ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը

05 դեկտեմբերի, 2018 | 20:54

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հանդես եկավ ելույթով:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցմանը և ամրապնդմանն ուղղված ջանքերը և գրանցած առաջընթացը: Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հանգրվանային էին: Հուսով ենք, որ 2019թ. նախագահական ընտրություններն առավել կնպաստեն Աֆղանստանում քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդմանը:

Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացը լինի կայուն և, որ ամենակարևորն է, անդառնալի։ Անվտանգությանն առնչվող վերջին միջադեպերը մեզ հիշեցնում են մարտահրավերների մասին, որոնց առերեսվում է Աֆղանստանը։ Դրանք ընդգծում են ահաբեկչության արատն արմատախիլ անելու և այն պարարտ հողից զրկելու ուղղությամբ համադրված գործողությունների անհրաժեշտությունը։ Արդյունավետ, պրոֆեսիոնալ և ինքնապաշտպան աֆղանական ուժերը շարունակում են կարևոր դեր խաղալ երկրում անվտանգություն ապահովելու գործում։

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունն Աֆղանստանի կողմից ղեկավարվող և Աֆղանստանի կողմից տարվող ներառական խաղաղության գործընթացին և ընդգծում, որ բանակցային ճանապարհով քաղաքական հանգուցալուծումը հակամարտության տևական և կայուն կարգավորման միակ ճանապարհն է:

Հայաստանը շեշտում է խաղաղության գործընթացում կանանց ընդգրկման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի։ Մենք ողջունում ենք Հաստատակամ աջակցության առաքելության շրջանակներում Գենդերային խորհրդատուի ներգրավումը՝ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Աֆղանական անվտանգության ուժերում կանանց անվտանգ և իմաստալից ներգրավումը։

Աֆղանստանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են առաջին հերթին աֆղան ժողովրդի համար։ Միևնույն ժամանակ այն նաև փորձության է ենթարկում միջազգային հանրության կարողությունը՝ միասնաբար արձագանքելու անվտանգության մարտահրավերներին։

Հայաստանն աջակցում է Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին սկսած 2010թ. փետրվարից՝ նախ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF), ապա «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ որպես խաղության հաստատման գործողություններում գործընկերության լավագույն օրինակ: Մենք շարունակելու ենք սատարել Աֆղանստանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին: 2018թ. հուլիսին՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովում Հայաստանն արդեն վերահաստատել է, որ 2019 թվականին հայկական զորախումբը մինչև 130 զինծառայողով կշարունակի կատարել իր պարտականությունները «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում:

Երկու շաբաթ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այցելեց Աֆղանստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելեց հայկական զորախումբ։ Աֆղանական ժողովրդի համար ապահով և անվտանգ ապագայի կառուցման ուղղված ջանքերի շարունակումը Հայաստանի կառավարության օրակարգային կարևոր հարցերից է»։

«Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մեկնարկել է Աֆղանստանի կառավարության հրավերով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2014թ. 2189 բանաձևի համաձայն:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
3. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
4. Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում ներկայացրել է Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը
5. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԵԽԽՎ-ում
6. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
7. Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը
8. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: