ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զեմանը Սարգսյանին ու Ալիեւին համեմատել է դը Գոլի ու Ադենաուերի հետ՝ հրավիրելով Պրահա բանակցությունների

Սարգսյանը Ալիեւի ելույթը համարել է տղայություն եւ անհավասարակշիռ վարքագծի դրսեւորում
08 հունիսի, 2016 | 15:04

zeman 1 zeman 7 Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:

Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակներում Նախագահ Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Զեմանը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:

zeman 12zema8

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի Նախագահ և իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան և, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։

Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Գոհունակությամբ նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում և վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։

Միայն 2014թ․ ի վեր շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի փոխայցեր են կայացել: Մեր նախորդ հանդիպումից հետո ՀՀ-ում բացվել է Չեխիայի Հանրապետության դեսպանությունը և նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Այս առումով, իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։

Նախագահ Զեմանի հետ հանգամանորեն քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը մեր առաջնահերթություններից է։ Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, և քիչ հետո էլ ես և Նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը։ Իհարկե, այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Այս առումով քննարկեցինք նաև նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։ Միևնույն ժամանակ Նախագահ Զեմանի հետ համակարծիք էինք, որ երկուստեք տնտեսական կապերի զարգացումը կարևորելով հանդերձ՝ մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին և հասցրել մինչև 21-րդ դար:

zeman 2

Մենք շատ բարձր ենք գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը: Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Նախագահին և Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարևորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. Զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է՝ արդյունքի միտված բանակցությունների։

zeman 4

Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին, և ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի՝ Չեխիայի Հանրապետության հնարավորությունները: Միաժամանակ, իհարկե, իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի Նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձևավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ:

zeman 11

Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի Նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:

Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային:

Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։

Շնորհակալություն։

Ես հաճույքով խոսքը տրամադրում եմ իմ բարեկամ Նախագահ Միլոշ Զեմանին:

zeman 9


Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Հարգարժա՛ն պարոն Նախագահ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր բանակցություններն ընթանում են երկու ոլորտների շուրջ՝ քաղաքական և տնտեսական: Ինչ վերաբերում է քաղաքական ասպարեզին, ապա կուզենայի ոչ միայն կրկնել իմ հայտարարությունը, որը հնչել էր Նախագահ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն երկու տարի առաջ կատարած պետական այցի շրջանակներում, երբ դատապարտեցի 1915 թվականի Ցեղասպանությունը, նաև այն պատճառով, որ նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում իմ ժողովուրդն էլ կմատնվեր նման ցեղասպանության:

zeman 10Գիտեմ, որ Ցեղասպանությունը դատապարտել են Եվրամիության տասը անդամ երկրներ, իսկ ոչ անդամ երկրներից՝ Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան:

Բավական չէ իմ նախորդ հայտարարությունը կրկնելը, դրան կհետևի իմ հաջորդ քայլը. կհորդորեմ Խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել, որպեսզի Չեխիայի Հանրապետության խորհրդարանն էլ ընդունի նման հայտարարություն:

Ինչպես Ձեզ հայտնի է, վերջերս այցելել եմ Ադրբեջան, և իմ դիրքորոշումներն ու հայտարարությունները նույնն են մնում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում եմ գտնվում: Երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև կոնֆլիկտի օրինակը, երբ այդ երկու երկրները հարյուրամյակներ շարունակ պատերազմում էին միմյանց հետ՝ տալով բազմաթիվ զոհեր:

Ի շնորհիվ երկու անձնավորությունների՝ Կոնրադ Ադենաուերի և Շառլ դը Գոլի, հաջողվեց համաձայնության գալ և վերջ տալ պատերազմին:

Համոզված եմ, որ Նախագահ Սարգսյանը և Նախագահ Ալիևը կարկառուն անձնավորություններ են, ովքեր կարող են նույն դերը խաղալ, իսկ Գոլի և Ադենաուերի հետ համեմատությունից նրանք պետք է շոյված լինեն:

Այդ է պատճառը, որ անդրադարձա իմ հրավերին՝ ուղղված Նախագահ Սարգսյանին և Նախագահ Ալիևին՝ հանդիպել չեզոք տարածքում: Հիշեցնեմ, որ այս բանակցությունները վարվել են Չեխիայի Հանրապետության տարածքում դեռևս 2002-2005 թթ. ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է մեր տնտեսական համագործակցությանը, ապա նշեմ, որ այս ոլորտում չօգտագործված ներուժ կա, առևտրաշրջանառության ծավալները բավականին ցածր մակարդակի վրա են, այդ իսկ պատճառով ինձ հետ եմ բերել կարևոր անհատ-ձեռներեցների խումբ՝ Չեխիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի գլխավորությամբ, ով սովորաբար այսպիսի այցերի չի մասնակցում:

Համաձայնության ենք եկել պարոն Նախագահի հետ, որ շատ կարևոր են ներդրումային հատվածում պետական երաշխիքները, որոնք ապահովում են կայունություն մեր տնտեսական հարաբերություններում: Կուզենայի շնորհակալություն հայտնել պարոն Նախագահին, որ խոստացել է իր աջակցությունը ցուցաբերել մի դեռևս չլուծված գործարքի շուրջ՝ «Միկա ցեմենտի» հարցում: Եվ շատ կարևորում եմ Նախագահի այս խոստումը: Միաժամանակ շատ մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին Նախագահի հետ թե՛ Պրահայում, և թե՛ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի շատ կարևոր մասնակիցներից է Հայաստանը:

Եվ վերջում պարոն Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին կուզենայի ցանկանալ մեծ հաջողություններ անկախ պետության կառուցման գործում, որը չի ենթարկվում արտաքին ճնշումներին և ինքնուրույն է կայացնում իր որոշումները:

Շնորհակալություն:

Ելույթները տարածել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Խմբագրության կողմից- Մնում է միայն գուշակել, թե նրանցից որ մեկն է դը Գոլը, եւ որը՝ Ադենաուերը

zeman 6


Առնչվող նյութեր
1. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
2. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
3. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
4. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
5. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
6. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
7. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
8. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
9. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
10. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: