անկախության օրը

Անկախության սերնդի, «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի «Զվարթնոց» հայ երգի  տաղանդավոր մենակատարների մասնակցությամբ’ Հայաստանի Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Ավստրիայի պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝  «Սեր, ներդաշնակություն համայն աշխարհին» խորագրով տոնական համերգով, որը կազմակերպվել էր Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայ Առաքելական Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ’ Հոգեշնորհ Տ. Տիրան Վարդապետ Պետրոսյանի և Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան’ դր. Արման Կիրակոսյանի բարձր հովանու ներքո:

Համերգին ներկա էին  նաեւ Ավստրիայում Մխիթարյան միաբանության  աբբահայր Պողոս  Գոճանյանը, Հայր Վահան Հովակիմյանը, Ավստրիայում հայկական միությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիների անդամներ, ավստրիացիներ:

Ներկաներին ողջունեցին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը եւ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայ Առաքելական Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան Վարդապետ Պետրոսյանը։ Հայաստանի դեսպանը մասնավորապես շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության 26-ամյակի առիթով, ինչպես նաեւ անդրադարձավ Հայաստանի ու Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին, կարեւորեց սփյուռքի հետ զարգացող կապերին՝ անդրդառանալով նաեւ Երեւանում անցկացված Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին։ 

Հոգեշնորհ Տ. Տիրան Վարդապետ Պետրոսյանի շնորհավորական ուղերձում ասվում էր. ,,Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս պահին, երբ գոհաբանական աղոթք է բարձրացվում առ Աստված մեր Անկախության 26-ամյակի առիթով, հոգու պարտք ունենք մեր խոնարհումը բերելու խնկելի հիշատակին մեր հերոս զավակների, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հայրենիքին, խոնարհում բերելու բոլոր նվիրյալներին, ովքեր ջանք ու եռանդ ներդրեցին, քաջություն ու կորով դրսևորեցին մեր պետականության վերահաստատման ու կայացման համար: Փառք քեզ, Տեր, որ մեր սիրտը լցրեցիր Քո ամենաբավական ողորմության լիությունից և արժանի դարձրեցիր վերակերտելու անկախ մեր պետականությունը: Փառք Քեզ, Տեր, որ անհաղթահարելի թվացող փորձությունների մեջ Քո Սուրբ Անվանը ապավինած մեր ժողովուրդը հերոսաբար պայքարեց ու ամրացրեց հիմերը մեր պետության, շարունակեց ապրել ու բարին արարել և իր արդար իրավունքները պաշտպանել: Այսօր հպարտ ենք անկախ պետականության ձեռքբերումներով, մեր քաջարի բանակով ու անմահ հերոսներով, անկախության արժեքը իրենց հոգիներում կրող մեր նոր, լուսամիտ սերնդով: Կառուցվում ու շենանում են մեր սրբատեղիները, քրիստոնյա կրթվում մեր զավակները:

Հայրենի անկախ պետականությունը աշխարհասփյուռ մեր ժողովրդին հնարավորություն է ընձեռել դրսևորելու իր միասնականությունը, հայրենաշեն ծրագրերի և ազգային իղձերի շուրջ համախմբվելու ներուժը: Բոլոր ժամանակներում, բայց մանավանդ անկախության տարիներին, սփյուռքի սիրտը ջերմորեն բաբախել է հայրենիքի համար, որի վկայությունն են աշխարհի չորս ծագերում ապրող մեր զավակների հայրենանպաստ բազում գործերը: Մեր պետությունը, արդարև, ամուր հենարան է համազգային մեր իղձերի իրագործման, Արցախում մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու մեր արդար դատի հաղթանակի համար:

Աղոթում ենք, որ Ամենազորն Աստված Իր Սուրբ Աջով պահապան լինի և անվրդով խաղաղություն ու բարի առաջընթաց պարգևի մեր երկրին, ուժ և կորով՝ հայրենի իշխանություններին, շնորհ և օրհնություն՝ համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ զորացնելու մեր հայրենիքը և պայծառացնելու ազգային կյանքը:

«Կեցո՛, Տէր, զժողովուրդս Քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս Քո, հովուեա՛ եւ բարձրացո՛ զսոսա յայսմհետէ մինչեւ յաւիտեան». ամեն:

Համերգն անցավ բարձր տրամդրությամբ, աննախադեպ հաջողությամբ, մեծ սիրով, հայի ուժեղ ոգով և հայրենասիրությամբ լցված, չդադարող և բուռն ծափահարությունների ներքո: Բազմաթիվ ներկաների խնդրանքով «Զվարթնոց» համույթի տաղանդավոր մենակատարների ևս մեկ համերգ տեղի կունենա  սեպտեմբերի 26ին, ժամը 19:00-ին, Վիեննայի Հայ Առաքելական Եկեղեցական համայնքի մեծ սրահում: Մուտքն ազատ է:

Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչություն մամլո քարտուղար, Սուսաննա Գևորգյան Լիկար 


Առնչվող նյութեր
1. ,,Զվարթնոցը,, գերեց նաեւ չեխահայերին
2. ,,Զվարթնոց,, համույթի համերգը Պրահայում
3. Երաժշտությունը մանուկների աչքերով
4. System of a Down հանրահայտ ռոք խմբի մասին հաղորդում կցուցադրվի Չեխական հեռատեսիլի ՉՏ ԱՐՏ ալիքով
5. Մաեստրո Վահան Մարտիրոսյանի փայլուն ելույթը Պրահայի Սմետանայի անվան դահլիճում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: