ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԵԽԽՎ-ում

20 նոյեմբերի, 2018 | 18:20

Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։

Շնորհավորելով Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը նրան մաղթեց հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջև ծառացած խնդիրներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն հայտնեց դրանց դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԽ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր եվրոպական արժեքների շուրջ համախմբված կառույցի գործունեության արդյունավետության և վարկանիշի բարձրացման գործում:

Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար և թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽԽՎ նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը՝ վնասելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու արդյունքներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքերի բնագավառում տեղ գտած զարգացումները, հանձնակատարի գրասենյակի մանդատի շրջանակներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի հեռանկարները:

Հանդիպման օրակարգում էին նաև Հայաստանում բարեփոխումների գործընթացին, օրենսդական փոփոխություններին և մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը:

Ներկայացնելով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ միջազգային չափանիշներին համապատասխան արդար և ազատ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի իշխանությունների համար հանդիսանում է կարևոր գերակայություն:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձան նաև ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը կարևորեց ցեղասպանությունների վաղ կանխարգելման մեխանիզմի ներդրումը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերը: Այս համատեքստում երկուստեք համոզմունք արտահայտվեց, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց, որոնց իրավունքներն ու անվտանգությունը կարևոր առաջնահերթություններ են:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը
3. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
4. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
5. Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում ներկայացրել է Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը
6. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
7. Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը
8. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: