ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Զարմիկ Պողիկյան. Ժողովուրդն իր մշակույթին համապատասխան բարեփոխումներ էր ուզում, բայց ոչ պատերազմի միջոցով

Մամուլը եւ պատերազմը. Հայկական միակ թերթը, որ տպագրվում է ռումբերի տեղատարափի տակ
23 հոկտեմբերի, 2016 | 11:54

ՕՐԵՐ ամսագրի խմբագիրների հարցերին է պատասխանում Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը, ում հետ բախտ վիճակվեց հայկական աշխարհի  մամուլի մեր այլ գործընկերների հետ միասին ճամփորդել Իրանի Իսլամական Հանրապետության հայկական սրբավայրերով։  

zarmik-poghikyan

-Սիրելի Զարմիկ, նախ կխնդրեինք մեր ընթերցողներին ներկայացնել «Գանձասար»ը՝ ո՞ր թվականից է այն տպագրվում եւ ի՞նչ առաքելություն ունի։

– «Գանձասար»ը 1993 թվականից լույս է տեսնում իբրեւ շաբաթաթերթ, մինչ այդ 1991-ից հրատարակվում էր իբրեւ Բերիոյ Հայոց թեմի առաջնորդարանի պարբերաթերթ։ Թերթը հրատարակում  է Հայ Հեղափոխական Դաշնակցության շրջանային մարմինը։ Նախքան պատերազմը թերթն ուներ 1200 տպաքանակ, եւ առավել ունի նաեւ կայքէջ եւ ֆեյսբուքյան էջ։ Պատերազմի հետեւանքով թերթի տպաքանակը 50 տոկոսով նվազեց։ Նախապես թերթը ուղարկում էինք նաեւ Սիրիայի տարբեր շրջաններ, ինչպես նաեւ տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ներկա պայմաններում դժբախտաբար այդ հնարավորությունը չկա, ուստի մենք սկսեցինք  զարկ տալ ֆեյսբուքի եւ կայքէջի հետեւողներին, որն այսօր հասել է 20 հազարի։ Մեզ հետեւում են ԱՄՆ-ից, Լիբանանից, Եվրոպայից, Հայաստանից։ Ընդ որում մի շարք գաղութներում ստանում են մեր թերթի էլեկտրոնային՝ ՊԴՖ տարբերակը , տեղում տպագրում են եւ բաժանում իրենց ակումբներում։

– Հիմնականում սիրիահայե՞րն են ընթերցում։

-Ոչ միայն։ Շատերն ընթերցում են իբրեւ արեւմտահայերեն թերթ։ Նրանք տպագրում են եւ իրենց համայնքում բաժանում։ Այնպես որ, այդպես էլ է տարածվում։

– Իսկ ի՞նչ ուղղվածություն ունի թերթը,ի՞նչ թեմաների  եք անդրադառնում։

– «Գանձասար»ը սիրիահայության միակ թերթն է։ Պաշտոնաթերթ լինելով հանդերձ, սիրիահայության բոլոր կողմերին առիթ է տրվում ներկայացնելու իրենց խոսքը, միջոցառումները, իրենց միութենական աշխատանքները։ «Գանձասար»ը այսպիսով դարձել է սիրիահայության տարբեր համայնքների խոսափողը։

Պատերազմական գործողությունների սկսելուց ի վեր որքանո՞վ է փոխվել խմբագրության աշխատանքը, ի՞նչ պայմաններում եք հիմա աշխատում եւ ինչպե՞ս եք կարողանում ռմբակոծությունների տակ թերթ հրատարակել։ 

– Նախ մեր թերթը ոչ միայն լրատու աղբյուր է, այլեւ  արեւմտահայերենը պահպանելու խնդիր ունենք։  Յուրաքանչյուր հալեպահայի տուն մտնելով նաեւ մեր լեզուն ու մեր մշակութային արժեքները պահպանելու խնդիր ունենք, նաեւ եկեղեցական ավանդույթները պահպանելու միջոց է։  Հետեւաբար մենք ամեն ջանք թափեցինք, որ թերթի լույս ընծայումը  չդադարի, քանի որ լրահոսից առավել  նաեւ այդ առաքելություն ունենք։ Իսկ պատերազմական պայմանները մեզ համար աննախադեպ էին։

Մենք փորձառություն չունեինք, թե պատերազմի ժամանակ, ունենալով համացանցային ծառայության հաճախակի խանգարումներ, ինչպես պետք է լուրերը տարածեինք, ինչպես պետք է արագ լրահոս կազմակերպեինք։

gandzasarԵրկար տարիներ խաղաղության մեջ ենք ապրել։ Ու պատերազմը երբ սկսվեց, չունեինք լրատվության տարբեր աղբյուրներ։ Բերիոյ թեմի բանբերը կար, ով հարցազրույցներ կարող էր տալ կամ իրեն դիմելու դեպքում պատասխանել։ Ուստի անհրաժեշտություն զգացինք եւ ստեղծեցինք ֆեյսբուքի միջոցով արագ լրահոս ապահովելու ձեւը։ Ու թեեւ դանդաղ քայլերով սկսեցինք, բայց հաջողվեց դառնալ սիրիահայության կյանքի վավերական աղբյուրը։  Հայկական, թե օտար բոլոր լրատվամիջոցներն այսօր դիմում են  «Գանձասար»ին`www.kantsasar.com։ Եվ դա շատ կարեւոր է, քանի որ այս պայմաններում շատ հաճախ սխալ լուրեր են տարածվում, ինչը նույնիսկ վտանգում է համայնքի կյանքը։

Պատերազմի սկսվելուց  հետո, մեր խմբագրությունը նույնպես հայտնվեց այդ պատերազմական գործողությունների գոտու մեջ, եւ երեք անգամ արդեն ստիպված ենք եղել տարբեր տեղեր տեղափոխվել համակարգիչներով՝ փամփուշտների տարափի տակ, ստիպված հաստատվել ենք բնակարանում, մի այլ անգամ Արամ Մանուկյան ժողովրդային տանը, որ Հալեպի գլխավոր հայկական կենտրոնն է, ուր մեզ մի սենյակ տրամադրվեց եւ մենք նեղ պայմաններում աշխատեցինք։ Մեր խմբագրատունը ռումբերի պայթյունից վնասվեց եւ նույնիսկ նկար ունեմ, որ փշրված ապակիների պայմաններում ինչպես ենք աշխատում։ Մենք անմիջապես տեղափոխվեցինք եւ մոտ 3 ամիս Արամ Մանուկյան կենտրոնի մեջ աշխատեցինք։ Նաեւ մեր արխիվը թվայնացնել սկսեցինք։ Ու շարունակում ենք շաբաթական հերթականությամբ թերթը լույս ընծայել։

-Իսկ դուք ի՞նչ աշխատանք եք տանում, ի՞նչ միջոցներ եք օգտագործում, ինչպե՞ս եք հակազդում, որպեսզի կանխարգելեք սխալ լրատվության տարածումը։

– Մենք նախ կապ հաստատեցինք բոլոր հայկական գլխավոր լրատու գործակալությունների հետ, որ կարեւոր տեղեկությունները, հատկապես գաղութի ապահովության համար լուրերը ստանան «Գանձասար»ից։ Երբ մեր համայնքը որեւէ պաշտոնական դիրքորոշում է հայտնում կամ հայտարարություն է տարածում, անմիջապես էլեկտրոնային ճանապարհով ուղարկում ենք հայկական լրատու միջոցներին։

-Քանի՞ հոգով եք աշխատում։

-Այսօր թերթում աշխատում ենք 10 հոգով, նույնիսկ մեր ցրիչը այս ռմբակոծությունների տակ չդադարեց աշխատել, եւ շարունակեց ցրել թերթը։

-Մեծ արտագաղթ կա , բայց դեռ մարդիկ մնում են եւ պայքարում են կյանքի համար։ Ինչի՞ կարիք կա այսօր։

-Համայնքը դժբախտաբար պատերազմի առաջին իսկ օրերից մեծ կորուստներ կրեց թե՜ կառույցների, թե՜ ազգային հաստատությունների եւ թե բնակարանների, գործատեղիների, մարդկային զոհերի իմաստով։ Մինչեւ այժմ շուրջ 148 զոհ ենք տվել, որից 119-ը զոհվել են հրթիռակոծությունների ժամանակ, եւ 29-ը սիրիական բանակում  նահատակվել են կռիվների ընթացքում։

Հալեպում 800 բնակարան վնասվել է, այդ թվում՝ ազգային կառույցներ ու դպրոցներ։ Մյուս քաղաքներում էլ եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների վնասներ եղան, բայց ամենամեծ վնասները Հալեպի մեջ էին։ Մեզ մոտ միայն 6 դպրոց բախումների գոտում հայտնվեցին, վնասվեցին։ Ստիպված դպրոցները տեղափոխեցին, միացրեցին մեկ կառույցի մեջ։ Բայց նույնիսկ նման դժվար պայմաններում կրթական ընթացքը շարունակվեց։

zarmik-poghikyan-tehran-2016-orer-Այժմ քանի՞ դպրոց է գործում։

-Սիրիայում 38 դպրոց կար, միայն Հալեպում՝ 11։ Ազգային առաջնորդարանի վարժարանների կողքին, հարանվանական եւ միութենական  դպրոցներ էին գործում, ինչպես  Հայկական բարեգործական ընդհանուր միության Լազար Նազարյան  ճեմարանը, Կրթասիրաց մշակութային միության Սարգիս Ջեմբերջյան ճեմարանը, հայ ավետարանականների եւ կաթողիկէ դպրոցները։ Բոլոր դպրոցները կգործեն, միայն Ռաքքայում, որը ԴԱՅԻՇ-ի հսկողության տակ է, հայկական դպրոցը փակվել է։ Հայ համայնքն այնտեղից դուրս է եկել։ Մեկ էլ Դեր Զորի եւ Յակուբեի դպրոցները չեն գործում, որովհետեւ կրկին գրավված շրջաններում են։ Իսկ Սիրիայի պետության հսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում դպրոցները գործում են,  թեեւ նոսրացած աշակերտությամբ, ուսուցիչների պակասով, բայց գործում են։

-Ամեն դեպքում կրկնեմ հարցս՝ համայնքն ինչի՞ կարիք ունի։

-Համայնքը տարբեր կարիքներ ունի. տնտեսական, առողջապահական, կրթական։ Այդ նպատակով ստեղծվեց Սիրիահայության Շտապ օգնության եւ վերականգնումի կերոնական մարմինը, որին մաս կազմեցին սիրիահայ երեք կուսակցություններ՝ ՀՅԴ, Ռամկավար, Հնչակյան կուսակցությունները, առվել երկու մեծ բարեսիրական կազմակերպությունները՝ ՀԲԸՄ-ն  եւ Սիրիահայ օգնության խաչը։ Այս մարմնի միջոցով հաջողվեց աշխատանքները համակարգել եւ օգնություն հասցնել  սիրահայությանը։ Հատկապես առողջապահական բնագավառում, երբ վիրավորներ էին լինում ամբողջությամբ կամ մասամբ վճարում էին նրանց բուժման գումարները։ Կրթական բնագավառում  շտապ օգնության մարմինը լրացնում է դպրոցների աշակերտների կրթաթոշակները, քանի որ ծնողների մեծ մասը ի վիճակի չէ փակելու  նրանց կրթաթոշակները։ Շտապը նաեւ սննդակողովներ է հատկացնում ընտանիքներին, մեկ ամսվա զանազան սննդամթերք են տալիս։ Նրանց, ում տունը փլված է, որպեսզի մարդիկ բնակելի դարձնեն եւ կարողանան ապրել, որոշ գումար են տալիս։ Իրենց հերթին Սիրիայի իշխանություններն էլ օգնում են բարեսիրական կազմակերպությունների միջոցով բոլորին՝ առանց խտրականության։ Սիրիական Կարմիր Մահիկն է օգնություններ հատկացնում։ Հալէպի Համալսարանական Պետական հիվանդանոցը կա եւ այլ պետական հիվանդանոցներ, ուր բոլորին մատուցում են անվճար երբեմն խորհրդանշական գներով ծառայություններ՝ առանց որեւէ խտրականություն դնելու։ Ոչ մի խտրականությունն չեն դնում հայի, արաբի եւ քրիստոնյայի միջեւ։

– Ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը, մի մասը մտածում է թողնի դուրս գա եւ զոհ չտա։ Մի մասն էլ մտածում է, որ այն տարիներին, երբ ցեղասպանությունից փրկված մարդկանց  օգնեց Սիրիան, այժմ էլ պահն է օգնել Սիրիային։ Ամեն դեպքում ամենակարեւորը մարդկային կյանքն է։ Ո՞ր մոտեցումն է ճիշտ։

-Սիրիահայությունը Սիրիայի ժողովրդի մի մասն է։ Բոլորն էլ վնասներ կրում են, միայն թե քանի որ հայերը թվով քիչ են, ավելի շատ են երեւում մեր վնասները։ Ու քանի որ ցեղասպանության օրերին այս ժողովուրդը թեւ ու  թիկունք է կանգնել մեր ժողովրդին, վեր հառնելու հնարավորություն է տվել, ու սատարել է մեր մշակութային, կրթական ու տնտեսական վերելքին, հետեւաբար սիրիահայերս միշտ երախտապարտ ենք եղել։ Մենք քաղաքական այն բարձր գիտակացությունը ունենք, որ մենք մի մասնիկն ենք այս ժողովրդի։ Համայնքի գերխնդիրը ժողովրդի ապահովությունը երաժշխավորելն է։ Մարդկանց երբեմն տեղափոխում են ավելի ապահով վայրեր։ Տղաներ ունենք, որ հատկապես Նոր Գյուղի շրջանի մեջ, կամավորաբար ծառայում են՝ մարդկանց բնակավայր հասնելուն են օգնում, հսկում են կամ եթե հարկն է տեղափոխում են մարդկանց։ Համայնքը օգնում է մնացողներին, բայց երբեք արգելք չի հանդիսանում նրանց համար, ովքեր իրենց կյանքը չեն ուզում վտանգել եւ ուզում են դուրս գալ։ Մշտապես խրախուսվում է, որ այդ գաղթը ուղղվի դեպի հայրենիք, հասկանալով, որ Արեւմուտքի մեջ ուծացումը անխուսափելի է։

-Երբեւէ չմտածեցի՞ր, որ քո երկու երեխաներին, որոնք փոքր են, ուղարկես Հայաստան։

– Չմտածեցի, որովհետեւ  երեխաները այստեղ կապվածություններ ունեն, իրենց շրջանակը, իրենց ընկերները, դպրոցը։ Եվ չի կարելի նրանց երկար ժամանակ բաժանել ծնողներից, երբ նրանք գնան եւ դու մնաս այստեղ, դա էլ մի այլ բարդություն է։ Այնպես որ, չկարողացանք միջինը գտնել դուրս բերելու հարցում, բայց հնարավորինս ապահով ենք պահում նրանց։ Եթե ռմբազարկերը շատ են լինում,  նույնիսկ դպրոցներ են փակվում։ Վտանգավոր օրերին փակվում են բոլոր հաստատությունները, չենք թողնում, որ երեխաները տնից դուրս գան։ Բայց երբ տեսնում ենք խաղաղ է, ապահով տեղ ենք հասցնում եւ փողոցներում թույլ չենք տալիս մնան։

-Ինչպե՞ս է գնահատում Սիրիայի պետությունը հայ ժողովրդի կեցվածքը։

-Սիրիայի պատերազմից սկսած շատ հոսանքներ ստեղծվեցին, շատ ուղղություններով։ Մաքուր, ռոմանտիկ նպատակներով ոտքի ելած երիտասարդությունը երկրի բնակչության քաղաքական մշակույթին համապատասխան ժողովրդավարական կարգեր հաստատելու նպատակ ուներ։ Սակայն նրանց խաղաղ ցույցերի մղումը շահագործվեց զանազան արտաքին ուժերի կողմից եւ առիթ դարձավ զանազան ահաբեկչական խմբավորումների համար՝ զենք ու զինամթերք բերելու Սիրիա։ Այս ամենին աջակցեց Թուրքիան, որը նախքան այս դեպքերի սկսելն արդեն գաղթականներու կենտրոններ էր ստեղծել։ Սա նշանակում էր, որ Թուրքիան մտադրություններ չուներ  ո՜չ Սիրիայի վերականգնմանն նպաստելու, ոչ էլ ժողովրդավարություն հաստատելու, նա այլ շահեր ուներ այս շարժման մեջ։

Թուրքիան փորձում է իր ազդեցությունը ունենալ Սիրիայում իրեն ենթակա այն փոքրամասնությունների միջոցով, որոնց վրա ազդեցություն ունի։ Թուրքիան ուզում է օգտագործել քրդական գործոնը։ Թուրքիայի ներդրումն այս արյունահեղության մեջ մեծ է, նրա ավերիչ դերը մեծ է։ Եվ դեռ Թուրքիան պատասխան պետք  է պատասխան տա միջազգային ատյանների առաջ դրա համար։

Իսկ հայ ժողովուրդն ինչու վստահելի տարր դարձավ, որովհետեւ հայ համայնքն հենց սկզբից իր դիրքորոշումն արտահայտեց, որ ջատագովն է ժողովրդավարական կարգեր հաստատելու միայն բանակցությունների միջոցով՝ Սիրիայի բոլոր բաղադրիչների մասնակցությամբ  եւ բոլորի շահերը հաշվի առնելով, եւ ոչ թե զինյալ միջոցներով։  Հայերը պաշտպանում են նաեւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Մերժում են արտաքին այն միջամտությունները, որոնք նպաստում են հարցերի հրահրման եւ սիրիական պետության քայքայման։ Այս քայլերով էլ հայ համանյքը վստահություն ձեռք բերեց եւ երբեք չներքաշվեց զինյալ բախումների մեջ։

– Իսկ Սիրիայի ժողվուրդը ինչպե՞ս է վերաբերում այս հարցերին եւ երկրի ղեկավարությանը։

– Սիրիայի ժողովուրդը մեծ հիասթափություններ ապրեց իր հարեւան մի շարք երկրների պահվածքից։ Օրինակ․ նախքան այս դեպքերը Թուրքիան մեծ գնահատանքի կարժանանար, համակրանք ուներ Սիրիայի ժողվորդի մոտ։ Գործակցությունն աշխուժացել էր, նույնիսկ մուտքի վիզան վերացրին, եւ թուրք գործարարները զանազան ձեռնարկություններ հաստատեցին Հալեպում, բայց Թուրքիան չարաչար օգտագործեց իր տնտեսական մուտքը Սիրիա։

Դեպքերի ընթացքը ցույց տվեց, թե ինչպես ահաբեկիչների գրավված տարածքներում թուրք մասնագետների միջոցով գործարանների ողջ ունեցվածքը՝  սարքերը ապամոնտաժեցին եւ տեղափոխեցին Թուրքիա։ Այս փաստերը նշել են նաեւ Սիրիայի ճարտարարվեստի մարմինների ներկայացուցիչները։ Իհարկե, պատերազմի ընթացքում ժողովրդի մոտ փոխվեց Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը, իհարկե դեռ կան փոքրամասնություններ, որ աջակցում են նրանց, բայց ունեն իրենց շահերը, իսկ ընդհանուր առմամբ ոչ միայն Սիրիայում, այլեւ միջին Արեւելքում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը փուլ եկավ։

– Իսկ նախագահ Ասադի ղեկավարման նկատմամբ։

– Սիրիայի ժողովուրդն իհարկե բարեփոխումներ էր ուզում տեսնել, բայց Արեւմուտքի կողմից այս պահի օգտագործումը, բոլորը մեկ դեմքի վրա բարդելն անհիմն են։ Սա իմ կարծիքն է։ Որեւէ երկրի մէջ բարեփոխումներ կարելի է մտցնել սահմանադրական փոփոխությունների ճամփով եւ ոչ թէ նախագահները պատրվակ բռնելով երկիրը ահաբեկչական շարժումների որջի վերածելով։ Բարեփոխումները զինյալ բախումների ձեւով չի իրականացվելու։ Նախագահ դոկտ․Բաշշար ալ Ասադը Սիրիայի օրինական նախագահն է, իսկ երկրի նախագահը ընտրում է երկրի ժողովուրդը, առանց արտաքին միջամտություններին անսալու, այլ՝ սահմանադրական իր իրաւունքին, ընտրության ճամփով։

– Ինպիսի՞ ապագա ես տեսնում Սիրիայի համար։

– Ապագան մշուշոտ է։ Հիմնականում պետք է միջազգային ջանք լինի եւ լուրջ աշխատանք տարվի, եւ ոչ թե միայն քարոզչության  ու ահաբեկչության դեմ պայքար հայտարարվի, սակայն  ոչ մի լուրջ քայլ չառնվի խաղաղության հաստատման ուղղությամբ։

Եթե ահաբեկչությունը վերանա, հավատում եմ,  որ Սիրիայի բոլոր ուժերը կարող են նստել ու բանակցել եւ իրենց երկիրը դեպի ավելի խաղաղ ու ժողովրդավար կարգեր առաջնորդել։

– Վերջին օրերին հայկական մամուլում լայն քննարկվեց սիրիահայությանը լայն օգնություն հասցնելու եւ երկրից դուրս գալու հարցերը, տարբեր իրարամերժ գնահատակններ են հնչում։ Ի վերջո, իրապես ցանկացողներ կա՞ն, որ ուզում են դուրս գալ եւ գումար չունեն։ Եվ հետո, արդեն վերը նշեցիք մարդասիրական օգնության բաժանման ձեւերը, շտապ օգնության մարմինը ինչպե՞ս է վերահսկում այդ օգնության բաժանումը, ի՞նչ մեխանիզմներ են աշխատում, որպեսզի նման բացասական գնահատակնները բացառվեն։

– Նախ նրանք, ովքեր ուզում են դուրս գալ, տագնապի առաջին օրից ազատ էին, ոչ մի կողմը չի պարտադրում  մնալ կամ մեկնել, յուրաքանչյուր ընտանիք ինքն է առնում իր որոշումը՝ իր պայմաններին համաձայն․ նյութական դժվարություններ ունեցողները դիմում են օգնող կողմերի, իսկ մնացողներին պետք չէ այպանել, սա իրենց ազատ որոշումն է ու համայնքը պարտավոր է նեցուկ կանգնել մնացողներին հնարաւոր բոլոր միջոցներով։

Գալով ՀՀ մարդասիրական օժանդակության բաշխման հարցին։ Օժանդակությունները ուղղուած էին Սիրիայի ժողովրդին, ոչ միայն հայերին։ Ուստի օժանդակություններից մի մասը հատկացվեց Դամասկոսի, Քեսապի, Լաթաքիայի, Թարթուսի ժողովրդին, իսկ ծանրակշիռ մասը Հալեպի ժողովրդին։ Օժանդակությունները հասան Հալեպ հոկտեմբերի 7-ին, այն ստանձնեց ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը, ներկայությամբ հայ երեք համայնքապետների եւ Շտապ Օգնության Կենտրոնական Մարմնի ներկայացուցիչների։ Ապա օժանդակությունները հանձնվեցին Շտապ Օգնության Հալեպի Գործադիր Մարմնին։

Նկատի ունենալով, որ օժանդակությունները՝ սննդամթերք, հանդերձանք եւ ծխախոտ, չէին համընկնում քանակի իմաստով, շտապ օգնությունը կամավոր երիտասարդներ աշխատանքի հրավիրեց եւ նրանց օժանդակությամբ 10 օրերի ընթացքում բծախնդիր աշխատանք տարավ, նախ ցանկագրեց օժանդակության տեսակներն ու քանակը, ապա կազմեց այլազան տեսականիներ պարունակող համաչափ զամբյուղներ՝ տրամադրելու յուրաքանչյուր ընտանիքի։

Օժանդակություններից մի մասը տրամադրվեցին սիրիական Կարմիր Մահիկ կազմակերպությանը,  մի մասը Հայ Ծերանոցին, Ազգային պատսպարանին, հայկական վարժարաններին, իսկ ժողովրդին տրամադրելի բաժինների բաշխման համար Շտապ Օգնությունը հրապարակեց հայտարարություններ՝ ժողովրդին հրավիրելով ճշտված ժամանակացույցով ներկայանալու եւ ստանալու օժանդակության իր բաժինը մի քանի հանգրվաններով։ Առաջին հանգրվանով ներկայացավ 2728 ընտանիք։ Օժանդակությունների բաշխման աշխատանքները շարունակվում են։

 

Հարցազրույցը վարեցին  

Հակոբ Ասատրյանը եւ Աննա Կարապետյանը

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Թեհրան-Պրահա

Սեպտեմբեր-Հոկտեմբեր 2016

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Գանձասարի արխիվի

Orer.eu

Գանձասարի խմբագրության կոտրված ապակիները

Գանձասարի խմբագրության կոտրված ապակիները

Գանձասարի խմագրատան մուտքը

Գանձասարի խմագրատան մուտքը

Գանձասարի խմբագրությունը ռմակոծությունից հետո

Գանձասարի խմբագրությունը ռմբակոծությունից հետո

 


Առնչվող նյութեր
1. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
2. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
3. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
4. Գանձասարի օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ եւ տոնական միջոցառումներ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
5. «Ցեղասպանութեան ճանաչումը կը պահանջենք նախ մե՛ր ժողովուրդին համար, ապա ամբողջ մարդկութեան համար». Կարօ Փայլանի ելոյթը Մոնթրէալի մէջ
6. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
7. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
8. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
9. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
10. Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվեց «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ֆինանսական աջակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: