ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 օգոստոսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» ամենամյա փառատոնը Հայաստանում

06 օգոստոսի, 2017 | 04:36

Օգոստոսի 5-ին կրկին լեփ-լեցուն էր երևանցիների ու մեր երկրում հյուրընկալված զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը՝ Հյուսիսային Պողոտան, որտեղ արդեն 3-րդ անգամ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկեց  «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնի առաջին հատվածը՝ ցուցահանդես-տոնավաճառը։

Այստեղ մասնակցեցին  մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ և հյուրեր: «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:  Մարիա Բարաղամյանը կարևորել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» ամենամյա փառատոնի անցկացումը՝ որպես միջոցառումային զբոսաշրջության զարգացմանն ուղղված բաղադրիչ:

««Երևան ՏԱՐԱԶֆեստը» «Երևանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մեր մայրաքաղաքում, ինչն էլ Տուրիզմի բաժնի ծրագրային կարևոր ուղղություններից մեկն է: Այս տարի առաջին անգամ փառաստոնին ներկա են այլ ազգերի մշակութային մի շարք համայնքներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպություններ»,- նշել է Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից կազմակերպվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած էր երկու մասից՝ հայ վարպետների ցուցահանդես-տոնավաճառից, իսկ երեկոյան ներկայացվեցին հայ դիզայներների արդի հավաքածուները:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվեցին 21 տաղավար՝ թանգարաններ, ժողվարպետներ, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերություններ: Երևան քաղաքի պատմության թանգարանը, «Տերյան մշակութային կենտրոնը», «Տիկնիկների պատկերասրահը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Պռեգոմեշ» ընկերությունը, «Հայկական ապրանքանիշեր» հարթակը, «Անահիտ Սիմոնյան» նորաձևության տունը, «Կենաց տուն» մշակութային հկ-ն, «Մեգերյան կարպետ» ընկերությունը, «Մարաշլեան» ֆոտո-ատելիեն և մի շարք ժողվարպետներ հանրությանն են ներկայացրել ինչպես հայկական ավանդական տարազներ, այնպես էլ զարդեր, տիկնիկներ, նկարներ և այլն:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ին այս տարի առաջին անգամ առանձին տաղավարներով իրենց ազգային տարազներն ու մշակույթն են ներկայացրել Հայաստանում Քուվեյթի Պետության, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային և «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա ՀԿ-ների ներկայացուցիչները:

Փառատոնի շրջանակում ելույթով հանդես է եկել «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, «Միլեն» և «Սասուն» պարային, ինչպես նաև «Գողթ» երաժշտական համույթները:

Իսկ երեկոյան ցուցադրվեցին դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի, Գևորգ Շադոյանի տարազային և հայկական զարդանախշերով հավաքածուները:

Միջոցառման վերջում բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր Երևանի Քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի կողմից։

Տեղեկանք.

Մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերում Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգային զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Մտրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։ Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 2-րդ դարհայերի տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկական տարազները (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկական, հռոմեական և բյուզանդական տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ Բագրատունիներիթագավորության ժամանակ (9-11-րդ դարերհայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (1213-րդ դարերում) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների փոխազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազները մասամբ ենթարկվել է թուրքական․, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Արևելյան Հայաստանի մի շարք շըր- ջաններում (ՍյունիքԱրցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդական տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։Ախալքալաքի ու Ախալցխայի հայերը, որոնք հիմնականում գաղթել են Կաբինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի տարազը։ Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստըկամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։ 19-րդ դարի վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։ Այսպիսով՝ խոսենք մի շատ հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառման մասին,որը տեղի ունեցավ Երևանում։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Երևանում առաջին անգամ կազմակերպվեց «Երևան Տարազֆեստ» առաջին փառատոնը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: