ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զինվորական ծառայությունից ազատման տարեկետումը կսահմանափակվի

23 հունվարի, 2014 | 10:41

gov armԵՐԵՎԱՆէ Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Իսկ Hayeli.am կայքէջը տեղեկացնում է, որ այս օրենսդրական փոփոխությամբ վերացվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածում և սահմանել, որ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

Մինդեռ գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայության՝ զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին՝ առանց որևէ կարգի ու պայմանագրի, որոնք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը:

Եթե օրինագիծն հավանության արժանանա, ըստ էության, կսահմանվի տարկետման անհատական կարգ՝ հիմնված հիմնականում գրավի պայմանագրի վրա: Մնացած բոլոր դեպքերում տարկետման իրավունքը արտերկրում սովորողների համար այլևս չի գործի:

Թեև նախագիծը ներկայացնում է կրթության և գիտության նախարարը, սակայն օրենսդրական նախաձեռնության համահեղինակը պաշտպանության նախարարությունն է: Այս օրենսդրական փոփոխությամբ փորձ է արվում լուծել բանակի համալրման հարցը, որը, արտագաղթի և ծնելիության նվազման տեմպով պայմանավորված, վերջին տարիներին մեծ խնդրի է վերածվել:

<<Վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են: Երևույթի շարժառիթը հիմնականում հանդիսանում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունը, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում>>,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Օրենսդրական այս փոփոխության մասին կառավարական կուլիսներում վաղուց էր խոսվում. նախնական խոսակցությունների համաձայն՝ գրեթե ամբողջությամբ վերացվելու էր տեղական բուհերում սովորողների տարկետումը, սակայն միջպետական ծրագրերով արտերկրում սովորողների պետպատվերը պահպանվելու է: Սակայն մեր տեղեկություններով՝ այս տարբերակին միահամուռ կերպով ընդդիմացել են Հայաստանի բուհերի ռեկտորները, ուստի որոշվել է վերացնել ոչ թե տեղական բուհերի, այլ պտարերկրյա բուհերի համար նախատեսված տարկետումը: Թեպետ տեղական բուհերի համար ևս պետպատվերով և տարկետմամբ տեղերը, որոնք ամեն տարի սահմանում է կառավարությունը, տարեցտարի նվազում են:

Եթե օրինագիծն ընդունվի, այն գործելու է հրապարակման 10-րդ օրը: Իսկ սա նշանակում է, որ հենց այս ուսումնական տարում տարկետման իրավունքը այլևս չի գործի: «Զինապարտության մասին» օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար կառավարության անհատական որոշումներով կարող է տրվել տարկետում` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր /գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ/ կնքելու պայմանով: Սա նշանակում է, որ արտերկրում սովորող ուսանողը հայրենիք չվերադառնալու և բանակում չծառայելու դեպքում վտանգում է իր ընտանիքի գույքը:

Միջին և ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար օրենքի այս տարբերակը, անշուշտ, զսպաշապիկ կհանդիսանա, որպեսզի բանակից խուսափելու դեպքերը նվազեն: Սակայն մյուս կողմից սա սահմանափակում է միջին և աղքատ ընտանիքների երեխաների՝ արտերկրում սովորելու հնարավորությունը. ստացվում է, որ եթե նրանք չունեն գրավադրման գույք, կզրկվեն միջպետական պայմանագրով սովորելու հնարավորությունից: Օրենքի նախագծին, ի դեպ, բացասական եզրակացություն են տվել արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները՝ նշելով, որ օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներին: Օրինագծի շուրջ, հավանաբար, կրքերը կշիկանան, ու թեժ քննարկում կծավալվի:

Դավիթ Մանուկյան, Hayeli.am


Առնչվող նյութեր
1. Մեր ժամանակի հերոսը. Երևանում բացվեց Արմեն Հովհաննիսյանի փառքի սրահը
2. Զորամասի խոհարարը. Դավիթ Նաղդալյան
3. Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներին
4. Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
5. Բանակի սպառազինությունը և պաշտպանական տեխնոլոգիաները մեկ վայրում․Երևանում բացվեց «ArmHiTec-2018» միջազ­գային ցուցահանդեսը
6. Բացառիկ թափանցիկ հիմնադրամ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զինվորները ապահովագրվում են, մնում է աջակցել նրանց
7. Ապրիլյան պատերազմի հերոս Արման Ավետիսյանի հանդիպումը Բելգիայի ՚՚Նարեկ՚՚ հայկական դպրոցի սաների հետ
8. Մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 51 արկ
9. Հայաստանի յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի զինվորական է. Ազգ-բանակի կապի մասին խոսել է պաշտպանության նախարարը
10. ժամանակն է գեներալ-բիզնեսմեններին հրաժեշտ տալ եւ պատժել մեղավորներին. Էդիկ Բաղդասարյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: