ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում ստորագրվեցին հայ-ռուսական 10-ից ավելի համաձայնագրեր. ՀայՌուսգազարդն ամբողջությամբ անցավ ռուսական կողմին՝ գազի գնի էժանացման հեռանկարով

02 դեկտեմբերի, 2013 | 19:41

serz putin asulisԱյսօր Երեւանում ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում։ Նրա ինքնաթիռը նախ վայրէջք է կատարել Գյումրիում, ուր նա Հայաստանի նախագահի հետ այցելել է ռուսական 102-րդ ռազմական բազա, այնուհետեւ քաղաքի թատրոնի շենքում մասնակցել է Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համաժողովի նիստին։

Այնուհետեւ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Պուտինը նշել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առավելությունները։ Այսուհետ Հայաստանին գազը կվաճառեն 189 դոլարով, իբրեւ ՀԱՊԿ անդամ զենքը կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով, իսկ նավթը կվաճառվի 30 տոկոս ցածր գներով։

Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Հարգարժա´ն Վլադիմիր Վլադիմիրի,

Հարգելի´ տիկայք և պարոնայք,

Քիչ առաջ մենք ավարտեցինք շատ արգասաբեր բանակցություններ, որոնք կայացան Ռուսաստանի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերին վերաբերյալ: Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից:

Մենք ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման և սերտ համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները և հաստատեցինք «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը:

Ես տեղեկացրեցի Ռուսաստանի Նախագահին Հայաստանի` Մաքսային միություն և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին: Ռուսաստանի Նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման: Հենց այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որի բացմանը մենք մասնակցեցինք Գյումրի քաղաքում:

Ընդգծվել է իր պատասխանատվության գոտում անվտանգության և խաղաղության գլխավոր երաշխավորը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Մենք մտադրություն ենք հայտնել ամրապնդել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներուժը և գործնական քայլեր ձեռնարկել դրանց մոբիլիզացման, տեղափոխման և արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման համար:

Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի Նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Մենք պայմանավորվել ենք շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարևոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի ընկերներ,

Ռուսաստանի Դաշնության Նախագահի Պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները:

Վլադիմիր Վլադիմիրի, մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն ուշադրության համար: Խոսքը հաճույքով փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահին:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: